«Հայաստան» Խմբակցութեան Անդամները Լուսարձակի Տակ Բերին Ներկայ Իշխանութեան Չյարգուած Խոստումները

11 Յունիսին, մինչ Ազգային ժողովին դիմաց «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը ցոյց կը կատարէր, իսկ աւելի ուշ ոստիկանները նռնակներ կը նետէր անոնց վրայ, Ազգային ժողովին մէջ, կառավարութեան հետ հարցում-պատասխանի օրակարգին ընթացքին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան անդամներուն մեծամասնութիւնը զանազան հարցումներով կամ տեսակէտներով դիմեց իշխանութեան՝ յատկապէս հարցնելով, որ ինչո՞ւ չեն յարգուած տրուած մեծ խոստումները կամ դրժուած է որդեգրուած ուղեգիծը։

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամեան դիմելով իշխանաւորներուն՝ ըսաւ, որ անոնք շատ վարպետօրէն կը փորձեն խուսափիլ այն հարցէն, զոր արձանագրուած է իրենց որդեգրած ուղերձին մէջ։

«Խօսքը շատ լուրջ հարցի մասին է, որից դուք չէք կարող խուսափել, իրականութիւնը շատ ճչացող է եւ ակնյայտ: Գոյութիւն ունի մի ծրագիր, որը դուք էք հաստատել եւ դուք ձեւաւորել էք մի կառավարութիւն, որը այդ ծրագրի հետ որեւէ կապ արդէն կորցրել է: Այս խզումը նոնսենս (անհեթեթութիւն) է, որը դուք պէտք է լուծէք: Այդ լուծման տարբերակ մենք ենք առաջարկել, ասում ենք, որ այս ձեւով, երբ ծրագիրն ու կառավարութիւնը իրար չեն համապատասխանում, դա պէտք է բերի նոր կառավարութեան ձեւաւորման` նոր ծրագրի ԱԺ բերելով: Այդ խզումները շատ լուրջ են ու պէտք է վերացուեն` կամ այս կառավարութիւնը փոխում է ծրագիրը, նոր ծրագիր է ընդունւում ԱԺ կողմից, դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մէկն է, կամ այդ կառավարութիւնը հրաժարական է տալիս: Այլ ձեւ գոյութիւն չունի», յայտարարեց Ռուստամեան:

Ան նշեց, որ ստեղծուած իրավիճակը որեւէ ուժի համար տանելի չէ, անհրաժեշտ է համախմբում, ինչ որ իրենք կ՛առաջարկեն: «Դուք մերժում էք դա: Ի՞նչ էք դուք ասում. ըստ էութեան, ասում էք` մենք մեծամասնութիւն ենք, մանդատ են տուել, ինչ ուզենք, այն էլ կ՛անենք, մենք մի բան ասել ենք, կարող ենք ուրիշ բան անել: Սա կոչւում է պարզապէս ստի փառաբանում: Դուք ստի ու կեղծիքի փառաբանմամբ էք զբաղուած ու դա դարձրել էք պետական քաղաքականութեան հիմք: Ձեզ հռչակել էք ժողովրդավարութեան բաստիոն (ամրոց): Առնուազն երկու նախագիծ է եղել, որ հազարաւոր մարդիկ ուզում էին այդ հարցը քննարկուի ԱԺում, բայց մերժեցիք: Բա ո՞ւր մնաց այն, որով իշխանութեան էք եկել` բոլորին սիրում էք, խոնարհւում էք բոլորի առաջ: Սուտ է ուրեմն այդ ամէն ինչը: Այլեւս չէ՞ք սիրում, սառե՞լ է ձեր սէրը, ի՞նչ է տեղի ունեցել: Դուք ինքներդ ձեր մէջ այդ վերլուծութիւնը կատարէք: Իսկ ի՞նչ է բացայայտւում, որ ամէն ինչից շատ, ամէն ինչի վեր սիրում էք դուք ձեր աթոռը: Սա է իրականութիւնը ու սա արձանագրուելու է, չէք կարողանալու խուսափել», ըսաւ Ռուստամեան:

Ան նաեւ խօսեցաւ կառավարութեան ծրագիրին մէջ գտնուող ԵԱՀԿի Մինսքի խումբի գործունէութեան մասին՝ ըսելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի յստակեցումը` յայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թւում` ինքնորոշման իրաւունքի հիման վրայ: Շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը, եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ: Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարութեան առաջնահերթութիւնների շարքում: Դուք պատրաստւում էք մի ամսից խաղաղութեան պայմանագիր ստորագրել, իսկ այս նպատակադրմանը Ադրբեջանը կտրուկ դէմ է: Ակնյայտ է` Ադրբեջանը չի ստորագրի որեւէ փաստաթղթի տակ, եթէ կառավարութիւնը փորձի տէր կանգնել իր այս ծրագրային յանձնառութեանը: Հետեւաբար կառավարութիւնը կամ պէտք է հրաժարուի այս ծրագրից, կամ այնպիսի պայմանագրի ստորագրումից, որը կը հակասի այս յանձնառութեանը: Ո՞ր տարբերակով էք շարժւում, որ պատրաստակամութիւն էք յայտնել 1 ամսից փաստաթուղթ ստորագրել»։

Արձագանգելով Փաշինեանին` Ռուստամեան անոր կոչ ուղղեց վերյիշել ՄԱԿին ուղղուած իր տեսաուղերձը պատերազմէն 2 օր առաջ: «Է՞ն ժամանակ էք ճիշդ ասել, թէ՞ հիմա»։

«Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեան իր կարգին յայտնեց, որ իշխանաւորները իրենց գործողութիւններով կ՛օրինազրկեն Հայաստանը եւ հայութիւնը։ «3.5 տարի է անցել պատերազմից, 3.5 տարում ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը մշակուած չէ եւ գործողութիւններ այդ ուղղութեամբ չէք ձեռնարկում։ Ձեր ոստիկանութիւնը երկրի ղեկավարութեանը բանի տեղ չի դնում: Ոստիկանապետը իր տեղակալներով, որոնք ըստ օրէնքի` հասարակական կարգ պաշտպանելու ժամանակ պէտք է ունենան օրինակելի համազգեստ, իրենք են խախտում օրէնքը` առանց գլխարկի, սիգարետներով, եւ այլն: Ձեր փրկարար ծառայութեան պետը, որին գեներալի կոչում էք տուել, փոխանակ զբաղուի աղէտի գօտով` Լոռի մարզով, նոյն ձեւի, առանց գլխարկի, ժողովրդի մէջ պտտւում են: Գնում էք սահման, ձեզ դիմաւորում են գնդապետներ, փոխգնդապետներ, կանգնած շարքում պատիւ են տալիս, կողքին կանգնած է գեներալ առանց գլխարկի, դուք ոչ մի բան չէք ասում: Պետութեան պատիւը հէնց նրանք են գցում», ըսաւ Օհանեան:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեան ցոյց տուաւ տեսանիւթ մը, որուն մէջ Փաշինեանի շարասիւնը կ՛անցնի, իսկ քաղաքացիները «սիրում» են Փաշինեանը` ազդանշաններով: Մանուկեան տեղեկացուց, որ Նիկոլ Փաշինեանի «սիրուած» քաղաքացիներէն առնուազն 43ը բռնութիւններով բերման կ՛ենթարկուին, վիրաւորուած է «սիրելի» լրագրող մըն ալ:

Խօսելով Փաշինեանի պսպղուն քարտէսին մասին, որուն միջոցով ան կ՛ըսէր, որ 2021ին գացած է ընտրութիւններու, Մանուկեան յիշեցուց, թէ 2020ին Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու քարտէսով անձնագիր տպուած էր՝ «հպարտ» քաղաքացիներու անձնագիր:

Մանուկեան նաեւ անդրադարձաւ Փաշինեանի մեղաւորներ կարգելուն, ինչպէս նաեւ ոստիկանութիւնը իր շահերուն ծառայեցնելուն:

«Դէմս կանգնած, չեմ հաւատում: Նիկոլ Փաշինեանը, որ 2018ին հոգին փառաւորւում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա քրիստոնէաբար դարձել է համակրող, հանդուրժող: Մի հատ էլ շնորհակալութիւն է յայտնում: Ի՞նչի համար էք շնորհակալութիւն յայտնում, ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ: Դրանո՞վ ու պարգեւավճարներո՞վ էք այդ մարդկանց պահում», յայտնեց խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեան ։

Ան դարձեալ նշեց, որ կառավարութիւնը չէ կատարած իր ծրագիրը, զայն պիտի համապատասխանեցնե՞ն, հակառակ պարագային ոչ օրինական, ոչ սահմանադրական կառավարութիւն է այս:

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեան անդրադարձաւ շէնքէն դուրս ոստիկաններուն կողմէ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումին մասնակցողներուն նկատմամբ գործադրուած բռնութիւններուն եւ անընդունելի արարքներուն. «Հէնց հիմա զանգէք ներքին գործերի նախարարին ու ասէք` դադարեցնի ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ, Երեւանում որեւէ կաթիլ արիւն չպէտք է թափուի», ըսաւ ան՝ դիմելով Փաշինեանին եւ աւելցուց. «Դուք կորցրել էք ձեր լեգիտիմութիւնը (օրինականութիւնը), այլեւս ձեր միակ յենարանը ոստիկանական ուժն է, բերետը, ժողովրդի վրայ իրականացուող ուժը: Զանգէք ՆԳ նախարարին ու դադարեցրէք այս բիրտ ուժը, որ իրականացւում է  ժողովրդի նկատմամբ: Ձեր ամբողջ  կեանքը «մարտի 1»ի մասին էք խօսել, նո՞յնն էք ուզում իրականացնել: Դադարեցրէք: Բագրատ սրբազանն ասում է` բացէք պատնէշը, ես առաջ եմ գալիս, դուք հազարաւոր զօրքով այնտեղ կանգենք, ինքը մենակ առաջ է գալիս, գնացէք, խօսէք, այն տրամաբանութիւնները, որոնք այսօր կան Հայաստանում, պէտք է հանգուցալուծուի խաղաղ ճանապարհով»:

Նիկոլ Փաշինեան պատասխանելով՝ ըսաւ. «Ես կարճ ժամանակով դուրս եկայ նիստերի դահլիճից, զանգեցի ներքին գործերի նախարարին, ԱԱԾ տնօրէնին, զեկուցեցին իրադրութիւնը, ըստ էութեան, պարոն Սիմոնեանը ներկայացրեց ամբիոնից` ինչ է տեղի ունեցել: Աւելի մանրամասն կը ծանօթանանք իրադրութեանը:  Չի կարելի ասել` թողէք, մենք գնանք, Ազգային ժողովը շրջափակենք»:

Գրիգորեան նշեց, որ իր պաշտօնակիցը Փաշինեանին ցոյց տուաւ լուսանկարները, թէ ինչպէ՛ս ոստիկանական գործողութիւնները ծանրօրէն վնասած են մարդոց: «Հիմա դուք ուզում էք ասել, որ ձեզ համար ընդունելի՞ է այս ելքը, գործողութիւնների նման հետեւանքները ձեզ համար ընդունելի՞ էին: 2008 թուականին փառաւորւում էիք, երբ ցուցարարը ոստիկանին խփում էր, հիմա փառաւորւում էք, որ ոստիկանն է ցուցարարներին ծեծում, բռնութեան ենթարկում: Նորմա՞լ (բնական) է ձեզ համար: Բաւ չէ՞ այն արիւնը, որ թափուել է  սահմանների երկայնքով: Նորից եմ յորդորում` հիմա զանգէք ու ասէք, որ դադարեցնեն բիրտ ուժի կիրառում: Մէկ փաստի արձանագրում` դուք այլեւս լեգիտիմութիւն չունէք: Բոլորիս անվտանգութիւնից զատ միայն ձեր անվտանգութիւնն ենք նախընտրում, ամէնից շատ ձեր աթոռն էք սիրում», ըսաւ Գրիգորեան։

«Նորութիւն էր ինձ համար, որ ոստիկանութիւնը 2018ին ուժ է կիրառել ձեր նկատմամբ: Ինձ համար փաստ էր, որ ինչպէս ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանի հոգին փառաւորում էր, երբ ոստիկանների վահանները խլում էին, հիմա վարչապետ Փաշինեանի հոգին փառաւորւում է, երբ այդ վահանները կոտրւում են «հպարտ» քաղաքցիների մէջքներին այս պահին մեզանից մի քանի 100 մետր տեղի ունեցող իրադարձութիւնները վկայ», իր կարգին յայտնեց պատգամաւոր Ագնեսա Խամոյեան։

«Ո՞վ եւ ե՞րբ ներում պիտի հայցէ Ամենայն Հայոց վեհափառից Սարդարապատի յուշահամալիրի տգեղ այլանդակութեան համար: Ո՞վ ու ե՞րբ է ներողութիւն խնդրելու Հաթերքի գիւղապետի 3 անչափահաս երեխաներից, երբ իրենց հօրը բռնի ուժով բերման են ենթարկում ու 3 անչափահաս փողոցում մնում էին մեքենայի մէջ: Ո՞վ ու ե՞րբ է ներողութիւն խնդրելու Առաքելական եկեղեցու բազմաթիւ հետեւորդներից, որոնք անձնական վիրաւորանք են ընդունում ձեր վերաբերմունքը Սարդարապատի դէպքում, ձեր վերաբերմունքը եկեղեցու հանդէպ: Ո՞վ ու ե՞րբ է ներողութիւն խնդրելու փողոցում հաւաքուած մարդկանցից, որոնք ձեր մեղքով` անդամալոյծ են դարձնում: Ո՞վ ու ե՞րբ է ներողութիւն խնդրելու փողոցում հաւաքուած մարդկանցից, որոնք ձեր մեղքով` անդամալոյծ են դարձնում:  Ո՞վ ու ե՞րբ է ներողութիւն խնդրելու մեր բոլոր քաղաքացիներից այն հոգեկան ապրումների համար, որ ունեն այս պահին», հարցադրեց պատգամաւոր Էլինար Վարդանեան։

Պատգամաւոր Քրիստինէ Վարդանեան ըսաւ հետեւեալը. «Մարտի 1ով դիւիդենտ (շահաբաժին) հաւաքած քաղաքական ուժը հէնց հիմա ուժ է կիրառում: 2018ին չէ, որ խաբել էք մեզ. 2000ականներին էիք գրել, որ Արցախն Ադրբեջան է: Այս տեմպերով (խառնուածքով), որ գնայ, մի տարի յետոյ գալու էք, ասէք` Հայաստանն ամբողջութեամբ պիտի լինի Ադրբեջանի տիրապետութեան տակ: Ինքնիշխանութիւնից էլ, որ խօսում էք, սա ինքինշխանութիւն չէ, թուրքիշխանութի՛ւն է»:

«Հայաստան» խմբակցութեան դաշնակցական պատգամաւոր Մհեր Սահակեան Փաշինեանին հարցուց հետեւեալը. «Բազմիցս յայտարարած էք, որ յանուն ձեր պատկերացրած խաղաղութեան պատրաստ էք զիջումների, բայց չգիտէք` այդ զիջումների ծաւալը: Եւ իրապէս այս ընթացքում ապացուցեցիք, որ անդրդուելի էք ձեր այդ որոշման մէջ: Արդեօք այժմ պատկերացնո՞ւմ էք այն գինը, որ Հայաստանն ու հայ մարդը պէտք է վճարեն` յանուն այդ խաղաղութեան, որը ձեր իսկ արձանագրմամբ` երաշխաւորուած չէ եւ դուք էլ կասկածի տակ էք դնում դրա իսկութիւնը»:

Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւետիսեան դիտել տուաւ, որ անսահման ամբոխավարութեամբ Փաշինեան եկաւ իշխանութեան, խոստացաւ բոլորին ամէն ինչ: «Օրինակ` սոցիալական (ընկերային) քաղաքականութեան փոխարէն ասում էիք` երջանկութիւն էք բերելու: Քանի՞ ընտանիքի էք բերել երջանկութիւն, քանիսի՞ն դժբախտութիւն», հարցուց Աւետիսեան։

Ան ընդգծեց, որ ժողովրդավարութեան փոխարէն ունինք անկանոն ոստիկանապետութիւն: Յիշեցնելով ժողովրդագրութեան մասին Փաշինեանի խոստումներուն մասին` Աւետիսեան աւելցուց, որ ունեցած ենք մահեր եւ արտագաղթ:

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աղուան Վարդանեան ընթերցեց հետեւեալ գրութիւնը. «Խօսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ, այնպէս չէ, որ խառնուել ես իրար, մտածում ես` բա հիմա ինչ անես: Արածիցդ հետեւութիւններ արա՛: Մտածո՞ւմ ես, որ սա ինչ-որ մարդկանց արած է ու եթէ դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, այլ ոչ թէ` 200 հազար, ուրեմն ամէն ինչ դու ճիշդ ես անում: Գիտես, երեւի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից գնում են միտինգ, թէ` ոչ, լաւ են ապրում, թէ` վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս: Նոյնիսկ կողքիններդ յոգնել են: Յոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիւից: Կազինօ գնացողները գիտեն, որ եթէ ուզում են կրած դուրս գան, պէտք է կարողանան կանգ առնել, խաղամոլներն ու խելագարները չեն կարողանում կանգ առնել: Իմացի՛ր ինչով էլ աւարտուի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»:

Աւարտելով՝ Վարդանեան ըսաւ, որ այս գրութիւնը Ալեն Սիմոնեանը գրած է, ինք քանի մը բան փոխած է. «Այս դու, այս Ալենը, պատասխանի՛ր», նշեց Վարդանեան։

Comments are closed.