Թաթոյեան Կ՛ահազանգէ, Որ Ատրպէյճանցի Զինուորները Կը Մօտենան Հայաստանի Գիւղերուն

Հայաստանի Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան ահազանգեց, որ տարածք յանձնել-չյանձնելու կատարեալ սխալ եւ բոլորովին դատապարտելի օրակարգով, Ատրպէյճանի զինուած ուժերու զինուորները կը մօտենան հայկական գիւղերուն։

«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ Թաթոյեան գրած է հետեւեալը.

«Արդարադատութեան նախարարութիւնն այսօր ամօթալի ու խիստ դատապարտելի յայտարարութիւն էր արել` կապուած սահմանազատման ու սահմանային անվտանգութեանն առնչուող յանձնաժողովի իրաւական հիմքերի ու գործունէութեան հետ` անյաջող փորձ անելով «հիմնաւորել» ու իրաւունքով կոծկել կառավարութեան ու դրա ղեկավարի քաղաքական անթոյլատրելի որոշումները:

«Փոխվարչապետի ղեկավարութեամբ գործող այդ յանձնաժողովի գործունէութիւնը հակասում է ՀՀ Սահմանադրութեան ու ՀՀ միջազգային պարտաւորութիւնների հիմքերին:

«Այն ֆորմալ (պաշտօնապէս) ստեղծուել եւ գործում է անհատական իրաւական ակտով (կանոնով)`ընթացակարգային բնոյթի ընդհանրական նորմերի յղում անելով: Նման իրաւասութիւն թէ՛ կառավարութիւնը, թէ՛ կառավարութեան ղեկավարը չունեն:

«Արդարադատութեան նախարարութիւնը յանձնաժողովի «մանդատը» (լիազօրութիւնը) հիմնաւորում է յանձնաժողովի անուանումով ու յետոյ նշում, թէ յանձնաժողովի անուանումը ցոյց է տալիս, որ յանձնաժողովն այդ մանդատը ստացել է կառավարութիւնից ու դրա ղեկավարից:

«Նման հիմնաւորում անգամ հնարել էր հնարաւոր չէ, քանի որ այդպիսի բան իրաւունքում լինել չի կարող, երբ կասկածելի ծագման յանձնաժողովին տրւում է անուանում ու միայն անուանումով (առանց կոնկրետ (յստակ) իրաւասութիւններ ամրագրելու) որոշւում է այդ յանձնաժողովի կարգավիճակը:

«Մասնաւորապէս, որեւէ ակտում գրուած չէ` որն է այդ յանձնաժողովի կամ նրա անդամների իրաւասութիւնը, ինչ որոշումներ է այն կայացնում, ինչ կոնկրետ հարցերով եւ այլն:

«Չի կարելի առանց իրաւական հիմքի ու առանց կոնկրետ կարգավիճակ ամրագրելու գործնականում ունենալ կոնկրետ գործ անող մարմին` զուտ միայն բաւարարուելով նրանով, որ այդ մարմինն ունի անուանում ու իրաւասութիւններն էլ բխեցնելով անուանումից:

«Կառավարութեան տրամաբանութեամբ ստացւում է` եթէ ցանկանում ես մարդկանց դատել օրէնքի խախտումների համար, ապա անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, անուանակոչել «դատարան», եւ դա բաւարար է, որ այդ մարմինը սկսի մարդկանց դատել ու ամենեւին էլ չկայ կարիք սահմանելու կոնկրետ  լիազօրութիւններ, խնդիրներ, որոշումների կայացման կարգ եւ այլն:

«Սա իրաւունքի գերակայութեանը սկզբունքօրէն հակասող, Սահմանադրութեան հիմքերին հակադրուող տրամաբանութիւն է:

«Այս յանձնաժողովի անունից արտաքին գործերի նախարարութիւնը տարածում է յայտարարութիւն, որի հիման վրայ լրջագոյն բացասական կոնկրետ հետեւանքներ են առաջանում ՀՀ անվտանգութեան համար, կոպտօրէն ոտնահարւում են սահմանային բնակիչների ու առհասարակ ՀՀ բնակչութեան իրաւունքները (կեանքի, ազատ տեղաշարժման, սեփականութեան եւ այլ):

«Արդարադատութեան նախարարութեան այդ յայտարարութեան բացարձակ հակաիրաւական բնոյթի մասին է խօսում նաեւ այն, որ 2024 թ. Ապրիլի 19ի Հայաստանի արտգործ նախարարութեան յայտարարութեան համաձայն` պայմանաւորուածութիւն են ձեռք բերել աւարտին հասցնել սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024թ. Յուլիսի 1ը:

«Այսինքն` ստացւում է առանց անգամ կանոնակարգի արդէն այս յանձնաժողովը գործում է եւ առանց կանոնակարգի անում է յայտարարութիւններ, որոնք կոպիտ խախտում են մարդու իրաւունքները եւ խաթարում (կը վտանգեն) են ՀՀ անվտանգութիւնը:

«Այն որ այս բոլոր հիմնաւորումներն առոչինչ են եւ չյաջողուած փորձ արդարացնելու համար անթոյլատրելի քաղաքական որոշումներ, հիմնաւորւում է նաեւ կառավարութեան ղեկավարի ու իշխանութեան մաս կազմող տարբեր պաշտօնեաների այն յայտարարութիւններով, որ դեռ սահմանազատում չի սկսուել, եւ սահմանազատումը սկսուելու է Տաւուշում նախատեսուող լուծումներից յետոյ:

«Դրանից բացի, բնական հարց է առաջ գալիս` եթէ սահմանազատում դեռ չի սկսուել, ապա ինչպէ՞ս է այդ յանձնաժողովի անունից ԱԳՆն տարածում յայտարարութիւն, որից ստացւում է` Տաւուշում տեղի ունեցողն այդ յանձնաժողովի աշխատանքի արդիւնքն է, եթէ այդ յանձնաժողովը զբաղւում է սահմանազատմամբ, այսինքն այն հարցերով, որ դեռ պէտք է յաջորդի Տաւուշի հատուածում սահմանային լուծումներին:

«Տարածք յանձնել-չյանձնելու կատարեալ սխալ ու կատարեալ դատապարտելի (քաղաքական) հանրային օրակարգի ներքոյ ադրբեջանական զինուած ծառայողներին մօտեցնում են մեր գիւղերին ու իշխանութիւնն անում է Ադրբեջանի իրաւազօրութիւնը ճանաչող յայտարարութիւններ»:

Comments are closed.