Ես Իսլամացած Հայի Քրիստոնեայ Զաւակ Եմ. Կարօտ Սասունեան
Ծնունդով Սասունից, այժմ Դիարբեքիրում բնակուող Կարօտ Սասունեանին մանուկ հասակում մայրն ուղարկում էր մզկիթ, որպէսզի արաբական տառերը սովորի, մտածելով, որ եթէ երեխան մեծանայ որպէս մահմեդական, ապա ատելութեան ու վրէժխնդրութեան զգացում չի ունենայ:
«Երբ անցնում էինք մզկիթի մօտով, ինձ ծաղրում էին՝ ասելով, որ Կարպիսի տղան պէտք է դառնայ իմամ, ու մենք էլ նրա առջեւ նամազ անենք: Ես անընդհատ հարցնում էի պապիկիս, թէ ով է Կարպիսը, բայց նա այդպէս էլ չէր ասում: Մի օր տեղի տուեց ու ասաց, որ Կարպիսն իմ պապն էր՝ ազգութեամբ հայ: Չնայած ինձնից ամէն կերպ փորձում էին թաքցնել իմ արմատները, սակայն չէին կարողանում, քանի որ շրջապատն էր յիշեցնում այդ մասին: Յետոյ ինձ մօտ հարց առաջացաւ, թէ այդ դէպքում ի՞նչ կապ ունենք Հուսէյնի հետ, եթէ պապս Կարպիսն է. մահմեդականութիւնս այդտեղ աւարտուեց: Ես մուսուլմանացած հայի քրիստոնեայ զաւակ եմ», պատմեց Սասունեանը:
Կարօտ Սասունեանն ապրում է Դիարբեքիրում, լրագրող է, զբաղւում է լուսանկարչութեամբ: Քուրդ-թուրքական բախումների հետեւանքով, Դիարբեքիրի Սուր թաղամասը հսկայական վնասներ էր կրել: Անմասն չէր մնացել նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի զանգն այդ ժամանակ ընկաւ ու լռեց մինչեւ այսօր:
«Նախքան բախումը եկեղեցին նորոգուել էր եւ 2011ին վերաբացուել էր, բայց ոչ թէ որպէս եկեղեցի, այլ ուղղակի այցելելու համար: 2012ին՝ 97 տարուայ ընդմիջումից յետոյ Սուրբ Կիրակոսում կատարուել էր առաջին եկեղեցական արարողութիւնը: Տարին մէկ անգամ՝ Սուրբ Զատիկի օրը, մեզ թոյլատրում էին այնտեղ պատարագ մատուցել: Այն կարծես տեղի ու յարակից շրջանների հայերի հաւաքատեղին լինէր: 2015ին, Սուրբ Զատիկին 1200 հաւկիթ էինք ներկել, որը յետոյ ինչպէս տեսանք քիչ էր: Բազմաթիւ հիւրեր ունեցանք: Իսկ հիմա բոլորը վախից տնից դուրս չեն գալիս», ասաց լուսանկարիչը:
Սասունեանը պատմեց, որ այժմ եկեղեցին անմխիթար վիճակում է, խորանն աւերուելէ, գմբէթը չկայ: Արդէն երեք տարի է արգելուած է մուտք գործել այդ թաղամաս:
Պետութիւնն այդ թաղամասում գտնուող ամէն ինչ հողին է հաւասարեցրել՝ հայկական տները նոյնպէս: Սուրբ Թէոդորոս եկեղեցին, որը նոյնպէս այդտեղ է գտնւում, վերածուեց մզկիթի:
Սասունեանի խօսքով, եթէ քրդերը Դիարբեքիրում համարւում են դուշման՝ թշնամի, ապա հայերին անուանում են «դուշման դուշմանլար»՝ թշնամիների թշնամի: Այդ իսկ պատճառով հայերը եկեղեցու վերակառուցման համար որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել:
Սասունեանը որպէսզի արդարացնի իրենց վերագրուող ծուռ սասունցի ասոյթը, որոշել է այցելել եւ թաքուն լուսանկարել սուրբ Կիրակոս եկեղեցին:
«Պարծենալու համար չեմ արել, գիտեմ որ կարօտ էք, անգամ որ լուսանկարները շատ մեծ արժէք ունեն ձեզ համար», ասաց Սասունեանը:
Կարօտ Սասունեանը Հայաստանում է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի հրաւէրով:
«10 տարի է զբաղւում ենք իսլամացած հայերի հարցերով: Պէտք է յստակ զանազանել. կան իսլամացած ու ծպտեալ հայեր: Ծպտեալ հայերը պահպանում են ազգային դիմագիծը, անգամ ստեղծել են յատուկ ցանց ու գիտեն, որ հարեւան գիւղից, որ ընտանքն է հայ ու ամուսնանում են միայն հայերի հետ: Այս ամէնը բնականաբար գաղտնի է պահւում: Իսկ իսլամացած հայերը շատ յաճախ տեղեակ էլ չեն լինում որ հայ են, այս տեսակը վտանգաւոր է», նշեց կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը:
Յիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թուագրւում է 5րդ դարի: 2011ին վերակառուցուել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասուել էր 1915ին՝ ռմբակոծութիւնից: Եկեղեցու գմբէթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն աւերել էին այն:
ՆԱՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ