Հայաստանում եւ Արցախում աւելի քան 2000 երեխայ անվճար հետեւում են «JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի մարզումների

«JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի հայկական ֆետերացիան Հայաստանում պաշտօնապէս գրանցուել է 2017 թուականին։ Հայաստանում գտնուող այս ֆետերացիան միջազգային ֆետերացիայի անդամ է։ Այս ֆետերացիայի խմբակների աշակերտները պարապմունքների են յաճախում անվճար։  «JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի  հայկական ֆետերացիայի հիմնադիր-նախագահ Սերգէյ Խաչատրեանի ջանքերով հանգանակութիւններ են կազմակերպւում, հովանաւորների աջակցութեան շնորհիւ մարզիչները վարձատրւում են, իսկ երեխաները վարձ չեն վճարում։

«JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի հայկական ֆետերացիան Հայաստանում ունի 25 դպրոց, բայց այժմ գործում է 13-ը, քանի որ ցրտի եւ ֆինանսական խնդիրների պատճառով հիմա ոչ բոլոր դպրոցներում է հնարաւոր պարապմունքեր անցկացնել։ Հայաստանում հիմա 25 մարզիչ է աշխատում։

«Արցախում՝ Մարտակերտի շրջանում, 12 դպրոց ունենք, իսկ Ստեփանակերտում՝ 9 (ընդհանուր՝ 21)։ Արցախում ունենք 750 աշակերտ, 9 մարզիչ։ Հայաստանի ու Արցախի աշակերտների թիւն ընդհանուր անցնում է երկու հազարը։ Առայժմ Հայաստանի հինգ մարզում դպրոցներ ունենք, բայց պատրաստւում ենք յառաջիկայ մէկ տարուայ ընթացքում բոլոր մարզերում ունենալ խմբակներ, որտեղ երեխաներն անվճար մարզուելու հնարաւորութիւն կ’ունենան»,-  «Հորիզոն»-ի հետ զրոյցում պատմում է  «JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի  հայկական ֆետերացիայի հիմնադիր-նախագահ Սերգէյ Խաչատրեանը։

Մարզումները սովորաբար անցկացւում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում։ Երեխաները դասերից յետոյ են յաճախում մարզումներին։

«JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի հայկական ֆետերացիայի կենսունակութեան համար բազմաթիւ կազմակերպութիւններ ու անհատներ իրենց ներդրումն են ունեցել։

«Մեր գլխաւոր հովանաւորն են ամերիկահայ գործարարներ Էլվիս Մատաթեանը, «Արաբօ»ի Սաքօն, «Վետերանս օֆ Արմենիա» կազմակերպութիւնը (այս կազմակերպութիւնն Արցախի թեւն է հովանաւորում), «Գրիգոր Գէորգեան» հիմնադրամը, Գէորգի Պայրամեանը…»,- նշում է Սերգէյ Խաչատրեանը։

«JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի հայկական ֆետերացիայի մարզումներին կարող են յաճախել բոլոր ցանկացողները, այդ թուում՝ հաշմանդամութիւն ունեցող անձինք (նաեւ տեսողութեան խնդիրներ եւ Օթիզմ ունեցողները)։  Տարիքային սահմանափակումներ չկան. մեծահասակներն էլ կարող են մարզուել եւ ինքնապաշտպանական հնարքներ սովորել։ Մարզիչները իւրաքանչիւր մարզուողի նկատմամբ անհատական մօտեցում ունեն։

«Մեծահասակները ինքնապաշտպանական հնարքներ են սովորում, իսկ փոքրիկները ցանկութեան դէպքում կարող են պրոֆեսիոնալ սբորթի աշխարհ մուտք գործել»,- մանրամասնում է Սերգէյ Խաչատրեանը։

Նա կարծում է՝ հարկաւոր է մշակել համապատասխան կրթական ծրագիր եւ դպրոցներում երեխաներին ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում ուսուցանել ինքնապաշտպանուելու հմտութիւններ եւ որեւէ մարտարուեստի տիրապետել, որի շնորհիւ տղաները բանակ կը զօրակոչուեն արդէն որեւէ մարտարուեստի տիրապետելով։

Անդրադառնալով հաշմանդամութիւն ունեցող երեխաներին՝ Սերգէյ Խաչատրեանը պատմում է՝  2017 թուականին Ֆետերացիան ԱՄՆ-ում մասնակցեց մշակութային եւ սբորթային միջոցառման, որտեղ փայլուն ելոյթ ունեցաւ նաեւ Երեւանի 14 յատուկ դպրոցի տեսողութեան խնդիրներ ունեցող չորս սան։ 2018 թուականից Ֆետերացիան համագործակցում է «Օթիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հետ։ 2019 թուականին կենտրոնի չորս սան մասնակցել է ֆետերացիայի ատեստաւորման քննութիւններին` արժանանալով «Սպիտակ գօտի 9-րդ քիու» որակաւորմանը։

Աւելի վաղ՝ 2018 թուականին, հաշմանդամութիւն ունեցող երեխաները մեկնել էին Վրաստան՝ յատուկ սեմինար-պարապմունքների մասնակցելու։

«Երեխաները միմիանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերում։ Բացի այդ՝ նկատելի է, որ հաշմանդամութիւն ունեցող երեխաներն արդէն աւելի ինքնավստահ են դարձել»,- ասում է Սերգէյ Խատչատրեանը։

Հիմա Սերգէյ Խաչատրեանը ԱՄՆ-ում  է։ Նա տարբեր միջոցառումներ է նախատեսում անցկացնել, որոնց նպատակը ոչ միայն Հայաստանի ու Արցախի դպրոցների համար հանգանակութիւն կազմակերպելն է, այլեւ ԱՄՆ-ում գտնուող հայ համայնքի համար եւս հնարաւորութիւն ընձեռել պարապմունքների յաճախելու։ ԱՄՆ-ում արդէն մէկ խմբակ է բացուել։ Այս ընթացքում ջանքեր են գործադրւում ֆինանսական միջոցներ հայթայթելու, որպէսզի գումարն ուղղուի Արցախում եւ Հայաստանում  գործող մարզական խմբակների մարզիչների համար աշխատավարձ յատկացնելուն։

Ըստ այդմ՝ Մարտի 21-ին  տեղի կ’ունենայ քոնֆերանս, որի ընթացքում կը քննարկուեն նախանշուած բլաններն ու անելիքները, իսկ Ապրիլի 21-ին ԱՄՆ Գալիֆորնիա նահանգի Կլենտէլ քաղաքում  տեղի կ’ունենայ բարեգործական համերգ՝ Լոս Անճըլըսում ՀՀ գլխաւոր  հիւպատոսարանի  հովանաւորութեամբ (117. S. Louise st., Glendale, Ca 91205): Միջոցառման տոմսերի վաճառքից գոյացած հասոյթը կը փոխանցուի Արցախում ու Հայաստանում գործող խմբակների մարզիչներին աշխատավարձ տրամադրելու ֆոնտին, որպէսզի երեխաներն անվճար մարզուելու հնարաւորութիւն ունենան։

Սերգէյ Խաչատրեանը լիայոյս է, որ յառաջիկայում հնարաւոր կը լինի հասնել նրան, որ Հայաստանում, Արցախում եւ ԱՄՆ-ում 10-հազարական երեխայ հնարաւորութիւն կ’ունենայ անվճար մարզումների մասնակցելու։

Այժմ Սերգէյ Խաչատրեանն ասում է՝  ԱՄՆ-ում առաջնահերթ պայքարում են թմրամիջոցների դէմ։ Մարտարուեստների յաճախող երեխաներին  ուսուցանում են ոչ մի պարագայում չտարուել թմրամիջոցներով եւ պայքարել վատ սովորութիւնների դէմ։ Իսկ Ապրիլին ԱՄՆ-ում մարզական-մշակութային միջոցառում է կազմակերպուելու, որի ընթացքում նաեւ հանգանակութիւն է կազմակերպուելու։ Հասոյթը փոխանցուելու է Հայաստանում ու Արցախում գործող մարզական խմբակներին, հնարաւորութեան դէպքում սեղմ ժամկէտներում նոր խմբակներ են բացուելու։

Սերգէյ Խաչատրեանն ասում  է՝ ֆետերացիայում մարզուողներին սովորեցնում են ոչ միայն ֆիզիքապէս, այլեւ հոգեպէս ուժեղ լինել, քանի որ միայն հոգու եւ մարմնի ուժի համատեղութեամբ կարելի է յաղթել։

Ֆետերացիայում մի օրէնք կայ. շաբաթական մէկ անգամ մարզիչը զրոյցներ է ունենում իր սաների հետ, որի ընթացքում խօսում են ներքին եւ արտաքին պատերազմի մասին։ Մարզիչը բացատրում է՝ եթէ մարդը կարողանայ «ներքին», այսինքն՝ իր մէջ եղած պատերազմում յաղթել, ապա արտաքին աշխարհում էլ կը կարողանայ յաղթանակ տանել։ Այսինքն՝ «ներքին» պատերազմի ընթացքում մարդն, ինքն իր մէջ իր եսն ուժեղացնելով, պիտի կարողանայ յաղթահարել վատ հակումներն ու սովորութիւնները։

Այսօրուայ արդիւնքին հասնելու ճանապարհը հեշտ չի եղել։ Հիմա էլ հեշտ չէ։ Բայց աշխատանքի տուած պտուղները միշտ ոգեւորում են Սերգէյ Խաչատրեանին եւ մարզիչներին։

Հիմա Սերգէյ Խաչատրեանը յոյս ունի աքթիւ աշխատանքների շնորհիւ հասնել նրան, որ Հայաստանից ու Արցախից լաւ ցուցանիշներ ունեցող երեխաները տարին մէկ անգամ պարտադիր մասնակցեն Լաս Վեկասում կայանալիք միջազգային մրցաշարերին։

«JKS Արմենիա» ճաբոնական շոթոքան քարաթէի հայկական ֆետերացիայի մարզական խմբերի սաները բազմաթիւ մրցաշարերի են մասնակցել եւ յաջողութիւններ գրանցել։

«2019 թուականին քորոնավիրուսով պայմանաւորուած սահմանափակումների պատճառով մարզումները նախկին աքթիւութեամբ չէին անցկացւում, բայց, այդուամենայնիւ, մեր մարզիկները զարմանալի ցուցանիշներ գրանցեցին 2021 թուականին Մոսկուայում կայացած միջազգային մրցաշարում։ Հազարից աւելի մարզիկ էր մասնակցում մրցաշարին։ Հայ մարզիկները հայրենիք վերադարձան 1 ոսկէ, 6 արծաթէ, 3 պրոնզէ մետալով (ընդհանուր՝ 10 մետալ)։ Պետութիւնը, ցաւօք, այս երեխաներին  չի պարգեւատրել, թէեւ այլ մարզաձեւերի պարագայում այսպիսի նուաճումներով վերադարձող մարզիկներին պարգեւատրում է»,- ասում է Սերգէյ Խաչատրեանը»:

Նա անդրադառնում է այն խնդիրներն, որոնք առկայ են հիմա։

«Արցախում եւ մարզերում գիտակցելով, որ մենք շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն ենք, դպրոցներում պարապմունքներ անցկացնելու համար վարձավճար չեն պահանջում, սակայն Երեւանի դպրոցներում այդպէս չէ. վարձակալութեան գումար են ուզում»,- ասում է Սերգէյ Խաչատրեանը։

Խօսելով Արցախի մասին՝ Սերգէյ Խաչատրեանն ասում է՝ Ստեփանակերտի դպրոցները տաք են, ի հարկէ, երբ կազամատակարարում կայ, բայց Մարտակերտի դպրոցներում ձմրանը ցուրտ է լինում։ Այնուամենայնիւ, երեխաները չեն զլանում կամ դադարում պարապմունքների յաճախել։

«Մարտարուեստը շատ կարեւոր դերակատարում ունի մեր երեխաների ֆիզիքական ու հոգեբանական ձեւաւորման հարցում։ Մեր մարզիչներից որեւէ մէկը վատ սովորութիւն չունի։ Մարզիչներից որեւէ մէկը չի ծխում։ Ես վստահ եմ՝ մարզիչը պէտք է օրինակ լինի իր սաների համար»,- ասում է Սերգէյ Խաչատրեանը՝ յոյս ունենալով, որ յառաջիկայ ամիսներին հնարաւոր կը լինի ԱՄՆ-ում եւ ՀՀ մարզերում խմբակներն աւելացնել եւ աւելի շատ երեխաներ հնարաւորութիւն կ’ունենան անվճար մարզուելու։

Յասմիկ Բալէյեան

Comments are closed.