Իսկ Կարաւանը Կը Շարունակի Իր Ճանապարհը
- (0)

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ
Նրանք, որոնք քիչ թէ շատ հետեւում են լրատուամիջոցների եւ ընկերային ցանցերի հրապարակումներին, նկատած կը լինեն վերջին շրջանում ծաւալուած հակադաշնակցական քարոզչութեան նոր ալիքը: Այս պղտոր ալեկոծութեան մէջ ներգրաւուած որոշ դերակատարների իսկ խոստովանութեամբ, գործընթացի դրդապատճառն ու նպատակն է ՀՅ Դաշնակցութեան առաջիկայ Ընդհանուր ժողովի գումարումը: Աւելի ստոյգ` անառողջ տրամադրութիւններ հրահրելու, գալիք ժողովի մթնոլորտի վրայ ազդելու ցանկութիւնը: Զարմանալի չէ երեւոյթը, եթէ յիշենք, որ անցած դարի 90-ականներին այդպիսի փորձեր էր ձեռնարկում նաեւ ՀՀՇ-ական իշխանութիւնը: Եթէ ուշադրութիւն դարձնենք, թէ ինչպէ՛ս է կազմակերպուած ու համադրուած, Հայաստանից ու արտերկրից ի՛նչ անձինք եւ ի՛նչ լրատուամիջոցներ են ներգրաւուած, կասկած չի յարուցում, որ «նախաձեռնութեան» հեղինակն այժմ եւս ՀՀ իշխանութիւնն է: Իսկ թէ ինչո՞ւ է ներքին ու արտաքին անյաղթահարելի հիմնահարցերի մէջ խրուած իշխանութիւնը ստանձնում այս անշնորհակալ գործը, նոյնպէս բարդ հանելուկ չէ` ապազգային այս իշխանութեան դէմ Հայաստանում ու սփիւռքում կանգնած գլխաւոր կազմակերպուած ուժը Դաշնակցութիւնն է: Փաշինեանական վարչակարգն իր իշխանութեան առաջին իսկ օրերից սկսեց հակադաշնակցական պայքարը` գնահատելով ազգային աւանդական կուսակցութեան ոչ միայն կազմակերպական, գաղափարական ներուժը, այլեւ` աշխարհասփիւռ բնոյթը: Դաշնակցութեան նկատմամբ այս իշխանութեան, այսպէս ասած, առաւելագոյն ծրագիրն էր կուսակցութեան ներսում ցանկալի չափով ազդեցութիւններ ձեւաւորելով` դուրս բերել նրան իր ազգային հունից եւ կցորդ դարձնել Նիկոլի անդունդ տանող սայլին:
Արդէն անցեալ դարձած այդ օրերին նայելով, ի հարկէ, կարելի է ծիծաղել նման «երազանքների» վրայ, բայց եւ չենք կարող չխոստովանել, որ յաջողուեց փոքր չափով ջուր պղտորել կուսակցութեան ներսում` վնասելով նրան… Ինչպէս մոծակը կարող է վնասել փղին: Սրանով հանդերձ, կուսակցութիւնը հակադաշնակցական քարոզչութեան թիրախից երբեք դուրս չմնաց, իսկ կուսակցութեան հերթական բարձրագոյն ժողովը, թերեւս, յոյս է արթնացրել մէկ անգամ եւս բախտը փորձելու: Իրավիճակը համարժէքօրէն գնահատելու համար պէտք է նկատի ունենալ, որ ժողովրդական դժգոհութեան հանդէպ իշխանութեան ամրութիւնը որքան ճաքեր տայ, այնքան սրուելու է ինքնապաշտպանական յարձակողապաշտութիւնը այն ուժի հանդէպ, որն անցնող տարիներին իր կազմակերպական ներուժով եղել է ժողովրդական ըմբոստութիւնների առանցքում եւ ոչ մի օր պայքարը չի դադարեցրել` փողոցից տեղափոխելով այն խորհրդարանական, քարոզչական եւ այլ հարթակներ: Իշխանութեան համար ոչ պակաս մարտահրաւէր է նաեւ Դաշնակցութեան ազգային կուռ եւ ամբողջական գաղափարախօսութիւնը` այն պայմաններում, երբ նա մտադիր է Հայաստանում հաստատելու, այսպէս կոչուած, «Իրական Հայաստան» անուամբ «Առաջնորդող գաղափարախօսութիւն», ինչը բխում է համաշխարհայնացման աշխարհաքաղաքացիական հիմքի վրայ կառուցուած թաւշեայ, գունաւոր յեղափոխութեան ապազգային եւ պարտուողական ծրագրից: Մի ծրագիր, ըստ որի, մերժւում են` Արցախը եւ սփիւռքը, պատմական հայրենիքը, եւ Հայոց ցեղասպանութեան իրողութիւնն ու ազգային յիշողութեան ու ինքնութեան միջուկը կազմող հոգեւոր-մշակութային արժէքների գոյութիւնը, եւ ճիգ է գործադրւում առաջնորդելու երկիրը դէպի արեւմտեան (իրականում` թուրք-ազրպէյճանական) ենթակայութիւն: Նիկոլ Փաշինեանը հասկանում է, որ Հայաստանում իր դաւադիր ծրագրերը կարող է ամբողջացնել, եթէ հասնի առնուազն ժողովրդի գաղափարաքաղաքական կրաւորականութեանը, իսկ դա հնարաւոր է նրա միջից քամել-հանելով ազգային հոգեկերտուածքն ու մտածողութիւնը, որի գլխաւոր կրողն էլ Դաշնակցութիւնն է (ըստ իր իսկ համոզման): Նոյնիսկ աւելին:
2025 թուականի փետրուարի 10-ին Փարիզում ելոյթ ունենալով փոքրաթիւ ֆրանսահայութեան առջեւ` Հայաստանի վարչապետն ասում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետութեան հիմնադրման օրից մենք չենք նկատել, որ Հայաստանում կայ ընդամէնը մէկ կուսակցութիւն, եւ էդ կուսակցութիւնը Հայ յեղափոխական դաշնակցութիւնն ա: Ֆորմալ եղել են այլ կուսակցութիւններ եւս, բայց իրականում եղել ա մէկ կուսակցութեան գաղափարախօսութիւն: Էն տարբերութեամբ, որ եղել ա Հայ յեղափոխական դաշնակցութիւն, Հայ յեղափոխական դաշնակցութիւն: Բայց եղել ա ՀՀՇ Հայ յեղափոխական դաշնակցութիւն, ԱԺՄ Հայ յեղափոխական դաշնակցութիւն, եղալ ա Քաղաքացիական պայմանագիր Հայ յեղափոխական դաշնակցութիւն: Այսինքն Հայաստանում գործող բոլոր կուսակցութիւնները գործել են Հայ յեղափոխական դաշնակցութեան գաղափարախօսութեան ներքոյ: Հարց ա ծագում` բա ինչի՞ մենք բոլորս չենք գնացել անդամագրուել, ինչը տրամաբանական կը լինէր, Հայ յեղափոխական դաշնակցութեանը: Ամենատարբեր պատճառներով` ՀՀՇ-ին թուացել ա, թէ ինքն աւելի լաւ դաշնակցական ա, քան` իսկական դաշնակցականները, ՔՊ-ին թուացել ա, թէ մենք աւելի լաւ դաշնակցականներ ենք, քան` իրական դաշնակցականները, բայց պատասխանելով էդ հարցին, թէ ի՛նչ գաղափար ա տրանսֆորմացւում, մենք իրականում եղել ենք «Քաղաքացիական պայմանագիր Հայ յեղափոխական դաշնակցութիւն»: Ընդ որում, մենք ունիկալ չենք էս ձեւի մէջ, Հայաստանում իշխած եւ խորհրդարանում տեղ գրաւած եւ Հայաստանում գործունէութիւն ծաւալած կուսակցութիւնները, մենք բոլորս, դուրս ենք եկել Հայ յեղափոխական դաշնակցութեան գաղափարախօսութիւնից, որն իրա հերթին առանձին պատմութիւն ա, թէ ի՛նչ ա եղել, ո՛նց ա եղել: Գաղափարական մեր տրանսֆորմացիան էդտեղից ա տեղի ունենում»: Այնուհետեւ նա շարադրում է, թէ, այսպէս ասած, հրաժարուելով Դաշնակցութեան գաղափարախօսութիւնից իրենք (ՔՊ-ն, Ա. Շ.) վերափոխում (տրանսֆորմացնում) են իրենց գաղափարախօսութիւնը «Իրական Հայաստանի» գաղափարախօսութեան:
Հայաստանի անկախացումից յետոյ, արցախեան պայքարի եւ անկախացման գործընթացի բովում ծնուած հայկական կուսակցութիւնները ազգային մտածողութեան եւ նպատակների ծնունդ էին, եւ ահա այս ազգային մտածողութիւնն է, որից խրտչում է համաշխարհայնացման վերազգային հովերից քշուած Փաշինեանը` խաչ տեսած սատանայի պէս բոլոր ազգային կուսակցութիւնների մէջ տեսնելով Դաշնակցութեանը:
Թերեւս նա դա որոշ չափով տեսնում է նաեւ երէկուայ Նիկոլի մէջ: Եւ ահա, այս աւանդական-արժէքային համակարգն ապազգային մտածողութեամբ վերափոխելու որդեգրած կռիւն էլ Նիկոլ Փաշինեանը դիտարկում է որպէս անընդհատելի կռիւ Դաշնակցութեան դէմ:
Իսկ ինչո՞ւ պետական համակարգի ուժով ՀՅԴ-ին ճակատից հարուածելու փոխարէն` այսօրուայ հակադաշնակցականութիւնը պիտի փորձի այդ բերդի դռները ներսից բացել: Փաշինեանը նախորդների փորձից լաւ գիտէ, որ Դաշնակցութեան բերդը դրսից խորտակելն անհնարին է: Մօտ 25 տարի առաջ այդ կռուի մէջ ջախջախուեց ՀՀՇ-ն: Անգամ պոլշեւիկներն իրենց յաղթութեան օրերին հասկացել էին դա, եւ բոլոր սպանութիւններից ու հալածանքներից յետոյ անհնարին համարեցին բռնութեան ճանապարհով Դաշնակցութեանը ոչնչացնելը, որովհետեւ Դաշնակցութիւն նշանակում է իր պատմական-հոգեւոր-մշակութային ինքնութեանը կառչած, հայրենիքը սիրող եւ այդ հայրենիքի համար ամէն ինչի պատրաստ հայ մարդ, ում մարմինը կարելի է բանտել, սպաննել, բայց միտքն ու հոգին` ոչ: Հայաստանի պոլշեւիկեան իշխանութիւնը 1923 թուականին կազմակերպեց «Հայաստանի նախկին դաշնակցականների համագումարը» (ՀՅԴ Լիկվիդացիայի համագումար) (Դաշնակցութեան որեւէ ժողով երբեք համագումար չի կոչուել) եւ այդ ֆարսի ժամանակ, իբրեւ թէ այն նախաձեռնած` արդէն նախկին դաշնակցականները յայտարարեցին կուսակցութեան լուծարման մասին: Նշենք, որ ի հարկէ սրանով էլ չյաջողուեց անգամ պոլշեւիկեան ամբողջատիրութեան ժամանակ հաշուեյարդար տեսնել Դաշնակցութեան հետ: 1924 թ. նոյեմբեր – 1925 թուականի յունուար ամիսներին Փարիզում կայացած կուսակցութեան 10-րդ Ընդհանուր ժողովից յետոյ Դաշնակցութիւնը կրկին ոտքի կանգնեց ու հզօրացաւ Հայաստանում` ունակ դառնալով ընդհուպ նոր ապստամբութիւններ կազմակերպելու, եւ միայն 1933 թուականին տեղի ունեցած 12-րդ Ընդհանուր ժողովում է որոշւում դադարեցնել հայաստանեան գործունէութիւնը: Պարտադրուած այս քայլի նպատակն էր թոյլ չտալը, որ թափ առնող ստալինեան մսաղացը, Դաշնակցութեան դէմ պայքարի անուան տակ, հայ ժողովրդի գլխին նոր աղէտ չբերէր:
Մեր այս շարադրածից պէտք չէ տպաւորութիւն ստեղծուի, թէ այսօր այնպիսի մի հակադաշնակցական ուժ է գործում, որն առաջիկայում կարող է ինչ-որ վնաս հասցնել կուսակցութեանը, կամ ինչ-որ չափով խոչընդոտել նրա գործերի ընթացքին: Հակառակը, նախապատրաստական ժողովների ընթացքն իսկ յուշում է, որ գալիք բարձրագոյն ժողովն անցնելու է նոյնքան սահուն եւ կուսակցութեան աւանդական գործելակերպի շրջանակում:
Նոյն տրամաբանութեանն է առնչւում նաեւ անդրադարձը դարից աւելի ձգուող հակադաշնակցական քարոզչական մարտավարութեանը: Եթէ փոքր-ինչ անդրադառնանք պատմութեանը, կը տեսնենք, որ այդ քարոզչութեան գլխաւոր թիրախներից մէկը եղել եւ մնում է կուսակցութեան ղեկավարութեան դէմ ուղղուած լայնածաւալ քննադատութիւնը: Երբեմն խաբուսիկ հնարք բանեցնելով, թէ իբր կուսակցութեան եւ նրա վարկով մտահոգ մարդիկ փորձում են նրա պարզ անդամներին պաշտպանել «վատ» ղեկավարութիւնից, նպատակ է հետապնդւում հարուածել կուսակցութեան «գլխին»: Եւ նոյնը կրկնուել է սկսած 19-րդ դարից մինչեւ պոլշեւիկեան գաղափարական արշաւի, 1970-ականների սփիւռքեան վայրիվերումներից, ապա Հայաստանի վերանկախացման շրջանից մինչեւ մեր օրեր:
Որպէս ծանօթ օրինակ` ներկայացնենք, մէկ փաստ, թէ ինչպէ՛ս էին խորհրդային ծառայութիւնները փորձում վարկաբեկել եւ կազմալուծել Դաշնակցութիւնը. «Թեհրանում ԽՍՀՄ դեսպանութեան գաղտնի Բիւլետենից` Պարսկաստանում Դաշնակցութիւնը կազմալուծելու ուղղութեամբ տարուող աշխատանքի մասին:
25 օգոստոսի 1925թ.*
Թեհրան
«Տեղական դաշնակցականների շրջանում զգացւում է որոշ իրարանցում: Նրանց կարծիքով, 10-րդ համագումարի որոշումները կուսակցութիւնը դուրս են բերել փակուղուց: Դատելով թերթերից` նոյն իրարանցումը նկատւում է եւ արտասահմանեան այլ գաղութներում, որտեղ կան դաշնակցական կազմակերպութիւններ: Թեհրանի Կենտկոմը սկսել է պարբերաբար հրահանգներ ստանալ Փարիզից, մի կապ, որը նախկինում բաւական թոյլ էր պահպանւում:
«Այդ կապակցութեամբ Ղազուինից Թեհրան ժամանած բժիշկ Ա. Ղազարեանի ելոյթը, կուսակցութեան 10-րդ համագումարի քննադատութեամբ, եւ Թեհրանում նրա հրատարակած «Գաղափար» թերթի երկու համարները, թերթ, որի ուղղութիւնը բաւական ցցուն արտայայտուած է թերթի առաջին համարի «Մեր ուղին» առաջնորդողում, դաշնակցականների շարքերում առաջացրել են ուժեղ չարութիւն բժշկի դէմ:
«Սակայն թերթը մեծ համակրութեամբ է ընդունել այն անկուսակցական զանգուածը, որն առաջ ուղղակի կամ անուղղակի դաշնակցականների նեցուկն էր: Այդ է առայժմ Ղազարեանի աշխատանքի արդիւնքը: Կը յաջողուի՞ արդեօք նրան պառակտել դաշնակցականներին, ցոյց կը տայ մօտակայ ժամանակը: Յամենայն դէպս նրա կողմնորոշումը դէպի Խորհրդային Հայաստան, գունազարդուած ազգայնականութեամբ, ոչ միայն անկուսակցականների, այլեւ դաշնակցական երիտասարդութեան ճաշակով է, որը հետաքրքրութեամբ է սպասում թերթի հերթական համարին:
ՀՀ ՆՊՊԱ, Ֆ. 113, գ. 362, թ. 31-32 Թարգմ ռուս.»:
Վ. Ն. Ղազախեցեան, «Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ», էջ 312, Երեւան, 1999
(Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու)
«Չեկիստ Գ. Ս. Ագաբեկովի գրքից արտասահմանում ՀՅԴ
կազմալուծման մասին
Յուլիս-օգոստոս 1930 թ.
Փարիզ
«… ՊՔՎ-ն առաջադրանք էր ստացել քայքայել Դաշնակցութիւն կուսակցութիւնը, շարքայիններին կտրել վերիններից եւ շրջել խորհրդային իշխանութեան կողմը: Այդ խնդիրն իրականացնելու համար Թեհրանում հաւաքագրեցինք կուսակցութեան հին անդամ բժիշկ Ղազարեանին, որը երկար ժամանակ եղել է Կենտկոմի անդամ եւ նրան համոզեցինք թերթ հրատարակել հայերէն լեզուով: Բժիշկը թերթում զարգացնում էր Խորհրդային Հայաստանին օգնելու գաղափարը, իր յօդուածներով կազմալուծում դաշնակների կուսակցութիւնը եւ նրանից կտրում շարքային անդամներին: Կուսակցութեան մէջ նրա նախկին դիրքը եւ անձնական հեղինակութիւնը նպաստում էին, որ դաշնակների կուսակցութեան շատ շարքայիններ հետեւէին նրա օրինակին եւ սկսէին անցնել խորհրդային իշխանութեան կողմը:
«Երկու տարի Ղազարեանը հրատարակում էր «Գաղափար» թերթը: Այդ գործի դիմաց նա բժշկական աշխատանքի ընդունուեց խորհրդային հիւանդանոցում, իսկ նրա աղջիկը դասաւորուեց խորհրդային տնտեսական հիմնարկներից մէկում: Բացի այդ, թերթը խմբագրելու համար նրան ամսական վճարւում էր 100 տոլար: Թերթը քարոզչական նպատակներով տարածւում էր ձրի եւ ամսական բերում 300 տոլարի վնաս, ուստի 1927 թ. վերջին որոշուեց այն փակել, առաւել եւս, որ այդ ժամանակ կուսակցութեան մէջ Ղազարեանի հեղինակութիւնը լրիւ ընկել էր:
«Հայերի հասարակական կարծիքի մշակմանն էր ծառայում նաեւ Հայաստանի օգնութեան կոմիտէն (ՀՕԿ)…»:
***
Գ. Ս. Ագաբեկով, ՊՔՎ (Չեկիստի գրառումները), «Ստրելա» հրատ., 1930, էջ 115-116, 219, 248: Թարգմ. ռուս.»:
Վ. Ն. Ղազախեցեան, «Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ», էջ 319-320, Երեւան, 1999
(Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու)
Ինչպէս վերը նշեցինք, հաւանաբար ընթերցողը որոշ զուգահեռներ կը տեսնի այն եւ այս տխուր ժամանակների միջեւ, երբ Հայաստանը ղեկավարում էին օտարի դրածոյ եւ պառակտիչ ուժերը:
Այսօրուայ հակադաշնակցական քարոզչութեան փճացած սկաւառակը շարունակում է կրկնել Դաշնակցութեան ներքին ճգնաժամի, թուլացման եւ նման բաների մասին: Եթէ այդ ամէնը ճիշդ լինէր, օրինակ` ՀՀՇ-ի ժամանակներում, ապա վաղուց արդէն ՀՅԴ-ի ոդիսականն աւարտուած պէտք էր լինէր, բայց ո՞ւմ է զիջում արդեօք այսօր կուսակցութիւնը` խորհրդարանում, ժողովրդային տարբեր հարթակներում իրականացրած գործունէութեամբ: Կա՞յ մէկ նշան, որը կը վկայէր Հայաստանում կուսակցութեան «ծանր» կացութեան մասին: Իր բազմահազար անդամներով արդեօ՞ք կուսակցական կառոյցը չի գործում անդադրում ու կազմակերպուած ձեւով: Իսկ իրականում կա՞ն դժգոհութիւններ կուսակցութեան շարքերում: Այո՛, կան, եւ` ոչ միայն շարքերում, այլեւ` ներքեւից վերեւ բոլոր մակարդակի մարմիններում: Դաշնակցութիւնը չի կարող բաւարարուած լինել ինքն իր գործունէութիւնից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի մաքրուի ազգային շահերից հեռացած, թրքական օրակարգեր սպասարկող իշխանութեան թունաւոր շնչից: Կասկած չկայ, որ Հայաստանի ներկայ կացութիւնն ու վտանգաւոր հեռանկարը, կորսուած Արցախի հիմնահարցը` կը լինեն առանցքային քննարկման նիւթը Դաշնակցութեան առաջիկայ Ընդհանուր ժողովում: Իսկ եթէ այդպէս չլինի, դա կը նշանակի, որ Դաշնակցութիւնը իսկապէս հեռացել է ինքն իրենից:
Եւ վերջում եւս մէկ տխուր կամ զաւեշտալի իրողութիւն հակադաշնակցական անմաքուր պայքարի մէջ ներգրաւուած, երկու ձեռքի մատների վրայ հաշուող մարդկանց թուում, մէկ ձեռքի վրայ հաշուող նախկին դաշնակցականների մասին: Անցնող երեք ու կէս տասնամեակների ընթացքում որոշ թուով մարդկանց կապը խզուել է կուսակցութիւնից: Պատճառները եղել են տարբեր` կազմակերպական խնդիրներ, առաջացած տարիք, անձնական կեանքի յարուցած դժուարութիւններ եւ, ի վերջոյ, աւարտը այն ժամանակաշրջանի, երբ գրեթէ իւրաքանչիւր հայաստանցի ձգտում էր Արցախի ու Հայաստանի վերածնութեան պայքարի բովում դրսեւորել քաղաքական կամ հասարակական գործունէութիւն: Ասպարէզում մնացին նրանք, որոնք հակում ունէին կուսակցական-քաղաքական կեանքի ու աշխատանքների նկատմամբ (թէեւ, այս առումով, հայաստանեան իրականութեան մէջ այս երեւոյթը ամենաքիչ զգալի եղաւ Դաշնակցութեան դէպքում):
Նրանք, որոնք բաժանուեցին կուսակցութիւնից, հիմնականում պահպանեցին փոխադարձ յարգանքը կուսակցութեան նկատմամբ, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով կուսակցական գործունէութեան դադարեցումը չի կարող նշանակել` հեռացում քո մէջ եղած հայրենասիրութիւնից, Հայ դատից եւ պահանջատիրութիւնից, պատմական յիշողութիւնից, հայ ժողովրդի հիմնարար արժէքների եւ պահանջների նկատմամբ վերաբերմունքից` ինքդ քեզնից: Թերեւս այդ պատճառով էլ կէս-կատակ կէս-լուրջ շրջանառութեան մէջ մտաւ այն միտքը, թէ նախկին դաշնակցականներ չեն լինում: Իսկ հիմա պատկերացրէք, որ մարդիկ ՀՀՇ-ական իշխանութեան օրօք տարիներ շարունակ համախոհ են եղել, ելոյթներ են ունեցել, յօդուածներ են գրել, պայքարել են Արցախի ազատագրման, Հայոց ցեղասպանութեան ճանաչման, Հայ դատի, ազգային արժէքների համար, իսկ հիմա յարմար տեղաւորուել են այն իշխանութեան տաքուկ ծալքերում, որը յանձնեց Արցախը, որը հրաժարուել է` Հայոց ցեղասպանութեան հարցից, պատմական հայրենիքի իրողութիւնից, սփիւռքից, ազգային արժէքներից, մայր եկեղեցուց:
Յանձնում է Հայաստանի ռազմավարական տարածքները եւ ծառայամտօրէն կատարում է թուրք-ազրպէյճանական դաշինքի բոլոր պահանջները, նոր սահմանադրութիւն պարտադրելով` պատրաստւում է տապալել Հայաստանի պետական կարգը: Այս մարդիկ, որոնց այսօրուայ խիստ մտահոգութիւնը ոչ թէ այս հարցերն են, այլ` Դաշնակցութեան ներքին վիճակը, իրենց կեանքի ո՞ր կէսում են սխալ եղել եւ ո՞ր հատուածում ճիշդ` ըստ իրենց: Ես իրենց ասելիք չունեմ, բայց կ’առաջարկեմ, որ կանգնեն հայելու առաջ եւ իրենց համարած ճիշդ կէսը թող թքի սխալ կէսի` իր դաւաճան կէսի երեսին:
Հա՛, իսկ առաջիկայում, ինչպէս ասացինք, մեզ սպասւում է Դաշնակցութեան յագեցած Ընդհանուր ժողովը, որի բնական ընթացքին չի կարող խանգարել ոչինչ:
*Դեսպանութեան հայկական գործերի գծով քարտուղար Ս. Առաքելեանի կողմից փաստաթուղթը ՀԽՍՀ ժողկոմխորհ ուղարկելու ժամանակը: Բիւլետենն ընդգրկում է 1925 թ. յունիս-յուլիս ամիսների ժամանակաշրջանը: