Հայաստանի առաջնորդն ուզում է սեփական մեղքը դնել ուրիշի գրպանը. արցախահայութիւնը չի ցեղասպանուելու. Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեան

Արցախի Հանրապետութեան Սուրբ Յակոբավանքի վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանի խօսքով՝ եթէ այսօր Արցախը հումանիտար ճգնաժամի մէջ է, ապա դա չի նշանակում, որ եկեղեցին չպէտք է վերանորոգուի. մէկը միւսի հետ կապ չունի։

«Մենք եկեղեցին վերանորոգում ենք՝ մեր հաւատն ենք վերանորոգում։ Վերանորոգում ենք այն բացթողումները, որ երկար տարիներ՝ խորհրդային տարիներին, դրանից յետոյ 30 տարի չենք եկել այն գիտակցութեան, որ Աստծոյ տունը պէտք է վերանորոգելով պահենք մեր տունը։ 5-րդ դարում, Վաչական Բարեպաշտ թագաւորի օրօք կառուցուել է 365 եկեղեցի՝ տարուայ ամէն օրուայ համար։ Մի՞թէ այն ժամանակ հացի խնդիր չի եղել, այսինքն՝ մէկը միւսի հետ կապ չունի։

Եւ այսօր էլ, եթէ մենք հումանիտար աղէտի մէջ ենք, դա չի նշանակում, որ մենք չպէտք է աղօթենք, չպէտք է հողագործութեամբ զբաղուենք, եկեղեցիներ չվերանորոգենք եւ այլն։ Նստենք-սպասենք, թէ ինչպէ՞ս պէտք է թուրքը մեզ հալածի, կոտորի, ինչպէս որ Հայաստանից ու Հայաստանից դուրս հայ կոչուածները սպասում են ցեղասպանութեան։ Տեսնեն, թէ ինչպէս ենք նորից ցեղասպանւում 21-րդ դարում, որը տեղի կ’ունենայ 2023 թուականին», 168.am-ի հետ զրոյցում ասաց Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծուած իրավիճակին եւ այդ իրավիճակում Յակոբավանքի վերանորոգմանը։

Տէր Յովհաննէսի գնահատմամբ՝ նման մարդիկ չեն հասկանում, որ աղէտը գնալու է նաեւ իրենց ու իրենց երեխաների դուռը։ Հետեւաբար, եթէ իրենք հայ են կոչւում, ոչ թէ ազգանունով, այլ գեներով, ապա պէտք է բոլորը համախմբուեն եւ ոտքի կանգնեն։

«Հակառակ դէպքում մեր հայրերը, պապերը, սրբերը, մեր նախնիները վերեւից կը գան ու կ’ասեն՝ ինչո՞ւ այս ամէնն արեցինք, ինչո՞ւ արիւն թափեցինք։ Մեր զինուորները, նահատակները արիւն են թափել: Արժեզրկել են հայի անունը, պատիւըյարգանքը։ Հայրենասիրութիւն բառ չկայ, ոտնակոխ են արել հայ զինուորի պատիւը, եւ իրենք խրախճանքների մէջ են եւ սպասում են՝ բացառութեամբ մի քանի հոգու, որ տեսնեն, թէ ինչպէս է ցեղասպանւում արցախահայութիւնը։

Սակայն արցախահայութիւնը չի ցեղասպանուելու, որովհետեւ ունեն Աստուած։ Մենք հայ քրիստոնեայ ենք, եւ դարեր, հազարամեակներ շարունակ հայ ժողովուրդն ապրել ու արարել է Արցախում, հետեւաբար՝ այն լինելու է հայ ժողովրդինը, արցախցիներինը, այն հայերինը, որոնք հայ քրիստոնեայ են, ոչ թէ ազգանունով հայ», յաւելեց հոգեւորականը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չպէտք է յոյսը որեւէ այլ երկրի վրայ դնել, դրա փոխարէն՝ պէտք է միասնական լինի հայ ազգը։

«Հայաստանի առաջնորդն ամէն կերպ ուզում է սեփական մեղքը դնել ուրիշի գրպանը եւ ուզում է ասել, որ՝ Ամերիկան կը գայ իմ տունը, երեխաներին ու կնոջը տիրութիւն կ’անի, ես էլ կ’ուտեմ ու քէֆ կ’անեմ, այդպէս չէ։ Աստուած երբ ստեղծեց մարդուն, տուեց ընտանիք եւ ասաց, որ՝ տէր կանգնիր քո ընտանիքին։ Ընտանիքը միայն կինն ու երեխան չեն, հայրենիքն էլ է ընտանիք, մեծ ընտանիք է, պէտք է տէր կանգնենք մեր հայրենիքին, սա բոլորիս ընտանիքն է։

Ասել եմ՝ կը գայ ժամանակ, այս բոլոր խնդիրները կը լուծուեն, եւ այն հայերը, որոնք այսպէս լուռ են մնացել Արցախում տեղի ունեցող իրավիճակի վերաբերեալ՝ պատմաբան, հնագէտ ու այլ անձինք, եթէ ապրեմ, ապա նրանց չեմ թողնելու ոտք դնեն Արցախ աշխարհ։ Անարժաններն Արցախ չեն գալու, նրանք Աստծոյ կողմից են պատժուելու։ Այսօր Արցախն ունի 120 հազար հերոս», եզրափակեց Տէր Յովհաննէսը։

Comments are closed.