Եթէ Փաշինեանի ձեռքը պէտք է բռնել, որ նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է. Օսկանեան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանեանը լրատուամիջոցներին է տրամադրել իր յօդուածը Հայաստանի ու Ատրպէյճանի ղեկավարների՝ Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման եւ ԼՂ խնդրի ներկայ փուլի վտանգաւոր միտումների մասին.

«Ակնյայտ է, որ մտնում ենք Արցախի յանձնման վերջնական փուլ։ Փաշինեանի ամէն մի հանդիպում աշխարհագրական որեւէ վայրում առաւել խորացնում եւ անշրջելի է դարձնում Արցախի յանձնման գործընթացը։ Բրյուսելեան հանդիպման ընթացքում խնդիրն աւելի բարդացաւ ու խորացաւ, երբ Փաշինեանն ընկաւ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խօսեց 29,800 քառակուսի քիլոմեթրի մասին, որ Ալիեւն արդէն ինքն էլ իր երկրի քառակուսի քիլոմեթրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանութեան տեղ թողնել, որ դրա մէջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը։ Շառլ Միշէլի նկարագրած դրոյթներով որեւէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածւում է Ջաւախքի եւ, ի տարբերութիւն Ջաւախքի, որոշ ժամանակ՝ միգուցէ մէկ տասնամեակ անց, վերածուելու է Նախիջեւանի։

Եթէ Փաշինեանի ձեռքը պէտք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապէս յետոյ ուշ կը լինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրաւունքները Փաշինեանին ետ պահելու այդ քայլից։ Նախ՝ Փաշինեանը պարզապէս իրաւունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։

Առաջին՝ իրաւական տեսակէտից այդ փաստաթուղթը կը հակասի Հայաստանի Սահմանադրութեանը եւ անկախ Հայաստանի Գերագոյն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու եւ վաւերացնելու համար պէտք է փոխել Հայաստանի Սահմանադրութիւնը եւ չեղարկել Գերագոյն խորհրդի որոշումը։

Երկրորդ՝ նման իրաւունք որեւէ մէկին վերապահուած չէ։ Ընտրութիւններում մեծամասնութիւն ունենալը չի նշանակում իրաւունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։

Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիքական գոյութեան հարցն է դրուած նժարին, եղել է անցած տասնամեակների զրկանքների եւ տառապանքների հիմնական կրողը եւ իր ճակատագիրը որոշելու լիազօրութիւն որեւէ մէկին չի տուել։

Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինեանի իսկ կառավարութեան ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կայ դրոյթ, ըստ որի՝ հետամուտ պէտք է լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանը «անջատում յանուն փրկութեան» սկզբունքի հիման վրայ, որի աներկբայ իրաւունքն ունի Արցախի ժողովուրդը։

Աւելին, սառը պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ աշխարհում գոյութիւն ունեցող յիսունից աւելի ինքնորոշման ընթացիկ շարժումներից մենք՝ հայերս, կը լինենք առաջինը եւ միակը, որ հրաժարւում է իր իրաւունքներից։

Եթէ Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբեւէ պարտադրուած կամ կամովին հրաժարուեն ինքնորոշման իրենց անքակտելի իրաւունքից եւ ընդունեն Ատրպէյճանի ինքնիշխանութիւնն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կը լինի նախադէպ, որը մեզ կ’արժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակաւորման ցածր եւ նուաստացուցիչ գնահատականի։

Ցաւալին նաեւ այն է, որ այսօր առկայ՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնեակից աւելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնաւոր պատմական, իրաւական եւ քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։

Պատմականօրէն՝ Արցախի ժողովուրդը հազարամեակներ ապրել եւ գոյատեւել է հենց այս տարածքում։ Աւելին, այսօր մեր երկու պետութիւնների՝ հայերով բնակեցուած տարածքներից ամենահայկականը հենց Արցախն է։

Պատմութեան ընթացքում, երբ Հայաստանը ենթարկուել է տարբեր ազգերի ասպատակութիւնների, Արցախը միշտ պահել է առնուազն իր կիսանկախ կարգավիճակը։

Իրաւականօրէն՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի հիմքերը պարզապէս անխոցելի են։ Ինքնորոշման իրաւունքի պահանջատիրութեան հիմնական նախապայմանները նախկինում եւ այսօր ամբողջութեամբ բաւարարուած են։

Քաղաքականօրէն՝ Արցախը ունի երեք տասնամեակից աւելի բանակցային նախապատմութիւն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրութիւնը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգաւորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ եւ անկաշկանդ կամարտայայտութիւնը։

Ես շարունակում եմ համոզուած մնալ, որ չենք սպառել դիւանագիտական հնարաւորութիւնները եւ որ այսօր հայանպաստ լրջագոյն այլընտրանքներ կան այն ամէնին, ինչ անում են Հայաստանի իշխանութիւնները։ 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի դիւանագիտութիւնը որեւէ լուրջ ջանք գրեթէ չի գործադրել հայանպաստ արդիւնքի հասնելու համար։

Ցանկացած բանակցութիւնների արդիւնք պէտք է առնուազն բարելաւի կողմերի յարաբերութիւնները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանութիւնները, չի կարող բաւարարել այս պայմանը։ Մի գուցէ նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկայ իշխանութիւնների եւ Ատրպէյճանի միջեւ, բայց վստահաբար չի կարող բարեկամութեան հիմք ծառայել Հայաստան պետութեան, հայ ժողովրդի եւ Ատրպէյճանի միջեւ»։

Comments are closed.