Հայ ժողովրդի ողջ ուժերը համախմբելով վերականգնենք մեր կորցրածը. Իշխան Սաղաթելեան

Երկուշաբթի Ապրիլ 10-ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ժողովրդական հաւաք-հանդիպում ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանի հետ:

Հանդիպումը կազմակերպուել էր Բրբէնքի «Բէշիր Մարտիրոսեան» Երիտասարդական կենտրոնի մարզադաշտում ՀՅԴ Բրբէնքի «Աղբալեան» կոմիտէի հիւրընկալութեամբ:

Աւելի քան 700 մասնակիցների ներկայութեամբ հանդիպումը սկսեց Հայաստանի և արցախի oրհներգներով: Միջոցառումը սկսեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի կենտրոնական կոմիտէի անդամ՝ Լևոն Պարոնեանի բացման խօսքով, որ օրուայ հիւրին բարի գալուստ մաղթելով ներկաներին վերյիշեցրեց Իշխան Սաղաթելեանի նախորդ այցելութիւնը երբ վերջինս նախազգուշացրեց բոլորին Հայաստանի դիմագրաւելիք դժուարութիւնների մասին, որոնք այսօր դժբախտաբար իրականութիւն են դարձել: Պարոնեանը ապա ամբիոնի մօտ հրաւիրեց ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի կենտրոնական կոմիտէի ատենապետ՝ Տարօն Տ. Խաչատուրեանին:

Կենտրոնական Կոմիտի ներկայացուցիչը իր բարի գալստեան խօսքի ընթացքում նաև յիշատակեց որ «Կարծէք բաւարար չըլլային Հայաստանի անկախութենէն ի վեր – նաեւ վերջին տարիներուն սաստկացած արտագաղթելու երեւոյթը, 2018ին սկսած թաւշեայ յեղափոխութենէն ետք եկան բոլորիս տառապանքին աւելնալու ազգային արժէքներու քանդումը, Հայաստանեայց սուրբ եկեղեցու վարկազրկումը, հայկական բանակի փորձառու քատրերու անհասկնալի վանումը, զինուժի կորովի և մարտունակութեան իջեցումը, դպրոցական ազգային դաստիարակութեան կոտորակումը, Հայաստանի դրացի և դարաւոր բարեկամ երկիրներու հետ յարաբերութեանց նոսրացումը, հայկական մշակոյթի մէջ փողոցային վարքի ու լեզուի սրսկումը: Կարծէք այս բոլորին կուտակումով, ազգային անվտանգութեան բացթողումները ըլլային նախապայմանները արտադրելու Արցախեան 44-օրեայ պատերազմի – չըսելու համար – բեմականացուած պարտութիւնը:» Տէր Խաչատուրեանը ապա դրուատեց ՀՅԴ-ի Հայաստանի Գերագոյն Մարմինը, իբրեւ մէկ կարեւոր օղակը մեր կազմակերպութեան, որ աշխատանքո՛վ է  իջել հրապարակ, յանձինս իր ներկայացուցիչին և մեր հայաստանեան կառոյցին: «Կ’ակնկալենք որ համայն հայութիւնը, որ քաջածանօթ է ՀՅԴ-ի անցեալին, տեսլականին ու հանգանակին, աւելիո՛վ եւս կը փառի դէպի ՀՅԴ-ն ու անոր ազգային գաղափարախօսութեանը:», աւելացրեց Տարօն Տէր Խաչատուրեանը:

Լևոն Պարոնեանը ապա ներկայացրեց Իշխան Սաղաթելեանի համառօտ կենսագրականը և խօսափողը փոխանցեց Իշխան Սաղաթելեանին: Ներկաների ծափողջոյններով դիմաւորեցին օրուայ բանախօսին, որ շուրջ մէկ ժամ ամբողջական պատկերով ներկայացրեց Հայաստանի ու Արցախի ներկայ իրավիճակը և բացատրեց թէ ինչ այլընտրանքային լուծումներ կան, որ իշխող քաղաքականութեան արմատական փոփոխութեան դէպքում կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից: նշելի է որ ներկաները անգամներ բանախօսին երկրորդեցին իրենց ծափահարութիւններով: Իշխան Սաղաթելեանի նաև կարևորութեամբ նշեց այն կարևորութեան մասին, որ ունի Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը և աւելացրեց որ այդ եռամիասնութեանը թիրախ են դարձրել թէ Թուրքիան և թէ Հայաստանի իշխանութիւնները: Իր խօսքերի այս բաժնում նաև անդրադարձաւ այն բաժանարար քաղաքականութեան որ ՀՀ իշխանութիւնների իրենց համապատասխան կառոյցներով իրականացնում են սփիւռքի մէջ:

Իշխան Սաղաթելեանի և Միջոցառման ամբողջական տեսանիւթի Ֆէյսբուքեան օրինակը ներկայացուած է ստորև և յաջորդ օրերին հասանելի կը լինի նաև մեր Եութիւբի միջոցով:

Իշխան Սաղաթելեանի խօսքերից յետոյ առիթ տրուեց ներկաներին որ մօտենան բեմի երկու կողմում նախատեսուած բարձրախօսներին և իրենց հարումները ուղղեն օրուայ բանախօսին: Շուրջ 20 մասնակիցներ օգտուելով առիթից իրենց հարցումներն ու մտահոգութիւնները անմիջական մթնոլորտում ներկայացրեցին և Իշխան Սաղաթելեանը սպառիչ պատասխաններ տուեց բոլորին: Հանդիպումը տևեց մինչև ուշ գիշեր որի պաշտօնական բաժնի փակումից յետոյ դարձեալ ներկաներից շատեր շարունակեցին մնալ սրահում և դէմ առ դէմ ողջունել օրուայ հիւրին կամ նկարուել իր հետ:

Սոյն միջոցառմամբ աւարտին հասաւ Իշխան Սաղաթելեանի այցը Արևմտեան Ամերիկայում: Իշխան Սաղաթէլեանը այցելելու է ԱՄՆ Արեւելեան շրջան։ Նա քաղաքական հանդիպումներից բացի զեկուցելու է Հայաստանի, Արցախի եւ Հ․Յ․Դ․ Հայաստանի մարտահրաւէրների և այսօրուայ քաղաքական իրավիճակն ու հեռանկարների մասին:

Սաղաթէլեանի Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջան այցելութեան ժամանակացոյցն է․- Տիթրոյթ (Ապրիլ 11), Ուաշինկթըն (Ապրիլ 12), Նիւ Ճըրզի (Ապրիլ 13), Նիւ Եորք (Ապրիլ 14) եւ Պոսթըն (Ապրիլ 15-16)։

Միջոցառման ամբողջ տեսանիւթը տեսնել այստեղ՝ https://fb.watch/jR-UpLuGSQ/

Ամբողջ նկարները տեսնելու համար այցելել Օրակարգի Ֆէյսբուքի էջը:
https://www.facebook.com/media/set/?vanity=oragark&set=a.5680703442034218

SHARE

Comments are closed.