Ինչպէ՞ս է Թուրքիան որպէս բնական պատնէշ օգտագործում քրդերին ու հայերին

Թուրքական իշխանութիւնը հետևողականօրէն լռեցնում ու պատժում է քրդերին, ճիշտ նոյնկերպ, ինչպէս ժամանակին անում էր հայերի նկատմամբ։

Թուրք հրապարակախօս Զէյնել Աբիդինի հետ առաջին անգամ հանդիպեցի 2017-ին։ Դեռևս այն ժամանակ նա շեշտում էր Թուրքիայում ապրող էթնիկ հայերի մասին խօսելու անհրաժեշտութիւնը։ Աբիդինը չէր թաքցնում, որ զարմանում է հայերի յամառութեան անսպառ լինելու վրայ։ Այդքան հարստահարուած ու թալանուած ազգը, որին ոչ միայն ֆիզիկապէս են փորձում ոչնչացնել, այլև խլել նրա ինքնութիւնը՝ շատերին ներկայացնելով որպէս թուրք կամ քուրդ, դեռևս պահպանում է սէրը կեանքի նկատմամբ, նոյնիսկ մտածում է հաշտութեան ու խաղաղութեան մասին։

 

«Մեր երկու ժողովուրդների միջև առկայ թշնամական վերաբերմունքը պայմանաւորուած է թուրքական իշխանութիւնների կողմից ձեր հանդէպ գործած մեղքերով: Ցաւօք, ես շատ բան անել չեմ կարող, բայց իմ հերթին փորձելու եմ ամէն ինչ անել նախկինում գործած ոճիրները դատապարտելու և չամոքուող վէրքերի սպիացման համար: Ես չեմ կարող ձեզ հրաւիրել այստեղ, քանի որ տանտէրերին չեն հրաւիրում, սա ձեր տունն է: Բարի եկաք ձեր տունը»,-Բեքիր Քայայի խօսքերն են:

 

Երկու քուրդ քաղաքապետներն էլ կարճ ժամանակում հեռացուեցին իրենց պաշտօններից ու կալանաւորուեցին։ Թուրքական իշխանութիւնը հետևողականօրէն լռեցնում ու պատժում է քրդերին, ճիշտ նոյնկերպ, ինչպէս ժամանակին անում էր հայերի նկատմամբ։ Չնայած դրան, քրդերի թիւը Թուրքիայում շարունակում է աճել։ Վերջին հարցումների համաձայն՝ քրդերը Թուրքիայի բնակչութեան աւելի քան 20 տոկոսն են կազմում, թէպետ թուրքական իշխանութիւնը ձգտում է փոքրացնել թիւը՝ ներկայացնելով 13,5 տոկոս։ Այս հարցում թուային կեղծիքներ են անում երկու կողմն էլ։ Եթէ թուրքերը փորձում են արհեստականօրէն փոքրացնել քրդերի թիւը, ապա քրդերը չափազանց մեծ թիւերի մասին են խօսում՝ յայտարարելով 25-27 մլն։ Այստեղ նրանք օգտւում են նաև Արևմտեան Հայաստանում ապրող էթնիկ հայերի գործօնից՝ վերջիններիս ևս ներկայացնելով որպէս քրդեր։

Ժամանակակից Թուրքիայի տարածքում այսօր տարբեր հաշուարկներով ապրում է աւելի քան 4,5 մլն կրօնափոխ հայ, որոնք աստիճանաբար վերադառնում են իրենց ազգային ինքնութեանը, սկսում սովորել հայերէն, որոշները մկրտւում ու դառնում են քրիստոնեայ։

Ինչպէ՞ս է հայկական գործօնն ազդում քրդերի ու թուրքերի հակամարտութեան վրայ։ Այս հարցում իր կարևոր նշանակութիւնն ունի դեռևս 2006-ին մշակուած թուրքական ռազմավարական պլանաւորումը, որով հայերին սկսեցին ընդգծուած կերպով ազատութիւններ տալ Թուրքիայի հարաւարևելեան շրջաններում՝ Մուշում, Սասունում, Դիարբեքիրում, Վանում, Իրաքի ու Սիրիայի սահմանակից հատուածում։ Իսկ դէպի Հայաստանի Հանրապետութեան սահմանին մօտ տարածքներում՝ Կարսում, Իգդիրում, Ալաշկերտում, Բայազիտում կամ Համշէնում, կիրառւում են խիստ միջոցներ, որպէսզի հայերը յանկարծ չխօսեն իրենց ազգային ինքնութեան մասին՝ վախենալով քրդական ու ադրբեջանական գործօնից։ Այսինքն՝ Սիրիայի ու Իրաքի սահմանին ակտիւացնելով հայերին՝ թուրքերը ձգտում են այդկերպ բնական պատնէշ ձևաւորել Թուրքիայի ու Իրաքի քրդերի միջև։ Նոյն տրամաբանութեամբ Հայաստանի սահմանին ակտիւ պահելով քրդերին ու ադրբեջանցիներին՝ Թուրքիան փորձում է նոյնպիսի բնական, մարդկային պատնէշ ստեղծել Արևմտեան Հայաստանի ու Հայաստանի Հանրապետութեան հայերի միջև։

Նայիրի Հոխիկեան

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.