Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան եւ Կոնգրեսի վրայ
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայտընի վարչակազմի եւ Կոնգրեսի վրայ՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնեայ բնակչութեան ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձեւ։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային յատուկ հարթակների միջոցով աւելի քան 200․000 գրութիւններ են ուղարկուել նախագահ Բայտընին, փոխնախագահ Հարիսին եւ ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանութիւնը՝ Ատրպէյճանի կողմից Լաչինի միջանցքի աւելի քան 250 օր շրջափակման հետեւանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն էե։
Հասցէատէրերից մասնաւորապես պահանջուել է․
ՄԱԿ Անվտանգութեան խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձեւ՝ դատապարտելու Արցախի ատրպէյճանական շրջափակումը եւ Լաչինի միջանցքի անյապաղ բացման կոչ անել՝ Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր իրաւակիրառութիւն ենթադրող ժամանակաւոր միջոցի կիրառման վերաբերեալ որոշման համաձայն։
Դադարեցնել Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական եւ անվտանգային օժանդակութիւնը եւ ամբողջապէս կիրառութեան մէջ դնել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի պահանջները (907-րդ բանաձեւ)։
Արցախում ատրպէյճանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչութեան համար ապահովել ամերիկեան մարդասիրական օժանդակութիւն։
Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ատրպէյճանցի պաշտօնեաների նկատմամբ կիրառել ամերիկեան օրէնսդրութեամբ սահմանուած պատժամիջոցներ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանութեան գործադիր թեւի վրայ կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարուած քննարկման նախօրէին՝ Օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ եւ ԱԽ ներկայիս նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ յորդորելով վերջինիս բանաձեւ ներկայացնել՝ Ատրպէյճանից պահանջելով անմիջապէս դադարեցնել Արցախի ութամսեայ շրջափակումը։
Օգոստոսի 14-ին նախագահ Բայտընին նամակ է յղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նոյնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին բանաձեւ, որն Ատրպէյճանից անյապաղ կը պահանջի կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնաւորապէս նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարութիւնը, Եւրոպական Միութիւնը, ՄԱԿ-ի փորձագէտները եւ Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը եւ կոչ արել կանոնաւոր երթեւեկութեան համար բացել միջանցքը, Ատրպէյճանը ամիսներ շարունակ անտեսում է նման յայտարարութիւնները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ USAID-ը փորձել են դիւանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիեւի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն յայտարարութիւնների եւ նման կոչերի ժամանակն ակնյայտօրէն վաղուց անցել է։ Միացեալ Նահանգները պէտք է կոնկրետ գործողութիւններ ձեռնարկի եւ անյապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ատրպէյճանի վրայ՝ վերադառնալու միջազգային իրաւունքի եւ կարգի պահանջներինե։
Ադամ Շիֆն Օգոստոսի 22-ին վիդէոուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարութեանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձեւ եւ կիրառել «907-րդ յօդուածիե պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակութիւնն Ատրպէյճանին։
Արցախի ատրպէյճանական շրջափակման դադարեցման ուղղութեամբ ԱՄՆ կառավարութեան յստակ անելիքների հրատապ անհրաժեշտութեան մասին հանդէս են եկել նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քանդերասը, Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամըրֆին, Սեթ Մագազիները, Ջիմ Մըք Գովերնը, Քաթի Պորտերը, Դինա Տիտուսը եւ Բիլ Քասիդին։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակում է բազմաբնոյթ աշխատանքներն ու համայնքային ճնշման ուժգնացումը՝ նպաստելու ԱՄՆ գործադիր իշխանութեան կողմից Արցախի ապաշրջափակմանը միտուած կոնկրետ գործողութիւնների ձեռնարկմանը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
24. 08․ 2023 թ․
Comments are closed.