Կեանքը չխնայած Մարտունու քաղաքապետ Ազնաւուր Սաղեանի յիշատակի օրն է. Պայքարեց Մարտունին պաշտպանելու համար, անգամ ազատագրուեց 44-օրեայ պատերազմում կորսուած մարտական դիրքերից մէկը, բայց…
«Մարտունու և մարտունեցու համար ամէն ինչ կանեմ». խօսքը գործի վերածեց Մարտունու քաղաքապետ Ազնաւուր Սաղեանը։ 44-օրեայ պատերազմ, շրջափակում, վերջում էլ` մեկօրեա պատերազմ։ Հենց այս մէկը խլեց երիտասարդ հայրենասէրի կեանքը, թաց թողնելով ընտանիքի, ընկերների ու հարազատ մարտունեցիների աչքերը, որոնք հիմա նայում են Ազնաւուրի` շիրիմից ժպտացող նկարին ու չեն գտնում իրենց հարցերի պատասխանը։
Քաղաքապետ դառնալու առաջարկ Սաղեանն ստացաւ 44-օրեայ պատերազմից առաջ. որոշում կայացնելը հեշտ չէր։ Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսեանը պատմում է, որ Ազնաւուրը պայման դրեց ինքն իր առաջ՝ կը դառնայ քաղաքապետ, եթէ իր գործը պիտի ծառայի հայրենիքին ու ազգին՝ առանց քաղաքական գործընթացներին խառնուելու։
Ու այդպէս էլ եղաւ։ Ազնաւուր Սաղեանը, կարծես նախախնամութեամբ, ճիշտ ժամանակին դարձաւ Մարտունու ղեկավարը։ Նա պիտի բազում դժուարութիւնների դիմակայեր ու օգնութեան հասներ իր մարտունեցիներին։
Սկսուեց 44-օրեայ պատերազմը, Ազնաւուրը, որ քաղաքապետն էր ու թւում էր, թէ պիտի զբաղուի քաղաքացիների կենցաղային հոգսերով, կամաւորագրուեց ու մեկնեց մարտադաշտ։
«44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախեան առաջին պատերազմի մասնակիցներով նստել ու զրուցում էինք։ Մտածում էինք՝ ինչ է լինելու։ Դէ հին մարդիկ ենք, ասեցինք՝ պէտք լինի մեռնել, կը մեռնենք, բա ի՞նչ պիտի անենք։ Ազնաւուրը, որն աւելի հեռու էր նստած մեզնից, սկսեց ծիծաղել։ Զարմացած նայեցինք իրեն, ասաց՝ դուք էլ անունով մեծ մարդիկ էք։ Ինչե՞ր էք խօսում, ի՞նչ մեռնել, ապրել է պէտք. յանուն հայրենիքի ապրում են, չեն մեռնում»,- պատմում է Էդիկ Ավանեսեանը։
Յետո պիտի սկսուէր շրջափակումը, բայց դա էլ չպիտի կարողանար կոտրել Ազնաւուրին։ Չընկճուող ու պայքարող Ազնաւուրը համոզուած էր` ամէն իրավիճակից ելք կայ։
«Իւրաքանչիւր իրավիճակից կայ ելք, եթէ ունենք կամք ու վճռականութիւն, եթե կարողանում ենք պայքարել ու գիտենք` ինչի համար է, գիտենք՝ արդարացուած է այդ պայքարը։ Իսկ այն, իմ խորին համոզմամբ, այդպիսին է»,- մի առիթով գրել էր Մարտունու քաղաքապետը։
Շրջափակուած Արցախում չկար ոչինչ, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք, ոչ էլ թիկունք, որի վրայ կարելի էր յենուել։ Բայց ընկճուելն Ազնաւուրինը չէր։ Սոված կամ տխուր մարտունեցի չկար։ Երեխաների առօրեայ զուարճանքներից մինչև սնունդ. Ազնաւուրն ամէն ինչի մասին էր հոգում։
Էդիկ Ավանեսեանը, որ Ազնաւուրի մտերիմ ընկերներից էր, պատմում է, որ Ազնաւուրը սնունդ տեղափոխելու «այլընտրանքային» ճանապարհ էր գտել։ Հայաստանից Մարտունի սնունդ ու մանկական կեր էր բերում, բաժանում մարտունեցիներին, ապա ուղարկում Արցախի այլ բնակավայրեր` մասնաւորապէս Ստեփանակերտ, որտեղ վիճակն աւելի ծանր էր։
Ամէն բան փոխուեց 2023 թուականի սեպտեմբերի 19-ին։ Թշնամու զինտեխնիկայի կուտակումն արդէն վաղուց էր նկատելի, բայց այդ օրը նաև զօրքի կուտակումը երեւաց. պարզ էր` պատերազմն էր չոքել Արցախի դռանը։ Ազնաւուրը նորից կամաւորագրուեց, իսկ մինչ այդ, իհարկէ, հասցրել էր Մարտունիում պաշտպանական ջոկատ ստեղծել։
Քաղաքապետը զինակից ընկերների հետ պայքարեց Մարտունին պաշտպանելու համար, անգամ ազատագրուեց 44-օրեայ պատերազմում կորսուած մարտական դիրքերից մէկը, բայց… մինչև ատամները զինուած թշնամու դէմ երկար պայքարել չստացուեց։ Ազնաւուրն ու ընկերներն ընկան քաջի պէս՝ չիմանալով, որ արցախցին վերջին ժամերն է անցկացնում հայրենի հողում։
Սաղեանն իր վերջին հարցազրոյցում` ընկնելուց ժամեր առաջ ասել էր. «Կռիւ է, ժամանակ չունեմ… լաւ եղէք»։
Լաւ լինել է պէտք` Ազնաւուրին ու նրա նմաններին արժանի լինելու համար։
Սեդա Մակարեան
ABC News
Comments are closed.