Իրանում տեղի ունեցող իրադարձութիւնները տնտեսական ի՞նչ ազդեցութիւն կարող են ունենալ Հայաստանի վրայ

(Յատուկ «Հորիզոն»-ին)

ՅԱՍՄԻԿ ՊԱԼԷԵԱՆ

2026 թուականի յունուարի 21-ի դրութեամբ Իրանում իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ 2025 թուականի վերջին տեղի ունեցած ցոյցերի ընթացքում Իրանում քաղաքացիական անձինք եւ իրաւապահներ են զոհուել։ Զոհերի թիւը, սակայն, յայտնի չէ։ Պաշտօնական Թեհրանը զոհերի թիւը դեռ չի հրապարակել։

Յիշեցնենք՝ Իրանում 2025 թուականի դեկտեմբերի 28-ին սկիզբ առած բողոքի ցոյցերը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի ուշադրութեան կեդրոնում էին։ Ցոյցերը սկսուեցին իրանական թումանի կտրուկ արժեզրկման եւ հիպերինֆլիացիայի ֆոնին։ Սկզբում բողոքի ցոյցերի հիմնական պատճառն իրանական թումանի կտրուկ տատանումներն էին եւ դրանց ազդեցութիւնը մեծածախ ու մանրածախ գների վրայ, իսկ աւելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցոյցերը վերածուեցին ոստիկանութեան հետ բախումների։ Այնուհետեւ ցոյցերի ընթացքում հնչող կարգախօսները ստացան քաղաքական բնոյթ․ ցուցարարները դժգոհում էին Իրանում տիրող քաղաքականութիւնից: Իրանի գահընկեց շահի աքսորեալ որդին՝ ընդդիմութեան պայքարն առաջնորդող Ռեզա Պահլավին մեղադրում էր եւ շարունակում է մեղադրել Խամենէիին եւ կոչ անում տապալել նրա ու այաթոլանների իշխանութիւնը եւ վերադառնալ շահի օրօք եղած իշխանակարգին։ Գահընկեց շահի 68-ամեայ որդին՝ Պահլավին յայտարարել է, որ պատրաստ է անցումային կառավարութեան ղեկավարը դառնալ, ապա սահմանադրութեամբ ու հանրաքուէով որոշել՝ իրանցիները թագաւորակա՞ն, նախագահակա՞ն, թէ՞ վարչապետական համակարգ են ուզում ունենալ իրենց երկրում։

Յիշեցնենք՝ 1979 թուականին տեղի ունեցաւ Իսլամական Յեղափոխութիւնը։ Տապալուեցին Իրանի Պահլավական թագաւորական կարգերը, միապետութիւնը, շահ Մոհամմատ Ռեզա Պահլավիի իշխանութիւնը, ապա հաստատուեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլա Խոմէյնիի գլխաւորութեամբ։ Ցուցարարներին առաջնորդող Ռեզա Պահլավին շահ Մոհամմատ Ռեզա Պահլավիի որդին է։ Իրանում դեռեւս սահմանափակուած է համացանցի հասանելիութիւնը։

Իրանի գերագոյն առաջնորդ, Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ այաթոլլա Ալի Աեյէտ Խամենէին 2026 թուականի յունուարի 17-ին բնակչութեան տարբեր շերտերի հազարաւոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր․ «Վերջերս տեղի ունեցած ապստամբութիւնը ամերիկեան սադրանք էր, եւ Միացեալ Նահանգների նպատակն է կլանել Իրանը։ Մենք ԱՄՆ նախագահին մեղաւոր ենք համարում թէ՛ կորուստների, թէ՛ վնասի, թէ՛ Իրանի ժողովրդին ուղղուած իր զրպարտութեան համար։ Իրանի ժողովուրդը անկարգութեամբ կոտրել է իր մէջքը։ Իրանի ժողովուրդը հանգիստ չի թողնի թէ՛ ներքին, թէ՛ միջազգային յանցագործներին»:

2026 թուականի յունուարի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ապպաս Արաղչին եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերէշը հեռախօսազրոյց են ունեցել, քննարկել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները:

Արաղչին, նկարագրելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները, ընդգծել Է Իսրայէլի «անմիջական դերը զինուած ահաբեկիչներին զինելու եւ ԱՄՆ-ին աջակցելու գործում»։ Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ՄԱԿ-ին եւ գլխաւոր քարտուղարին դատապարտել երկրում ցոյցերի ընթացքում կատարուած յարձակումները իրաւապահ մարմինների եւ հասարակ մարդկանց դէմ: Նա մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայէլին՝ Իրանի ժողովրդի դէմ դաժան պատժամիջոցներ սահմանելու եւ հազարաւոր քաղաքացիների սպանութեան համար:

Կարեւորելով բոլոր պետութիւնների կողմից մարդու հիմնարար իրաւունքների յարգումը՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը դէմ է արտայայտուել երկրի ներքին գործերին ցանկացած միջամտութեան, ներառեալ՝ ռազմական միջամտութիւնը, եւ ընդգծել Է ՄԱԿ-ի Կանոնադրութեան սկզբունքների, մասնաւորապէս՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթոյլատրելիութիւնը:

Իրանում անկայունութիւնների աճն է՛լ աւելի կ’ընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը

«Հայաստանի Հանրապետութեան արտաքին անվտանգութեան ռիսկերի վերաբերեալ 2026 թուականի զեկոյցում նշւում է, որ 2026 թուականին Իսրայէլ-Իրան փոխադարձ հարուածների կրկնուելու ռիսկը կը պահպանուի՝ ընդլայնելով Հայաստանի անվտանգութեան խնդիրների շրջանակը։

«Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի յաջողութիւնը, ամենայն հաւանականութեամբ, էական նշանակութիւն կ’ունենայ Մերձաւոր Արեւելքի եւ արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղուող օրակարգերի նիւթականացման հարցում։ Իրանում անկայունութիւնների աճն է՛լ աւելի կ’ընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը»,- նշւում է զեկոյցում։

Իրանում տեղի ունեցող իրադարձութիւնների ազդեցութիւնը՝ Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրայ

Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները հաստատուել են 1992 թուականի փետրուարի 9-ին: Թեհրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը հիմնուել է 1992 թ. դեկտեմբերին: ՀՀ նախագահի 2024 թուականի հոկտեմբերի 31-ի հրամանագրով Գրիգոր Յակոբեանը նշանակուել է Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան:

2022 թուականի հոկտեմբերի 20-ին Կապանում հիմնուել է ԻԻՀ գլխաւոր հիւպատոսութիւնը: Երկու երկրների միջեւ հիմնարար փաստաթուղթը 1992 թ. փետրուարին ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների սկզբունքների եւ նպատակների մասին» հռչակագիրն է:

Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ձեւաւորուած է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ գործում են փոխյարաբերութիւնների գրեթէ բոլոր ոլորտներն ընդգրկող աւելի քան 190 միջազգային պայմանագիր, համաձայնագիր, յուշագիր եւ արձանագրութիւն։

Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանն է նորին գերազանցութիւն Մեհտի Սոպհանին (նստավայրը՝ Երեւան)։

Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանն է նորին գերազանցութիւն Գրիգոր Յակոբեանը (նստավայրը՝ Թեհրան)։

Հայաստան-իրան առեւտրատնտեսական կապերը

Երկու երկրների միջեւ համագործակցութիւնն ընթանում է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանութեան, միջմարզային, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում: Իրականացուած ծրագրերից են Արաքս գետի վրայ կառուցուած՝ Իրանը Հայաստանին կապող կամուրջը, Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, Իրան-Հայաստան կազատարը՝ ներմուծուած 1 խմ կազի դիմաց 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա փոխանակման ձեւաչափով, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին եւ 2-րդ գծերը, 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնւում են ընթացքի մէջ: Առեւտրատնտեսական կապերի զարգացման համար նպաստաւոր պայմաններից է զբօսաշրջութիւնը, որում գերակշռում են Իրանից Հայաստան ժամանումների ցուցանիշերը:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան հրապարակած տուեալների՝

Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը, «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում անդրադառնալով վերոնշեալ թեմային, ընդգծեց՝ Իրանը 1979 թուականից սկսած՝ գտնւում է տարբեր տնտեսական, քաղաքական պատժամիջոցների տակ, եւ նոյնիսկ այդ պատժամիջոցների պայմաններում բաւականին հետաքրիր, նշանակալից ձեռքբերումներ ունի։ Իրավիճակը վերջին երկու տարիների ընթացքում աւելի դժուարացաւ նրանց տնտեսութեան համար, քանի որ ամերիկեան կողմը նոր պատժամիջոցներ մտցրեց Իրանի տնտեսութեան նկատմամբ, ուստի աւելի կրճատուեց դէպի Իրան արտարժոյթի փոխանցումը, մասնաւորապէս՝ տնտեսական սանկցիաների տակ դրուեց Իրաք-Իրան էլեկտրաէներգիայի վաճառքը։

«Մինչեւ վերջերս Իրանն էլեկտրաէներգիա էր արտահանում Իրաք, իսկ Իրաքը դրա համար վճարում էր տոլարով։ Նման իրավիճակ կար նաեւ Իրան-Քաթար յարաբերութիւններում։ Քաթարը զեղչով կազ էր ձեռք բերում Իրանից եւ վճարում էր տոլարով․ այս գործարքները եւս բաւականին լուրջ պատժամիջոցների տակ դրուեցին։ Եւ ամենակարեւորը՝ 2025 թուականի յունիսին Իսրայէրի՝ Իրանի վրայ կատարած յարձակումից յետոյ Իրանը ստիպուած էր սկզբում աւելացնել ռազմական ծախսերը, Ռուսաստանից, Չինաստանից ձեռք բերել ՀՕՊ համակարգեր, որոնց համար վճարեց արտարժոյթով։ Այդ ամէնի արդիւնքում Իրանի տնտեսութեան ներսում գրանցուեց արտարժոյթի պակաս, որը յանգեցրեց փոխարժէքի աճի։ Մէկ տոլարի փոխարժէքը հասաւ 150 հազար թումանի, իսկ օրինակ, անցեալ տարի 1 տոլարն արժէր 70-80 հազար թուման։ Այս ամէնն իր ազդեցութիւնը թողեց Իրանի տնտեսութեան վրայ։ Ցոյցերը սկսուեցին հենց շուկայից, ապա տարածուեցին ողջ երկրով մէկ, քանի որ փոխարժէքի այս կտրուկ աճը յանգեցրեց մարդկանց կենսամակարդակի էական վատթարացման»,- մանրամասնեց Սուրէն Պարսեանը։

Ըստ տնտեսագէտի՝ Հայաստան-Իրան բաց սահմանների պարագայում, ցաւօք, մենք ունենք բաւականին համեստ արտահանման ծաւալներ, մասնաւորապէս՝ մօտ 100 միլիոն տոլարի սահմաններում է տատանւում, որը շատ փոքր է՝ հաշուի առնելով այն տնտեսական ներուժը, պայմանները, որ կան։

Սուրէն Պարսեանը շեշտեց՝ 100 միլիոն տոլարից մօտաւորապէս 60-70 միլիոն տոլարը էլեկտրաէներգիան է, որը Հայաստանն արտահանում է կազի դիմաց, այսինքն՝ մնում է մօտաւորապէս 30-40 տոլարի արտադրանք, որի մէջ տեսակարար մեծ կշիռ ունեն ծխախոտի, մսի, գիւղմթերքի, մետաղի ջարդոնի արտահանումը։

«Այսինքն՝ եթէ ռէալ նայենք, մենք Իրան արտահանում ենք մօտ 30-40 միլիոն տոլարի արտադրանք, մնացեալը էլեկտրաէներգիան է։ Իրանից մենք աւելի շատ ենք ներկրում․ մօտ 600 միլիոն տոլարի ներմուծում ենք անում․ մօտ 350 միլիոնը՝ կէսից աւելին, ներկրուող կազն է, յետոյ՝ շինանիւթերը, քիմիական նիւթերը, գիւղատնտեսական ապրանքները եւ այլն։ Այսինքն՝ Իրանի հետ առեւտրաշրջանառութիւնը մեզ համար բաւական համեստ է։ Իրանի հետ սերտ կապեր ունենալը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ տրանսպորտային տեսանկիւնից կարեւոր է, քանի որ Իրանը մեր Հարաւային դարպասն է։ Մենք ամէն ինչ պէտք է անենք, այդ դարպասը բաց պահելու համար»,- մասնաւորեցրեց Սուրէն Պարսեանը։

Հայաստանն Իրանի հետ ԵԱՏՄ շրջանակներում ունի ազատ առեւտրի համաձայնագիր, ուստի տնտեսագէտն ընդգծում է՝ Իրանը մեզ համար արտահանման մեծ հնարաւորութիւններ է տալիս։ Կազմակերպչական, տեխնիկական, տնտեսական որոշակի աշխատանքներ պէտք է կատարենք, որ է՛լ աւելի ակտիւ փոխգործակցութիւն ունենանք։

Առանձին ապրանքաշուկաների դէպքում Հայաստանն ունի բաւականին լուրջ կախուածութիւն իրանական տնտեսութիւնից

Վերջին շրջանում Իրանում տեղի ունեցած իրադարձութիւններով պայմանաւորուած՝ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութիւնը ժամանակաւորապէս դադարեցնել էր։ Իրանից հեղուկ կազ չի ներմուծուել Հայաստան, ուստի մեր երկրում ունենք հեղուկ կազի կտրուկ աճ։ Տնտեսագէտը բացատրեց՝ սովորաբար, ձմրան ամիսներին Ռուսաստանից հեղուկ կազի ներկրումը դանդաղում է կամ դժուարանում է Վերին Լարսի անցակէտի դժուարանցանելիութեան պատճառով, քանի որ ձնաբուք է լինում։ Ուստի, նման դէպքերում մենք զուգահեռ կիրառում ենք Իրանից՝ հեղուկ կազի ներմուծումը։ Հիմա, օրինակ, Իրանում քաղաքական իրավիճակը լարուել է, այնտեղից արտահանումը դադարել է, ու դա յանգեցրեց նրան, որ Հայաստանում հեղուկ կազի գները մէկ շաբաթուայ ընթացքում 30-40 տոկոսով թանկացան։

Տնտեսագէտը շեշտեց՝ առանձին ապրանքաշուկաների դէպքում Հայաստանն ունի բաւականին լուրջ կախուածութիւն իրանական տնտեսութիւնից։ Միայն կազի օրինակը չէ, ուրիշ ապրանքների դէպքում եւս կարող են նման խնդիրներ առաջանալ․ օրինակ՝ ցեմենտի կամ այլ շինանիւթերի պարագայում։ Պարզապէս ձմրան ամիսներին շինարարութեան ծաւալները մեծ չեն, մեծ պահանջարկ չկայ։ Մի շարք գիւղամթերքներ եւս գալիս են Իրանից․ դա եւս կարող է ազդեցութիւն թողնել Հայաստանի տնտեսութեան վրայ։

«Եթէ ուսումնասիրենք առանձին ապրանքային շուկաներ, կը տեսնենք, որ Իրանը որոշակի ազդեցութիւն ունի Հայաստանի շուկայի վրայ։ Ներկայում Իրանի ներքաղաքական վիճակը համեմատաբար կայուն է, վերսկսել են աշխատանքները, ակտիւ քաղաքական աշխատանքներ են տարւում ներքին լարուածութիւնը թուլացնելու համար, ու դա իր ազդեցութիւնը կը թողնի նաեւ տնտեսական լարուածութեան վրայ, այսինքն՝ տնտեսական լարուածութիւնը կը թուլանայ։ Կարծում եմ՝ մենք մօտակայ շաբաթների ընթացքում Իրանի հետ կը փորձենք վերականգնել նախկին ռեժիմը։ Նման իրավիճակ գրանցուել էր նաեւ 2025 թուականի յունիսին, երբ Իրանում պատերազմ էր։ Պատերազմից յետոյ՝ մօտ 3-2 շաբաթ անց, օդային փոխադրումները դադարեցին, յետոյ վերսկսեցին։ Կարծում եմ՝ այդ պարագայում էլ փոխադրումների վերականգնումը, արտահանման ու ներմուծման կապերի ակտիւացում կը լինի»,- նշեց Սուրէն Պարսեանը։

Զրոյցի վերջում տնտեսագէտն յիշեցրեց՝ ամերիկեան կողմը ճնշումները նուազեցրել է Իրանի նկատմամբ․ սա ազդակ է, քանի որ պատերազմի վտանգը այժմ հեռացել է տարածաշրջանից։

Բայց, այս ընթացքում, չնայած լարուածութեանը՝ Հայաստանի ու Իրանի միջեւ էլեկտրաէներգիա՝ կազի դիմաց փոխանակումը տեղի էր ունենում, այսինքն՝ Իրանից բնական կազի մատակարարումը կամ Հայաստանից էլկեկտրաէներգիայի արտահանումը չի դադարել։

Ի դէպ, սովորաբար, երբ Իրանը պատրաստւում է պատերազմի կամ որոշակի ռիսկի տակ է գտնւում, պաշար է հաւաքում, ուստի Հայաստանից դէպի Իրան արտահանումը բաւական ակտիւանում է (յատկապէս մսի արտահանումը)։ Իրանում միս-մսամթերք են կուտակում՝ հաշուի առնելով հնարաւոր վտանգները, ռիսկերը։ Ոչ միայն Հայաստանից, այլեւ տարբեր այլ երկրներից սկսում են սնունդ ներկրել, որպէսզի եթէ երկրում լարուածութիւն լինի եւ առեւտրաշրջանառութիւնը դադարեցուի, երկրում սննդի պաշարներ լինեն։

«Մենք Իրանի հետ ունենք ազատ առեւտրի համաձայնագիր, որը թոյլ է տալիս մի շարք ապրանքներ զրոյական մաքսատուրքերով արտահանել Իրան, օրինակ՝ ծխախոտ, մրգեր, չորամրգեր, տեքստիլ արտադրանք, շոկոլադ, որոշակի տեսակի տեխնիկական սարքաւորումներ, այսինքն՝ իրանական շուկան մեզ համար բաւական հետաքրքիր կարող է լինել»,- յաւելեց տնտեսագէտը։ Այսուհանդերձ, պէտք է նշել, որ իրանական շուկայում գների տատանումները, փոխարժէքի կտրուկ տատանումները Հայաստանից արտահանողների համար բաւականին ռիսկային է դառնում։ Այսինքն՝ իրենք ապրանքը կարող են ներմուծել Իրան, ենթադրենք, երբ մէկ տոլարի փոխարժէքը 120 հազար թուման է, մի քանի օրուայ ընթացքում 1 տոլարը դառնայ 150 թուման, եւ իրենք կորցնեն իրենց գումարը, սնանկանան։

«Իրանական շուկան այս փոխարժէքի հետ կապուած՝ բաւականին ռիսկային է։ Դրանից բացի՝ բաւականին խնդիրներ կան նաեւ փոխանցումների մասով։ Օրինակ՝ Հայաստանից Իրան ու հակառակ փոխանցումները բաւականին դժուար են․ դրանք իրականացւում են հիմնականում Մելլաթ բանկի կամ տարադրամի փոխանակման մասնաւոր կէտերի միջոցով։ Բայց իրանական շուկայական փոխարժէքն ու բանկային փոխարժէքը տարբեր են։ Օրինակ՝ ենթադրենք, շուկայում կարող է մէկ տոլարը լինել 150 հազար թուման, բայց եթէ բանկով փոխանցես, եւրօ ես հիմնականում կարողանում փոխանցել, լինի 100 հազար թուման, այսինքն՝ այս խնդիրը եւս Հայաստան-Իրան առեւտրատնտեսական յարաբերութիւններում կան։ Այլ խնդիրներ էլ կան անշուշտ, օրինակ՝ շուկաների մասին քիչ տեղեկացուածութիւնը, մեր տնտեսվարողների պասիւութիւնը, իրանական օրէնսդրութեան յաճախակի փոփոխութիւնները (խօսքը վերաբերում է նորմատիւային ակտերին), ապրանքների հալալ սերտիֆիկատ եւ այլն։ Այսպիսի հարցեր կան, որոնք կարելի է լուծել ցանկութեան դէպքում։ Վստահ եմ՝ երկրներն ունեն ցանկութիւն։ Խնդիրը կազմակերպական է, աշխատանքային է, որը պէտք է արագ լուծել»,- եզրափակեց տնտեսագէտ Սուրէն Պարսեանը։