Ըստ Կարմիր Խաչի Տուեալներուն՝ Արցախի Հակամարտութեան Պատճառով 1000 Հայ Անյայտ Կորսուածներ Կան
Արցախի հակամարտութեան պատճառով անյայտ կորսուածներուն հարցը Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) գործառնական առաջնահերթութիւններէն է: Անյայտ կորսուածներուն ճակատագիրը յայտնաբերելու ուղղութեամբ Կարմիր խաչի միջազգային գործառոյթներու ծիրին մէջ իրականացուող աշխատանքներուն վերաբերեալ «Արմէնփրէս»ի հարցումին իբրեւ պատասխան ըսաւ Հայաստանի մէջ ԿԽՄԿի պատուիրակութեան հաղորդակցութեան ծրագիրներու ղեկավար Զառա Ամատունի:
«Ղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղւում ենք աւելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղութիւններով աշխատանք: Առաջին հերթին խօսքը գնում է յանձնագրով երաշխաւորուած իրաւունքի մասին, որը վերաբերում է ոչ թէ ԿԽՄԿ պարտաւորութիւններին, այլ համապատասխան կողմերում իշխանութիւնների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թէ ռազմական գործողութիւնների առնչութեամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ: Սա միջազգային մարդասիրական իրաւունքի պահանջն է: Այս ուղղութեամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպէսզի յանձնագրի շրջանակներում յիշեցնենք իրենց պարտաւորութիւնների մասին եւ որքանով հնարաւոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառութեամբ, որոշակի հմտութիւններով, որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում», ըսաւ Ամատունի, ըստ որուն, Կարմիր խաչի Միջազգային կոմիտէի աշխատանքներու երկրորդ կարեւոր ուղղութիւնը իւրաքանչիւր անյայտ կորուսած անձի մասին կարելի եղածին չափ սպառիչ եւ մանրամասն տեղեկութիւններ եւ տուեալներ տրամադրելն է:
«Հիմնուելով ընտանիքների յայտերի վրայ` տարածաշրջանում մեր գրասենեակների միջոցով հաւաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տուեալներ, որոնք 90ականներից, այնուհետեւ 2020 թուականից մինչեւ 2023 թուականն ընկած ժամանակահատուածում հակամարտութեան սրացումների հետեւանքով անհետ կորած են համարւում: Նրանցից շուրջ 1000ը հայեր են, որոնց տուեալները ԿԽՄԿն հաւաքագրել է Երեւանի եւ Ղարաբաղի գրասենեակների միջոցով: Այս թւում են նաեւ անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած` չնայած այն հանգամանքին, որ առկայ է դրական ԴՆԹ նոյնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նոյնպէս ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդիւնքները», մանրամասնեց Ամատունին` շեշտելով, որ Կարմիր խաչը ինքնուրոյն չի կատարեր նոյնականացումներ, ատիկա համապատասխան իշխանութիւններու ու կառոյցներու աշխատանքն է: Մենք աւելի շատ փոխանցում ենք մեր փորձը: Օրինակ` դատաբժշկական փորձագիտութեան կենտրոնի լաբորատորիայի հետ սերտ համագործակցելով` Հայաստանում մեր փորձագէտները, թէ՛ կահաւորման, թէ՛ որոշակի դասընթացների եւ փորձի փոխանակման միջոցով փորձում են բարձրացնել կարողութիւնները, որպէսզի հնարաւորինս աջակցենք այս ոլորտում արհեստավարժութեան բարձր մակարդակին, իսկ սա իր հերթին կը նպաստի որեւէ արտակարգ իրավիճակում անհետացումների կտրուկ նուազեցմանը», պարզաբանեց Ամատունի:
Անյայտ կորուսած անձերու որոնումներու գործընթացին գծով Ամատունի յայտնեց, որ անոր շուրջ քայլերը եւ որոշումները իշխանութիւններուն գործն են, որոնց ԿԽՄԿը՝ իբրեւ չէզոք միջնորդ, պատրաստ է աջակցիլ:
«Մեր պատկերացմամբ` որոշակի մարդասիրական միջավայր պէտք է ստեղծուի, որը թոյլ կը տայ կողմերին միասին ունենալ համապատասխան քայլեր, օրինակ` քարտէզագրել յուղարկաւորման հնարաւոր վայրերը,եթէ խօսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերեալ քիչ թէ շատ կան տեղեկութիւններ: Բնականաբար, մենք միշտ վառ եւ ակտիւ (աշխոյժ) ենք պահում այս հարցը` քննարկելով այն թէ՛ իշխանութիւնների հետ, թէ՛ աշխատելով ընտանիքների հետ, սակայն բուն գործողութիւնները եւ որոշումները մեր ձեռքում չեն: Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ` որպէս չէզոք միջնորդ», ըսաւ Ամատունի:
Comments are closed.