Թատրո՞ն, Թէ՞ Կեանք
Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպէս. թատրոնը կեանքից վերցուած, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլաւսկին նաեւ այսպէս է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկւում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնութեամբ: Այսինքն նախապէս, առանց նոյնիսկ իրար հանդիպելու, տեղի է ունենում փոխպայմանաւորուածութիւն, որ դերասանները իբրեւ թէ իրական կեանքը կը պատկերեն բեմի վրայ կամ առանձնացուած այլ հարթակում, իսկ հանդիսականը, կը տրամադրուի այդ կեղծիքը ընդունելու, որպէս ճշմարտութիւն: Օրինակ հայ հանդիսականը գալիս է Երեւանի ծանօթ մի թատրոն եւ տեսնում է, որ բեմի վրայ դրուած են տեքորացիաներ ու զանազան իրեր, իբրեւ թէ դա ոչ թէ բեմ է, այլ իտալական միջնադարեան Վերոնա քաղաքը, իսկ այլ բեմադրութիւններից ու ֆիլմերից ծանօթ դերասանները էժանագին փայլփլուն հագուստներով ու կեղծ ակնեղէնով զուգուած բեմ են դուրս գալիս, որպէս միջնադարեան Վերոնայի ազնուականներ եւ ներկայացնում են մի ողբերգական սիրոյ պատմութիւն: Հանդիսականը այդ մէկուկէս-երկու ժամում ամբողջովին ընկղմւում է բեմադրուած ստի մէջ, տանջւում-տառապում է խեղճ Ռոմէոյի ու Ժուլիեթի դժբախտ սիրոյ համար: Որովհետեւ, ինչպէս ասացի, կողմերը պայմանաւորուել են, որ մէկը կը խաբի, իսկ միւսը նրա կեղծիքը կ’ընդունի որպէս ճշմարտութիւն: Թատրոնը լաւ բան է, սակայն լաւ է բեմի համար, երբ բոլորը գիտեն, որ տեղի ունեցողը հաճելի եւ կարճատեւ ժամանց է:
Թատերական ներկայացումը, սակայն իսկական տրամա է կամ ողբերգութիւն, եթէ խաղում են իրական կեանքում եւ հասարակութիւնը հանդիսականի դերի մէջ մտած, որպէս ճշմարտութիւն է ընդունում հրամցուող սուտը:
Երբ անդրադառնում ես այն ամէնին ինչը որ արդէն երկու տարի տեղի է ունենում Հայաստանում, այնպիսի տպաւորութիւն է, թէ մեր կեանք է ներխուժել դերասանական մի թափառախումբ, վարժ պրեմիեր դերասանի գլխաւորութեամբ, վարժ բեմադրուած ինչ որ ներկայացում է խաղում, բեմադրութեան մէջ ներքաշելով ժողովուրդ-հանդիսականին, որն էլ հալած իւղի տեղ է ընդունում ասուած ու ցուցադրուած ամէն բան:
Այդ շարքում առաջին սուտն այն է, թէ իբր Հայաստանում տեղի է ունեցել յեղափոխութիւն: Յեղափոխութիւն նշանակում է արմատական փոփոխութիւն, աւելի ճիշտ վերափոխութիւն եւ առաջին հերթին կապւում է արժէքային փոփոխութիւնների հետ: Մէկը կարո՞ղ է ասել, թէ արժէքային ինչ փոփոխութիւններ են տեղի ունեցել Հայաստանում, եթէ իհարկէ ազգային արժէք չհամարենք Նիկոլ Փաշինեանին եւ իր թիմակիցներին, ովքեր փոխարինել են Սերժ Սարգսեանին եւ նրա գործակիցներին: Անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնն, օրինակ, խորշում էր յեղափոխութիւն բառից, որովհետեւ այդ բառը յիշեցնում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին, բայց այն ինչ կատարուեց մեզանում անցած դարի 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին իսկական յեղափոխութիւն էր: Տեղի ունեցաւ ողջ հասարակական կարգի, տնտեսական կացութաձեւի եւ արժէքների փոփոխութիւն: Այդ ամէնը համահանունչ էր փլուզուող կայսրութիւնում եւ կոմունիստական հսկայ ճամբարում տեղի ունեցող փոփոխութիւնների հետ: Այդ մասին գրուեցին հարիւրաւոր տեսական բնոյթի աշխատութիւններ ու հարիւր հազարաւոր յօդուածներ: Հիմա, երբ արդէն Հայաստանի բարձրագոյն իշխանութեան բեմերում վիճում են, թէ ով է յեղափոխական ով` ոչ, նրանցից մէկը կարո՞ղ է ասել, թէ ինչ վերափոխումներ ու արժէքներ է բերել այդ յեղափոխութիւնը, կա՞յ գրուած թէկուզ մէկ տող, որ կարդանք ու լուսաւորուենք, թէ պարտաւոր ենք հաւատալ շարժման գլխաւոր դերակատարի հաւաստիացումներին:
Ձայնակցելով իրադարձութիւնների դերակատարներին յանկարծ շատերն սկսեցին գոռալ, թէ մեզ ճնշում, կեղեքում, սպանում էին, իսկ Նիկոլը եկաւ ու ազատագրեց ազգին, վերջապէս ճաշակեցինք ազատութեան ու ժողովրդավարութեան բարիքը: Ուզում եմ հարցնել, իսկապէ՞ս կեանքն այդքան դաժան էր ու ժողովուրդը ստրկական վիճակում էր “նախայեղափոխական” Հայաստանում:
Այդ դէպքում ինչպէ՞ս էր, որ լրատուամիջոցները քննադատում էին այդքան ազատօրէն, որոշներն էլ հայհոյում էին սանձարձակութեան աստիճանի: Քննադատում էին հրապարակներում, տարբեր մակարդակի ժողովներում, խորհրդարանում եւ այլն: Սերժ Սարգսեանի ղեկավարման գրեթէ ողջ շրջանում տեղի են ունեցել ընդդիմադիրների բողոքի գործողութիւններ, փակուել են փողոցներ, կաթուածահար է եղել բնականոն կեանքը, զինուած խումբը գրաւեց ոստիկանութեան ռազմականացուած հաստատութիւնը, սպանուեցին երեք ոստիկաններ, երկու շաբաթ զինուած մարդիկ իրենց ձեռքում պահեցին գրաւած օպյեկտը յետոյ հանգիստ հեռացան: Կարելի՞ է նման բան երեւակայել այսօրուայ Հայաստանում:
Կարելի՞ է երեւակայել որ այսօրուայ Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում ցուցարարների ղեկավարի կոչով կը շրջափակուի ու կաթուածահար կարուի երկրի գործադիր իշխանութեան գործունէութիւնը, ցուցարարները կը ներխուժեն յատուկ պաշտպանութեան տակ գտնուող հաստատութիւններ, իսկ անչափահասներին հրապարակայնօրէն կոչ կը կատարուի ներգրաւուելու ներքաղաքական յորձանուտների մէջ: Իշխանութիւնները ցանկացած միջոցներով չե՞ն կանխի այս երեւոյթը եւ բանտերը չե՞ն լցնի կազմակերպիչներին:
Յիշենք նաեւ, թէ Փաշինեանի իշխանութիւնն ինչպէս է ի սկզբանէ արձագանգել բողոքի ամէն մի դրսեւորման, յիշենք Իջեւանի դէպքերը, Դաշնակցութեան երիտասարդութեան դէմ հանուած ոստիկանների բանակը: Իսկ փաշինեանական ոստիկանութիւնը խիստ հանդուրժող է եղել միայն մէկ դէպքում, երբ ԼԳՏԲ-ականները (Խմբ․- անգլերէն յապաւում կազմված Լեզպուհի, Գէյ, Բիսեքսուալ և Տրանսկենտեր) խուժեցին ոստիկանութիւն, հարուածեցին ոստիկաններին, թքեցին նրանց վրայ:
Գուցէ Սերժ Սարգսեանին արժէ մեղադրել անգործութեան եւ ամենաթողութեա՞ն համար: Ի վերջոյ յիշո՞ւմ ենք, որ նախկինների օրօք գոյութիւն ունէին սոցցանցերը եւ, ոստիկանների, կամ իշխանութեան այլ ներկայացուցիչների ցանկացած կոշտ գործողութիւն ընդվզման ալիք էր բարձրացնում եւ իշխանութիւնը գրեթէ բոլոր դէպքերում պարտաւորուած էր լինում արձագանքելու, շատ դէպքերում հէնց երկրի առաջին դէմքն էր խոստովանում, որ իշխանութիւնների նախաձեռնութիւնը սխալ է եղել եւ այն կասեցւում էր: Այնուամենայնիւ կարելի՞ է ասել, որ Հայաստանում լիարժէք ժողովրդավարութիւն էր Սերժ Սարգսեանի օրօք: Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ մասնաւորապէս դատարաններում ու առհասարակ արդարադատութեան եւ կառավարման համակարգերում կոռուպցիան շարունակում էր իշխել, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անհաւասար վիճակի մէջ էին տնտեսական հնարաւորութիւնների առումով եւ այլն: Որքանո՞վ էր երկիրը ժողովրդավար եւ որ հարցերում էին ազատութիւնները կաշկանդուած: Եթէ ուղիղ չնայենք ճշմարտութեան աչքերին եւ չմատնանշենք իրական խոցերը կը նշանակի, որ մենք մեզ դատապարտում ենք ինքնախաբէութեան, ինչպէս թատրոնում:
Ի դէպ կարող է մեկնաբանուել, թէ փորձ է արւում նախկին իշխանութիւններին պաշտպանել, բայց նման բան այսօր նոյնիսկ իրենք չեն անում: Այնուամենայնիւ լաւի ու վատի համեմատութեան համար, ուզենք թէ չուզենք, ճշմարտօրէն պէտք է գնահատենք ոչ միայն ներկան, այլեւ անցեալը, քանի որ ներկայ իշխանութիւնը համատարած ձախողումների համար ինքնարդարացման աւելի լաւ մեթոդ չգիտի, քան համեմատութիւնը նախկինի հետ:
Ժողովրդավարութեան հետ ուղղակիօրէն ածանցւում է սիրոյ եւ համերաշխութեան թեման, որը դրօշ դարձրած Փաշինեանը եկաւ իշխանութեան եւ այդ մասին յիշում է, երբ հերթական անգամ անհրաժեշտ է սիրաշահել ժողովրդին: Նիկոլ Փաշինեանը իշխանութեան գալու օրուանից հայ ժողովրդին պառակտել է յեղափոխականների ու հակայեղափոխականների, սեւերի ու սպիտակների թշնամական բանակների: Երբեւէ եղե՞լ է եւ կարելի էր պատկերացնել, որ կարող է լինել այսքան շատ ու այսքան բացայայտ ատելութիւն հայի ու հայի միջեւ, երբ առնուազն բացայայտօրէն գործընթացներին մասնակից չէ օտար թշնամին: Կարելի՞ էր պատկերացնել, որ մեծ ու փոքրը, անգամ ուսուցիչ կոչեցեալը Նիկոլին քննադատողներին ընտանիքներով մորթելու կոչ կ’անեն: Կարելի՞ էր պատկերացնել, որ սոցիալական հրապարակային հարթակներում հայ կինը կը հայհոյի հարբած նաւաստու պէս: Կարելի՞ էր երեւակայել, որ ժողովրդական աջակցութեան եւ քաղաքական ուժերի համաձայնութեան պայմաններում, սիրոյ կարգախօսերով իշխանութեան եկած ուժը առաջին իսկ օրերից կը ստեղծի այս ու այնտեղ գործող կեղծ օգտատէրերի խմբեր, որոնց ամենօրեայ աշխատանքն է ամենակեղտոտ հայհոյանքներով անմիջապէս արձագանքել Փաշինեանին քննադատողներին, եւ լռել ստիպել:
Միաժամանակ երջանիկ ձեւանալ ինքնաներշնչումով, թէ իշխանութիւնը բերել է միասնականութեան ու համազգային համերաշխութեան մթնոլորտ: Մանաւանդ երբ այդ մթնոլորտի հիմնական բորբոքօղը նոյն գլխաւոր դերակատարն է` փողոցային խուժանի բառապաշարով:
Կարելի՞ էր ենթադրել, որ թատրոնի վերածուած մեր կեանքում գլխաւոր դերակատարը, բեմի օրէնքներով, պիտի թելադրի ատել սրան ու նրան: Նաեւ ատել ու հրապարակայնօրէն հայհոյել նրանց, ովքեր չեն ցանկանում ատել եւ դատաստան պահանջել նրանց նկատմամբ ում նկատմամբ նոյնին է ձգտում պրեմիեր դերասանը: Եւ խանդավառութիւնից մթագնած մարդիկ, այս անգամ որպէս թատերականացուած գլադիատորական մարտի հանդիսականներ պիտի պահանջեն սնանկացնել, բանտարկել, ոչնչացնել` ընտանիքների հետ միասին: Այդ ինչպէ՞ս եղաւ, որ մինչեւ Նիկոլի հարթակ բարձրանալը նոյն մարդկանց նկատմամբ չկար նոյն չարութիւնն ու հաշուեյարդարի ցանկութիւնը:
Հայաստանի նախկին իշխանութիւնները, Լեւոն Տէր Պետրոսեանից յետոյ վատն են եղել: Թալանը կոռուպցիան, հայրենիք ծախելը նոյնպէս եղել են Լեւոն Տէր-Պետրոսեանից յետոյ, ինչպէս, որ պարզուեց Փաշինեանի իշխանութեան օրօք եւ հետեւորդները ատելով ըստ յանձնարարութեան, ոչ մի վերաբերմունք չեն արտայայտում նրանց նկատմամբ ում ատել ու հայհոյել են գրեթէ երեք տասնամեակ:
Հետաքրքիր է, իսկ ովքե՞ր էին ընտրում ժողովրդի թշնամի այդ վատ իշխանութիւններին: Գուցէ դարձեալ խաբենք մեզ, թէ ոչ ոք չի՞ ընտրել, իրե՞նք են իրենց են դարձրել ղեկավարներ, խորհրդարան, տեղական իշխանութիւն եւ այլն: Եթէ հարցնեմ, թէ այն ժամանակ բաժանուո՞ւմ էր արդեօք ընտրակաշառք հաւանաբար բացարձակ մեծամասնութիւնը կասի որ այո եւ շատ-շատ: Այդ դէպքում ովքե՞ր էին վերցնում այդ ընտրակաշառքը: Ովքե՞ր էին հերթեր առաջացնում ընտրատեղամասերի առջեւ եւ ում էին ընտրում, ովքե՞ր էին նստում շէնքերի առջեւ սպասող երթուղային եւ այլ թաքսիները, գնում ընտրական տեղամասեր եւ նոյն ձեւով վերադառնում: Հայ մարդի՞կ, թէ այլմոլորակայինները: Եւ եթէ իշխանութիւններն իրենք կարող էին իրենց ընտրութիւնների արդիւնքները ապահովել այդ դեպում ինչի՞ համար էին կաշառքը, խնամի-ծանօթ-բարեկամի միջնորդութիւնը, համատիրութիւնների աշխատողներից էլեկտրիկներ, գիւղապետեր եւ մինչեւ նախարարներ միջնորդութիւնները եւ այլն: Յեղափոխութեան թոհուբոհում ծնուածներից բացի մնացածը յիշո՞ւմ են, թէ ինչպէս էին ամէնուր դիմաւորում նախորդ իշխանութեան առաջնորդներին, իշխանափոխութիւնից մօտ մէկ տարի կամ քիչ աւել ժամանակ առաջ: Երեւանցիներն ինչ խանդավառութեամբ ընտրեցին քաղաքապետ Տարոն Մարգարեանին եւ այլն: Գուցէ չի՞ եղել այս ամէնը:
Վերջին մտքերից յետոյ ընթերցողին կարող է թուալ, թէ շեղուեցի սկզբնական ասելիքից եւ հիմա ուրիշ ուղղութեամբ եմ գնում: Պատասխանեմ, որ չեմ շեղուել, ասելիքս սկսել եմ դերասանի եւ հանդիսականի համատեղ խաղից եւ հիմա ցանկանում եմ փաստել, որ եթէ հանդիսականը կամ հանդիսատեսի վերածուած ժողովուրդը չի ցանկանում հաւատալ կեղծիքին ու ստին, ապա հնարաւոր չէ այդ բանը ստիպել նրան: Հետեւաբար եւ կեանքում փորձարկուող բեմադրութիւնների համար հասարակութիւնը ունի իր բաժին, շատ որոշակի պատասխանատուութիւնը: Կոմունիստներին ճանապարհելու ժամանակներից մեր երկրում տեղի է ունենում ընտրութիւն դէմի սկզբունքով: Ընտրութիւն, որի նախընտրական ծրագիրը լինում է ատելութիւնն ու մերժումը: Իսկ, ինչպէս յայտնի է, ատելութիւնն ու մերժումը բանականի ու ռացիոնալի ընտրութիւն չեն: Երկու տարի առաջ բազմաթիւ մարդիկ ասում էին, թէ օրուայ իշխանութիւնը թող գնայ յետոյ ինչ ուզում է` թող լինի: Այդպէս կարելի է կապել աչքերը եւ նետուել անդունդը մերժելով ետեւում եղած ամէն ինչ եւ բնականաբար շատ չանցած հետեւում է զղջումը, ինչպէս եղաւ Լտպ-ից յետոյ, ինչպէս ընթանում է Նիկոլի մերժման գործընթացը:
Երկարացնելով ասելիքը ցանկանում եմ անդրադառնալ մէկ օրինակի: Նիկոլ Փաշինեանը վերաբացեց Մարտի մէկի գործը, որպէսզի կարողանայ ձեռքում ունենալ պատժիչ գործիք եւ առաջին հերթին մեկուսացնի Ռոպերթ Քոչարեանին:
Հակառակորդի եւ հակառակորդների չէզոքացման համար իր թիկունքում մարտի մէկի նահատակների հարազատների ֆիզիկական եւ մանաւանդ զգացմունքային աջակցութիւնը ունենալու համար նա վերջիններիս, որպէս փոխհատուցում պետական բիւջէից յատկացրեց 30 մլն. ական դրամ: Ես համոզուած եմ, որ երիտասարդ տղամարդկանց կորցրած ընտանիքները իրաւամբ արժանի էին այդ գումարին, եւ չեմ մեղադրում այդ մարդկանց տուեալ դրամը ստանալու համար, բայց ես նոյն չափով համոզուած եմ, որ ոչ պակաս չափով աջակցութեան արժանի էին նաեւ մայրաքաղաքի ռազմականացուած կառոյցը զինուած ներխուժողներից պաշտպանելու ժամանակ նահատակուած ոստիկանների հարազատները: Ինչո՞ւ օրինակ նրանք չստացան նման մի փոխհատուցում եթէ Փաշինեանի միտքը ծուռ չէր: Կարելի էր յիշել նաեւ քառօրեայ պատերազմի եւ այլ նահատակների:
Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Ռոպերթ Քոչարեանը սպանել է տուել մարտի մէկի-երկուսի տասը զոհերին եւ հանդիսականը համաձայնութեան բացականչութիւններ արձակեց: Երկրպագուների այդ բանակից ոչ ոք չցանկացաւ հարցնել, իսկ ո՞վ եւ ո՞ւմ վերին գիտութեամբ բոլոր այդ մարդկանց տարաւ բախման “վատ” ոստիկանութեան հետ, դրանով սադրեց Երեւանի կեդրոնի լայնամասշտապ անկարգութիւնները, հրկիզումները, թալանը ոստիկանի ու զինուորի ու միւսների սպանութիւնը եւ այլն: Չէ՞ որ մարտի մէկի կէսօրին իշխանութիւնը ընդդիմութեան ներկայացուցիչների հետ համաձայնուեց Մատենադարանի մօտ ցոյցերի շարունակմանը: Ով ում մօտից եկաւ, մերժեց ձեռք բերուած պայամանուորուածութիւնները եւ հրահանգեց նախապատրաստուել` կառուցելով պատնէշներ, հաւաքելով քարեր, փայտեր եւ այլ իրեր, իսկ ձեռքի տակ արդէն կային դեռ օրէր ու շաբաթներ առաջ մետաղէ սրուած ամրաններից պատրաստուած ,ոզնիներե, երկաթաձողեր, քոքթեյլ մոլոթովներ եւ այլ տեսակի պայթուցիչներ եւ այլն: Եղե՞լ է այս ամէնը, թէ Նիկոլ Փաշինեանը հրամայել է չհաւատալ:
Մեր հասարակութիւնը հլու հանդիսակա՞ն է ում ինչ եւ ինչպէս մատուցեն պէտք է ընդունի որպէս վերին ճշմարտութիւն, թե՞ քաղաքակրթութեան պատմական ճանապարհ անցած ժողովուրդ է` ազգ է:
Այս նիւթը գրելիս ես ցանկանում էի կիսուել հայ մարդկանց հետ այն մասին, որ այսպէս չի կարելի շարունակել:
Մեզանում ոչ թէ գաղափարի ու ծրագրի, այլ ատելութեան մրցակցութիւն է: Մօտ ապագայում Հայաստանում շարունակելու է շիկանալ հիասթափութեան մթնոլորտը այսօրուայ իշխանութեան նկատմամբ եւ հաւանաբար ժողովուրդը կրկին կհետեւի ամենակոշտ ու ամենակրքոտ հայհոյողներին: Վաղուայ օրուայ եւ ապագայի մտահոգութիւնը թելադրում է, որ մենք դադարենք լինել խաբկանքի ենթակայ հանդիսական: Աշխարհը, մեզ հետ մեկնարկային նոյն կէտից ճանապարհ ընկածները այսօր բոլորովին ուրիշ տեղ են, քամահրանքով են նայում մեզ, որպէս անկիրթ ու ինքն իրեն յօշոտող զանգուածի, իսկ մենք դեռ խճճուած ենք գծուծ հաշիւների ու փոխյարաբերութիւնների սարդոստայնում: Եւ թոյլ եմ տալիս ասելու, որ այս բալագանային ներկայացման համար մեղաւոր են բոլորը` դերասանները, երկրպագուները, քաղքենին, ով պատուից ցածր է համարում բնակարանից դուրս գալ եւ քաղաքացիական պարտք կատարել ընտրութեան միջոցով, բայց յետոյ, լուռ ու մունջ վզակոթին ուտում է նոյն հարուածները, ինչ որ մնացածը, Նիկոլ Փաշինեանի “գաղափարական” հովանաւորները, ում համար միեւնոյն էր Նիկոլը կը գայ, թէ Պօղոսը, բայց առիթն օգտագործեցին, անցանկալիներին ու մրցակիցներին սեւացնելու նրանց դէմ կեղտոտ պայքար ծաւալելու համար, ինչպէս եւ միւս բոլորը, ովքեր կարող են համբերութեամբ հետեւել, թէ ինչպէս է քայքայւում հայոց պետականութիւնը:
Ժամանակն է մերժելու այս թատրոնը: