Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը

Horizon Weekly Newspaper

Մինչ Հայաստանի գործող իշխանութիւնները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների քաջալերող յայտարարութիւնները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանութիւնները բացայայտում են հայ-ատրպէյճանական «խաղաղութեան պայմանագրի» նախապատրաստման եւ համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշուառութիւնը:

Վերստին հաստատուեց, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն աւելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպաւորութիւն ստեղծելն է, թէ այն ոչ թէ Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մօտեցնելու նպատակով իրականացուած դիւանագիտական աշխատանքի արդիւնք է:

Ակնյայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանատուները ոչ մի հիմնաւորում չեն կարողանում բերել Ատրպէյճանի կողմից ընդառաջ կատարուած քայլերի, հրաժարուած ձեւակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկայ նաեւ Հայաստանի բռնագրաւուած տարածքներից ատրպէյճանական ստորաբաժանումների դուրսբերման, Պաքուի բանտերում խոշտանգուող եւ կեղծ դատավարութիւններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ազատ արձակելու պահանջուած կէտերը հետապնդելու եւ դրանք առաջ մղելու ջանքերի մասին:

Ուշադրութիւն ենք հրաւիրում նաեւ այն հանգամանքի վրայ, որ «խաղաղութեան պայմանագրի» համաձայնեցուած լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգեւորուած ելոյթներից յետոյ նոյնիսկ այդ փաստաթղթի բովանդակութիւնը շարունակում են գաղտնի պահել հանրութիւնից: Կասկածի տեղիք է տալիս նաեւ իբրեւ թէ համաձայնեցուած պայմանագրի հետագայ ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, միւս կողմից՝ ատրպէյճանական պատասխանատուները, առանց փակագծերի, խօսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին եւ առաջադրում են նորանոր պահանջներ:

Որեւէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ գոյութեան բանաձեւի կամայական խեղաթիւրումների համար, որոնք արւում են միմիայն սեփական իշխանութիւնը երկարաձգելու եւ պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թոյլ տուած տապալումները քօղարկելու նպատակով:

Դիւանագէտների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակէտները եւ հաշուի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիւ խաղաղութեան հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տեւական եւ կայուն խաղաղութիւն չի կարող հաստատուել հակամարտութեան միայն մէկ կողմի առաւելապաշտական ցանկութիւնները բաւարարելու միջոցով: Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ներկայիս անվստահութեան մթնոլորտը խիստ պահանջուած է դարձնում անկողմնակալ, յուսալի եւ պատասխանատու միջնորդական առաքելութեան ներգրաւումը, իսկ արդար կարգաւորման համար պարտադիր ենք համարում հետեւեալ հիմնադրոյթների հասցէագրումը.

  • ՀՀ ինքնիշխանութեան իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականութեան ճանաչման եւ ատրպէյճանական զօրքերի դուրսբերման ճանապարհով:
  • Ապաշրջափակում եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահաւէտ տնտեսական համագործակցութեան հեռանկարով:
  • Միջազգային իրաւունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի եւ այլ հիմնարար իրաւունքների ամրագրումը:
  • Բոլոր գերեվարուած եւ պատանդառուած անձանց, այդ թուում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը եւ ակտիւ աշխատանք՝ անյայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղութեամբ:

Թուարկուած պահանջների հետ մէկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցուած պայմանագրի հրապարակումը:

Նիկոլ Փաշինեանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացութեան տալու եւ հայ ազգի զաւակների ճակատագիրը Պաքուի բռնապետի քմահաճոյքին թողնելու համար, ուստի եզրակացութիւնը մէկն է՝ այս պայմանագիրը որեւէ առնչութիւն չունի խաղաղութեան հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ատրպէյճանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղութիւնը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դէմ նոր պատերազմի համար: