«Եթէ Փաշինեանն ասում է՝ նոյն գործընթացը պէտք է լինի Սիւնիքում, կասկած չի մնում, որ իրենք նաեւ Սիւնիքից են տարածք տալու թուրքերին»․ Արթուր Խաչատրեան

«Առաւօտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
– Պարոն Խաչատրեան, Նիկոլ Փաշինեանը Սիւնիք կատարած այցի ժամանակ ասաց, որ Ճակատէնում, Ներքին Հանդում, Ծաւում, սահմանամերձ այլ համայնքներում մարդիկ իրեն հարցնում են՝ «յոյս կա՞յ, որ մեր մօտ էլ սահմանազատում կը լինի»։ Ի՞նչ է կատարւում, Փաշինեանը հիմա էլ Սիւնիքի ժողովրդի՞ն է նախապատրաստում զիջումների։
– Ինձ թւում է՝ այս իշխանութիւններն իրենց ստերի մէջ մոլորուել են։ Յիշեցնեմ, որ այս իշխանութիւնները յայտարարում էին, որ Տաւուշի մարզի Կիրանցի հատուածում ոչ թէ սահմանազատում է տեղի ունեցել, այլ սահմանի վերարտադրութիւն։ Սահմանի վերարտադրութիւնն ի՞նչ է, ոչ գիտութեանն է յայտնի, ոչ մարդկութեանը։ Յայտնի է միայն ՔՊ կուսակցութեանը եւ իրենց վերնախաւին։ Եթէ ասում են՝ Սիւնիքում նոյնն է լինելու, ինչ Տաւուշում, թող կողմնորոշուեն՝ սահմանի վերարտադրութիւն, թէ՞ սահմանազատում։ Երկու հարեւան երկրների միջեւ սահմանը պէտք է զատուած ու գծուած լինի, դա ակնյայտ է, բայց սահմանազատումն ու սահմանագծումը գործընթաց է, որը որոշակի տրամաբանութիւն ու պրոտոկոլ ունի, թէ ինչպէս կարելի է յանգել միջպետական սահմանի ամենաօպտիմալ տարբերակին։ Ի դէպ, դա նոյնն էր, ինչը մենք պահանջում էինք, որ լինէր նաեւ Տաւուշի մարզում։ Բայց իշխանութիւնները, քանի որ Ատրպէյճանի ուղղակի պարտադրանքի տակ էին, Ատրպէյճանի հրամանն էին կատարում, ափալ-թափալ տարածքներ տրուեցին Ատրպէյճանին, որոնք բնիկ հայկական տարածքներ էին։ Վկան կադաստրի քարտէզներն էին։
Եթէ հիմա Փաշինեանն ասում է՝ նոյն գործընթացը պէտք է լինի Սիւնիքի մարզում, ինձ մօտ կասկած չի մնում, որ իրենք նաեւ Սիւնիքից են տարածք տալու թուրքերին։ Մանաւանդ, որ 2021 թուականի Դեկտեմբերին Շուռնուխի հատուածից նրանք արդէն թուրքին տարածք են յանձնել, թէեւ կային քարտէզներ, որ այս ճանապարհը Հայաստանի տարածքով էր անցնում, կար սովետական Հայաստանի կառավարութեան որոշումը, որով ճանապարհի կառուցման համար գումար էր յատկացուել։ Այնպէս որ, Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ չի եղել սահմանազատում, եղել է կապիտուլիացիա ատրպէյճանական պահանջների առաջ, որն այս իշխանութիւնը ներկայացրել է որպէս սահմանի վերարտադրութիւն։ Ի՞նչ է լինելու Սիւնիքում կամ Հայաստանի սահմանների միւս հատուածներում, այս իշխանութեան օրօք որեւէ լաւ բան չի լինելու։ Լինելու է այն, ինչ Ալիեւը կը հրամայի Փաշինեանին։
– Այս համատեքստում նա ժողովրդին նախապատրաստում է հանրաքուէի, ասաց, որ Ատրպէյճանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարաւոր է հանրաքուէ լինի։ «Առայժմ Խորհրդային Միութեան օրօք գոյութիւն ունեցած սահմաններն են վերականգնւում, հնարաւոր է՝ գայ մի պահ, երբ Հայաստանն ու Ատրպէյճանը նոր պայմանաւորուածութիւն ձեռք բերեն, կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ատրպէյճանը քննարկեն, 100 քառակուսի մեթր մենք զիջենք, 100 քառակուսի մեթր էլ իրենք, բայց սա պէտք է արուի հանրաքուէով», ասել է նա։ Ինչպէ՞ս էք գնահատում այս յայտարարութիւնը։
– Այո, այդ գործընթացի ընթացքում կարող է 100 քկմ մի կողմը զիջի, 100 քկմ՝ միւս կողմը։ Կամ մի կողմը զիջի 85 քկմ, միւսը՝ 100 քկմ, բայց 85 քկմ-ն աւելի կարեւոր լինի, քան 100-ը։ Եւ դա հենց այն մօտեցումն է, որն առաջարկուած է ԵԱՀԿ քարտուղարութեան մեթոտական ուղեցոյցի մէջ, որի վրայ մենք երեք տարի է՝ յղում ենք արել, որի մասին այս իշխանութիւնները չեն ուզում լսել։ Մհեր Գրիգորեանն էլ ասաց՝ այնտեղ մեզ համար ոչ նպաստաւոր դրոյթներ կան։ Ինչ վերաբերում է հանրաքուէին, հաշուի առնելով, որ այս 3-4 տարուայ ընթացքում Փաշինեանը որեւէ հայամէտ, ՀՀ շահերից բխող քայլ չի կատարել, որեւէ բանակցութիւն չի յաջողացրել, ինձ մօտ այն ողջամիտ կասկածն է առաջանում, որ Ալիեւը Փաշինեանից դարձեալ պահանջել է զիջումների գնալ, եւ Փաշինեանը, որպէսզի իր վրայից պատասխանատուութիւնը ցրի, որպէսզի պատասխանատուութիւնը դնի ժողովրդի ուսերին, կարող է անցկացնել այդ հանրաքուէն։ Եւ իր ցանկալի արդիւնքները կորզելու համար դարձեալ կարող է մուրճը առնել ու ընկել մեր համայնքները, մարդկանց էլի մանիպուլացնել ու ասել՝ ես բերում եմ խաղաղութիւն։ Եթէ հիմա չգնաք հանրաքուէի ու կողմ չքուէարկէք զիջմանը, վաղը կարող է պատերազմ լինել։ Յիշո՞ւմ էք՝ Ոսկեպարում ի՞նչ էր ասում, ասում էր՝ «խաղաղութեան» համար մի փոքր բան զիջենք։ Հիմա նոյնը կարող է անել, ասել՝ ժողովուրդ, «խաղաղութեան» համար մի փոքր բան զիջէք, եւ դրանից յետոյ պատասխանատուութիւնը կը գցի ժողովրդի վրայ։ Իսկ թէ ինչպէս են իրենք անցկացրել ընտրութիւնները, վկան Հայաստանի ՏԻՄ ընտրութիւններն են, իրենց կողմից ԿԸՀ նախագահ նշանակելն է եւ վարչական ռեսուրսների անխնայ օգտագործումը, ինչի մասին խօսում են նաեւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները։
– Նիկոլ Փաշինեանը հիմա էլ «պատերազմ» է յայտարարել խաչքարերի դէմ։ Նա Սիւնիքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Ուր գնում ենք, ասում են՝ եկէք խաչքար դնենք։ Եկէք ամէնքի վզին էլ մի հատ խաչքար դնենք, ասենք՝ քարշ տուէք, երեխէք, սա ձեր առաքելութիւնն է, որովհետեւ Վարդան Մամիկոնեանի սերունդներն էք դուք։ Մեր նահատակները զոհուել են, որ էս երեխէքի վզերից խաչքարերը կախե՞նք, հա՞։ Ոչ, զոհուել են, որ ազատ ապրեն, կեանքից հաճոյք ստանան: Այս փոփոխութիւնն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։ Սա հայ ժողովրդի ինքնութեան ու պատմութեան դէմ Փաշինեանի արշաւի հերթական դրուա՞գն է։
– Եւ Փաշինեանը, եւ Ալիեւը ատելութիւն ունեն հայ ժողովրդի հանդէպ։ Իր ներսում արդէն կայ այդ բացասական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, յիշէք, թէ ինչ ձեւակերպումներ է արել իր գրքում։ Դրան գումարւում է Ալիեւի պարտադրանքը՝ մոռանալ մեր յաղթանակները, դրա համար իրենք դպրոցներից ու զօրամասերից հանում են Փառքի անկիւնները։ Ասում են՝ մոռացէք մեր ինքնութիւնը, եկեղեցին եւ խաչքարները մեր ինքնութեան մի մասն են։ Ես չեմ զարմանայ, որ մի օր Նիկոլ Փաշինեանը փոխի Արարատի մարզի եւ արտգործնախարարի անունները։ Սա նոյն համատեքստում է՝ մոռացէք խաչքարերը, մոռացէք պատմութիւնը, դա հին Հայաստան է, ոչ իրական Հայաստան է, այլ աշխարհաքաղաքական ուժերի կողմից պարտադրուած Հայաստան է։ Իրական Հայաստանը, ըստ Փաշինեանի, Ատրպէյճանի հրամաններին ծնկաչոք ենթարկուելն է։ Ինքը փորձում է ժողովրդի յիշողութիւնից հանել մեր ժողովրդի յաղթանակները, փորձում է աղճատել մեր երեխաների հոգեբանութիւնը եւ մտածելակերպը։ Դա նշանակում է, որ հնարաւորինս շուտ Փաշինեանին պէտք է ուղարկել տուն կամ Պաքու՝ Ալիեւի տուն։
Ռոզա Յովհաննիսեան

Comments are closed.