Հայ դատի համակարգի, բայց ոչ Հայ դատի գործի 80-ամեակը
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
2024 թ․ Մայիսի 25-28-ը, ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով, Երեւանում գումարուեց Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների խորհրդաժողով։ Խորհրդաժողովի պաշտօնական բացման ժամանակ, ի թիւս այլնի ասուեց, որ խորհրդաժողովը նաեւ նուիրուած է Հայ դատի համակարգի հիմնադրութեան, «Հայ դատի յանձնախումբ» անուանման օգտագործման 80-ամեակին։ Նախորդ տարի «Հորիզոնում» նախորդ տարուայ Յուլիսին տպագրուած՝ «Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Միացեալ Նահանգներ» յօդուածում թռուցիկ անդրադարձել էինք Հայ դատի համակարգի հիմնադրութեանը, հաշուի առնելով հայկական հարցը միջազգային քաղաքական օրակարգում վերակենդանացնելու եւ դրա լուծման հնարաւորութիւնները, ինչը պայմանաւորուած էր Երկրորդ աշխարհամարտի արդիւնքում միջազգային յարաբերութիւնների բնոյթով՝ մասնաւորապէս աշխարհի քաղաքական քարտէզի վերաձեւութեամբ եւ պատերազմի ընթացքում Թուրքիայի կրաւորական կեցուածքի համար վերջինիս պատասխանատուութեան ենթարկելու հաւանականութեամբ՝ ՀՅ Դաշնակցութիւնը 1944 թ․-ից սկսեց Հայ դատի հիմնադրութեան գործը։
Սոյն յօդուածի նպատակն է, գնահատելով Հայ դատի համակարգի գործունէութեան 8 տասնամեակների վրայ երկարող ջանքերը, լուսացոյցի տակ առնել հսկայական այն աշխատանքը, որ միջազգային քաղաքականութեան տարբեր կեդրոններում արուեց ՀՅ Դաշնակցութեան առաջնորդութեամբ եւ ի շահ հայ ժողովրդի իրաւունքների ու շահերի պաշտպանութեան մինչեւ 1944 թ․։
Արտերկրում հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած, յարաբերական, քարոզչական եւ, առհասարակ, հասարակական-քաղաքական բնոյթի աշխատանքները, Դաշնակցութեան պայքարի ու գործունէութեան մաս են կազմել նրա հիմնադրութեան օրերից սկսած։ Այս աշխատանքների համար ՀՅԴ-ն ստեղծել է տարբեր գործիքակազմեր՝ ըստ թիրախի եւ քաղաքական միջավայրի, «Պրօ Արմենիա»-ից մինչեւ Հայ դատի յանձնախմբեր։
«Պրօ Արմենիա» շարժումն ու պարբերականը
1898 թ. Թիֆլիսում գումարուած ՀՅԴ երկրորդ Ընդհանուր ժողովը հաստատում է 1896-1897 թթ. ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովի որոշումների մի մասը՝ արտասահմանյան քարոզչութեան աշխատանքի պատասխանատվութիւնը հանձնելով ՀՅԴ Արեւմտյան Բիւրոյին (նստավայրը՝ Ժնեւ)։ Այդ օրերին ՀՅԴ կազմակերպական ցանցը ծավալվում էր Արեւմտյան Եւրոպայում, 1901-1902 թթ. կուսակցութեան հակակշռի տակ էր Եւրոպայի հայ ուսանողական միութիւնը։ ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի ներկայութիւնը խթան է հանդիսանում այլեւ ապահովելու օտար հայասերների պարբերական աշխատակցութիւնը (1):
ՀՅԴ Երկրորդ Ընդհ. Ժողովը որոշել էր ծաւալուն թափ հաղորդել Եւրոպայում յարաբերական–քարոզչական գործունէութեանը։ Այդ ուղղութեամբ Քրիստափորի ճիգերը պսակւում են յաջողութեամբ, երբ 1900 թ. Հոկտեմբերից Փարիզում սկսւում է ֆրանսերէն «Պրօ Արմենիա» երկշաբաթեայ հանդէսի՝ իբրեւ հայ ժողովուրդի դատի միջազգային օտարալեզու բանբերի հրատարակութեան գործընթացը։ Հանդէսի խմբագիրներն ու աշխատակիցներն են դառնում ֆրանսայի քաղաքական եւ գրական-մշակութային կեանքի բազմաթիւ վառ ներկայացուցիչներ»։ Քրիստափորի կարգադրութեամբ՝ տարիներ շարունակ «Պրօ Արմենիա»-ի եւ Եւրոպական քարոզչութեան գործին առաջընթաց է ապահովւում եւ այն վերահսկում ՀՅԴ հիմնադիր սերնդից բժ. Յովհաննէս Լորիս-Մելիքեանը (Լորիս)։
«Պրօ Արմենիա»-ի հրատարակութեան ծախսերն ամբողջութեամբ հոգում էր ՀՅԴ Արեւմտեան Բիւրօն, ինչը, սակայն, բացառութեամբ կուսակցական կարեւոր մարմինների, հասկանալի պատճառներով գաղտնի էր պահւում այլոց համար։ Թերթը 15 օրը մէկ կանոնաւոր կերպով լոյս էր տեսնում մինչեւ 1908 թ. Հոկտեմբեր ամիսը Թերթն անվճար ուղարկւում էր Եւրոպայի պետական, քաղաքական, գիտական եւ գրական կարեւոր անձնաւորութիւններին, ինչպէս նաեւ՝ հրապակագիրներին եւ լրագրողներին:
«Պրօ Արմենիա»-ին առընթեր, շնորհիւ Լորիսի հետեւողական ու յամառ ջանքերի, ՀՅԴ Արեւմտեան Բիւրօն յաջողում է եւրոպական երկրներում ծաւալել հայանպաստ աննախընթաց շարժում՝ զօրաշարժի ենթարկելով ծանօթ բոլոր հայասէրներին եւ Դաշնակցութեան օտար բարեկամներին, յատկապէս՝ սոցիալիստական կուսակցութիւնների ղեկավարներին։ Շարժման ընթացքում, Հայ դատին առընթեր, կատարւում էր նաեւ քարոզչութիւն՝ ի նպաստ մակեդոնացիների եւ օսմանեան լծի տակ ճնշուած այլ ժողովուրդների։ Հարցապնդումներ եւ ի նպաստ հայութեան, միջամտութեան պահանջներ էին հնչում խորհրդարանների բեմերից (յատկապէս՝ Ֆրանսա, նաեւ՝ Իտալիա, Պելճիքա, Անգլիա, Հոլանտա, նոյնիսկ՝ Գերմանիա եւ Աւստրիա)։ Փարիզում, Ժընեւում եւ այլ մայրաքաղաքներում անցկացւում էին ժողովրդական բազմամարդ միտինգներ եւ ցոյցեր։ Հայանպաստ բանաձեւեր էին ներկայացւում խաղաղութեան խորհրդաժողովներում եւ ընկերվարական կուսակցութիւնների համագումարներում (2):
ՀՅԴ 3-րդ Ընդհանուր ժողովը, գումարուած 1904 թ. Փետրուար-Մարտին՝ Սոֆիայում, որոշեց յաւելեալ զարկ տալ «Եւրոպական Պրօպագանդ»ին՝ ստեղծելով Հայասէրների միջազգային մնայուն Բիւրօ։ 1904-1906 թթ., Լորիսի անխոնջ ջանքերի արդիւնքում, կանոնաւոր կերպով շարունակուեց «Պրօ Արմենիա»-ի հրատարակութիւնն ու «Եւրոպական Պրօպագանդը»։
1904 թ. Սասունի ապստամբութեանը յաջորդած Օսմանեան բռնութիւններին դէմ Եւրոպայում հայասնպաստ հակազդեցութեան առիթով Վարանդեանը գրում է. «Եւրոպայէն եկած այդ համեստ աջակցութիւնն ալ, այնուամենայնիւ, խոշոր բան մըն էր բազմաչարչար ժողովուրդին համար։ Խոշոր վաստակ մըն էր այն, որ [Ֆրանսայի] Խորհրդարանի բոլոր շարքերը համակող այդ շարժումը կարեկցութեան, ցասումի եւ բողոքի, հարկադրեց ողջ ֆրանսական կառավարութիւնը ծառանալու Եըլտըզի դէմ (եւ անուղղակի՝ Ռուսաստանի դէմ), բռնել դահճի արիւնոտ թաթը եւ կանխել նոր արհաւիրքները։ Առանց ատոր, ոչ մի տարակոյս, եւ հոն միաձայն, ներդաշնակ են բոլոր վկայութիւնները, հայ եւ օտար։ Առանց ատոր, 1895-1896-ի արեան բաղնիքները պիտի վերսկսէին ողջ Պիթլիսի վիլայէթին մէջ, թերեւս նոյնիսկ աւելի հեռուն» (3)։ «Ֆրանս-անգլիական գործակցութեամբ էր եւ մանաւանդ Ֆրանսայի ճիգերով որ 1904-ին Մուշ-Տարօնի հայութիւնը ազատեցաւ մասսային նախճիրներէ» (4):
1908 թ. Հոկտեմբերի 25-ին՝ Օսմանեան սահմանադրութեան հռչակումից յետոյ, դադարում է «Պրօ Արմենիա»-ի հրատարակութիւնը։ Գրեթէ նոյն բովանդակութեամբ, 1912 թ. Դեկտեմբերից, Ֆր. դը Պրեսանսէի եւ Վիկտոր Բերարի խմբագրութեամբ (քարտուղար՝ Ժան Լոնգէ) սկսում է հրատարակութիւնը երկլեզու (ֆրանսերէն եւ անգլերէն) “Pour Les Peuples d’Orient” պարբերականի։ 1913 թ. Դեկտեմբերից մինչեւ 1914 թ. Յուլիս թերթը վերստին լոյս է տեսնում “Pro Armenia” վերտառութեամբ (5):
Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան գործունէութիւնը ՀՀ անկախութեան կորստից յետոյ
1918 թ. Դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետութեան օրէնսդիր մարմինը Աւետիս Ահարոնեանին նշանակեց Փարիզի Խաղաղութեան վեհաժողով մեկնող պատուիրակութեան նախագահ։ Սեւրի դաշնագրի ստորագրումից յետոյ Փարիզում գտնուող հայկական պատուիրակութիւնը, Աւետիս Ահարոնեանի գլխաւորութեամբ, այն մտայնութիւնն ունէր, որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը ժամանակաւոր մի գործընթաց է, ուստի շարունակում էր աշխատանքը հայութեան իրաւունքների իրացման խնդիրը միջազգային տարբեր դերակատարների ներկայացնելու ուղղութեամբ եւ մի օր Հայաստանում օրինական կառավարութիւնը վերականգնելու յոյսով։ Պատուիրակութիւնն աստիճանաբար սկսեց նաեւ համայնքային-կազմակերպական բնոյթի աշխատանքներ տանել՝ փորձելով նախ ֆրանսահայ, ապա եւ՝ սփիւռքի այլ համայնքներում իրականացնել համախմբող գործառոյթներ։ Ըստ այդմ՝ պատուիրակութիւնը 1921 թ․-ից ունէր գործունէութեան երեք հիմնական ուղղութիւն՝ արտաքին-քաղաքական, հիւպատոսական եւ համայնքային-կազմակերպական։
Դեռեւս 1920 թ․ Դեկտեմբերի վերջին պատուիրակութիւնն ընդլայնուած նիստում ընդունեց 5 կէտանոց որոշում, որի մասին ծանուցեց դաշնակից պետութիւններին։ Մասնաւորապէս, պատուիրակութիւնն արձանագրեց, որ Հայաստանի օրինական կառավարութիւնը գոյութիւն ունի, Հայաստանը նուաճուած է օտար ուժերի կողմից, 1920 թ. Դեկտեմբերի 2-ի յայտարարութիւնը կայացուել է ճնշման տակ, ուստի պէտք է անվաւեր համարուի, եւ որ խորհրդային իշխանութիւնների եւ Աթաթուրքի միջեւ եղել է Հայաստանի նուաճման մասին պայմանաւորուածութիւն։
Իրենց հերթին՝ միջազգային տարբեր շրջանակներ, հիմնականում՝ տնտեսական գործունէութիւն հետապնդող կազմակերպութիւններ, հակառակ նրա, որ Հայաստանում իշխանութիւնը զաւթուած էր պոլշեւիկեան ուժերի կողմից, կապւում էին Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան հետ՝ Հայաստանում տնտեսական աշխատանքներ իրականացնելու համար։ Մասնաւորապէս, 1921 թ. Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեանը դիմումներ են յղուել Հայաստանում երկաթուղի կառուցելու, հանքահումքային ռեսուրսների արդիւնահանման, գիւղատնտեսական ենթակառուցուածքների կառուցման եւ նմանատիպ այլ հարցերով։ Շուէյցարական կողմը նոյնիսկ պատուիրակութեանն էր դիմել Հայաստանին պարենամթերային օժանդակութեան տրամադրման համար։ Տարբեր առաջարկներ էին ստացուել նաեւ անգլիական, գերմանական, ամերիկեան, շուէտական եւ այլ երկրներ ներկայացնող կազմակերպութիւններից։
ՀՅ Դաշնակցութիւնը 1924 թ. «Արտասահմանեան մարմիններում արտակարգ խորհրդաժողովից սկսած՝ իրարայաջորդ Ընդհանուր ժողովներով որոշել էր պահել Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը, հիմնականում՝ արտաքին յարաբերութիւններում մասնակից դարձնելու համար՝ նկատելով, որ «Պատուիրակութիւնը, իբրեւ մէկ կարեւոր մնացորդը մեր պետականութեան, միջազգային քաղաքականութեան նպաստաւոր փոփոխութեան մը պարագային պիտի հանդիսանայ անմիջական խողովակը հայ ժողովուրդի պահանջներուն եւ ներկայիս իսկ կրնայ արժէքաւոր դեր կատարել՝ ջատագով հանդիսանալով հայ ժողովուրդի պետական անկախութեան եւ անոր հետ կապուած քաղաքական պանջներուն» (6):
ՀՀ Պատուիրակութիւնը նախ պահպանել է հիւպատոսութիւնները, ապա դիւանագիտական նոյն աշխատանքի համար հաստատել «գաղթականական օֆիսներ». 1938 թ. գումարուած ՀՅԴ 13-րդ Ընդհանուր ժողովն արձանագրել է, որ «հինգ տարուան ընթացքին օֆիսները տուած են շուրջ 35,000 վկայաթղթեր եւ հայ գաղթականութեան համար դիւրութիւններ ստեղծած են անցագրային, զինուորական, դատական եւ այլ հարցերու մէջ» (7):
Ինչ վերաբերում է համայնքային կեանքին եւ կազմակերպական բնոյթի աշխատանքներին, ապա, պատուիրակութիւնը փորձում էր հաւաքագրել խորհրդայնացման հետեւանքով Եւրոպայում եւ Պարսկաստանում ապաստան գտած հայ մտաւորականութեան ու զինուորականութեան տուեալները՝ հետագայում նրանց կարողութիւններն ի սպաս հայրենիքին վերստին օգտագործելու նպատակադրմամբ։ Ընդառաջելով պատուիրակութեան դիմումներին՝ ֆրանսական եւ պելճիքական կառավարութիւններն իրականացրեցին հայկական ապագայ բանակի համար կադրերի պատրաստման աշխատանքներ։
Տարբեր պետութիւններ եւ կազմակերպութիւններ ներկայացնող անձանց հետ հանդիպումներին եւ յարաբերական բնոյթի անընդհատական աշխատանքին զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը մեծ ուշադրութիւն էր դարձնում քարոզչական-տեղեկատուական բնոյթի աշխատանքներին (8):
1972 թ. Վիեննայում գումարուած ՀՅԴ 20-րդ Ընդհանուր ժողովը որոշեց․ «Վերջ տալ «Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւն» անունով գործող մարմնին եւ զայն փոխարինել «Հայ դատի կեդրոնական մարմին»ով մը» (9):
Հայկական շահերի պաշտպանութիւնը ԱՄՆ-ում՝ 20-րդ դարի առաջին կէսին
20-րդ դարի առաջին քառորդում ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանութեան գործում առանցքային գործիչը Վահան Քարդաշեանն էր, ով ՀՅԴ անդամ չի եղել, մօտիկից համագործակցել է կուսակցութեան եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գարեգին Փաստրմաճեանի (Արմէն Գարօ) հետ։ ՀՅԴ-ի քաղաքական եւ ֆինանսական աջակցութեամբ եւ գործակցաբար ամերիկեան եւ օտարազգի քաղաքական այլ գործիչների ու դիւանագէտների հետ, Քարդաշեանը կարողանում է նախ հիմնադրել “The Press Bureau” (Պրես Բիւրօ) եւ, վերջինիս միջոցով՝ “American Committee for the Independence of Armenia” (Հայաստանի անկախութեան համար ամերիկեան կոմիտէ) կազմակերպութիւնները, որոնք, ըստ էութեան, դարձան Ամերիկայում հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեան ժամանակի դերակատարները (10)։
“The Press Bureau”-ին յանձնարարուած էր հայկական հարցին ի նպաստ քարոզչական աշխատանքներ տանելու, ամերիկեան քաղաքական, պետական եւ մամուլի շրջանակներում հայ ժողովրդի պահանջներն արծարծելու պարտականութիւնը։
1919 թ․-ին կազմաւորուած «Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէ»-ին (ACIA, American Committee for the Independence of Armenia) մասնակցում էին 75 ականաւոր ամերիկացի գործիչներ, այդ թւում 3 նախկին նախագահական թեկնածուներ, 8 դեսպաններ, 25 նահանգապետեր, համալսարանների եւ քոլեժների տնօրէններ եւ այլն։ Կազմութիւնից անմիջապէս յետոյ, 1919 թ․ Մարտին ACIA-ն նախագահ Ուիլսընին ներկայացրեց Միացեալ Նահանգների 75 եպիսկոպոսների, 20000 այլ հոգեւորականների, 40 նահանգապետերի եւ 250 քոլեժների ու համալսարանների տնօրէնների անունից երկու դիմումնագրեր՝ Հայաստանի անկախութեան պահպանման եւ հայկական իրաւունքների արժեւորման խնդրանքով։
Իր գործունէութեան կարճ ժամանակահատուածում կոմիտէն լոյս ընծայեց 21 տարբեր հրատարակութիւններ՝ 21000 տպաքանակով, ուղարկեց տասնեակ հազարաւոր նամակներ (11)։ Կոմիտէի գործունէութեան դաշտը հիմնականում ընդգրկում էր մամուլը եւ ամերիկեան Կոնգրեսը։
«Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէի» կարճատեւ, սակայն բուռն գործունէութեան հիմնական արդիւնքներից կարելի է յիշատակել Ամերիկայի հայկական սփիւռքի քաղաքականացումը, ամերիկեան դաշնային եւ նահանգային իշխանութեան կարեւորագոյն օղակների հետ մշտական կապի հաստատումը, մամուլի հետ աշխատանքի փորձը, իսկ գործնական արդիւնքներից յատկանշելի են 1920 թ․ Ապրիլի 23-ին ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը եւ 1923 թ․ ստորագրուած ամերիկաթուրքական առեւտրային եւ բարեկամական համաձայնագրի վաւերացման մերժումը ԱՄՆ Սենատի կողմից՝ 1927 թ․ Յունուարի 19-ին, ինչին նախորդել էր տարիների քրտնաջան աշխատանք (12)։
Արդէն Հայոց Ցեղասպանութեան յիսունամեակի առիթով Սփիւռքի բոլոր համայնքներում Դաշնակցութիւնը կազմեց յատուկ յանձնախմբեր, որոնք էլ այնուհետեւ կոչուեցին Հայ դատի յանձնախմբեր եւ առ այսօր գործում են աշխարհի շուրջ երեսուն երկրներում:
1.- Հրաչ Տասնապետեան, «Հ.Յ.Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով, (1890-1925)», Աթէնք, 1988, էջ 53, 56-57
2.- Միքայէլ Վարանդեան, «Պատմութիւն….», էջ 303-314
3.- Վարանդեան, նոյն տեղ, էջ 317-318
4.- Վարանդեան, նոյն տեղ, էջ 317-318
5.- Տասնապետեան, նոյն տեղ, էջ 99
6.- ՀՅԴ 12-րդ Ընդհանուր ժողով, 1933 թ., Փարիզ
7.- ՀՅԴ 13-րդ Ընդանուր ժողով, 1938 թ., Գահիրէ
8.- Փափազեան Վ․, Իմ յուշերը, Գահիրէ, 1957, էջ 145-157
9.- ՀՅԴ 20-րդ Ընդհանուր ժողով, 1972 թ., Վիէննա
10.- Գէորգ Տօնապետեան, Հ․ Յ․ Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ, Բ․ հատոր, 1910-1923թթ․, Պոսթոն, 1995, էջ 467
11.- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Հատոր Դ., 1981-1992թթ․, Աթէնք, 1995թ․ էջ 306
12.- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Հատոր Դ., 1981-1992թթ․, Աթէնք, 1995թ․ էջ 306-307
Comments are closed.