Եկել ենք ասելու, որ մենք մեր երկրի տէրն ենք

Մենք եկել ենք այստեղ մեր վճռականութիւնը արտայայտելու, եկել ենք ասելու, որ մենք կամք ունենք մեր երկրին տէր կանգնելու համար. Կոռնիձորում տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ յայտարարեց «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանդ Մարգարեանը։

«Մենք կանգնած ենք մեզ պարտադրուած սահմանի վրայ եւ մեզանից աջ եւ ձախ գտնւում է մինչեւ ատամները սպառազինուած թշնամին։ Մենք ասել ենք մենք ձեզնից վախեցողը չենք։ Մենք եկել ենք ասելու, որ մենք մեր երկրի տէրն ենք։ Մենք եկել ենք ասելու, որ այն ինչ, որ դուք ուզում էք մեզ պարտադրել մենք չենք ընդունելու, մենք ընդվզում ենք դրա դէմ։ Առոչինչ ենք համարելու բոլոր այն փաստաթղթերը, որը պէտք է ժողովրդի կամքին հակառակ ստորագրուի», ասաց նա։

«Դանակը հասել է ոսկորին, մենք կորցնում ենք ամէն ինչ, այլեւս իրաւունք չունենք դանդաղելու, համակերպուելու, երկու անգամ մտածելու։ Մենք պարտաւոր ենք վիճակը փոխել, պէտք է կարողանանք ազդել վիճակի, կացութեան վրայ», իր ելոյթում ասաց Հրանդ Մարգարեանը։

Նա ընդգծեց, որ պէտք է առաջին հերթին մենք մեր յոյսը կտրենք օտարից. «Ոչ ոք չի գալու մեր տեղը կռուի, սուտ է։ Երբեք դա չի լինելու, մենք պէտք է յենուենք մեր ժողովրդի վրայ։ Ունենք մենք այդ հնարաւորութիւնը։ Երբ մենք կռուենք, պայքարենք, հրապարակի վրայ լինենք, ասենք՝ տէր ենք մեր իրաւունքներին, այն ժամանակ կը գտնենք նաեւ զինակիցներ, բայց երբեք չմտածէք, որ մէկ ուրիշը կը գայ մեր տեղը կը կռուի, մեր իրաւունքները կը պաշտպանի։ Ոչ ոք դա չի անի, ժողովուրդ։

Մեր սեփական ուժերով պէտք է մեր նպատակն իրականութիւն դարձնենք։

Ուժեղ ենք, անպարտելի ենք, եթէ միասին ենք»։

«Եթէ Արցախը տանք, Հայաստանն էլ տուել ենք, բայց մենք չենք տալու, մենք փրկելու ենք Արցախն էլ, Հայաստանն էլ հետը», ասաց Հրանդ Մարգարեանը։

Ըստ Մարգարեանի՝ հայ երիտասարդութիւնը չի հաշտուի այս իրողութեան հետ, չի հաշտուի այդ պարտութեան հետ։

«Նրանք ազգային ազատագրական շարժում կը սկսեն, նրանք թշնամու ոտքերի տակ կ’այրեն զաւթուած հողերը…

Թող ոչ ոք չվախեցնի մեզ թշնամով։ Ես այն մարդկանցից մէկն եմ եղել, որոնք 1990-ից մասնակցել են ազգային ազատագրական պայքարին։

Հաւատացէք, այն ժամանակ էլ մեր մէջ կային վախկոտներ, բայց քաջերը միշտ լի են վճռականութեամբ, նրանք են ստեղծում իրավիճակը։

Ես համոզուած եմ, որ մեր պայքարն ընդլայնուելու է, տարածուելու է։ Մենք կը հասնենք մեր իրաւունքներին։ Մենք կ’ազատագրենք Արցախը շրջափակումից, մենք կ’ազատագրենք զաւթուած Հադրութը եւ Շուշին, Շահումեանը եւ Գետաշէնը։

Ես հաւատում եմ դրան եւ վստահ եմ, որ մեր երիտասարդութիւնը վայր չի նետի այդ պայքարի դրօշը, կը շարունակի այն, եւ մենք կը հասնենք յաջողութեան», ընդգծել է նա։

Ելոյթն ամբողջութեամբ՝ տեսանիւթում

Comments are closed.