Հայերը Պաքուում
- (0)

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ
Հայերը Պաքուում ունեցել են բազմադարեայ պատմութիւն եւ սերտօրէն կապուած են եղել քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքաշինական զարգացման հետ։ Ստորեւ ներկայացուած է պատմական աղբիւրների վրայ հիմնուած իմ վերլուծական յօդուածը՝ Պաքուում հայերի ներկայութեան, դերի եւ ճակատագրի մասին։
Դեռեւս 500 թ. Արցախի թագաւոր Վաչական Բարեպաշտը հրամայում է կառուցել Պաքուի առաջին հայկական եկեղեցին, որի մասին, ցաւօք, քիչ բան է յայտնի: 7-րդ դարի հայ աշխարհագրագէտ Անանիա Շիրակացին, ի թիւս Փայտակարան նահանգի 12 շրջաններին, յիշատակում է նաեւ Ալտի-Բագավանը, որը արեւելագէտ Քերովբէ Պատկանովը նոյնացնում է Պաքուի հետ: Արեւելագէտ-ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը, յղում անելով 14-րդ դարի պարսիկ պատմիչ Համտալլահ Ղազվինիին, խօսում է այստեղ հայկական եկեղեցու հնարաւոր գոյութեան մասին, իսկ 15-րդ դարի արաբ ճանապարհորդ Ռաշիդ ալ Պաքուվին գրում է, որ Պաքուի (Պաքույիա) բնակչութեան մեծ մասը քրիստոնեայ է: 1789 թ. սիւնեցիներ Մարկոս եւ Զոհրապ Թարումեանների, ինչպէս նաեւ շուշեցիներ Յովհաննէս եւ Կարապետ Թումանեանների ջանքերով Հին Թաղամասում հիմնւում է Սուրբ Աստուածածին եկեղեցին:
Ժամանակի ընթացքում Պաքուի հայերի թիւը աւելի է ստուարանում: 1851 թ. 7431 բնակիչ ունեցող Պաքուում հայերը կազմում են բնակչութեան 5,5%-ը, իսկ արդէն 1897 թ. մարդահամարի տուեալներով Պաքուի բնակչութեան ընդհանուր թիւը 111.904 է, որից հայ` 17%-ը: Հայերն ապրել են առանձին թաղամասերում ու քաղաքի մերձակայ բնակավայրերում, լայն մասնակցութիւն են ունեցել նաեւ քաղաքի կառավարչական պաշտօններում: Հայերն իրենց ներկայութեամբ նպաստում էին քաղաքի առաջընթացին բոլոր ոլորտներում` սկսած մշակոյթից եւ վերջացրած առեւտրով:
20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշէն (Արմենիքենդ) եւ Զաւակզալնի կոչուած թաղամասերը, ինչպէս նաեւ քաղաքի կեդրոնը։ 1970-ի տուեալներով՝ Պաքուի 1,27 միլիոն բնակչից աւելի քան 200 հազարը հայ էր։ 1980-ականների վերջին այստեղ բնակուել է շուրջ 300 հազար հայ։ 1990-ի Յունուարի 13-19-ին Պաքուում կազմակերպուած հայերի ջարդերից յետոյ դարաւոր հայ համայնքը այլեւս գոյութիւն չունի։ Հայերը հեռացել են քաղաքից՝ այնտեղ թողնելով իրենց ամբողջ ունեցուածքը։
Այս փաստերը, որոնք այսօր հանգամանօրէն թաքցւում են ատրպէյճանական իշխանութիւնների կողմից, վկայում են, որ Պաքուն մինչեւ իսկ 1990-ականները ատրպէյճանական չի եղել: Ուստի հարց է առաջանում, թէ ուր էին մահմետականները, երբ իրենց մայրաքաղաքը ծաղկեցնում էին հայերը:
Հայ ժողովրդի դէմ Թուրքիայի ծրագրած եւ իրականացրած ցեղասպանութիւնը իր շարունակութիւնն է ունենում Արեւելեան Հայաստանում եւ Անդրկովկասի հայաբնակ այլ վայրերում, որի իրագործման համար Թուրքիան արշաւանք է ձեռնարկում դէպի Անդրկովկաս: Սա հետապնդում էր մի քանի նպատակ , այն է` գերմանացիների հետ տիրանալ Պաքուի նաֆթին, դուրս մղել Ռուսաստանը Կովկասից, միանալ Անդրկովկասի, Հիւսիսային Կովկասի մահմետականներին եւ իրագործել փանթուրքիզմի քաղաքականութիւնը, որի մէջ էր մտնում նաեւ հայերի ոչնչացումը:
Պաքուի հայերը ծաւալել են տնտեսական, առեւտրական ու շինարարական լայն գործունէութիւն, աչքի են ընկել յատկապէս նաֆթարդիւնաբերութեան ասպարէզում։ Պաքուում առաջին արդիւնաբերական նաֆթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոեւին։
Վերլուծական յօդուածը ամբողջութեամբ կարդալ այստեղ։