Ծանր օրեր ՔՊ-ի համար՝ Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում. ի՞նչ զարգացումներ են սպասւում
Yerkir.am- 17 Հոկտեմբեր 2021-ին, Հայաստանի Հանրապետութեան 9 համայնքների աւագանու ընտրութիւնների արդիւնքներն իսկական սառը ցնցուղ էին իշխանությունների համար. միանգամից երեք խոշոր համայնքներում՝ հանրապետութեան երկրորդ քաղաք Գիւմրիում, Գորիսում եւ Մեղրիում, Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիրը» պարտուեց։ Ընդ որում՝ Գորիս համայնքում Փաշինեանի ուժը բացարձակ պարտութիւն կրեց. աւագանու 21 անդամներից «Առուշ Առուշանեա» դաշինքին են պատկանում 13 տեղերը, ՔՊ-ին՝ 8-ը։ Այսինքն՝ Գորիսում Առուշ Առուշանեանը, ով նաեւ համայնքի գործող ղեկավարն է եւ գտնւում է կալանքի տակ եւ կարող է ընտրուել համայնքի ղեկավար՝ առանց որեւէ մէկի հետ դաշինք կազմելու։
Մի փոքր այլ է իրավիճակը Գիւմրու եւ Մեղրիի պարագայում։ Գիւմրիում աւագանու 33 տեղերից «Բալասանեան» դաշինքին կը տրուեն 14-ը, ՔՊ-ն կ’ունենայ 11, «Զարթօնք»-ը 4, «Ապրելու երկիր»-ը եւ ՀՀԿ-ն՝ 2-ական տեղեր։
Ստացւում է, որ յաղթանակ տարած «Բալասանեան» դաշինքը չունի անհրաժեշտ 17 աւագանիներին, որպէսզի միանձնեայ ընտրի ղեկավար, այն պէտք է ինչ-որ մի քաղաքական ուժի հետ դաշինք կազմի։ Թէեւ կը լինի «Բալասանեան» դաշինքի կոալիցիոն գործընկեր՝ առայժմ վաղ է ասել։
Մեղրիում եւս իրավիճակը նոյնական է։ Այն է՝ որեւէ մէկը չունի աւագանու 15 տեղերից 8-ը, որպէսզի միանձնեայ ընտրի ղեկավար. յաղթած «Հանրապետութիւն»-ը կը ստանայ 6, ՔՊ-ն՝ 5, «Ապրելու երկիր»-ը՝ 2, Ազատական կուսակցութիւնը՝ 2։
Արդիւնքում՝ Մեղրիում ղեկավար ընտրելու համար պէտք է «Հանրապետութեան» հետ կոալիցիա կազմի «Ապրելու երկիր»-ը կամ Ազատական կուսակցութիւնը։ Այստեղ եւս գրեթէ անհաւանական է, որ ՔՊ-ն ստանձնի համայնքի ղեկավարութիւնը, քանի որ ե՛ւ «Ապրելու երկիր», ե՛ւ Ազատական կուսակցութեան ցանկերի ղեկավարները բացառել են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը։
Բոլոր դէպքերում՝ Փաշինեանի ուժի համար նշուած համայնքներում սպասւում է ծանր եւ նսեմացուցիչ շրջան։