«Կեղծ խաղաղութեան գինը» ֆիլմը դեղահատ է յիշողութեան կորստի դէմ
January 29, 2025
266
0
Երեւանում՝ Կինօյի տան դահլիճում, Յունուարի 11-ին տեղի ունեցաւ «Կեղծ խաղաղութեան գինը» փաստավաւերագրական խաղարկային ֆիլմի պրեմիերան։ Պրեմիերային մասնակցում էին հասարակական-քաղաքական, հոգեւոր, մշակոյթի, մամուլի ներկայացուցիչներ։
Ֆիլմը պատմութեան հետաքննութիւն է։ Դէպքերը զարգանում են 1918 թուականի Ապրիլի 11-ից մինչեւ Մայիսի 25-ն ընկած ժամանակահատուածը, երբ դեռ չէր հիմնադրուել Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, Հայոց ցեղասպանութիւնը շարունակւում էր, եւ Թուրքիան նաեւ տարածքներ էր գրաւում։ Ֆիլմում ներկայացւում են Կարսի եւ Ալեքսանդրապոլի յանձնման իրադարձութիւնները։ Այս ֆիլմը կարող է օգնել մեր պատմութեանն առերեսուելու, անցեալից դասեր քաղելու։
100 տարի առաջ էլ են թուրքերը խաղաղութիւն են խոստացել հայերին, բայց հայերը խաբուել են, սպանուել, կորցրել տարածքներ՝ Կարսի յանձնում, զինուած թուրքերը յայտնուել են Ալեքսանդրապոլի մատոյցներում՝ Արփաչայի ափերին։ Իսկ Ալեքսանդրապոլում մարդիկ ապրում էին այնպէս, ասես ոչինչ չէր եղել․․․ Ալեքսանդրապոլում էլ, ինչպէս հիմա, վստահ էին՝ Եւրոպան չի թողնի, որ թուրքը մտնի քաղաք։ Պատմութեան անիւը պտտուել է, եւ հիմա էլ էլի՛ թշնամին խաղաղութեան պայմանագիր է առաջարկում…
Ալեքսանդրապոլում տեղի ունեցած պատմական դէպքերն էկրանաւորելու ցանկութիւնը միաւորել է մի փոքր ստեղծագործական խմբի (ռեժիսոր, օպերատորներ, հնչիւնային ռեժիսոր, սցենարիստ, դերասաններ, անիմատոր, պրոդիւսերներ)։ Նրանք որոշել են, որ կարող են սուղ պիւտճէով լաւ ֆիլմ ստանալ։ Մեկնել են Գիւմրի ու հենց այնտեղ փաստավաւերագրել ալեքսանդրապոլեան պատմական իրադարձութիւնները։
Ֆիլմը ստեղծելու գաղափարը յղացել է պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանը։ Ֆիլմում օգտագործուել են խաղարկային դրուագներ, անիմացիա։ Ֆիլմում ներկայացուող ամբողջ տեքստը փաստավաւերագրութիւն է՝ վերցուած արխիւներից։
Յարութիւն Յարութիւնեանը նախ ֆիլմի սցենարը ներկայացրել է պատմաբան Խաչիկ Ստեփանեանին, որը նախապէս չգիտէր, որ այն ֆիլմի սցենար է։ Պատմաբանը կարդացել է այն ու ասել՝ կարծես ֆիլմի սցենար է…
Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորեանն է, որը նկարահանել է նաեւ «Շուշի. Ամէն» ֆիլմը։ Օպերատորներն են Մուշեղ Մամիկոնեանը եւ Արցախից Տիգրան Գասպարեանը։ Հնչիւնային ռեժիսորը Միքայէլ Սարգսեանն է, կոմպոզիտորը՝ Թաթոս Յակոբեանը, համապրոդիւսերը՝ Արմէն Անդրէասեանը։
Պատմական փաստերը հաւաքել է Դերենիկ Մալխասեանը։ Դրանք սցենարի է վերածել Լեւոն Գալստեանը։ Այնուհետեւ Գիւմրիում ընտրուել են նկարահանման վայրեր, որոնք պահպանվել են մինչեւ այսօր։
Դրուագներ են նկարահանուել նաեւ Ջարդի ձորում, որտեղ 1920 թուականին տեղի է ունեցել հայերի զանգուածային կոտորած, քեմալական թուրքերի կողմից: Ֆիլմն աւարտւում է այնպէս, որ ասես այն կարող է շարունակութիւն ունենալ։ Իսկ Յարութիւն Յարութիւնեանը դեռ շատ գաղափարներ ունի, որոնք ուզում է կեանքի կոչել։
«Հորիզոն»-ի թղթակիցը ֆիլմի մասին զրուցել է գլխաւոր պրոդիւսեր Յարութիւն Յարութիւնեանի հետ։
Հ.- Ինչո՞ւ որոշեցիք պատմութեան յատկապէս այս անցքերին անդրադառնալ։
Յ.Յ.- Շատ բաներ նման են ներկայիս իրավիճակին։ Երբ մենք փաստերը հաւաքեցինք, ստուգեցինք, նկատեցինք, որ 100 տարի յետոյ ոչինչ չի փոխւում։ Դէպքերը կրկնւում են, նոյն դիւրահաւատ հասարակութիւնն է՝ յոյսն ուրիշի վրայ դրած՝ «Եւրոպան մեզ կը փրկի», «Կարսը յանձնենք, հանգիստ ապրենք», այսինքն՝ նոյնատիպ իրավիճակ է ստեղծուել այն բանից յետոյ, երբ իշխանութեան եկան այս «լիպերալ» ուժերը 2018 թուականից։ Իսկ ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ այս դէպքերին։ Իմացանք, որ մի հետազօտող լրագրող եւրոպական տարբեր կազմակերպութիւնների դրամաշնորհներով, բաւական շատ կազմակերպութիւնների ֆոնդերի միջոցով ֆիլմ է նկարահանում 2018 թուականի՝ հայերի ու թուրքերի յարաբերութիւնների մասին՝ այլ տեսանկիւնից։ Հասկացանք, որ դա պատուէր է։ Մենք նախ սկսեցինք ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը, ուստի որոշեցինք, որ պիտի նկարահանենք այս ֆիլմը։ Դժուար էր, շատ դժուար, քանի որ որեւէ գործարար չցանկացաւ մեզ ձեռք մեկնել, աջակցել։Իմ ու մեր երկրորդ պրոդիւսերի ունեցած անձնական գումարների միջոցով նկարահանեցինք։ Թիմն անշահախնդիր աշխատեց։ Մինչեւ այժմ թիմի անդամները դեռ որեւէ վճար չեն ստացել։ 9 ամիսն, իրօք, շատ կարճ ժամանակահատուած է այս որակի ֆիլմ ստեղծելու համար։ Թիմն աշխատեց մի ընտանիքի պէս՝ առանց շահի ակնկալիքի։ Յոյս ունենք, որ ինչ-որ պահի կը կարողանանք որեւէ փոխհատուցում տալ նրանց, քանի որ գիշեր-ցերեկ աշխատել են, իսկ այդ աշխատանքը, ինչո՞ւ չէ, պէտք է ֆինանսապէս էլ գնահատել։
Որպէս պրոդիւսեր՝ պլանաւորել էի, որ այդ ֆիլմը պիտի ցուցադրուի Երեւանի կինօթատրոններում, ցուցադրութիւնից եկած գումարներով էլ հնարաւոր կը լինէր որոշակի ծախսեր փակել, բայց այնպէս ստացուեց, որ որեւէ կինօթատրոնում այդ ֆիլմը չցուցադրուեց։
Հ.– Իսկ ինչպէ՞ս էին մեկնաբանում այդ փաստը, ինչո՞ւ ֆիլմը չցուցադրուեց կինօթատրոններում։
Յ.Յ.- Չէին մեկնաբանում։ Ակնյայտ է, որ վախ կար՝ չնայած՝ 1918 թուականի դէպքերն են ներկայացւում ֆիլմում, այն պատմական է։ Հայաստանի երկրորդ, երրորդ հանրապետութիւնների պատմութեան մէջ երբեւէ այս մասշտապով այսպիսի դոկումենտալ ֆիլմ չի նկարահանուել։ Եթէ երկրորդ հանրապետութեան օրօք եղել են ֆիլմեր, ապա դրանք եղել են կոմունիստական կուսակցութեան ազդեցութեան տակ նկարահանուած ֆիլմեր, գեղարուեստական ֆիլմեր։ Ի հարկէ, եղել են լաւ կամ վատ ֆիլմեր։
Իսկ երրորդ հանրապետութեան օրօք՝ 90-ականներից այս կողմ, այս կարգի ֆիլմ չի նկարահանուել։ Կինօթատրոնները չէին մերժում, բայց ասում էին՝ մէկ օր, մէկ ցուցադրութիւն կարող ենք ապահովել՝ փոքր՝ 40-հոգանոց դահլիճում։ Իմ պատասխանը հետեւեալն էր․ մարդիկ շատ են հետաքրքրուած ֆիլմով, զանգում են, գրում… Եթէ 40 հոգու մասին է խօսքը, ապա ես կարող եմ այդ 40 հոգուն իմ տանն էլ հիւրընկալել ու տնային կինօթատրոնի միջոցով ֆիլմը ցուցադրել։ Ես ակնկալում էի, որ 1 շաբաթ կամ 10-20 օր կինօթատրոններում ֆիլմը կը ցուցադրուի, եւ եկամուտներով մեր ծախսերը կը հոգայինք։ Բայց, հիմա էլ մենք մեր յոյսը չենք կտրում։
Հ.- Իսկ ֆիլմն առաջիկայում ներկայացնելո՞ւ է փառատօններում։
Յ.Յ.- Այժմ փակագծերը չեմ բացի, բայց կարող եմ ասել՝ այս պահի դրութեամբ առնուազն երկու կինօփառատօն կայ, որտեղ կը ներկայացուի ֆիլմը։ Մենք այս ընթացքում հետեւում ենք, թէ ինչ փառատօններ կան, որոնց կարող ենք ֆիլմը ներկայացնել։ ԱՄՆ-ում, Գանատայում եւ այլուր կան այդպիսի փառատօններ։ Այս առումով մտահոգութիւններ չունենք, քանի որ, իսկապէս, շատ լաւ ֆիլմ է ստացուել։ Այն թարգմանւում է ռուսերէն ու անգլերէն։ Մէկ շաբաթից կ’ունենանք անգլերէն թարգմանութեամբ, յետոյ կ’անցնենք ռուսերէնին, արդէն ձայներն ընտրուած են, մասնագէտները կը գան, կը կարդան տեքստերը։ Իսկ Անգլերէնի ձայնագրման աշխատանքներն արդէն իսկ ընթանում են։ Բայց, հայերէն տարբերակում անգլերէն լուսագրեր կան, քանի որ ԱՄՆ-ի որոշակի համալսարաններ հետաքրքրուած էին, ուզում են այնտեղ ցուցադրել։
Հ.– Պատմէ՛ք ստեղծագործական ընթացքի մասին։
Յ.Յ.- «5-րդ ալիք»-ում աշխատող մասնագէտները ներգրաւուեցին թիմում։ Եւ պարզ դարձաւ, որ նրանք շատ մեծ պոտենցիալ ունեն։ Ի դէպ, մեր դերասաններից զատ՝ փոքր դրուագներում ներգրաւուել են նաեւ դերասաններ Գիւմրու թատրոնից։
2024 թուականի ամրանը սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, Յունիսին նկարահանումները սկսեցին։ Նկարահանման համար 12 օր էինք նախատեսել, բայց մի քիչ աւելի երկար տեւեց, քանի որ Գիւմրիում որոշ խնդիրներ եղան, թէեւ դրանք չազդեցին մեր աշխատանքի որակի վրայ։ Նկարահանման համար ընտրել էինք վայրեր, որոնք վերահսկւում էին ռուսական բանակի կողմից։ Նոյնիսկ դէպք եղաւ, երբ մեր դրոնը ռուսական այս պաշտպանական համակարգը տանում էր, մի կերպ հետ բերեցինք։ Ահա այսպիսի խնդիրների պատճառով մի քիչ աւելի երկար տեւեց։ Մանաւանդ սահմանին նկարահանումներ անելիս տեխնիկական դժուարութիւններ, ի հարկէ, եղան։ Եթէ թոյլտուութիւն խնդրէինք, գուցէ թոյլ չտային կամ գուցէ երկարաձգուէր պրոցեսը, քանի որ պիտի դիմէինք ռուսական բանակի գլխաւոր շտապ, դեսպանատուն… մենք չուզեցինք այդ ճանապարհով գնալ ու որոշեցինք ինքնուրոյն կազմակերպել այդ ամէնը… եւ ստացուեց։ Որ խօսում էի գումարի մասին, դա ծախսուել է լոյսեր, տեխնիկական սարքաւորումներ, տեսախցիկներ գնելու, ստեղագործական կազմի կեցութիւնն ու սնունդն ապահովելու համար։ Խաղարկային կադրերում դերասաններին ու երաժիշտներին վճարել ենք… Այսինքն՝ առաջնահերթ ծախսերն արել ենք։ Ամրանը նկարահանեցինք ու մտանք յետարտադրական փուլ։ Այդ փուլում եւս եղան բարդութիւններ, քանի որ յետարտադրական փուլի համար եղած տեխնիկան այնքան լաւը չէր, ֆիլմը 4K ձեւաչափով է նկարահանուել… անհրաժեշտ եղաւ համակարգիչները հզօրացնել։ Այդ ամէնը յաղթահարեցինք։ Ու հպարտօրէն ասում եմ՝ շատ լաւ ֆիլմ ենք ստացել։
Հ.- Երբ դեռ նոր էիք սկսում նկարահանման աշխատանքները, սպասո՞ւմ էիք, որ կ’ունենաք այնպիսի ֆիլմ, որը կայ։
Յ.Յ.- Անկեղծօրէն ասեմ՝ ո՛չ, չէինք սպասում, որ այս որակի ֆիլմ կը ստանանք։ Մինչեւ հիմա էլ հաւատս չի գալիս, որ կարողացել ենք յաղթահարել այդ խնդիրները։ 3D անիմացիաներ, արհեստական բանականութիւն ենք օգտագործել, իսկ դրանք վճարովի են եղել․․․ ծանր աշխատանք է եղել, ու լաւ ֆիլմ է ստացուել։ Սա նաեւ մեր ռեժիսորի ու մոնտաժողի շնորհքն է, քանի որ բծախնդրօրէն են մօտեցել գործին։
Հ.- Պրեմիերայից յետոյ ի՞նչ արձագանգներ եղան։
Յ.Յ.- Մինչեւ հիմա հեռախօսազանգեր ու նամակներ ենք ստանում։ Եւ պիտի ասեմ՝ թիւր կարծիք կայ, թէ «մարդիկ ինչ ուզում են, դա ենք նկարահանում կամ ցուցադրում»։ Ինչ որ ներկայացնես, մարդիկ դա կը վերցնեն։ Պէտք է բարձրացնել մակարդակը… հեշտ է սերիալներ ներկայացնել հեռուստատեսութեամբ ու ասել, թէ մարդիկ դա են ուզում։ Ո՛չ, այդպէս չէ։ Կարեւոր է, թէ ինչ կը մատուցես հանրութեանը։ Այս ֆիլմից յետոյ շատերը գրում են, հարցնում են՝ երբ է ցուցադրուելու, որ կինօթատրոնում։ Խմբեր էլ են զանգում, ասում են՝ 20 հոգով ուզում ենք ֆիլմը դիտել։ Այսպէս ասեմ. եթէ լաւ ապրանք, լաւ ֆիլմ լինի, շատերը կը լինեն, որ կ’ուզենան դիտել այն։ Օրինակ՝ մենք «5-րդ ալիք»-ով ցուցադրեցինք «100 տարուայ մենութիւն»-ը։ Գնեցինք ֆիլմը, թարգմանեցինք, կնկնօրինակեցինք ու ցուցադրեցինք։ Մարդիկ դիտում էին, գոհ էին։ Եթէ մի անորակ սերիալ էլ ցուցադրէինք, գուցէ էլի՛ շատերը դա դիտէին, բայց պէտք է որակով բան մատուցել հասարակութեանը, պէտք է սրան շատ լուրջ վերաբերուել։
Ես ասել եմ՝ այս ֆիլմը դեղահատ է յիշողութեան կորստի դէմ, քանի որ մեր հանրութեան մեծ մասը այս դէպքերից տեղեակ չէ։ Աւելին, շատ գիւմրեցիներ էլ պատմական այդ իրադարձութիւնների մասին տեղեակ չեն, ասում են՝ սուտ է, Գիւմրին երբեք թուրքերին չի յանձնուել։ Երբ Ջարդի ձորում նկարահանումներ էինք անում, նկատեցինք, այնտեղ մարդիկ գնում էին խորոված անում, քեֆ անում։ Եւ այդ մարդիկ մօտեցել էին մեր ստեղծագործական կազմին ու հարցրել, թէ ի՞նչ են նկարահանում։ Մասնագէտները պատասխանել էին, եւ այդ մարդիկ զարմացել էին, ասել էին՝ չգիտէինք, թէ ինչ պատճառով է այդ տեղանքը Ջարդի ձոր կոչւում։
Մենք պիտի մարդկանց յիշողութիւնը թարմացնենք, որ մարդիկ սկսեն մտածել։ Ես շատ կ’ուզէի, որ մեր գրողներից մէկը մեր ժամանակաշրջանի մասին մի լաւ վէպ գրէր, կամ մի լաւ կինօռեժիսոր մեր օրերի մասին ֆիլմ նկարահանէր։ Այսինքն՝ մտաւորականն այդպիսին պիտի լինի, ոչ թէ ցոյցերի գնա ու հայհոյի։ Արուեստի մարդիկ պիտի այսօր աւելի շատ աշխատեն հանրութեան յիշողութիւնը վերականգնելու համար։
Յ.Յ.- Մի քանի ամիս յետոյ։ Արդէն կան պայմանաւորուածութիւններ։ Արտերկրում ֆիլմը ցուցադրուելու է։ Բացի դրանից՝ կան փառատօններ, որոնք արդէն բաց ցուցադրութեան դրուած ֆիլմերը չեն ընդունում, ուստի դեռ չենք կարող եութուպեան հարթակում այն ցուցադրել, որը հասանելի կը լինի բոլորին, բայց անշուշտ, շուտով դա էլ կը լինի։ Հեռուստատեսութեամբ էլ կը տեղադրենք, եութուպեան հարթակում էլ… Արդէն իսկ առաջարկել են, որ ֆիլմը Լոնտոնում ցուցադրուի, արտերկրի համալսարաններից հետաքրքրութիւն կայ ֆիլմի նկատմամբ։ Այս ֆիլմը կարող են դիտել նաեւ դպրոցականները։ Ֆիլմում չկայ որեւէ էպիզոդ, որը կարող է բացասաբար ազդել դպրոցականի հոգեվիճակի վրայ։ 12-13 տարեկանից բարձր երեխաները կարող են դիտել այն։
Հ.- Ձեր հարցազրոյցներից մէկում նշել էք՝ ֆիլմն այնպէս է աւարտւում, որ «շարունակութեան տեղ է թողնուած»։ Արդէն իսկ այդ շարունակութեան համար նոր գաղափար կա՞յ։
Յ.Յ.- Գաղափարներ շատ ունեմ։ Ունեմ թղթապանակ, որի վրայ աշխատում եմ։ Պարզապէս այդ ֆիլմերը նկարահանելը մեծ ծախսերի հետ է կապուած։ Բայց յոյս ունեմ, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ կերպ դա կ’արուի։
Հ.- Մեր գանատահայ հայրենակիցները կարո՞ղ են առաջիկայում ֆիլմը դիտելու հնարաւորութիւն ունենալ։
– Արդէն սկսում է ֆիլմի շրջագայութիւնը։ Լոս Անճելեսում է առաջիկայում ցուցադրուելու։ Ցանկանում են նաեւ Նիւ Եորքում, Պոսթոնում, Ֆրեզնոյում, Սան ֆրանսիսկոյում, այլ քաղաքներում կազմակերպել ֆիլմի ցուցադրութիւն։ Կամաց-կամաց կը ստացուի։ Եթէ Գանատայում կը ցանկանան ֆիլմը դիտել, սիրով կը կազմակերպենք։ Ֆիլմում ներկայացւում է նաեւ Հայ դատի խնդիրը։ Շատ կարեւոր, ուսուցողական բնոյթ ունի։ Մենք մի ոճ ենք որդոգրել․ մարդկանց չենք պարտադրում որեւէ բան մտածել, ֆիլմն է մարդուն պատմում ու ներկայացնում ամէն բան… Ժամանակաշրջանի վկայութիւններն (մամուլի հրապարակումներ, Սիմոն Վրացեանի վկայութիւնները, Արտակ սրբազանի յուշերը, մարտերին մասնակցածների յուշերը, որոնք հրապարակուել են Պոսթոնում) են դարձել սցենար, պատմութիւնից դուրս որեւէ դրուագ չկայ։ Անշուշտ, այս ժամանակահատուածի բոլոր դէպքերը չէին կարող արտացոլուել ֆիլմում, ուստի հետաքրքրուածները այդ իրադարձութիւնների մասին կարող են իմանալ գրքի միջոցով։ Գիրքն էլ կը տպագրուի, պարզապէս ամէն ինչ ֆինանսներից է կախուած։ Եթէ ֆիլմի ցուցադրութիւնից գումարներ գոյանան, ապա հնարաւոր կը լինի գիրքն էլ տպագրել։ Յուսանք՝ ամէն ինչ լաւ կը ստացուի։
Comments are closed.