Դաւիթ Իշխանեանը հաստատել է, որ եղել է «Դաշնակցութիւն» կուսակցութեան անդամ եւ երկու տարի Արցախի խորհրդարանում «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն է ղեկավարել

Horizon Weekly Newspaper

Ապրիլի 4-ին շարունակուել է Պաքուում ապօրինի պահուող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարութիւնը։ Նիստին շարունակուել է հայ գերիների հարցաքննութիւնը։

Դատավարութեան մանրամասները ատրպէյճանական իշխանութիւնների կողմից վերահսկուող լրատուամիջոցներից է հաղորդւում։
Ըստ տելեգրամեան ալիքների հաղորդումների` այսօր նիստի ընթացքում դատախազները հարցեր են ուղղել Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին:

Դաւիթ Իշխանեանը հաստատել է, որ եղել է «ՀՅԴաշնակցութիւն» կուսակցութեան ակտիւ անդամ եւ երկու տարի Արցախի խորհրդարանում «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն է ղեկավարել:

Դաւիթ Իշխանեանն ասել է նաեւ, որ արցախեան առաջին պատերազմին միացել է 1992 թուականի ամրանը՝ որպէս «ՀՅԴաշնակցութիւն» կուսակցութեան անդամ:

Պատասխանելով գլխաւոր դատախազի աւագ օգնական Վուսալ Ալիեւի հարցերին` Դաւիթ Իշխանեանն ասել է, որ 90-ական թուականներին Արցախի բանակի ղեկավարումն իրականացրել է ինքնապաշտպանութեան կոմիտէն, որի առաջնորդները Սերժ Սարգսյանն ու Սամուլ Պապայեանն են եղել, բայց կառավարման մեխանիզմի մասին ոչինչ չի կարող ասել:

Նա նաեւ նշել է, որ արցախեան առաջին պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար է եղել եւ իր վերադասն էր Մոնթէ Մելքոնեանը: «Մարտունիում ութ գումարտակ կար, որոնցից մէկի հրամանատարը ես էի, այդ ութ գումարտակը գտնւում էր շրջանի պաշտպանական գծի ենթակայութեան տակ, որի ղեկավարը Մոնթէ Մելքոնեանն էր, իսկ բանակի հրամանատարը՝ Սամուէլ Պապայեանը», ասել է Դաւիթ Իշխանեանը:
Նա նաեւ ասել է, որ արցախեան երկրորդ պատերազմի ժամանակ այցելել է Մարտունու շրջանի զօրամասերից մէկը. «Իմ կրտսեր տղան այնտեղ ծառայում էր, եւ նաեւ որպէս պատգամաւոր` իմ պարտքն էր անել այդ», ասել է Դաւիթ Իշխանեանը: Նա նշել է, որ արժանացել է «Մարտական խաչ» շքանշանին իր մարտական գործունեութեան համար։

Դատախազն ասել է, որ Դաւիթ Իշխանեանը 2023 թուականի Օգոստոսի 30-ի ասուլիսում յայտարարել է, որ բաց նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի եւ եւրոպական երկրների խորհրդարանների նախագահներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ատրպէյճանի վրայ։ «Ո՞րն էր այդ նամակների բովանդակութիւնը։ Ինչպիսի՞ ճնշումներ էիք կոչ անում կիրառել Ատրպէյճանի նկատմամբ», հարցրել է դատախազը:

Դաւիթ Իշխանեանը պատասխանել է. «Այո, ես նման նամակներ եմ ուղարկել, բայց տեղեակ չեմ՝ արդեօք այդ նամակները հասե՞լ են իրենց նպատակակէտին»։

Այնուհետեւ Դաւիթ Իշխանեանին հարցրել են, թէ ո՞րն է եղել «Ատրպէյճանի դէմ Հայաստանի ռազմական ագրեսիայի նպատակը»: Իշխանեանն ասել է. «Այդ ժամանակաշրջանի մասին չեմ կարող խօսել, քանի որ այն ժամանակ շատ երիտասարդ էի, բայց երբ չափահաս դարձայ, հասկացայ, թէ որոնք են ռազմավարական նպատակներն ու ռազմավարական սկզբունքները. ռազմավարական նպատակը Արցախի միաւորումն էր Հայաստանին»։

Դաւիթ Իշխանեանը խօսել է նաեւ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի հետ յարաբերութիւնների եւ իրեն պատկանող հիւրանոցում նրա գտնուելու մասին. «Ռուբէն Վարդանեանի հետ ծանօթացել եմ 2010-ին կամ 2011-ին, նա սիրում էր այցելել մեր հիւրանոց, նա հանդիպումներ էր ունենում հիւրանոցում մինչեւ պետական նախարար դառնալը եւ դրանից յետոյ», ասել է Դաւիթ Իշխանեանը:

Նա նշել է, որ իր ծննդեան վկայականում գրուած է, որ ինքը ծնուել է Ատրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնում, սակայն Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի է։ «Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, ինչպէս 150.000 հայերը, ես էլ եմ ընդունել ՀՀ քաղաքացիութիւն, ունեմ ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի եմ, դա գրուած է նաեւ իմ անձնագրում, որը ներկայումս գտնւում է քննչական մարմնում», ասել է Դաւիթ Իշխանեանը:

Դատական յաջորդ նիստը նշանակուել է Ապրիլի 4-ին։ Յաջորդ նիստին կը շարունակուի գերիների հարցաքննութիւնը։