Համախմբուելու, մեր երկիրն ու պետականութիւնը ոչնչացման վտանգից փրկելու հրամայականը կենսական անհրաժեշտութիւն է. Իշխան Սաղաթելեան

Սիրելի’ հայրենակիցներ

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ տարածքային ամբողջականութիւնը խախտելուց յետո յհայ ժողովրդի նկատմամբ սանձազերծել է հերթական յանցագործութիւնը՝ փակելով կենսական նշանակութեան ճանապարհները՝ Հայաստանի հարաւում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների պարտուողական քաղաքականութիւնը, տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, բայց իրականում նոր կապիտուլյացիայի գնալու ցանկութիւնը, ինչպէս նաև խաղաղութեան միակողմանի քարոզը մեզ կանգնեցրել են հերթական դժբախտութեան շեմին։

Գործադիր իշխանութիւնն՝ իր ղեկավարով հանդերձ, շարունակում է չհասկանալ, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկութիւն, ինչն ադրբեջանական կողմում իսպառ բացակայում է։

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում ի պաշտօնէ Հայաստանի շահերի պաշտպանութեանը կոչուած անձը Սիւնիքի հայկական տարածքները խայտառակ կերպով կոչում է ադրբեջանական անուանումներով՝ տուրք տալով Ալիևի ցինիկ պահանջներին։

Սիրելի’ հայրենակիցներ,

ինչպէս պնդում էինք նախընթաց ամիսներին՝ մեր երկիրը վտանգի տակ է, ճգնաժամը՝ չյաղթահարուած։

Փաստ է, որ գործող իշխանութիւնը ոչ ցանկութիւն, ոչ էլ, առաւել ևս, կարողութիւն ունի համախմբելու մեր հասարակութիւնը և պաշտպանելու մեր ժողովրդին ու պետականութիւնը։

Թշնամին օր օրի աւելի է լկտիանում՝ փորձելով հասնել մեր պետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդմանը, տարածքի մի կարևոր հատուածի նուաճմանը և էթնիկ զտմանը։ Այս պայմաններում, գործող իշխանութիւնը յայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին։ Փաստօրէն, թուրք-ադրբեջանական ծաւալապաշտական քայլերի ու գործողութիւնների իշխանական ընկալումն այդպիսին էր։

Սիրելի’ ժողովուրդ, համախմբուելու, մեր երկիրն ու պետականութիւնը ոչնչացման վտանգից փրկելու հրամայականը կենսական անհրաժեշտութիւն է։

Ալիևին վերստին զգուշացնում ենք՝ հայ ժողովուրդը չի’ հանդուրժել և չի’ հանդուրժելու ևս մեկ կապիտուլյացիա, իսկ իր և Նիկոլի պայմանավորուածութիւնները մնալու են իբրև իրենց անձնական յարաբերութիւնների վերյուշ։

ՀՀ ԱԺ փոխնախագահ,

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.