«Ինչպէ՞ս ենք հեռացնելու Նիկոլին․․․ մարդիկ Արցախում արնաքամ են լինում»

Սեպտեմբերի 19-ից Ատրպէյճանը ռազմական գործողութիւններ է սկսել Արցախում՝ արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողութիւններ իրականացնելով։ Հայաստանի իշխանութիւնն, ինչպէս յայտնի է, միայնակ է թողել Արցախին․ արցախցիներն անհաւասար պայքարում միայնակ են ընդդէմ ոճրագործների՝ շրջափակման մէջ․․․

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անվտանգութեան քարտուղարը յայտարարել է․ «Հայաստանը պաշտպանում է միայն ՀՀ սուվերեն տարածքը։ Լեռնային Ղարաբաղի հետ կապուած՝ Ռուսաստանի Դաշնութիւնն ու միջազգային հանրութիւնը պէտք է քայլեր ձեռնարկեն»։ Վարչապետ Փաշինեանը եւս իր ելոյթներում վերահաստատել էր սա․․․

Հայաստանում կան բազմաթիւ քաղաքացիներ, որոնք Հանրապետութեան հրապարակում՝ Կառավարութեան շէնքի դիմաց, բողոքի ցոյցեր են իրականացնում՝ յաջակցութիւն Արցախի ու արցախցի քոյրերի, եղբայրների։ Նրանք պահանջում են հնարաւորութիւն տալ՝ սատար կանգնելու Արցախին։

Հանրահաւաքի ընթացքում նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը յայտարարեց՝ վաղը կը յայտարարեն՝ ինչ գործողութիւններ պէտք է ձեռնարկել՝ այս կառավարութիւնից ձերբազատուելու համար։ Նա բարկացրեց հաւաքի մասնակիցներին, որոնք սկսեցին վանկարկել «հիմա, հիմա»։ Նրանք պահանջում էին րոպէ առաջ ասել՝ ինչ պէտք է անել ու քայլեր ձեռնարկել Արցախին աջակցելու, այս կառավարութիւնից ազատուելու համար։

Հաւաքի մասնակիցներից մէկը՝ արցախցի մի կին յայտարարեց, որ իր մանկահասակ երեխաներին տանն է թողել ու հանրահաւաքի եկել։

«Ես չեմ պատկերացնում, որ մեր (նկատի ունի Արցախի- հեղ․) նախագահականում լինի Ատրպէյճանի դրօշը, ես մահանում եմ։ Ես չեմ կարող դա ընդունել։ Այժմ եկել ենք այստեղ, լա-լա են կարդում․․․ Հիմա ինչ-որ գործողութիւն պիտի լինի։ Պիտի Նիկոլին հեռացնենք։ Վաղն առաւօտեան կը գնանք Եռաբլուր, երեկոյեան կը գանք․․․ Նիկոլը հեռանալո՞ւ է, ինչպէ՞ս ենք հեռացնելու։ Ամէն օր քայլելո՞վ։ Մարդիկ Արցախում արնաքամ են լինում, չի՛ կարելի այսպէս։ Այսքան մարդ հաւաքուել է այստեղ։ Ի՞նչ քայլեր պէտք է անել, հենց հիմա էլ անենք։ Անձամբ ես պատրաստ եմ ինքնազոհաբերուելու։ Ես երկու տղայ ունեմ․ մէկը մէկ տարեկան է, միւսը՝ վեց», յայտարարեց արցախցի կինը։

Comments are closed.