Իշխան Սաղաթէլեանի պատասխանը Սոլովիովին եւ ՀՀ իշխանութիւններուն
- (0)

Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի դատապարտումը՝ Ռուսիոյ կողմէ Հայաստանի դէմ յատուկ ռազմական գործողութիւն սկսելու մասին Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովիովի յայտարարութեան եւ ՀՀ իշխանութիւններու որդեգրած երկակի դիրքորոշման մասին։
«Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան դէմ ուղղուած ցանկացած խօսք կամ գործողութիւն՝ անկախ նրանից, թէ որտեղից է այն հնչում։
Իսկ դուք (ՀՀ իշխանութիւն-խմբ.) պատրա՞ստ էք նոյն խստութեամբ արձագանգել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաեւ այն պաշտօնեաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախաւորում եւ սպառնում են Հայաստանին։
Դուք ամբողջ ուժով դատապարտում էք ռուս վերլուծաբանի մէկ յայտարարութիւն, բայց տարիներ շարունակ լուռ էք Ատրպէյճանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների ուղիղ սպառնալիքների հանդէպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու բացայայտ միջամտում մեր ներքին գործերին։
Դուք մի կողմից խնդրում էք արտաքին ուժերին ուղիղ ներգրաւուել ընտրական գործընթացներին, միւս կողմից մէկ վերլուծաբանի խօսքը ներկայացնում էք որպէս ինքնիշխանութեան դէմ յարձակում։
Այնպէս որ, մի կողմ թողէք երեսպաշտութիւնը, դուք խնդիր չունէք արտաքին միջամտութեան հետ, դուք այդ միջամտութեան ե՛ւ պատճառն էք, ե՛ւ սնուցող աղբիւրը։»
Իշխան Սաղաթէլեան