Իշխան Սաղաթէլեան. «Փաշինեանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սիւնիքով միջանցք տրամադրել Ատրպէյճանին»
- (0)

«Նիկոլ Փաշինեանն այսօր վերջնականապէս բացայայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի եւ միւս ընդդիմադիր գործիչների դէմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշուարկներ չեն, դրանք պայմանաւորուած են Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ ձեռք բերուած նոր համաձայնութիւններով»։ Այս մասին ֆէյսպուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի հարցազրոյցում հնչած մտքերին:
«Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնուած է հերթական զիջումը՝ այս անգամ Սիւնիքը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի տեսքով։
Այսօր Փաշինեանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սիւնիքով միջանցք տրամադրել Ատրպէյճանին (մինչեւ հիմա հերքում էին)։
Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանութիւնն ու իրաւազօրութիւնը լինելու են սահմանափակ։ Սա Էրտողանի նշած՝ «աւելի ճկուն մօտեցման» բովանդակութիւնն է։
Սա Մաքրոնի եւ Արեւմուտքի կողմից խրախուսուած աւելի խիզախ քայլերի պտուղներն է։
Միջանցք՝ թուրք-ատրպէյճանական տանդեմի համար, զիջում՝ դարձեալ ոչնչի դիմաց։
Սակայն, սա զուտ ներհայաստանեան հարց չէ, սա նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։
Յատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլեւ ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանման ուղենիշներին:
Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով՝ ոչ թէ կայունութիւն ու խաղաղութիւն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնութիւնների ու անկայանութեան նոր շղթայի՝ անկախատեսելի հետեւանքներով։
Շատ յստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկուող «ամերիկեան», «եւրոպական» ընկերութիւնների անուններն ընդամէնը խայծ են՝ տպաւորութիւն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխաւոր շահառուն Թուրքիան ու Ատրպէյճանը չեն։
Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ատրպէյճանի վերհսկողութեան բոլոր բացասական հետեւանքներն ուղիղ իրենց վրայ։ Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սիւնիք միայն վատթարացնելու է այս վիճակը։
Ուզում եմ նաեւ յստակ ասել. անկախ մեր նակատմամբ իրակնացուող բռնաճնշումներից, բանտարկութիւններից, հեղինակազրկմանն ուղղուած արշաւներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թուրքացման այս ծրագրի դէմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։
Մենք անելու ենք մեզնից կախուած ամէնը՝ Հայաստանը թուրքական վիլայէթի վերածելու ծրագրի խափանման համար», գրել է նա։