Համավարակի կանխարգելման «կառավարումն» իրականացւում է ժողովրդավարութեան կոպիտ ոտնահարմամբ. ՀՅԴ ԳՄ-ի յայտարարութիւնը
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւն հրապարակած է, զորս կը ներկայացնենք ստորև.
«Համավարակի դէմ պայքարի հիմնաւորմամբ ՀՀ կառավարութիւնը հրատապ ռեժիմով Ազգային ժողով էր ներկայացրել «Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցութեան մասին» օրէնքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:
Օրէնսդրական փոփոխութիւնները ենթադրում է այնպիսի տոտալ վերահսկողութեան սահմանում, որը խաթարում է անձնական, մասնաւոր և ընտանեկան կեանքի սահմանադրական անձեռնմխելիութիւնը։ Պանդեմիայի դէմ պայքարի արդիւնաւէտութեան, սահմանադրական հիմնարար իրաւունքների խաթարման և անվտանգութեան տեսանկիւնից խնդրահարոյց այս նախաձեռնութիւնը արդարացիօրէն ընդվզման և դժգոհութիւնների տեղիք տուեց։ Խորհրդարանական քուէարկութեամբ նախագծի մերժումից յետոյ էլ, օրուայ իշխանութիւնը ոչ միայն չհրաժարուեց իր նախաձեռնութիւնից, այլև, արհամարական վերաբերմունք դրսևորելով խորհրդարանական ընդդիմութեան նկատմամբ, նոր արտահերթ նիստում կազմակերպուած քուէարկութեամբ վաւերացրեց այն։
Ծանր ժամանակներ և մարտահրաւէրներ դիմագրաւող մեր հասարակութեան համար, երբ աւելի քան կենսական են հասարակական համերաշխութիւնը, քաղաքական հանդուրժողականութիւնը, պետական ինստիտուտների արժևորումն ու անխափան գործունէութիւնը, խորհրդարանական քաղաքական մեծամասնութիւնը դիմում է պառլամենտարիզմի ոտնահարման, քաղաքական մանիպուլատիվ վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճութիւնները բարձր դասելով պետական ինստիտուտների բնականոն գործունէութեան և հանրային համերաշխութեան առաջնահերթութիւնից:
Այսպիսի քաղաքական վարքագծով, ժողովրդավարութեան կոպիտ ոտնահարմամբ, միանձնեայ կերպով և անսխալականութեան բարդոյթի պայմաններում էլ իրականացւում է համավարակի կանխարգելման «կառավարումը»:
Ճգնաժամային կառավարման համար պատասխանատու մարմինների ու նրանց լիազօրութիւնների յստակեցման, կշռադատուած ու ժամանակին կատարուած քայլերի, արդիւնաւէտ կառավարման փոխարէն հետևողական կերպով փորձեր են կատարւում քաղաքացիների և ԶԼՄ-ների նկատմամբ չպատճառաբանուած սահմանափակումներ եւ վերահսկողութիւն սահմանելու ուղղութեամբ։ Անտեսւում են առաջնահերթ միջոցառումներ, իսկ որոշ դէպքերում ձեռնարկւում են քայլեր, որոնք այնքան էլ համարժէք չեն համավարակի ընդգրկուածութիւնը նուազեցնելու, մարդկանց կեանքն ու առողջութիւնը պահպանելու, ինչպէս նաև հետագայ տնտեսական, ֆինանսական և սոցիալական ցնցումները մեղմելու, երկրի անվտանգութիւնը երաշխաւորելու պետութեան պարտաւորութիւնների հետ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է իշխանութիւնների այս կեցուածքն ու վարքագիծը՝ մէկ անգամ ևս արձանագրելով, որ միայն միասնական ջանքերով և հանրային համերաշխութեամբ է հնարաւոր յաղթահարել այս աննախադէպ մարտահրաւէրը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին