Եթէ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի մամուլի խօսնակ
- (0)

Եթէ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի մամուլի խօսնակ
ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Մանէ Գէորգեանը ֆէյսպուքեան իր էջում գրառում է կատարել․
«Կարդացի Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրէին Խաթայի շրջանում արած յայտարարութիւնները ու պիտի ասեմ, որ պատմութեան խորխորատները մտնելու Ատրպէյճանի նախագահի շարունակական փորձերն իսկապէս զաւեշտալի են: Նա պնդում է, թէ հայերի մասին ոչ մի յիշատակում չկայ 1800-ականների սկզբին կնքուած Քիւրակչայի պայմանագրում:
Միամտօրէն մտածել ենք, թէ պարոն Ալիեւը ծանօթ է անտիկ պատմագրութեան ամենապոպուլեար գործերին՝ Հերոդոտոսի պատմութեանը, Քսենոփոնի «Նահանջ բիւրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրութեանը», Պլինիոս Աւագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եւրոպացի նշանաւոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկօ Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նիւթ է զետեղուած աստուածաշնչեան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։
Եթէ պարոն Ալիեւը վերոնշեալ հեղինակներին չի վստահում, գոնէ բարի լինէր կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իպրահիմ Փեւչեւիին, Մուսթաֆա Նայիմային, Ռաշիտին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլէյման Իզղիին, Քեաթիպ Չելեպիին, Ահմէտ Ջեւտէթ փաշային, Էվլիա Չելեպիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկութիւններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամբորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփուել է նրա հայ-քրիստոնեայ բնակիչների հետ։
Հակառակ դէպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի յիշատակուած լինել-չլինելու մասին խօսելով ինքն իրեն վատ վիճակի մէջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը յիշատակւում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտէզներում:
Կարծել ենք, թէ պարոն Ալիեւի իմացութիւնը նրան պիտի թոյլ տար լաւ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցուած ու հայատառ արձանագրութիւններով պարուրուած Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դէպ, մինչեւ պարոն Ալիեւի յիշատակած Քիւրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կէսին Արցախում հայերի կողմից ստեղծուած, Իրանի Նատիր շահի կողմից յատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչուած Խամսայի մելիքութիւնների հոգեւոր կենտրոնն էր:
Եւ ոչ թէ վարչապետ Փաշինեանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերէն գրաւոր արձանագրութիւններով:
Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թէ Միւնխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինեանը որպէս հայ է ներկայացրել մի թագաւորի, որը հայ ժողովրդի հետ որեւէ ընդհանուր բան չի ունեցել:
Գոնէ վերոնշեալ հեղինակներից ամաչէր: Ճիշդ է, նրանք Ատրպէյճանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հօ մեղաւոր չեն, որ ներկայիս Ատրպէյճանի տարածքում մինչեւ 1918 թուականը նման երկրի չեն հանդիպել: Եթէ նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հիւսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթէ այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կը հարստացնեն պարոն Ալիեւի գիտելիքները։
Ինչ վերաբերւում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիեւի վերջին յայտարարութեան մէջ յստակ յիշատակուած է հարցի չկարգաւորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրաւունքների լիակատար անտեսումը:
Եւ ինչպէ՞ս պէտք է սրան արձագանգեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրաւունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ատրպէյճանն այդ իրաւունքը չի ճանաչել, բանակցութիւններն արդիւնաւէտ չեն կարող լինել: Ներառեալ՝ սեփական իրաւունքների շուրջ ընթացող բանակցութիւններին արցախահայութեան լիարժէք մասնակցելու իրաւունքը:
Ի վերջոյ, վարչապետ Փաշինեանը բանակցութիւնների գործընթացն արդիւնաւէտ դարձնելու յստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ատրպէյճանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրութիւնը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թէ հարցի կարգաւորումը պէտք է ընդունելի լինի միայն Ատրպէյճանի ժողովրդի համար:
Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մէ՞ջ: Եւ ինչո՞ւ է անընդհատ պնդում, թէ Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում:
Մեր արձագանգը նոյնն է. եթէ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:
Պարոն Ալիեւը հարցի չկարգաւորման մէջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարութեանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»: