«Դիմադրութիւն» շարժման յայտարարութիւնը․ Փաշինեանը սեփական աթոռի համար Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի

Յարգելի՛ հայրենակիցներ,

Եւրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդութեամբ Պրիւքսէլում տեղի ունեցած Փաշինեան-Ալիև հանդիպման արդիւնքները ևս մէկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցութիւններն ամբողջութեամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:

Նիկոլ Փաշինեանը, յանուն սեփական աթոռի պաշտպանութեան, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:
Հայաստանը մօտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրւում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետութեան նուազագոյն ինքնիշխանութիւնն ու սուբյեկտայնութիւնը Այսրկովկասում։

Շարլ Միշելի տարածած յայտարարութեան մէջ որևէ խօսք չկայ պարտադիր իրաւական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրուած՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խօսւում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտութեան մասին, ինչը հակասում է 2020 թուականի նոյեմբերի 19-ին Եւրոպական Միութեան անունից արուած յայտարարութեանը։

Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրոյթներից: Փոխարէնն օգտագործուել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչութիւն» ձևակերպումը և խօսուել է Ղարաբաղի հայերի անվտանգութեան և իրաւունքների մասին, որոնք պէտք է ապահովի Ադրբեջանը:

Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինեան-Ալիև համաձայնութեան, դիտարկւում են որպէս ազգային փոքրամասնութիւն Ադրբեջանի կազմում: Նոյնիսկ օգտագործուել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրոյթը, ինչը ևս ծայրահեղ վտանգաւոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանութեան, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարաւորութիւն:

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը դէմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետութեան գոյութեանն ու յանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝

վերահաստատում ենք.

Նիկոլ Փաշինեանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները չեն արտայայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։

Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպէ՛տք է նուիրուեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի յարաբերութիւնները չպէ՛տք է կարգաւորուեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքոյ: Ստեղծուած իրավիճակում լուծումը մէկն է՝ իշխանութիւնից հեռացնել պարտութեան խորհրդանիշ Նիկոլ Փաշինեանին եւ ձեւաւորել Ազգային համաձայնութեան նոր իշխանութիւն։

«Դիմադրութիւն» շարժում
Ֆրանսիայի հրապարակ
23.05.2022

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.