Հայաստանում եւ Արցախում դժուար էին հասկանում Արթուր Մկրտչեանի մտածելակերպն ու գործելակերպը, քանի որ այն զուտ հայկական էր

Horizon Weekly Newspaper

33 տարի առաջ` Ապրիլի 14-ին, ընդհատուեց դաշնակցական, Արցախի քաղաքական եւ պետական գործիչ, ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագէտ Արթուր Մկրտչեանի կյանքը:

1992 թուականի Յունուարի 7-8-ին կայացած ԼՂՀ Գերագոյն խորհրդի անդրանիկ նիստում նախագահ ընտրուեց 32-ամեայ Արթուր Մկրտչեանը, ով հասցրեց երկրորդ հայկական պետութիւնը ղեկավարել է ընդամէնը 97 օր: Նախագահ ընտրուելուց երեք ամիս անց Մկրտչեանի դին գտնում են իր բնակարանում:

Թէեւ Արթուր Մկրտչեանը հասցրեց ղեկավարել ընդամէնը 3 ամիս, սակայն նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագոյն պատմութեան մէջ։

ԼՂՀ Գերագոյն խորհրդի, ԱՀ Ազգային Ժողովի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամաւոր Աշոտ Սարգսեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է, որ Արթուր Մկրտչեանը ընդգծուած ազգային մտածելակերպ ունեցող ղեկավար է եղել:

«Արցախի բոլոր ղեկավարները տարբեր բնաւորութեան տէր մարդիկ էին, սակայն Արթուր Մկրտչեանն ընդգծուած ազգային մտածելակերպ ունէր, որին օգնել են նրա մասնագիտական գիտելիքները: Նա ծանօթ էր ազգի կենսակերպին եւ մտածելակերպին, որի պատճառով էլ նրա համար եւ հե՛շտ էր եւ դժուար: Հեշտ էր, որովհետեւ շատ լաւ տիրապետում էր իրավիճակին, դժուար՝ որովհետեւ իրեն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում դժուար էին հասկանում իր մտածելակերպն ու գործելակերպը, քանի որ այն զուտ հայկական գործելաոճ էր եւ չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին», ասել է նա:

Աշոտ Սարգսեանը կարծում է՝ բոլորն էլ պէտք է իմանան, որ թէեւ Ա. Մկրտչեանն ընդամէնը 97 օր է ղեկավարել Գերագոյն խորհուրդը, սակայն կարողացել է ցոյց տալ, որ կարելի է լինել պետութեան ղեկավար եւ հոգ տանել պետութեան մասին:

«Ցաւօք սրտի մենք ազգային այնպիսի բնաւորութիւն ունենք, որ ասում ենք, թէ պետութիւնը սկսւում է ընտանիքից: Սա է պատճառը որ նրան յաջորդած բոլոր ղեկավարները աւելի շատ իրենց ընտանիքների ու բարեկամների մասին են մտածել, քան թէ պետութեան: Ա. Մկրտչեանը ժամանակին կոտրել էր այդ կարծրատիպը եւ սեփական օրինակով ցոյց տուել, որ միայն ու միայն պէտք է մտածել հայրենիքի մասին», իր խօսքի աւարտին նշել է Աշոտ Սարգսեանը: