«Թշնամին Նոր Ակնկալիքներ Ունի Դաւաճանից. Սա Է Նիկոլի Իշխանութեան Մնալու Գինը»․ Իշխան Սաղաթէլեան
ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան, Փաշինեանի Մոսկուա տալիք այցելութեան լոյսին տակ` հետեւեալ յայտարարութիւնը կատարեց.
«Հայաստանի Հանրապետութիւնը շարունակաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, միջազգային յարաբերութիւններում Հայաստանի սուբյեկտայնութիւնը (մաս կազմելը-Խմբ.) պատմական ամենացածր մակարդակի վրայ է: Մեր պետութեանն ու ժողովրդին աղէտալի վիճակի մատնած իշխանութիւնն անցած երկուսուկէս տարուայ ընթացքում հետեւողականօրէն խարխլել է Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական անվտանգութեան համակարգը, ինչն էլ խոշոր հաշուով յանգեցրեց աղէտալի պատերազմին: Ղարաբաղեան հիմնախնդրի եւ ՀՀ միջազգային յարաբերութիւնների վերաբերեալ պրիմիտիւ (նախնադարեան, պարզունակ-Խմբ.) դատողութիւնները, տրամագծօրէն հակառակ քաղաքական յայտարարութիւնները յանգեցրեցին նրան, որ Հայաստանը Ղարաբաղեան հիմնախնդրում դարձաւ անբանակցելի կողմ, ինչն էլ միջազգային հանրութեան աչքերում լեգիտիմացրեց (օրինականացուց-Խմբ.) պատերազմի սանձազերծումը: Նիկոլի բացառիկ դիլետանտիզմի (սիռողական մակարդակի, ոչ-մասնագէտ մօտեցումի-Խմբ.) պատճառով աշխարհը սկսեց Ղարաբաղեան հիմնախնդիրն ընկալել ոչ թէ ինքնորոշման իրաւունքի համար մղուող պայքար, այլ որպէս զուտ տարածքային վէճ: Հայաստանը պատերազմի մէջ մտաւ առանց ռազմավարական դաշնակցի եւ ռազմավարական գործընկերների հետ կայուն յարաբերութիւնների:
Արդիւնքում` որեւէ պետութիւն գործադիր իշխանութեան մակարդակում Հայաստանի Հանրապետութեանը համերաշխութիւն չյայտնեց, մենք ադրբեջանա-թուրքական տանդեմի եւ նրանց բացայայտ սատարող պետութիւնների դէմ յանդիման մնացինք, ըստ էութեան, մենակ: Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ միջազգային արհամարհանքը դեռեւս զգացւում էր պատերազմից առաջ, բաւական է նշել, որ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից յետոյ օտարերկրեայ որեւէ ղեկավար պետական այցով Հայաստան չի ժամանել: Յարաբերութիւնների որակական անկումը` ինչպէս ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի, այնպէս էլ Չինաստանի, Եւրոպական Միութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ ակնյայտ էին: Արդեօք Հայաստանի շահերը չե՞ն համընկնում մեր տարածաշրջանում խոշոր այլ խաղացողների շահերին: Անշուշտ, համընկնում են: Պարզապէս անհրաժեշտ է Հայաստանում պետական շահի գիտակցում ունեցող եւ ամենակարեւորը` վստահելի իշխանութիւն ձեւաւորել: Դրա համար մեզ պէտք է մի իշխանութիւն, որի հետ հնարաւոր կը լինի խօսել, բանակցել, պայմանաւորուել ճանապարհ անցնել: Ոչ մի պետութիւն, նոյնիսկ մեզ ամենամօտ բարեկամները, չե՛ն պատրաստւում անհաւասարակշիռ եւ արկածախնդիր անձի հետ ճանապարհ անցնել կամ գործընկերութիւն անել: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է մեկուսանալ աշխարհից, իսկ թշնամին, օգտուելով այս իրավիճակից, դիրքաւորւում եւ մեծացնում է իր ազդեցութիւնը: Այս ամէնի հետեւանքները կրում են մեր ժողովուրդը եւ պետութիւնը: Արժանապատուութիւնը կորցրած եւ կապիտուլեացիա (անձնատուոթիւն-Խմբ.) կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկութիւն ունի միայն թշնամին, ով Յունուարի 11ին նոր ակնկալիքներ ունի դաւաճանից: Սա է Նիկոլի իշխանութեան մնալու գինը»: