Ինչպէ՞ս պատերազմը կը վերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը
Արցախեան երկրորդ պատերազմը դարձաւ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետութեան համար։ 1991թ․-ին անկախութիւնը յաջորդեց արցախեան շարժմանը, պետութիւնը կազմաւորուեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետութիւնը պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրեայ պատերազմի արդիւնքները փոխեցին այն իրականութիւնը, որի հիման վրայ գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ, Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականութիւնը գործելու է տրամագծօրէն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտութիւն կայ վերանայել արտաքին քաղաքականութեան առանցքային դրոյթները:
Սեպտեմբերի 27-ից առաջ
Անկախութիւնից յետոյ Հայաստանի արտաքին քաղաքականութեան որոշիչ գործօնը եղել է ղարաբաղեան հակամարտութիւնը և դրանից բխող անվտանգային խնդիրները, որոնցից էլ ածանցուել են մեր առաջնահերթութիւնները և արտաքին աշխարհի հետ յարաբերման սկզբունքները: Ղարաբաղեան խնդրով են պայմանաւորուել անմիջական երկու հարևանների հետ կոնֆլիկտային յարաբերութիւնները, մեծ տէրութիւններից մէկի հետ դաշնակցային յարաբերութիւններ ունենալու անհրաժեշութիւնը և վերջինի հետևանքով միջազգային քաղաքականութեան մէջ ուժային կենտրոններից մէկի հետ մերձենալու պարտադրանքը։
Հայաստան-Ռուսաստան
Անհաւասար ռեսուրսային պայքարի մէջ յայտնուած Հայաստանը առաջինն էր, որ ողջունեց Ռուսաստանի վերադարձը հարաւային Կովկաս: Հայկական կողմը 1992-1994թթ.-ի պատերազմի կարիքների զգալի մասը լուծեց արագ կողմնորոշուելու և Ռուսաստանից անհրաժեշտ օգնութիւն ստանալու միջոցով: Հայաստանը առաջինն էր, որ թոյլատրեց պահպանել ռուսական ռազմաբազան, կնքեց 1997թ.-ի բարեկամութեան և փոխօգնութեան դաշնագիրը: Հակամարտութեան առկայութիւնը ստիպեց Հայաստանին անդամակցել Ռուսաստանի տարբեր ինտեգրացիոն ծրագրերին՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Թէև տարիների շարունակ փորձ էր արւում հաւասարապէս բարենպաստ յարաբերութիւններ կառուցել նաև արևմտեան երկրների հետ, սակայն Հայաստանը գտնւում էր Մոսկուայի հետ միասին մէկ բլոկում։
Հայաստան-Արևմուտք
Եթէ Հայաստանը Ռուսաստանի միջոցով ապահովում էր իր անվտանգութիւնը, ապա արևմտեան երկրների հետ յարաբերութիւնների օրակարգը հիմնականում կենտրոնացած էր ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրաւունքերի պաշտպանութեան և ֆինանսական աջակցութեան շուրջ։ Հայաստանն այդ աջակցութեան շնորհիւ փորձում էր արդիականացնել հանրային և մասնաւոր ինստիտուտները։ Հայաստանը Արևմուտքի ազդեցութիւնը փորձել է օգտագործել նաև ղարաբաղեան բանակցութիւններում։ Մինսկի խմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայութիւնը և այդ երկրներում հայկական ազդեցիկ սփիւռքի առկայութիւնը կարևոր դեր են ունեցել կոնֆլիկտի վերաբերեալ հայանպաստ մօտեցումների ձևաւորման համար։ Հայաստանը նաև օգտագործել է Արևմուտքի գործօնը որպէս փոխլրացնող, երբեմն նաև զսպող գործօն Ռուսաստանի հետ յարաբերութիւններում։
Թուրքիայի գործօնը
Ղարաբաղեան հակամարտութիւնը եղել է որոշիչ հայ-թուրքական յարաբերութիւններում։ Արցախեան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993թ.-ին, Թուրքիան փակեց ՀՀ-ի հետ սահմանը, իսկ 2008թ.-ին սկիզբ առած հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալուեց հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը հրաժարուեց ընդունել ղարաբաղեան հարցում զիջումներ անելու թուրքական նախապայմանները: Բացի այդ, անկախութեան ողջ ընթացքում թուրքական վտանգը Հայաստանին ստիպեց հաւասարակշռել վերջինս Ռուսաստանի հետ դաշնակցութեան միջոցով:
Պատերազմից յետոյ
Երկրորդ արցախեան պատերազմից յետոյ հողի վրայ ձևաւորուել է նոր իրականութիւն, ինչը պէտք է լինի արտաքին քաղաքականութեան մշակման առանցքում։
- Հայաստանի կախուածութիւնը Ռուսաստանից մեծացել է: Ղարաբաղի անվտանգութիւնը ներկայումս մեծաւմասամբ կախուած է ռուսական խաղաղապահներից: Պատերազմը ցոյց տուեց, որ սեփական անվտագութիւնը ապահովեու համար Հայաստանին գործօն աջակցութիւն ցոյց տուեց միայն Մոսկուան։
- Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում մեծացել է։ Թէև տարածաշրջանում հաղորդակցութիւնների բացման հեռանկարի առկայութեանը, Թուրքիան առաւել քան երբևէ ուղղակի սպառնալիք է դարձել Հայաստանի համար։
- Արևմուտքի ազդեցութիւնը էապէս նուազել է տարածաշրջանում ՝ ի հաշիւ ռուս-թուրքականի: ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է հողի վրայ իրականութիւնը փոխելու հնարաւորութիւնը։
Այնուամենայնիւ, Հայաստանի արտաքին քաղաքականութեան որոշիչ գործօնը շարունակելու է մնալ Արցախի շուրջ հակամարտութիւնը: Արցախի ճակատագրի հարցը դեռ առկախուած է, և անհրաժեշտ է վերլուծել, թէ ինչ իրավիճակ է ստեղծուել ղարաբաղեան հակամարտութեան շուրջ նոյեմբերի 10-ից յետոյ։
- Հակամարտութեան միջազգային շրջանակաւորումը (framework) կերպափոխուեց: Սկսած 1992 թուականից հակամարտութեան և բանակցային գործընթացում ներգրաւուած էին բազմաթիւ այլ պետութիւններ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Թուրքիա, Իրան և այլն: Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ հակամարտութեան վրայ ունեցած ազդեցութեամբ Ռուսասատանը և Թուրքիան առաջնային դեր ստանձնեցին։ Արևմտեան երկրները կտրուած մնացին ընթացող գործընթացներից, իսկ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ընկալուեց որպէս ռուս-թուրքական համաձայնութեան արդիւնք, թէև Թուրքիան որևէ կերպ յիշատակուած չէր տեքստում։ Սա հարուածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որի պահպանումը բխում էր Հայաստանի շահերից:
- Փոխուեց հակամարտող կողմերի ուժային հաւասարակշռութիւնը։ Եթէ նախկինում Հայաստանը յաղթած կողմն էր, ապա այսօր հակառակն է։ Հայկական կողմի հիմնական նպատակը՝ Արցախի կարգավիճակի հարցը ներկայ դիրքերից եթէ ոչ անհնար, ապա բաւական դժուար է լուծել։ Այս փաստը պատկերաւոր արտայայտուեց Արցախի կարգավիճակի մասին Իլհամ Ալիևի յայտնի արհամարհական արտայայտութեան մէջ։
- Ստեղծուել է մի իրավիճակ, որում կողմերը կարճաժամկէտ հեռանկարում շահագրգռուած չեն կարգավիճակի հարցի լուծմամբ կամ նոր պատերազմով: Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ կիսալուծման կողմնակից է, ինչը հնարաւորութիւն է տալիս փակել հակամարտութեան ռազմական փուլը, սակայն իսպառ չվերացնել խաղաղապահներ ունենալու «պատճառը»: Ալիևը շահագրգռուած չէ, քանի որ բաւարարուած է իր ձեռքբերումներով, որոնցով կարող է դեռ երկար տարիներ պահել իր իշխանութիւնը: Հայաստանը շահագրգգռուած չէ, քանի որ հիւծուած է և պարտուած, իսկ ներկայ պահին կարգավիճակի հարցի որոշումը չի լինելու մեզ ձեռնտու պայմաններով: Հայաստանի համար առանցքայինը արցախահայութեան անվտանգութիւնն է, որը կապահովուի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կարող է և պատրաստակամ է այնտեղ ունենալ խաղաղապահներ։ Եւ ի վերջոյ, կարգավիճակի շուրջ կողմերի կարմիր գծերը փոխբացառող են, ուստի բոլորը հասկանում են, որ կարգավիճակի թեման սրելու է իրավիճակը:
Նոր արտաքին քաղաքականութիւ՞ն
Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն այլևս գործելու է փոփոխուած տարածաշրջանային միջավայրում: Հարաւային Կովկասի համար գլոբալ մրցակցութիւնը վերափոխուել է տարածաշրջանային մրցակցութեան: Արտաքին քաղաքականութեան մէջ պէտք է թուլանայ աւանդական «փոխլրացնող» կամ «և՛-և՛»-ի քաղաքականութիւնը: Վեկտորները հիմնականում պէտք է ուղղուեն Ռուսաստանի հետ յարաբերութիւների խորացմանը և հարևան երկրների հետ փոխգործակցութեան որակական փոփոխութիւններին։
Թուրքիային և Ադրբեջանին դիմակայելու համար Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնների նոր որակի ստեղծումը առանցքային դեր ունի Հայաստանի համար։ Այդ որակը պէտք է կառուցուի հայ-ռուսական շահերի այնպիսի համադրմամբ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը նուազագոյնը սպառնալիք չեն հանդիսանար Հայաստանի և Արցախի համար։ Ներկայ իրողութիւնների առկայութեան պայմաններում Հայաստանի և Արցախի անվտանգութիւնը հնարաւոր է պահպանել միայն Մոսկուայի հետ յարաբերութիւնների ճիշտ կառուցման արդիւնքում։
Հաղորդակցութիւնների ապաշրջափակումը հնարաւոր է նոր հայ-թուրքական օրակարգ ստեղծի՝ մասնաւորապէս ներառելով սահմանների բացման, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման անհրաժեշտութիւնը: Հաշուի առնելով, որ 2009թ.-ի՝ հայ-թուրքական մերձեցման փորձերի ժամանակ ռուսական կողմը չունէր առարկութիւններ, ինչպէս նաև այն, որ ղարաբաղեան հարցին առնչուող թուրքական այն նախապայմանները, որոնք խանգարեցին արձանագրութիւնների վաւերացմանը, այլևս արդիական չեն, իսկ Թուրքիան շահագրգռուած է դէպի Ադրբեջան նոր ճանապարհների բացման մէջ, նման օրակարգը կարող է նորից վերադառնալ առաջին պլան:
Արևմուտքի հետ քաղաքական յարաբերութիւնները նոր իրականութեան պայմաններում ունեն հետաքրքիր երանգներ: Մոսկուան գտնում է, որ Ղարաբաղեան հակամարտութեան բանակցային գործընթացը պէտք է շարունակուի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ինչպէս նաև ակնկալում է Արևմուտքի աջակցութիւնը օպերատիւ խնդիրների լուծման հարցերում: Քանի որ Արևմուտքը շահագրգռուած է Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուն, ինչի վկայութիւն է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Հայաստանը կարող է խողովակ ստեղծել Ռուսաստան-Արևմուտք համագործակցութեան միջոցով թուրք-ադրբեջանական նպատակները չէզոքացնելու համար:
Որպէս վերջաբան
Յօդուածում նշուեց, թէ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը նախքան պատերազմը ինչ հիմքով էր կառուցուել և ինչ հնարաւոր փոփոխութիւնների կարող է ենթարկուել։ Ապագայի վերաբերեալ առաջ քաշուած մտքերը առկայ իրողութիւնների և առաւել իրատեսական միտումների արձանագրումն են, որը, սակայն, դեռ աւելի համապարփակ և մանրամասն վերլուծութեան առարկայ է։
Հայկական քաղաքական մտքի համար ներկայ իրավիճակը լուրջ մարտահրաւէր է, որին հնարաւորինս արդիւնաւէտ արձագանքելը ոլորտի մասնագէտների պարտականութիւնն է: Բազմաթիւ են նոր հարցադրումները, որոնց պատասխանների փնտրտուքը պէտք է դառնայ ակադեմական և փորձագիտական դաշտի առաջնային նպատակը: Այս նպատակով ստորև կը ներկայացուի մի քանի հարցադրում՝ որպէս վերջաբան.
- Ի՞նչ տեսք է ստանալու փոփոխուող հարաւային Կովկասը: Ի՞նչ տեսք է ստանալու Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնը Թուրքիայի հետ աննախադէպ մերձեցման ֆոնին։
- Ինչպէ՞ս է Իրանը պատկերացնում իր դերը Թուրքիայի ամբիցիաները Հարաւային Կովկասում զսպելու տեսանկիւնից։
- Ռուսաստանի և Թուրքիայի մեծացող դերի համատեքստում ի՞նչ նախադրեալներ կան վրաստան-Ռուսաստան մերձեցման և Թբիլիսիի կողմից՝ Հայաստանի համար աւելի բարենպաստ արտաքին քաղաքականութեան ձևաւորման համար։
- Հայաստանը ի՞նչ սպառնալիքներ կարող է ունենալ Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում և արդեօ՞ք սահմանի շուտափոյթ բացումը շահաւէտ է Հայաստանին:
- Հայ-ռուսական ինտեգրացիոն յարաբերութիւնները կերպափոխուելու՞ են նոր ձևաչափի, թէ՝ ոչ: Եթէ ռուսական կողմից լինի նոր նախաձեռնութիւն, ինչպէ՞ս պէտք է Հայաստանը արձագանքի այդ առաջարկներին: Արդեօ՞ք Ռուսաստանը մտադիր է առաւել ընդլայնել իր ինտեգրացիոն կառոյցների գործունէութիւնը տարածաշրջանում հաղորդակցութիւնների բացման պարագայում։
Յովսէփ Բաբաեան, Դաւիթ Մաթևոսեան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն