Հայոց եկեղեցու համար անընդունելի է «հայոց պատմութիւն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքով սերունդ կրթելը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «հայոց պատմութիւն» առարկայի 7-րդ դասարանի խնդրայարոյց նոր դասագրքի վերաբերեալ մամուլի ասուլիս էր հրաւիրուել։ Այդ դասագիրքն անընդունելի է Մայր Աթոռի համար ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցուն առնչուող նիւթերը սխալ են, այլեւ պատմական փաստեր են աղաւաղուած։
«Հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ։ Դասագրքում ներկայացուած չէ նիւթի ողջ ծաւալը, եղածն էլ ներկայացուած է խեղաթիւրուած վիճակով։ Մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառելիութիւնը», ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը։
Վերջինս ընդգծեց՝ զարմանք է յարուցել այն փաստը, որ պատմութեան դասագրքի տիտղոսաթեղթում նշուել է, թէ այն իբրեւ պատրաստուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցութեամբ, մինչդեռ որեւէ կապ չի հաստատուել եկեղելու հետ. այդ ապակողմնորոշող գրառումն արուած է թիւր պատկերացումներ ստեղծելու համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրեանը յիշեցրեց՝ դասագրքում նշուած է, որ եկեղեցու հիմնադիրը Տրդատ թագաւորն է։
«Մենք էլ միամտօրէն կարծում էինք, որ եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է։ Մի գուցէ, պատմութեան նկատմամբ մեր մօտեցումնե՞րը վերատեսենք, պատմութիւնը հնարաւոր չէ վերատեսել, պատմութիւնն այն է, ինչ տեղի է ունեցել», ասաց Գերաշնորհ Տէր Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրեանը։
Հանել դպրոցներից 7-րդ դասարանի «հայոց պատմութիւն» դասագիրքը. ահա եկեղեցու պահանջը ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութիւնից:
Շիրակի թեմի առաջնորդը ընդգծեց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանը յամառօրէն դէմ է գնում մասնագիտական շրջանակների կարծիքին, եւ չի կասեցւում «հայոց պատմութեան» 7–րդ դասարանի դասագրքով դասաւանդումը։
«Այսօրուայ իշխանութեան յետեւում երեւում են իրենց պատուիրատուների ականջները, որոնք ոչ մի ընդհանրութիւն չունեն հայութեան, հայ ազգային պետութեան եւ պետականութեան հետ։ Իրենց պատուիրատուները դրսից են եւ բոլոր անցած տարիների ընթացքում ուզում էին համոզել, որ պէտք է ռեւիզիայի ենթարկել ողջ պատմագիտութիւնը եւ պատմագրութիւնը եւ ազատուել պատմութիւնից կառչուածութիւնից, թօթափել կոմպլեքսները, որոնցից մէկը համարում են ցեղասպանութեան հետ կապուածութիւնը եւ դառնալ համաշխարհային հանրութեան անդամներից մէկը` անդէմ եւ անդիմագիծ, ինչպէս այսօր համաշխարհային հանրութեան տարբեր պետական կազմաւորումներն են», ասաց Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանը։
Comments are closed.