Ընկերվար երիտասարդների միջազգային միութիւնը (IUSY) դատապարտում է Պաքուում ընթացող կեղծ դատավարութիւնները
- (0)

Յունուարի 17-ից ի վեր Ատրպէյճանի Պաքու քաղաքում շարունակւում են կեղծ դատավարութիւններ՝ ուղղուած 16 հայ պատանդների դէմ, որոնց թուում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բարձրաստիճան քաղաքական եւ զինուորական ղեկավարներ:
Նրանց դէմ առաջադրուած մեղադրանքները՝ սկսած ահաբեկչութիւնից մինչեւ ապօրինի զինուած խմբաւորումների ձեւաւորում, անհիմն են եւ քաղաքականապէս ուղղորդուած: Այս կեղծ դատավարութիւնները հերթական անգամ կոպտօրէն խախտում են միջազգային մարդասիրական իրաւունքը եւ հանդիսանում են հաշուարկուած փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական եւ քաղաքական ինքնութիւնը:
Շուրջ 17 ամիս այս անձինք ապօրինի պահւում են կալանքի տակ՝ 2023 թ․ Սեպտեմբերին Ատրպէյճանի դաժան ռազմական արշաւից յետոյ, որի հետեւանքով աւելի քան 120․000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանուել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպէս նաեւ Ատրպէյճանի՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի ծանր խախտում:
IUSY-ն կոչ է անում միջազգային հանրութեանը, այդ թուում՝ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեանը, Եւրոպական միութեանը եւ առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անյապաղ գործողութիւններ ձեռնարկել, մասնաւորապէս՝
_ Պահանջել Ատրպէյճանում անօրինաբար պահուող բոլոր հայ քաղաքական բանտարկեալների եւ պատանդների անմիջական ազատ արձակում:
_ Ատրպէյճանին պատասխանատուութեան ենթարկել պատերազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների շարունակական խախտումների համար՝ միջազգային իրաւական մեխանիզմների միջոցով:
_ Պատժամիջոցներ կիրառել Ատրպէյճանի աւտորիտար ռեժիմի քաղաքական եւ զինուորական ղեկավարութեան նկատմամբ:
- Ապահովել Արցախի բնիկ հայ բնակչութեան՝ իրենց հայրենիք հաւաքականօրէն վերադառնալու իրաւունքը՝ միջազգային երաշխիքների ներքոյ եւ համաձայն ինքնորոշման հիմնարար իրաւունքի:
_ Պահանջել Ատրպէյճանի զինուած ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից՝ պահպանելով նրա միջազգային ճանաչուած սահմանները:
IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչութեան անքակտելի իրաւունքները, նրանց ինքնորոշման իրաւունքը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը:
Որպէս միջազգային կազմակերպութիւն, որը յանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատութիւնը, ինքնիշխանութիւնը եւ արժանապատուութիւնը, մենք կը շարունակենք մեր առաքելութիւնը՝ պաշտպանելով ճնշուած ազգերի եւ նրանց հիմնարար իրաւունքները:
Սոցիալիստ (ընկերվար) երիտասարդութեան միջազգային միութիւնը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպութիւն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատաւորական երիտասարդական միութիւնների: IUSY-ն, որը հիմնադրուել է 1907 թուականին որպէս Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպութիւններ 110 երկրներում: Նրա առաքելութիւնը ներառում է երիտասարդութեան ներգրաւուածութիւն, զանգուածային ակտիւութիւն, կրթական միջոցառումներ, արշաւներ եւ համաշխարհային շահերի պաշտպանութիւն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպութեան լիիրաւ անդամ է։