Եթէ ուզում ենք խաղաղութիւն ունենալ, պէտք է պատրաստուենք պատերազմի

Կոռնիձորում նախատեսուած բողոքի ակցիայի հիմնական նպատակն է ցոյց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակւում է, միջոցառումներն էլ՝ յանուն Արցախի, ընդդէմ Ատրպէյճանի, շարունակական են լինելու», «Փաստինֆօ» լրատուականի հետ զրոյցում ասում է «Կամաւորական շարժում» ՀԿ-ի (Հասարակական Կազմակերպութիւն) գումարտակի շտապի պետ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը։

Արտաշէս Մխիթարեանն ասում է՝ ակցիայի անցկացման տեղի ընտրութիւնը՝ Կոռնիձորը, պայմանաւորուած է Ատրպէյճանական կողմի վերջին գործողութիւններով. «Քանի որ Ատրպէյճանը անցակէտ տեղադրեց Հակարիի կամրջի հարեւանութեամբ, այսինքն՝ Կոռնիձորին մօտ՝ կրկնակի շրջափակման մէջ գցելով Արցախի ազգաբնակչութեանը, որոշեցինք, որ առաջին ակցիան տեղի է ունենալու հենց այնտեղ։ Քանի որ ստեղծուած իրավիճակում Արցախի բնակչութեանը մնում է բռնի տեղահանում կամ էթնիկ զտման վտանգի տակ յայտնուել, որոշեցինք, որ առաջիկայ կարեւոր ակցիան կ’իրականացնենք հենց շրջափակուած Արցախի դարպասների մօտ»։

Արտաշէս Մխիթարեանը վստահ է՝ արցախահայութեանն, այնուամենայնիւ, հնարաւոր չէ ընկճել, նրանք պայքարելու են մինչեւ վերջ՝ մինչեւ վերջնական ազատագրում եւ ինքնորոշում։

Որպէս ակցիայի ակտիւ կազմակերպչակական գործողութուններով զբաղուած մասնակից, Արտաշէս Մխիթարեանն ասում է՝ Կոռնիձորում անցկացուելիք ակցիային մասնակցելու ցանկութիւն յայտնող բազմաթիւ զանգեր է ստացել։ «Օրական 15-20 զանգ եմ ստանում, մարդիկ հետաքրքուած են, ուզում եմ մասնակցել՝ ընկերներով, ընտանիքի անդամներով, կազմակերպութիւններով։ Ի հարկէ, այս ակտիւութիւնն ուրախացնում եւ յոյս է ներշնչում մեզ, որ այս պայքարն անպտուղ չի լինի, որ մենք կը հասնենք մեր առջեւ դրուած խնդիրներին։ Ակցիան, բացարձակապէս, ապաքաղաքական բնոյթ է կրում, սակայն, մասնակցութեան ցանկութիւն են յայտնում ինչպէս անհատներ, այնպէս նաեւ տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցութիւններ ու նրանց ղեկավարներ։ Մեզ՝ կազմակերպիչներիս համար, բոլորովին միեւնոյնն է, թէ ովքեր են ցանկութիւն յայտնում մասնակցել՝ քաղաքական գործիչներ կը լինեն նրանք, անհատ քաղաքացիներ, թէ կազմակերպութիւններ։ Կարեւորը, որ նրանց բոլորին միաւորում է մէկ գաղափար՝ օգնել Արցախին դուրս գալու այս օրհասկան վիճակից, հաւաքուել միեւնոյն նպատակի շուրջ, այն է՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն Արցախ է»։ Ակցիան էլ որեւէ քաղաքական ուղղուածութիւն չի ունենալու, հնչելու են միայն «Կամաւորական շարժում» ՀԿ-ի լոզունգները»։

Արտաշէս Մխիթարյանը յաւելում է՝ Կոռնիձորում իրականացուելիք ակցիան միակը չի լինելու, այն կ’ունենայ շարունակութիւն։ Յաջորդ ակցիաներն անցկացուելու են, այս պահի դրութեամբ, Հայաստանի առաւել վտանգուած հատուածներում։ Նախատեսւում է յաջորդիւ նոյն նպատակով ակցիա իրականացնել դէպի Սոթք եւ Տաւուշ ուղղութիւններով, յետագայ ուղղութիւնները դեռեւս ճշդւում են։ Բանախօսը նկատում է՝ թէեւ իրենք մասնակցել եւ շարունակելու են իրենց մասնակցութիւնը բերել Երեւանում կազմակերպուող բողոքի ակցիաներին, սակայն, ՀԿ-ն իր առջեւ Երեւանում նմանօրինակ գործողութիւններ իրականացնելու նպատակ չի դրել։ «Կամաւորական շարժում» ՀԿ-ի թիրախում մարզային առաւել վտանգուած բնակավայրերն են, ասում է բանախօսը։

Ամփոփելով զրոյցը, Արտաշէս Մխիթարեանը յաւելում է՝ նախաձեռնող խումբը զբաղուած է ոչ միայն ակցիաների կազմակերպմամբ, այլ նաեւ՝ կամաւորականների պատրաստման աշխատանքներով. «Մենք պէտք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետեւ, եթէ ուզում ենք խաղաղութիւն ունենալ, պէտք է պատրաստուենք պատերազմի։

Կարծում եմ, առջեւում մեզ եւս մէկ նոր պատերազմ է սսպասւում, որովհետեւ այն իրավիճակը, որ ստեղծուել է մեր երկրում, առանց պատերազմի չի հանգուցալուծուելու։ Թէ ինչքանո՞վ են մեր իշխանութիւնները պատրաստում մեզ առաջիկայ պատերազմին, որպէսզի ընդունակ լինենք արդիւնաւէտ դիմադրելու թշնամու հարուածներին, մեծ հարց է։ Յամենյան դէպս, մինչ այսօր նրանք չափազանց անողնաշար ռազմական գործողութիւններ են իրականացրել, ինչի հետեւանքով ունենք այն, ինչ ունենք։ Հետեւաբար, յոյս դնել, որ առաջիկայ սպասուելիք պատերազմում այս իշխանութիւնները կարող են արդիւնաւէտ հակահարուած պլանաւորել եւ իրականացնել, մեղմ ասած, միամտութիւն կը լինի, եթէ չասենք, որ սրանք զբաղուած են ճիշդ հակառակ աշխատանքով, այն է՝ ահաբեկելով եւ վախի մթնոլորտում պահելով մի ողջ ազգի, կարծում են, թէ կարող են իրականացնել դրսից իրենց վրայ դրուած խնդիրը՝ յանձնել հողերը։ Այստեղ պէտք է ասեմ, որ նրանք իրենց հաշիւներում, մեղմ ասած, սխալուել են։ Դրանում դեռ իրենք կը համոզուեն»։

Comments are closed.