Խաղաղութեան Պատրանքը՝ Պաքուն Շարունակում է Գաղափարական Հող Նախապատրաստել Ապագայ Պահանջների եւ Հնարաւոր Սադրանքների Համար
- (0)

Օգոստոսի 8-ին Ուաշինկթընում ձեռք բերուած Երեւան-Ուաշինկթըն-Պաքու հռչակագրի ստորագրումից, ինչպէս նաեւ Երեւան-Պաքու Խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրումից յետոյ Պաքուի՝ մասնաւորապէս Ալիեւի կեղծ խաղաղութեան օրակարգը չափազանց կարճ տեւեց: Այսօր Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը ելոյթ է ունեցել Ատրպէյճանի գիտութիւնների ազգային ակադեմիայի 80-ամեակին նուիրուած միջոցառմանը եւ հերթական անգամ խեղաթիւրելով պատմական փաստերը, Հայաստանի Հանրապետութեան տարածքները ներկայացրել է՝ որպէս ատրպէյճանական:
Նա, մասնաւորապէս, ասել է, իբրեւ թէ ատրպէյճանցիները երբեք չեն տառապել «անջատողականութիւն հիւանդութեամբ», ընդհակառակը՝ նպաստել են այն երկրների պետականութեան զարգացմանը, որտեղ ապրել են։
Խօսելով Արցախի եւ, այսպէս կոչուած, «Արեւելեան Զանգեզուրի» մասին, նա նշել է, որ իբրեւ թէ տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփիւռքը խեղաթիւրել են Ատրպէյճանի պատմութիւնը, այդ քարոզչութիւնը շարունակւում է, ուստի իրենք պէտք է դրանց հակադարձեն իրենց «գիտական ճշմարտութիւններով»:
«Ատրպէյճանցիները պէտք է իմանան իրենց հարուստ պատմութիւնը, իրենց հին պետական աւանդոյթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է հսկայական տարածքներում, եւ ատրպէյճանցիները շարունակում են ապրել մեր ներկայիս սահմանների երկու կողմերում։ Ատրպէյճանցիները երբեք չեն տառապել «անջատողականութիւն հիւանդութեամբ». ընդհակառակը, նրանք նպաստում են այն երկրների պետականութեան զարգացմանը, որտեղ ապրում են։ Հետեւաբար, ատրպէյճանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպէտք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդէն ասել եմ. մենք պէտք է այնտեղ վերադառնանք ոչ թէ տանկերով, այլ մեքենաներով։ Եւ պետական մարմինները, եւ հասարակական կազմակերպութիւնները եւ, ի հարկէ, գիտնականները պէտք է աշխատեն այս ուղղութեամբ։
Գիտնականներն արդէն բազմաթիւ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց աւելին պէտք է լինի՝ գիտական հետազօտութիւններ, ցուցահանդէսներ, հրատարակութիւններ, պատմական քարտէսներ։ 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտէսները յստակ ցոյց են տալիս, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթէ բոլոր տեղանուններն ատրպէյճանական ծագում ունեն՝ Սեւանայ լիճ չկայ, կայ Գիոյճա լիճ։ Մենք չենք ստեղծել այս քարտէսները. դրանք կազմել է Ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից եւ Արեւելեան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտէսները արտացոլում են պատմական ճշմարտութիւնը։ Մենք պէտք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք», այսպիսի ձեւակերպումներով է հանդէս եկել Հայաստանի հետ իբրեւ թէ խաղաղութիւն հաստատած, սակայն համաձայնագիր չստորագրող Ատրպէյճանի ղեկավարը:
Այստեղ ուշագրաւն այն է, որ այս յայտարարութիւնները, որոնք ամենեւին նոր չեն հայ հասարակութեան համար, Ալիեւը կրկնում է նաեւ, այսպէս կոչուած, ձեռք բերուած «խաղաղութեան» ժամանակահատուածում: Առաւել ուշագրաւ է, որ ՀՀ իշխանութիւնները ներքաղաքական դաշտում ակտիւ օգտագործում են Ալիեւի յայտարարութիւններն այն մասին, թէ Հարաւային Կովկասում խաղաղութիւն է հաստատուել այն համատեքստում, որ ընդդիմութիւնը սխալւում էր, եւ, որ խաղաղութիւնից արդէն Ալիեւն է խօսում:
Եւ ահա, ՀՀ իշխանութիւնների այս էյֆորիայի ֆոնին Իլհամ Ալիեւը դեռեւս չստորագրուած, չամրագրուած «խաղաղութեան» պայմաններում յայտարարում է, որ ՀՀ տարածքում ապրել են ատրպէյճանցիներ, հայկական բնակավայրերն ունեն ատրպէյճանական անուանումներ, եւ, որ այս ուղղութեամբ Ատրպէյճանը խորացուած աշխատանք պէտք է տանի գիտականօրէն այս ամէնն ապացուցելու համար:
Սրանք ցոյց են տալիս Ատրպէյճանի իրական հեռահար նպատակները: Ալիեւի այս խօսքերը վկայում են, որ Պաքուի ռազմավարական մտածողութեան շրջանակում առանցքային են տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ եւ ռեւիզիոնիզմը։
Եւ սրանք ամենեւին էլ պատահական ձեւակերպումներ չեն․ դրանք քաղաքական ուղերձ են՝ ուղղուած թէ՛ ներքին լսարանին, թէ՛ արտաքին լսարանին, որին փորձելու են ապացուցել ՀՀ տարածքների, այսպէս կոչուած, ատրպէյճանական լինելը:
Սա հերթական անգամ ապացուցում է, որ «խաղաղութեան օրակարգը», որի մասին խօսում են Հայաստանի ու Ատրպէյճանի իշխանութիւնները, գոյութիւն չունի, Ատրպէյճանի դէպքում դա արտաքին փիառի եւ երբեմն որոշ արտաքին ճնշումներից խուսափելու գործիք է, քան քաղաքական նպատակ։
Ալիեւի իւրաքանչիւր յայտարարութիւն, քայլ ու որոշում ապացուցում է, որ Ատրպէյճանը պահպանում է նախկին ճնշման ու պատմական փաստերի մանիպուլիացիայի քաղաքականութիւնը՝ փորձելով ռեգիոնալ օրակարգ բերել նոր հակահայկական գաղափարներ։ Ստացւում է, որ տարածաշրջանում ձեւաւորուող «խաղաղութեան պատրանքն» իրականում ծածկում է նոր վտանգներ․ Պաքուն շարունակում է գաղափարական հող նախապատրաստել ապագայ պահանջների եւ հնարաւոր սադրանքների համար՝ փորձելով դրանք ներկայացնել պատմական արդարութեան վերականգնման անհրաժեշտութեան միջոցով։ Ալիեւը պարբերաբար յայտարարում է, որ Հայաստանը ճանաչել է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, բայց միեւնոյն ժամանակ իրեն թոյլ է տալիս մեկնաբանել Հայաստանի ինքնիշխան տարածքների պատմութիւնը՝ դրանք անուանելով «պատմական ատրպէյճանական հողեր»։
Այս երկակիութիւնը վկայում է, որ Պաքուն խաղաղութիւնը տեսնում է ոչ թէ հաւասար գործընկերների միջեւ համաձայնութեան, այլ Հայաստանի նկատմամբ վերահսկողութիւն հաստատելու գործընթացի տեսանկիւնից։
Բացի այդ, էական է նաեւ այն, որ Ատրպէյճանի պետական գաղափարախօսութիւնը կարծես հիմնուած է տարածքային կորուստների թեմայի վրայ, եւ եթէ այդ թեման դուրս գայ ներքին օրակարգից, Ալիեւի ռեժիմը կը կորցնի շատ էական ներքաղաքական լծակ։ Հետեւաբար՝ խաղաղութիւնը, որը ենթադրում է պատմական վէճերի փակման եւ փոխզիջման պատրաստակամութիւն, պարզապէս անհնար է այս գաղափարախօսութեան պայմաններում, ինչը նշանակում է, որ Ատրպէյճանի ռեժիմի ղեկավարը պարզապէս չի կարող հետաքրքրուած լինել ներկայիս, այսպէս կոչուած, խաղաղութեան օրակարգով:
Խաղաղութեան օրակարգի շրջանակում Ատրպէյճանը ոչ միայն ագրեսիւ հռետորաբանութեամբ է հանդէս գալիս, այլեւ չի իրականացնում ՀՀ-ին ընդառաջ տարրական մարդասիրական քայլ, չկայ իրական խաղաղութեան երկխօսութիւն, չեն վերադարձւում ռազմագերիներն ու բոլոր պահուող անձինք: Այս իրավիճակում խաղաղութեան օրակարգը վտանգաւոր պատրանք է, որը կարող է ցանկացած պահի վերածուել նոր ճնշման կամ տարածքային պահանջի։
Արաքս Մարտիրոսեան
«168.am»