Լիլիթ Գալստեան Ընտրուեցաւ ԵԱՀԿի Խորհրդարանական Վեհաժողովի Ընկերվարականներու Եւ Ընկերվար-Ժողովրդավարներու Խմբակցութեան Փոխնախագահ
Տապլինի մէջ տեղի ունեցող ԵԱՀԿի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան ընտրուեցաւ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան՝ Ընկերվարականներու եւ ընկերվար-ժողովրդավարներու խմբակցութեան (SDSP) փոխնախագահ:
Այս մասին տեղեկացուց Գալստեան՝ գրելով հետեւեալը. «Շատ պարտաւորեցնող է. շարունակելու եմ միջազգային հարթակներում եւ յատկապէս սոցիալիստների (ընկերվարականներու) մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը»:
Գալստեանի վերոյիշեալ աշնանային նստաշրջանին արտասանեց հետեւեալ խօսքը.
«Վերջին երեք տարիներին մշտապէս օգտագործել եմ այս հարթակը՝ բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախւում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ թէ արդեօք բաւարա՞ր են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձաւոր Արեւելքում, Արեւելեան Եվրոպայում կամ Հարաւային Կովկասում ծաւալուող աղէտները: Արդեօք մենք բաւարարո՞ւած ենք մեր կազմակերպութեան հեղինակութեամբ:
«Մէկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մէկի կողմից ցեղասպանական յանցագործութիւն է իրականացվել: Միջազգային դատարանի որոշումների բացայայտ ոտնահարումով՝ իննամսեայ դաժան շրջափակումից յետոյ, Ադրբեջանը ռազմական ագրեսիա (յարձակում) իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար եւ հիւծուած հայ բնակչութեան դէմ՝ ստիպելով աւելի քան 120,000 հայ ազգաբնակչութեանը հեռանալ հազարամեակների հայրենի հողից:
«Օրը ցերեկով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ ազգաբնակչութիւնն էթնիկական (ցեղային) զտման ենթարկուեց: Շատ միջազգային կազմակերպութիւններ այն որակեցին որպէս ցեղասպանութիւն՝ համաձայն Ցեղասպանութեան մասին կոնվենցիայի (պայմանադրութեան) II յօդուածի: Աւելին, Հայաստանի 205 քառ. կմ տարածքը ներկայումս օկուպացուած (գրաւուած) է ադրբեջանական ուժերի կողմից: Այս կազմակերպութիւնը լռում էր եւ շարունակում է լռել: Նաւթն ու գազը, քաղաքական նպատակայարմարութիւնն ու հեգեմոնիկ սխեմաները (գերիշխանական ուրուացիծերը) ներկայիս միջազգային քաղաքականութեան շարժիչ ուժերն են: Հելսինկեան եզրափակիչ ակտը վերածուել է անպէտք մի թղթի, որի բոլոր սկզբունքները անտեսուած են:
«Համատարած անպատժելիութեան մթնոլորտը Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր յանցագործութիւններ կատարելու համար:«Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարւում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարութեանը, այլեւ նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ եւ շինծու դատավարութիւններ:
«Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան համակարգուած ոչնչացման միջոցով Արցախից վերացնել եւ ջնջել հայկական հետքը: Եւ այս ցեղասպանական ակտը ներկայացւում է որպէս «Տարածքային ամբողջականութեան վերականգնում»:
«Յարգելի՛ գործընկերներ,
«Կոպիտ սխալ է ենթադրել, թէ ղարաբաղեան հակամարտութիւնը կարելի է լուծել հայ բնակչութեան եւ ինքնութեան վերացման միջոցով: Իր հեղինակութեանը հասցուած հարուածը շտկելու համար ԵԱՀԿն միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ապահովմամբ, պէտք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ վերադարձի իրաւունքի լիարժէք ապահովումը: Վերադարձի իրաւունքը մարդու հիմնարար իրաւունքն է, որն ուղղակիօրէն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանուած 150,000 հայերին: Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրաւունքից»:
Comments are closed.