Կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ միանալ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին. Գագիկ Բաղունց

Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը շնորհակալութիւն է յայտնել Զուիցերիայի Ազգային խորհրդին․

«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի անունից երախտագիտութիւն եմ յայտնում Զուիցերիայի Ազգային խորհրդին, բանաձեւի հեղինակ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին եւ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին՝ Արցախի ժողովրդի իրաւունքներին ցուցաբերած աջակցութեան համար։

Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձեւը, որով գործադիրին կոչ է արւում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղութեան ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի իրաւունքների, մասնաւորապէս՝ անվտանգ ու արժանապատիւ վերադարձն ապահովելու ուղղութեամբ։

Մենք բարձր ենք գնահատում Զուիցերիայի հաւատարմութիւնը միջազգային իրաւունքին ու արդարութեանը եւ յոյս յայտնում, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակութիւնը: Զուիցերիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատութեան միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցոյց է տուել, որ յստակ գիտակցում է այս հարցի հրատապութիւնը։

Կոչ ենք անում միջազգային հանրութեան մնացած անդամներին միանալ Զուիցերիայի՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցը հասցէագրելու համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին։ Մենք հաւատում ենք, որ համադրուած միջազգային ջանքերի շնորհիւ կարող ենք հասնել արդար եւ կայուն խաղաղութեան տարածաշրջանում»:

Comments are closed.