Կարեւոր է ազգային արժէքային կողմնորոշման ամրապնդումը երիտասարդութեան շրջանում

«Դրօշակի» հարցերը Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար, ՀՅԴ անդամ Լեռնիկ Յովհաննիսեանին։

 Պարոն Յովհաննիսեան, ի՞նչ վիճակ է տիրում շրջափակուած Արցախի երիտասարդութեան շրջանում, որո՞նք են երիտասարդական պետական քաղաքականութեան հիմնական խնդիրները։

 Երիտասարդական պետական քաղաքականութիւնը Արցախի Հանրապետութեան պետական քաղաքականութեան բաղկացուցիչ մասն է եւ ունի ռազմավարական նշանակութիւն։ Բնականաբար, շրջափակումը բաւականին լուրջ սրբագրումներ է մտցրել մեր երիտասարդական քաղաքականութեան մէջ, յատկապէս երիտասարդական ծրագրերի իրականացման առումով։ Վերջին տարիներին երիտասարդական ծրագրերն ուղղուած են եղել երիտասարդութեան ոլորտում առկայ հիմնախնդիրների վերհանմանը, դրանց լուծման ուղիների մշակմանը, նաեւ ամենակարեւոր խնդիրներից մէկի՝ համահայկական եւ միջազգային համագործակցութեան զարգացմանը։ Թէ՛ համահայկական եւ թէ՛ միջազգային երիտասարդական կազմակերպութիւնների հետ սերտ կապեր ենք ունեցել, տարբեր ծրագրեր, թրէյնինկներ իրականացրել, ինչը, ցաւօք սրտի, հիմա հնարաւոր չէ։ Համահայկական եւ միջազգային համագործակցութեան ոլորտում մեր կորուստները բաւականին մեծ են, եւ չենք կարողանում բացի վիրտուալ կապից՝ այլ կապ հաստատել եւ համատեղ ծրագրեր իրականացնել։

Ներքին քաղաքականութեան առումով ծրագրերը հիմնականում ուղղուած են երիտասարդութեան շրջանում ազգային արժէքների ամրապնդմանը, ռազմահայրենասիրական, առողջ ապրելակերպի դաստիարակութեանը, հայկական աւանդական արժէքների պահպանմանը, հայրենաճանաչութեանը, բանակ-հասարակութիւն կապի ամրապնդմանը, ոչ ֆորմալ կրթութեան, երիտասարդութեան հասարակական եւ քաղաքացիական ակտիւութեան խթանմանը։ Այդ ծրագրերի հետ կապուած տարբեր ուղղութեամբ աշխատանքներ են կատարւում, մասնաւորապէս իրազեկուածութեան առումով երիտասարդութեան տեղեկատուական շտեմարան է ստեղծուել, «youngartsakh.am» կայքն է աշխատում, որտեղ կարելի է ծանօթանալ մեր աշխատանքներին, երիտասարդութեան հետ առնչուող տարբեր խնդիրների քննարկմանը եւ այլն։

Ազգային արժէքների կողմնորոշման հետ կապուած տարաբնոյթ ծրագրեր ենք իրականացնում, մասնաւորապէս Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ ենք ակտիւ աշխատում, կազմակերպում կրօնաժողովրդական տարբեր տօների հանրահռչակման միջոցառումներ, կլոր սեղաններ, ազգային-ազատագրական պայքարի, Արցախեան շարժման հետ կապուած իրադարձութիւնների վերաբերեալ միջոցառումներ։ Աւելացնեմ նաեւ, որ գիւղական համայնքներում զարգացման ծրագրեր ենք իրականացնում։ Օրինակ՝ անցած տարի Ասկերանի շրջանի Խանցք, Իւանեան, Խնձրիստան, Խաչմաչ համայնքներում տարբեր միջոցառումներ կազմակերպուեցին։

Եթէ մինչեւ 2022 թ․ ոլորտի բիւտճէն 45 մլն. դրամ էր, ապա այսօր այդ պիւտճէն 10-12 մլն. դրամ է, բնականաբար աւելի քիչ ծրագրեր ենք իրականացնում։

Երիտասարդական ծրագրերի մրցոյթ ենք յայտարարում, ներկայացուած ծրագիրը պէտք է արժանանայ փորձագիտական յանձնաժողովի հաւանութեանը։ 2022 թ․ ինը ՀԿ-ի կողմից ներկայացուել է 11 ծրագիր, որից 4-ը հաւանութեան են արժանացել եւ ֆինանսաւորուել նախարարութեան կողմից։ Ծրագրերը հիմնականում ուղղուած էին շրջաններում, սահմանամերձ բնակավայրերում երիտասարդութեան իրազեկուածութեան բարձրացմանը, նրանց հետ տարուող աշխատանքներին, մշակութաժամանցային միջոցառումներին։ Այս տարի եւս յայտարարուել է երիտասարդական ծրագրերի մրցոյթ, փորձագիտական յանձնաժողովի կողմից հաւանութեան արժանացած ծրագրերը ֆինանսաւորւում ու իրագործւում են։

 Վառելիքի, սննդի սղութիւնը չի խոչընդոտում արդեօ՞ք այդ ծրագրերի իրագործմանը։

— Բնականաբար այսօր որոշակի խնդիրներ կան, յատկապէս, որ Յունիսի 15-ից Արցախը գտնւում է լիակատար շրջափակման մէջ, եւ որեւէ հումանիտար բեռ չի հասնում, Կարմիր խաչը նոյնիսկ չի կարողանում որոշակի գործառոյթներ իրականացնել։ Այս առումով, ի հարկէ, դժուարութիւնները շատ-շատ են, բայց ամէն ինչ անելու ենք ծրագրերը իրականութիւն դարձնելու համար։

 Այս իրավիճակում, մերօրեայ աշխարհում արդեօ՞ք իր բարձրութեան վրայ է ազգայինը, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարութիւնը այն բարձր պահելու համար։

 Շրջափակուած Արցախում շատ կարեւոր է ազգային արժէքային կողմնորոշման ամրապնդումը երիտասարդութեան շրջանում, առողջ ապրելակերպի, հոգեւոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակութիւնը, ընդհանրապէս երիտասարդների հասարակական ակտիւութեան խթանումը։ Ճիշդ է, հիմա երիտասարդութիւնը սահմանափակուած է այդ ակտիւութիւնն իրացնելու հարցում, բայց մենք ամէն ինչ պէտք է անենք, որ այն խթանենք։ Երիտասարդութիւնը մեր ապագան է, եւ եթէ չունենանք առողջ, ազգային արժէքային կողմնորոշմամբ ամրապնդուած երիտասարդութիւն, ապա մեր վիճակը, մեղմ ասած, չի կարող լինել բաւարար։

 Արցախի երիտասարդներին կարելի՞ է կազմակերպուած համարել, ի՞նչն է նրանց համախմբում։

 Ի հարկէ, առկայ է կարծիքների բախում, բանավէճեր, բայց հիմնականում կարելի է համարել, որ միասնականութիւնը պահպանւում է։ Մենք դա տեսնում ենք տարբեր միջոցառումների ժամանակ, երբ որոշ հասարակական կազմակերպութիւններ միաւորուած ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել։ Բայց այդ դաշտում էլ կան անելիքներ․ պէտք է ամէն ինչ անել այս իրավիճակին համապատասխան երիտասարդութեանը ակտիւութիւն ներշնչելու համար։

 Շատ է խօսւում, որ Արցախեան շարժման առաջամարտիկները երիտասարդներն ու ուսանողներն էին, արդեօ՞ք Արցախը ազատագրած ոգին դեռ վառ է։

 Այսօրուայ երիտասարդութիւնը շատ բան ունի սովորելու 1988-ի սերնդից, որովհետեւ նրանք էին առաջամարտիկները։ Ուղղակի այսօր որոշակիօրէն պակասում է նախաձեռնողականութիւնը եւ դրա առկայութեան, ակտիւ պայքարի, տարբեր ոլորտներում ակտիւ ներգրաւուածութեան պայմաններում երիտասարդութիւնը շատ աւելի գործ կարող է անել եւ առաջամարտիկի դերակատարութիւնը իր վրայ վերցնել։

 Ձեր գործունէութեան ընթացքում, որպէս ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար, որպէս նախարարի տեղակալ եւ որպէս ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան պատասխանատու, հանդիպումներ էք ունեցել տարբեր վայրերի ՀՅԴ երիտասարդութեան հետ․ ի՞նչն է միաւորում հայրենիքում եւ Սփիւռքում ապրող դաշնակցական երիտասարդներին։

 Գաղափարների ընդհանրութիւնն է միաւորում դաշնակցական երիտասարդներին՝ լինի Արցախում, ՀՀ-ում, թէ Սփիւռքում։ Ամենակարեւորը գաղափարական միասնութիւնն է, այսինքն՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի տեսլականը, Հայ դատի հիմնախնդիրների համար պայքարը, միահամուռ պայքարը համահայկական արժէքների համար։

Խօսելով այսօրուայ մասին՝ կարող եմ ասել, որ ներկայ իրավիճակում գաղափարը նոյնն է, մարտահրաւէրները չեն փոխուել, ուղղակի կան որոշակի մարտավարական խնդիրներ, որոնք լուծելու դէպքում մենք, անպայման, յաջողութիւններ կ’ունենանք։ Ես հաւատում եմ մեր երիտասարդութեանը, հաւատում եմ, որ կը կարողանանք առաջամարտիկի դերը վերականգնել։

Հարցազրոյցը՝ Տաթեւիկ Աղաճանեանի

«Դրօշակ» թիւ 8, 2023 թ

Comments are closed.