Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Եւրոպա
Ա. Մաս
Գէորգ Ղուկասեան
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու
Քաղաքագիտութեան և միջազգային յարաբերութիւններու փորձագէտ
Միջազգային ներկայ անորոշ յարաբերութիւններում, միգրացիոն անկառավարելի հոսքերի ու գլոբիլզացիայի աճի պայմաններում քաղաքական գործընթացներում շարունակապէս մեծանում է սփիւռքի քաղաքական դերակատարութիւնը: Այն յատկապէս ակնառու դրսեւորւում է հայրենիք-ընդունող պետութիւն փոխյարաբերութիւններում։ Միջազգային յարաբերութիւններում սփիւռքի դերի շարունակական բարձրացմանը նուիրուած բազմաթիւ հետազօտութիւններ կան։ Յընթացս յիշատակենք միայն ամերիկացի յայտնի քաղաքագէտ Սամուէլ Հանթինգթոնի այն միտքը, որ «հայրենի կառավարութիւնների հետ սփիւռքի մօտ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների առանցքային երեւոյթներից է»։ Այս առումով, խիստ կարեւոր է նաեւ, դեռեւս 2000 թ. Համաշխարհային բանկի կողմից կատարուած մի հետազօտութեան արդիւնքները, որոնք թոյլ են տուել եզրակացնել, որ որեւէ հակամարտութիւնից հինգ տարի յետոյ հակամարտութեան վերսկսման ռիսկը վեց անգամ աւելի մեծ է այն հասարակութիւններում, որոնք Ամերիկայում ունեն խոշոր սփիւռք։
Յայտնի հրեայ գիտնական, սփիւռքի հետազօտող Յոսսի Շէյնը, ով նաեւ խորութեամբ ուսումնասիրել է հայկական սփիւռքի գործունէութիւնը, միջազգային յարաբերութիւններում առանձնացնում է սփիւռքի գործունէութեան երեք տիպ՝ պասիւ դերակատար, ընդունող պետութեան արտաքին քաղաքականութեան վրայ ազդեցութիւն ունեցող սփիւռք եւ հայրենի պետութեան վրայ ազդեցութիւն ունեցող սփիւռք։
Մեր կողմից, հիմնականում ակադեմիական բնոյթի աշխատանքներում, հիմնաւորուել է այն տեսակէտը, որ սփիւռքի քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողը էթնիկ լոպպինգն է, ինչին կ’անդրադառնանք քիչ անց։ Բայց էթնիկ լոպպինգն ինքնին, լոպպինգի առաւել լայն համակարգի բաղկացուցիչ մաս է, չնայած որ հասարակական-քաղաքական խօսոյթում այն յաճախ նոյնանում է լոպպինգի ամբողջական համակարգի հետ։ Ընդունուած է կարծել, որ լոպպինգի համակարգը բաղկացած է քաղաքական, սոցիալական, տնտեսական, տարածաշրջանային, էթնիկ եւ յատուկ տեսակներից։
Ըստ ամենայնի՝ «լոպպինգ» եզրոյթն առաջացել է լոպպի բառից, որը նշանակում է կուլուարներ, միջանցք: Ըստ Գալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի փրոֆեսոր Մայքլ Բերնստամի՝ «լոպպիզմ» եզրոյթն առաջին անգամ կիրառուել է 1820-ական թուականներին, երբ ամերիկեան սենատորները խորհրդակցութիւնների ընդմիջումներին հաւաքւում էին Ներկայացուցիչների պալատի լոպպիում՝ սպասասրահում, եւ քննարկում ու որոշումներ կայացնում այս կամ այն հիմնահարցի վերաբերեալ: Դրա մասին ամերիկեան մի թերթ գրել է 1820 թ․։ Ըստ մէկ այլ տեսակէտի՝ «լոպպինգ» եզրոյթն առաջին անգամ կիրառուել է ΧΙΧ դարի երկրորդ կէսին, ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիս Սիմփսոն Գրանտի (1869-1870 թթ.) նախագահութեան ժամանակաշրջանում:
Էթնիկ լոպպիստական խմբերը ձեւաւորւում են ազգային, կրօնական, մշակութային համախմբման միջոցով՝ հիւրընկալող երկրի պետական իշխանութեան թեւերի, տարածքային եւ տեղական իշխանութիւնների, հասարակական կազմակերպութիւնների վրայ՝ ի շահ իրենց հայրենի պետութեան, ուղղակի կամ անուղղակի ճնշումներ գործադրելու, քաղաքական նպատակներ դնելու, դրանց հասնելու համար: Որպէս կանոն, էթնիկ լոպպիստական խմբերն իրենց հայրենի երկրների հետ ունեն միջնորդաւորուած կամ ուղղակի կապեր:
Որպէս կանոն էթնիկ լոպպիստական խմբերն ունեն գործունէութեան որոշ առանձնայատկութիւններ, այն է՝ հիմնահարցի ձեւակերպում, տեղեկատուութեան ապահովում, քաղաքականութեան մշտադիտարկում, իսկ գործունէութեան տեխնոլոգիաներն են հասարակական կարծիքի համախմբումը, ընտրարշաւային աջակցման գործիքակազմը, պաշտօնական հնարաւորութիւնների ու կապերի կիրառումը, ոչ պաշտօնական կապերի գործադրումը, պետական ու տեղական իշխանութեան թեւերի վրայ հոգեբանական ճնշման գործադրումը եւ այլն։
Այս հակիրճ ներածականից յետոյ, մեր ընթերցողի ուշադրութիւնն ենք ցանկանում հրաւիրել Եւրոպայում հայկական էթնիկ լոպպինգի վրայ, խոստանալով յաջորդ յօդուածում, այլեւս առանց ներածականի, անդրադառնալ հայկական լոպպինգին Ամերիկայի Միացեալ Նահանգներում։
Այսպիսով, Եւրոպայում հայերը սկսել են հաստատուել դեռեւս վաղնջական ժամանակներից՝ պայմանաւորուած հիմնականում առեւտրական գործունէութեամբ, իսկ միջնադարում՝ հայկական թագաւորութիւնների ու իշխանութիւնների անկմամբ պայմանաւորուած՝ հայ ազնուականութեան արտագաղթով։
Համաձայն նախկինում ՀՀ կառավարութեան կառուցուածքում գործող սփիւռքի նախարարութեան տուեալների՝ Եւրոպական աշխարհամասում ապրող հայերի ընդհանուր թիւը գերազանցում է 1․670․000-ը։ Եւրոպայում հայութիւնն առաւել խիտ է բնակւում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանտայում, Մեծ Բրիտանիայում, Պելճիքայում եւ այլուր։ Ինչ վերաբերում է համայնքային կազմակերպութիւններին, ապա Արեւմտեան Եւրոպայում դրանց ընդհանուր թիւը 153 է, Հիւսիսային Եւրոպայի եւ Մերձպալթեան երկրների հայկական համայնքներում՝ 31, Արլ․ Եւրոպայի եւ Պալքանեան երկրներում՝ 1103։
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատարի գրասենեակի տուեալներով, ներկայումս Եւրոպական աշխարհամասում ապրող հայերի ընդհանուր թիւը գերազանցում է 1.505.000-ը։
Առհասարակ երբ խօսում ենք Եւրոպայում հայկական լոպպինգի մասին, անհրաժեշտ է այն դիտել երեք հիմնականհարթութիւնների վրայ՝ համաԵւրոպական (միջազգային եւ ինտեգրացիոն կազմակերպութիւնների հետ աշխատանք), առանձին պետութիւնների հետ աշխատանք եւ համայնքային զօրեղացմանը միտուած աշխատանքներ:
Ինչ վերաբերում է համաԵւրոպական մակարդակին, ապա ցաւօք այստեղ մենք չունենք հայկական լոպպիստական կազմակերպոութիւնների մեծ ցանկ եւ հիմնական դերակատարը ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբն է՝ իր Պրուքսէլի կենտրոնական գրասենեակով։
Հայ դատի Եւրոպայի գրասենեակը հիմնուել է 2001 թուականին: Այն նախ տեղակայուած էր Փարիզում, սակայն յետոյ, հաշուի առնելով այն, որ ներԵւրոպական քաղաքական գործընթացներն ու ԵՄ վարչական ապարատը կենտրոնացած էին Պրուքսէլում, տեղափոխուեց այնտեղ։ Ներկայումս Հայ դատի Եւրոպայի գրասենեակը համակարգում է Եւրոպական 14 երկրներում (ԵՄ անդամ 13 երկրներում) գործող Հայ դատի յանձնախմբերի աշխատանքը, սակայն առաւելապէս ինքն է նախաձեռնում եւ իրականացնում տարաբնոյթ աշխատանքներ։
Կազմակերպութեան նպատակներն են՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Արցախի ժողովրդի հիմնական իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի հարցի միջազգայնացումը, ինչպէս նաեւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը նպաստելը ամենատարբեր հարթութիւններում՝ սկսած խորհրդարանական դիւանագիտութեանն օժանդակելուց մինչեւ տնտեսական ներդրումների ներգրաւում ։
Գրասենեակի գործունէութիւնը հիմնականում կենտրոնացած է ղարաբաղեան հիմնախնդրի վրայ։ Այս առումով գործունէութեան նպատակն է բարձրաձայնել Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան տնօրինելու, ինչպէս նաեւ խաղաղութեան ու արժանապատուութեան մէջ ապրելու իրաւունքները, ինչպէս նաեւ ճեղքել Արցախի քաղաքական մեկուսացման Ատրպէյճանական պարտադրանքը, նպաստել Արցախի տնտեսական զարգացմանն ու մարդու իրաւունքների պաշտպանուածութեան մակարդակի բարձրացմանը ։
Այս նպատակների իրականացման համար գրասենեակի գործիքակազմն ընդգրկում է տարբեր միջոցառումների կազմակերպում՝ Արցախի բարձրաստիճան ղեկավարութեան Եւրոպական այցեր, Եւրոպական պատգամաւորների այցելութիւններ Արցախ (մինչեւ 2020 թ. պատերազմը), տարբեր սեմինարներ, խորհրդաժողովներ, ցուցահանդէսներ, մշակութային միջոցառումներ, շնորհանդէսներ եւ այլն: Գրասենեակի գործունէութեան միւս ուղղութիւնները Եւրոպական միութեան իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր թեւերի հետ մշտական հանդիպումներն են եւ նրանց վրայ համայնքային ճնշումների գործադրման արշաւների իրականացումը։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ԵՄ ղեկավար կառոյցներից հիմնականում աշխատում է Եւրոպական խորհրդարանի հետ՝ հաշուի առնելով լոպպիստական խմբերի նկատմամբ Եւրոպական խորհրդարանի համեմատաբար աւելի բաց լինելը, ինստիտուցիոնալ հնարաւորութիւնները եւ առհասարակ Խորհրդարանի ներկայացուցչական բնոյթը։ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութեան ուղղութիւններից էլ պարզ է դառնում, որ այս կառոյցի աշխատանքները յատուկ խորհրդարանական ուղղուածութիւն ունեն։ Մասնաւորապէս իբրեւ գործունէութեան ուղղութիւն է նշւում օժանդակութիւնը հայկական խորհրդարանական դիւանագիտութեանը՝ Եւրոպական խորհրդարանի, Եւրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցութեան կոմիտէի, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ միջխորհրդարանական յարաբերութիւններում ։
Եւրոպական խորհրդարանում Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքային ուղղութիւններն են՝
1) Խորհրդարանի կողմից հայանպաստ բանաձեւերի առաջմղում նախորդ ենթակէտում ներկայացուած ողջ օրէնսդրական գործընթացում՝ նախագծումից մինչեւ քուէարկում
2) Օրէնսդրական բարելաւումների (amendments) ներկայացում
3) Հայաստանին ու Արցախին առնչուող օրէնսդրական գործընթացի մշտադիտարկում
4) Ատրպէյճանա-թուրքական լոպպիստական կառոյցներին հակազդում
5) Օրէնսդրական այնպիսի փոփոխութիւնների կանխարգելում, որոնց յետեւում կանգնած է ատրպէյճանական լոպպին
6) Եւրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացում Համագործակցութեան կոմիտէի շրջանակներում
7) Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից ԵՄ գործադիր իշխանութեան ղեկավարութեանը պատգամաւորական հարցումներով ապահովում
8) Հայաստանի համար հետաքրքրութիւն ունեցող հարցերում պատգամաւորական ստորագրահաւաքների ապահովում
9) Եւրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի ձեւաւորում եւ ընդլայնում
10) Եւրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի ձեւաւորում եւ ընդլայնում
11) Խորհրդարանական պատուիրակութիւնների եւ փաստահաւաք առաքելութիւնների այցելութիւններ Հայաստան եւ Արցախ
12) Պարբերաբար հանդիպումներ խորհրդարանականների հետ՝ բարեկամների շրջանակն ընդլայնելու համար
13) Խորհրդարանում հանրային լսումների կազմակերպում հայութեանը հետաքրքրող թեմաներով
14) Հայաստանի ու Արցախի մասին, առկայ մարտահրաւէրների մասին խորհրդարանականների իրազեկուածութեան մեծացում
15) Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան քաղաքների եւ Եւրոպական քաղաքների միջեւ ապակենտրոն տարածքային համագործակցութիւնների հաստատում եւ զարգացում (քոյր քաղաքներ) ։
Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի քաղաքական համակարգմամբ գործում են Հայ դատի Ֆրանսիայի, Գերմանիայի, Աւստրիայի, Պելճիքայի, Հոլանտայի, Շուէտիայի, Իսպանիայի, Աւստրիայի, Յունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Պուլկարիայի, Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի յանձնախմբերը, իսկ 2022 թուականից յանձնախումբ է գործում նաեւ Իտալիայում։
Ֆրանսիայի հայկական համայնքը սփիւռքի ամենակազմակերպուած համայնքներից է, ինչն ի թիւս այլնի՝ պայմանաւորուած է Ֆրանսիայում հայկական ներկայութեան պատմական առկայութեամբ, ինչպէս նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ղեկավարների՝ Ֆրանսիայում հաստատմամբ: Հայերը Ֆրանսիայում հաստատուել են դեռեւս VI դ. սկսած, համայնքի ընդհանուր թիւը ներկայումս շուրջ 700 հազար է, գործում են հայկական հարիւրաւոր կազմակերպութիւններ:
Շուրջ 500 հայկական կազմակերպութիւններ միաւորում է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդը (Co-ordination Council of Armenian organisations of France (CCAF)), որը նաեւ ակտիւ լոպպիստական գործունէութիւն է իրականացնում:
Իր հերթին, Ֆրանսիայի Հայ դատի յանձնախումբը, որն ըստ էութեան գործում է CCAF-ի կազմում, ֆրանս-հայկական մեծագոյն քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն են.
1. Ի պաշտպանութիւն ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի՝ նպաստել հասարակական իրազեկուածութեան բարձրացմանը
2. հայկական համայնքին յուզող հարցերում ազդել Ֆրանսիայի եւ ԵՄ-ի քաղաքականութեան վրայ,
3. ներկայացնել հայութեան միասնական տեսակէտները պետական քաղաքական տարբեր հարցերի վերաբերեալ՝ ծառայելով իբրեւ կապ համայնքի եւ նրա ընտրած պաշտօնեաների միջեւ:
Ֆրանսիայի Հայ դատի յանձնախումբը ամենաակտիւներից է այդպիսի յանձնախմբերի մէջ, ընդ որում, ակտիւութիւնը չի սահմանափակւում միայն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններին համակցուած գործելով, այլ շօշափում է հայութեանն առնչուող հասարակաքաղաքական եւ սոցիալական կեանքի ամենատարբեր ոլորտներ:
Հայկական շահերի սպասարկում հետապնդող լոպպիստական կառոյց է նաեւ «Հայաստանի Եւրոպացի ընկերներ» (European Friends of Armenia/EuFoA/) կազմակերպութիւնը, որը հիմնադրուել է 2009 թ., գործում է Պրուքսէլում եւ գրանցուած է համաձայն պելճիքական եւ ԵՄ օրէնսդրութեան։ Կառոյցի գործունէութեան հիմնական նպատակներն են՝
- ամրապնդել ԵՄ-Հայաստան յարաբերութիւնները,
- խորհրդակցութիւնների եւ բանավէճերի միջոցով հասկանալ Հայաստանում առկայ իրավիճակը,
- միմիանց կապել երկու կողմերի որոշումներ կայացնողներին եւ տեղեկացնել Եւրոպա-Հայաստան յարաբերութիւններում առկայ մարտահրաւէրների եւ յաջողութիւնների մասին,
- խթանել շփումները քաղաքացիական հասարակութեան հիմնական անդամների միջեւ,
- բարձրացնել Հայաստանի մասին իրազեկուածութիւնը,
- որոշումներ կայացնողներին եւ հասարակական կարծիքի վրայ ազդողներին տրամադրել տեղեկատուութիւն հայ իրականութեան մասին,
- «հաւաքել» Եւրոպայի հայ ընկերներին եւ կապ հաստատել նրանց միջեւ։
Ինչպէս նշուեց՝ Եւրոպական միութեան 13 անդամ-պետութիւններում, առաւել՝ Մեծ Բրիտանիայում գործում են Հայ դատի յանձնախմբեր, որոնք այսօր Եւրոպայում հայկական էթնիկ լոպպինգի հիմնական կրողներն են։ Ի հարկէ, ամբողջ Եւրոպայում գործում են հարիւրաւոր հայկական կազմակերպութիւններ, տեղական բնոյթի համայնքային կազմակերպութիւններ, քաղաքական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ եկեղեցական, բարեգործական, մշակութային, կրթական, լրատուական, մարմնակրթական, մասնագիտական ընկերակցութիւններ եւ այլ կազմակերպութիւններ, օրինակ յիշատակենք «Թեքէեան» մշակութային միութիւնը, Հայ օգնութեան միութիւնը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը, Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը, «Պօղոսեան» հիմնադրամը եւ այլն։ Այս կազմակերպութիւնները իրենց կանոնադրական նպատակներով լոպպիստական չեն եւ հետեւաբար չեն էլ կարող ուղղակի լոպպիստական գործունէութիւն ծաւալել, քանի որ Արեւմտեան աշխարհում լոպպիստական կազմակերպութիւնները պարտաւոր են բաւարարել որոշակի օրէնսդրաիրաւական պայմանների։ Այնուամենայնիւ հայկական ամենատարբեր կազմակերպութիւնների գործունէութիւնը Եւրոպայում, որոշակիօրէն նպաստում է հայկական զոյգ պետականութիւնների շահերի պաշտպանութեանը։
Գէորգ Ղուկասեան
Քաղաքագիտութեան և միջազգային յարաբերութիւններու փորձագէտ
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու
Comments are closed.