Ինչպէ՞ս կը հանգուցալուծուի Իրանի դէմ պատերազմը․ հնարաւոր ուրուագիծերը՝ իրանագէտի կանխատեսմամբ
- (0)

2026 թուականի փետրուարի 28-ին Մերձաւոր Արեւելքում սկսուեց լայնածաւալ ռազմական հակամարտութիւն. Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Իսրայէլը համատեղ հարուածներ հասցրին Իրանին։ Հարուածների արդյունքում զոհուել են Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ, այդ թուում՝ երկրի գերագոյն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենէին։ Իրանը, իր հերթին, հակահարուածներ է հասցրել Իսրայէլին եւ ԱՄՆ-ի ռազմական բազաներին, որոնք գտնւում են Մերձաւոր Արեւելքի մի շարք երկրներում։ Ռազմական գործողութիւնները արագօրէն ընդլայնուել են տարածաշրջանում՝ ներառելով նաեւ Պարսից ծոցի մի շարք երկրներ։
Պաշտօնական տուեալներով՝ Իրանում հարիւրաւոր զոհեր կան։ Միեւնույն ժամանակ իսրայէլական աղբիւրները նշում են, որ սպանուածների թուում կարող են լինել նաեւ 1000-1500 իրանցի զինծառայող՝ ներառեալ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի անդամները։
Այս հակամարտութիւնն արդէն ազդում է ոչ միայն Մերձաւոր Արեւելքի անվտանգութեան, այլեւ համաշխարհային տնտեսութեան, էներգետիկ շուկաների եւ միջազգային քաղաքականութեան վրայ։
Այս պայմաններում բազմաթիւ հարցեր են առաջանում․ ի՞նչ նպատակներ ունեն հակամարտող կողմերը, որքա՞ն կարող է շարունակուել այս պատերազմը եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ տարածաշրջանի, այդ թուում՝ Հայաստանի համար։ Այս եւ այլ հարցերի վերաբերեալ «Հորիզոն»-ը զրուցել է իրանագէտ Արմէն Վարդանեանի հետ։
Հ.- Պարո՛ն Վարդանեան, ինչպէ՞ս կը գնահատէք իրավիճակը Իրանում։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
Ա.Վ.- Մի քանի սցենար կարող է լինել։ Կարող է ինչ-որ պահի կողմերը գնան զինադադարի, դադարեն միմեանց փոխադարձ օդային հարուածներ հասցնելուց․ սա մեզ համար ամենացանկալի սցենարն է։ Տեսականօրէն կայ նաեւ այլ սցենար, որ ԱՄՆ-ն եւ Իսրայէլն այնպիսի կործանարար հարուածներ կը հասցնեն Իրանին, որ այդ երկրում իշխանութիւն կը փոխուի, ռեժիմ կը փոխոի․ սա էլ ամենավատ եւ ծայրայեղ սցենարն է, որը էլի տեսականօրէն հնարաւոր է։
Հ.- Ձեր գնահատմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ բանակցութիւնները կարո՞ղ են այնպիսի հանգրուանի հասնել, որ հակամարտող բոլոր կողմերի համար ձեռնտու լինեն։
Ա.Վ.- Կարծում եմ՝ այն պահանջները, որ դրել են ԱՄՆ-ն եւ Իսրայէլը այս տեսքով, չի յանգեցնի դրան, քանի որ փաստացի ԱՄՆ-ի ու Իսրայէլի պահանջներն արդէն դուրս են եկել նաեւ միջուկային ծրագրից։ Եթէ նախկինում իրենք հյայտարարում էին, պահանջում էին, որ Իրանը պէտք է դադարեցնի ուրանի հարստացումը, ապա վերջին ժամանակներս այդ պահանջներին աւելացաւ նաեւ Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակումը։ Իրենք (նկատի ունի ԱՄՆ-ն եւ Իսրայէլը- Յ․ Պ․) ասում էին՝ քանի որ Իրանն ունի հեռահար հրթիռներ՝ մինչեւ 2 հազար քիլոմեթր հարուածող, որը կարող է հասնել Իսրայէլին, եւ այդ հրթիռներն ունակ են կրելու միջուկային մարտագլխիկներ, պահանջում էին, որ նաեւ Իրանի հրթիռային ծրագիրը սահմանափակուի, որն էլ Իրանի համար անընդունելի էր։ Այլապէս, եթէ խօսքը լինէր միայն միջուկային հարցի մասին, ապա այս հարցի վերաբերեալ կողմերը, կարելի է ասել, արդէն պայմանաւորուել էին, համաձայնութեան էին հասել։ Իրանը կողմ էր, որ սահմանափակուի միջուկային գործունէութիւնը, ուրանը հարստացուի այն չափով եւ այն տոկոսով, որը միայն արդիւնաբերական նպատակներով կ’օգտագործուի եւ միջուկային զէնք ստեղծելու վտանգ չէր լինի, եւ փոխարէնը պահանջում էր, որ ԱՄՆ-ն իր վրայից հանէր պատժամիջոցների մի մասը։ Այս մասով կարծես թէ նախնական ընբռնում կամ համաձայնութիւն կար կողմերի միջեւ։ Բայց, ինչ-որ պահից ԱՄՆ-ն որոշեց, որ աւելի առաւելապաշտական դիրքերից պէտք է հանդէս գայ եւ Իրանի հրթիռային ծրագիրը սահմնանափակելու հարցը բերեց օրակարգ, որն անընդունելի էր Իրանի համար։ Իրանն ասում էր՝ սա իմ ինքնապաշտպանութեանն է վերաբերում, ես չեմ կարող այն սահմանափակել, ուստի հրաժարւում էր այդ թեմայով նոյնիսկ որեւէ բանակցութիւն վարել։
Հ.- Ինչպէ՞ս կարող է Իրանում ստեղծուած իրավիճակն ազդել Հարաւային Կովկասի եւ յատկապէս մեր երկրի վրայ։
Ա.Վ.- Ի հարկէ, ցանկալի չէ, որ Հայաստանի հարեւանութեամբ այդպիսի խոշոր կոնֆլիկտ լինի։ Դա տնտեսական առումով Հայաստանին վնասներ է բերում։ Բացի դրանից՝ կարող է փախստականների մեծ ներհոսք լինել Հայաստանի տարածք։ Բայց, շատ կլոպալ կատակլիզմներ հարաւկովկասեան տարածաշրջանի համար ես չեմ կանխատեսում։ Կային մարդիկ, փորձագէտներ, որոնք պնդում էին, որ հենց Իսրայէլը յարձակուի Իրանի վրայ, Ատրպէյճանն օգտուելու է առիթից եւ յարձակուելու է Հայաստանի վրայ։ Ես այն ժամանակ էլ ասում էի՝ դա իրատեսական չէ, որովհետեւ այս տարածաշրջանում Արպէյճանին զսպողը ոչ թէ Իրանն է, այլ ԱՄՆ-ն, եւ Իլհամ Ալիեւում Արեւմուտքում շատ պարզ տեքստով ասում են, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ յարձակումը ծանր հետեւանքներ է ունենալու նրա համար։ Հիմա տեսնում ենք՝ որեւէ նախանշան չկայ, որ Հայաստանոի դէմ Ատրպէյճանը փորձում է պատերազմ սանձազերծել։ Այնպէս որ, ինչ-որ խնդիրներ, ի հարկէ դա (նկատի ունի Իրանում տեղի ունեցող իրադարձութիւնները) բերում է, բայց լուրջ, աւելի լուրջ ճգնաժամեր, կոնֆլիկտ, պատերազմ, որը ոմանք կանխատեսում էին, ես չեմ կանխատեսում։
Հ.- Հաւանականութիւն տեսնո՞ւմ էք, որ առաջիկայում այս պատերազմի մէջ կարող են ներքաշուել Ատրպէյճանը եւ Թուրքիան։
Ա.Վ.- Ո՛չ, դրա նախադրեալներն էլ չեմ տեսնում, որովհետեւ եթէ Ատրպէյճանը պատերազմի մէջ ներքաշուի, Իրանը սկսելու է հարուածներ հասցնել արդէն Ատրպէյճանի տարածքին, իսկ Ալիեւը խելքը հացի հետ չի կերել, որ երկիրը փորձի ռազմական գործողութիւնների թատերաբեմ դարձնել․ դա նրա համար ծանր հետեւանքներ է առաջացնելու։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրան ձեռնտու չէ Իրանի դէմ այս պատերազմը, որովհետեւ Իրանի հնարաւոր մասնատումը յանգեցնելու է նրան, որ այդ երկրի տարածքում՝ քրտաբնակ շրջաններում, կարող է ձեւաւորուել քրտական պետութիւն։ Գիտենք, որ Իրանի տարածքում ապրող մինչեւ 5 միլիոն քիւրտ կայ, եւ դա կարող է տոմինոյի էֆեկտ ունենալ, ծաւալուել նաեւ Թուրքիայի արեւելեան շրջանների վրա, դրա համար էլ Թուրքիան փորձում է ամէն կերպ հանդէս գալ միջնորդի դերում, որպէսզի Իրանի դէմ այս պատերազմը շուտափոյթ աւարտին հասցուի։ Իսկ ԱՄՆ-ն եւ Իսրայէլը, դատելով որոշ շատ լուրջ միջազգային պարբերականների յօդուածներից, լրջօրէն դիտարկում են քրտական գործօնը խաղարկելու սցենարը։ Օրինակ՝ «Ռոյթըրզ»-ն օրերս յօդուած էր տպագրել, որտեղ նշում էր՝ ԱՄՆ նախագահը խօսել է այդ տարածաշրջանի քրտերի առաջնորդի հետ. փորձում են քրտերին այս կամ այն կերպ ներառել պատերազմի մէջ։ Դա կարող է յանգեցնել քրտական պետութեան ստեղծմանը, որը Թուրքիայի համար խիստ անցանկալի է բնականաբար։ Պէտք է նաեւ նշել ու տեսնել, որ ի տարբերութիւն Մերձաւորարեւելեան շատ երկրներում գտնուող ամերիկեան ռազմաբազաների, որտեղից Իրանին հարուածներ են հասցրել, Թուրքիայում գտնուող «Ինջիրլիք» ռազմական աւիաբազայից (ռազմական աւիաբազա Թուրքիայում, որն օգտագործւում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Գտնւում է Թուրքիայի հարաւարեւմտեան մասում՝ Ատանայի նահանգում։ Աւիաբազան գտնւում է Ատանա քաղաքից 8 քլմ. հեռաւորութեան վրայ։ Այն Եւրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի արեւելեան ռազմակայանն է- Յ․Պ․) այդպիսի հարուածներ չեն հասցրել Իրանին, եւ Իրանն էլ իր հերթին չի հարուածում Թուրքիայի տարածքին՝ չհաշուած մէկ դէպք, երբ Թուրքիայի օդային տարածքում խոցուեց իրանական բալիստիկ հրթիռը, սակայն ըստ որոշ տեղեկութիւնների՝ դա ոչ թէ Թուրքիայի համար էր նախատեսուած, այլ իրանցիներն արձակել էին, որ Թուրքիայի օդային տարածքով անցնի եւ գնա Յունաստանում գտնուող ռազմաբազային հարուածի։
Հ.- Արդեօ՞ք Իրանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնների է՛լ աւելի սրուելու պարագայում մեր տարածաշրջանում կարող են անվտանգութեան իսկական ռիսկեր առաջանալ։
Ա.Վ.- Մեծ ռիսկեր չկան։ Ռիսկ, ի հարկէ, միշտ էլ կայ։ Նման դէպքերում պատերազմն անկանխատեսելիութեան գործօն ունի, բայց այնպիսի ռիսկեր, ինչպիսիք կան ասենք՝ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում, հարաւկովկասեան տարածաշրջանում չեմ տեսնում։
Հ.- Իսկ Ռուսաստանի հաւանական ներգրաւուածութիւն տեսնո՞ւմ էք այս պատերազմում։
Ա.Վ.- Ո՛չ։ Ռուսաստանը խրուած է ռուս-ուքրանական պատերազմի մէջ եւ որեւէ կերպ բացի քաղաքական աջակցութիւնից՝ չի ներգրաւուի, եւ հնարաւոր է ինչ-որ տեղ փոքր ռազմական եւ յետախուզական օգնութիւն ցուցաբերի Իրանին, բայց այլ կերպ չի կարող ներգրաւուել այս պատերազմում։ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի։ Վերջին ժամանակներս ուքրանացիները բաւական յաջող հակայարձակում են սկսել։ Ուքրանիայում Ռուսաստանը խրուել է եւ ըստ էութեան, նոյնիսկ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող ներգրաւուել մէկ ուրիշ պատերազմում։
Հ.- Իրանի հետ գործակցող ո՞ր պետութիւնները կարող են այժմ աջակցել եւ օգնութիւն ցուցաբերել Իրանին։
Ա.Վ.- Ըստ էութեան՝ ոչ մի պետութիւն լուրջ օգնութիւն չի ցուցաբերի։ Ինչ-որ առումով հնարաւոր է՝ Չինաստանը, Հիւսիսային Քորիան, բայց Իրանի յոյսը հիմնականում տարածաշրջանում իր պրոքսիներն են։ Նոյնսիկ Եմէնի հութիները, որոնք աւանդական Իրանի պրոքսիներն են, միշտ բոլոր նմանատիպ կոնֆլիկտների ժամանակ իրենց տարածքից հրթիռակոծում են Իսրայէլի տարածքը կամ Կարմիր ծովում գտնուող որոշ երկրների անցանկալի նաւերը, բայց այս անգամ շատ աւելի լուռ են հութիները, նրանց ձայնն առանձնապէս չի լսւում։ Այսինքն՝ իմ կարծիքով լաւագոյն դէպքում մէկ-երկու երկիր կարող է Իրանին աջակցել, եւ եւս մէկ-երկու պրոքսի-խմբաւորումներ, ինչպէս ասենք՝ «Հըզպոլլահ»-ն է պատերազմ յայրատարել կամ Իրաքի շիաները․․․ եւ հնարաւոր է ինչ-որ տեղ նաեւ Եմէնի հութիները աջակցեն։
Հ.- Իսկ Հայաստանի զբաղեցրած դիրքն այս իրավիճակում ինչպէ՞ս կը գնահատէք։
Ա.Վ.- Շատ նորմալ, դրական։ Սա մեր պատերազմը չէ, եւ մենք չպէտք է ոտնատակ ընկնենք այս հսկաների, տիտանների մենամարտում։ Մեզ մնում է չէզոք լինել եւ որեւէ կերպ չներքաշուել որեւէ գործողութեան մէջ։
Հ.- Առաջիկայում պատերազմի մօտալուտ վախճանի հաւանականութիւն տեսնո՞ւմ էք։
Ա.Վ.- Այս պահին թունելի վերջում լոյս չեմ տեսնում ցաւօք։ Կարծում եմ՝ դեռ մի քանի շաբաթ կը տեւի պատերազմը։ Ամերիկեան վարչակազմը, Թրամփը յայտարարել են մի քանի անգամ, որ 4-6 շաբաթ են նախատեսել։ Կարծում եմ՝ դեռ մի քանի շաբաթ էլ կը տեւի պատերազմը։ Բայց, դատելով կողմերի յայտարարութիւններից՝ չի նշմարւում թունելի վերջում այն լոյսը, որ պատերազմը կարող է դադարեցուել։ Այս պահին դրա նախադրեալները չեմ տեսնում։
Հ.- Պատերազմի դադարելու դէպքում հանգուցալուծման ի՞նչ տարբերակներ կարող են լինել։
Ա.Վ.- Հնարաւոր է ինչ-որ պահի կանգ առնեն կողմերը, ինչպէս եղաւ 2025 թուականի 12-օրեայ պատերազմի ժամանակ, երբ կողմերն ուղղակի հիւծուել էին, ուստի ո՛չ Իրանին, ո՛չ Իսրայէլին այլեւս ձեռնտու չէր պատերազմը։ Ամենահաւանական տարբերակը դա է, որովհետեւ երկու կողմերն էլ ոչ միայն ծանր կորուստներ են ունենում, այլեւ դա լուրջ խնդիրներ է առաջացնում ֆինանսական առումներով։ Օրինակ՝ հաշուարկներ կան, որ այս ռազմական կոմպանիայի համար Իսրայէլն օրական 2,7 միլիառ տոլար է ծախսում կամ փող է կորցնում տնտեսութեան՝ փակ լինելու եւ այլ պատճառներով։ ԱՄՆ-ն եւս լուրջ ծախսեր է անում։ ԱՄՆ-ի ներսում դժգոհութիւններ կան․ ամերիկացի զինուորականներ են սպաննւում, դեմոկրատները Կոնգրեսում փորձում են ինչ-ինչ նախաձեռնութիւններ բերել, նոյնիսկ Թրամփին են սպառնում իմփիչմէնթով, քանի որ ԱՄՆ սահմանադրութեամբ՝ առանց կոնգրեսի կարծիքը հաշուի առնելու, առանց կոնգրեսի հաւանութիւնը ստանալու՝ պետութեան ղեկավարն իրաւունք չունի պատերազմ յայտարարելու, պատերազմ սկսելու Իրանի դէմ․․․ Բոլորն էլ լուրջ կորուստներ են ունենում։ Հնարաւոր է՝ ինչ-որ պահի կողմերը հիւծուեն ու ինչ-որ պայմանաւորուածութեան գնան՝ դադարեցնելով պատերազմը։ Չնայած՝ Թրամփի յայտարարութիւններից այնպիսի տպաւորութիւն կայ, որ այս անգամ իրենք շատ աւելի լուրջ են տրամադրուած եւ ուզում են երկարատեւ պատերազմի գնալ, ընդհուպ մինչեւ ուզում են Իրանում իշխանութեան, ռեժիմի փոփոխութեան հասնել։ Սցենարներն, ըստ էութեան, այս երկուսն են․ կա՛մ կողմերը կը գնան հրադադարի եւ կը դադարեցնեն պատերազմը, կա՛մ ԱՄՆ-Իսրայէլ տանդեմն աւելի հեռու կը գնայ եւ կը փորձի Իրանում իշխանափոխութիւն իրականացնել՝ այդ կերպ փորձելով լուծել իրանական թնճուկը, իրանական հարցը։
Հ.- Միջազգային հանրութիւնը որեւէ դերակատարում չի՞ կարող ունենալ, որ այս կոնֆլիկտին վերջ դրուի։
Ա.Վ.– Փորձում են, բայց ո՛չ, ցաւօք, չեն կարող։ Այսօր միջազգային հանրութիւնը Թրամփի վրայ ազդեցութիւն չունի։ Եթէ Թրամփի վրայ կարողանան ազդել, ապա դա նրա երկրի ներսում խռովութիւններն աւելի շատ կարող են ազդել, քան միջազգային հանրութիւնը։ Երկրի ներսում հնարաւոր են այնպիսի սցենարներ, որ որոշ ճնշումների դէպքում Թրամփը պատերազմը դադարեցնի։ Իսկ միջազգային հանրութիւնը չունի այդ ուժը։ Ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եւրոպան այսօր չունեն այդ ուժը, որ Թրամփի վրայ ճնշումներ գործադրեն։
Հարցազրոյցը վարեց Յասմիկ Պալէեան