«Հայի ոգի» երգչախմբի երեխաների երազանքը մէկն է՝ հարազատ տուն, Արցախ վերադառնալը

Horizon Weekly Newspaper

«Հայի ոգի» երգչախմբի ղեկավար Ալիոնա Հայրապետեանը ծնուել ու մեծացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նա աշխատել է 28 տարի նախ Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) «Սօսէ» մանկապարտէզում, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակոյթի տանը՝ որպէս փոխտնօրէն, ապա որպէս դասական վոգալի եւ դաշնամուրի ուսուցչուհի՝ դասաւանդել է Ստեփանակերտի Յակոբ Կիւրճեանի անուան արուեստի դպրոցում։ Այնուհետեւ Հադրութի շրջանի Տող գիւղի արուեստի դպրոցի ուղղորդմամբ դասաւանդել է Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ սահմանամերձ գիւղի դպրոցում։
Երգել է նաեւ Կոմիտասի անուան աքապելլա երգչախմբում, ապա՝ Արցախի «Վարարակն» պետական կամերային երգչախմբում, «Մռակաց» պետական կամերային երգչախմբում։

Նա կարօտով է յիշում Արցախում ապրած ամէն օրը։

2023 թուականին Արցախի հայաթափումից յետոյ Երեւանում հաստատուած Ալիոնա Հայրապետեանն իր մէջ ուժ է գտել ու որոշել՝ պէտք է շարունակի կրթել արցախցի երեխաներին։ Արցախից բռնագաղթելուց յետոյ նրա սաները պարբերաբար զանգահարել են, ուսուցչուհուն խնդրել մի ելք գտնել, որ նորից շարունակեն երգեցողութեան դասերը։

2023 թուականի Դեկտեմբերից Ալիոնա Հայրապետեանը դասաւանդում է ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան Գեղարուեստական դաստիարակութեան եւ մշակոյթի կեդրոնում, Ջիւանու անուան աշուղական դպրոցում։ Կեդրոնի տնօրէն Տիգրան Բալոյեանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի համոյթի գեղարուեսատական ղեկավար Թովմաս Պօղոսեանի աջակցութեամբ Ալիոնա Հայրապետեանն աշխատանքի է ընդունուել այս դպրոցում, եւ այժմ արդէն Երեւանում է շարունակում մանկավարժի առաքելութիւնը։

«Այստեղ երեխաները սովորում են աշուղական, հայրենասիրական, դասական, էսդրատային երգեր։ Մի քանի ամիս առաջ՝ 2024 թուականի Դեկտեմբերին, իմ դասարանը համերգ ունեցաւ։ Արցախի «Հորովել»-ով սկսեցինք մեր համերգը։ Երեխաները շատ լաւ ելոյթ ունեցան։ Համերգին հրաւիրուած էր նաեւ աշուղ Նազելին, որի ստեղծագործութիւններից կատարեցին իմ սաները», պատմում է Ալիոնա Հայրապետեանը։

Երբ Արցախում էին, Ալիոնա Հայրապետեանի սաները պարբերաբար համերգների էին մասնակցում, իսկ այժմ «Հայի ոգի» երգչախումբը միայն դպրոցում է դասարանական համերգներ ունենում։ Երեխաները մեծ դահլիճներում ելոյթ ունենալու համար ո՛չ համապատասխան տարազներ ու կօշիկներ ունեն, ո՛չ տեխնիկական միջոցներ, ո՛չ էլ կարող են դահլիճի համար վճարել։

«Երեխաները շատ են ուզում մեծ բեմերում երգել, բայց հնարաւորութիւն չունենք։ Եթէ մեզ աջակցողներ լինէին, որ այս հարցերը լուծէինք, հիանալի կը լինէր։ Խնդիրները, իսկապէս, շատ են։ Իմ սաների մի մասը նոյնիսկ երթուղային տրանսպորտի ուղեվարձն է դժուարութեամբ վճարում ու շաբաթական երկու անգամ դասերին մասնակցում։ Աշակերտներից մէկը հիմա Ռուսատանում՝ Օմսկ քաղաքում է ապրում, ոմանք էլ հիմա մարզերում են հաստատուել․ նրանց հետ առցանց պարապմունքներ եմ անցկացնում։ Անգամ այսչափ մեծ դժուարութիւններ տեսնելով՝ այդ երեխաներն այնքան ուժեղ են, այնքան ամուր են կառչած ազգային արժէքներին, մշակոյթին, հայ երգին․․․», ասում է Ալիոնա Հայրապետեանը։

Նա ընդգծում է՝ Արցախի մշակոյթը պահելն ու սերունդներին փոխանցելը սուրբ առաքելութիւն է, որը պէտք է պատուով կատարել։

«Երբ Երեւանում սկսեցինք պարապմունքները, շատ դժուար էր։ Ամէն անգամ, երբ երգերում «Արցախ» բառը պիտի ասէին, երեխաները յուզւում, լաց էին լինում, ես էլ իրենց հետ․․․․ բայց աստիճանաբար բոլորս ուժ գտանք։ Ես իմ սաներին ասացի՝ իմացէ՛ք, ինչ էլ լինի, ի վերջոյ վերադառնալու ենք Արցախ։ Երեխաները շատ են կարօտում իրենց հողն ու ջուրը», պատմում է Ալիոնա Հայրապետեանը։

Երբ արցախցի երեխաներին հարցրինք՝ ինչ երազանքներ ունեն, բոլորի երազանքը մէկն էր՝ հարազատ տուն, Արցախ վերադառնալը։ Զարմանալի է, երբ փոքր երեխային հարցնում ես՝ ի՞նչ երազանքներ ունես, եւ նա ասում է՝ երազում է, որ Հայաստանն ու Արցախը միանան։ Այս երեխաներին արհաւիրքները կոփել են ու ստիպել ժամանակից շուտ մեծանալ, հասունանալ, ունենալ այնպիսի նպատակներ ու երազանքներ, որոնք մեծահասակներն են ունենում․․․ Նրանց տեսնելով, նրանց կատարումները լսելով՝ եւս մէկ անգամ վերահաստատւում է այն փաստը, որ մենք ընկել ենք, բայց չե՛նք ծնկել։ Հե՛նց այսպիսի սերունդներն են հիւսում մեր պայծառ գալիքի յոյսերը եւ ստիպում հաւատով սպասել,
Թէ երբ կըը բացուի պայծառ առաւօտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Մանրամասները՝ տեսանիւթում
Յասմիկ Պալէեան

«Հայի ոգի» երգչախմբին աջակցելու համար կարելի է գրել երգչախմբի ղեկավար Ալիոնա Հայրապետեանի ֆէյսպուքեան էջին՝

https://www.facebook.com/profile.php?id=100004081027809&mibextid=wwXIfr&mibextid=wwXIfr

Ինստակրամի էջին՝

alyonahayrapetyan_

կամ զանգահարել
Viber, WhatsApp՝
+374 97 211919

Բանկային տուեալներ՝
քարտապան՝ Ալիոնա Հայրապետեան
AMERIABANK
քարտի համար՝ 5501040011641361
հաշուեհամար՝ 1570014825440400