Դատապարտել Եւ Կանխել Շարունակուող Ցեղասպանութիւնը
«Դրօշակ»-ի Առաջնորդող
Հայաստանի անկախ պետականութեան վերականգնումը հնարաւորութիւն ընձեռեց Ցեղասպանութեան ճանաչման, վերջինիս հետեւանքների վերացման եւ, աւելի ընդգրկուն ծաւալով, Հայ դատի խնդիրները հետապնդելու պետական մակարդակով միջազգային հարթակներում: Անշուշտ այս կենսական հարցերի նկատմամբ հասարակական պահանջը բացայայտ կամ ոչ հրապարակային կերպով գոյութիւն էր ունեցել անկախութեան հռչակմանը նախորդող տասնամեակների ընթացքում: Արցախը Ազրպէյճանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի հետ վերամիաւորելու 1988 թ. սկսուած շարժման ճնշմամբ դեռեւս Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհուրդը 1988 թ. նոյեմբերի 22-ին օրէնք ընդունեց, որում մասնաւորապէս արձանագրուած է. «Դատապարտելով 1915 թուականին օսմանեան Թուրքիայում հայերի ցեղասպանութիւնը` որպէս մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութիւն, ապրիլի 24-ը յայտարարել հայերի ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր»:
Նոյն Գերագոյն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում ամրագրեց. «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»: Հայաստանի ազգային ուժերը ժողովրդի, մշակութային ու մտաւորական շրջանակների համախոհութեամբ առաջ քաշեցին սփիւռքում տասնամեակներով շարունակուող Ցեղասպանութեան միջազգային ճանաչման յամառ պայքարին պետականօրէն միանալու գաղափարը` անժամանցելի ոճրի ճանաչման եւ դատապարտման պահանջը դնելով նաեւ Թուրքիայի առջեւ: Ցաւօք, Հայաստանի առաջին իշխանութեան տեսակէտը հակոտնեայ էր այս դիրքորոշմանը, եւ նրա իշխանութեան գալուց յետոյ ականատես եղանք հարցի հետապնդման գործընթացը կասեցնելու, առհասարակ, այս թեմայի արծարծման դէմ հանդէս գալու երեւոյթին: Աւելի՛ն. նրա իշխանութեան գալով` կազմակերպուեց նաեւ պատմական անցեալի վերաքննութիւնն ու դատապարտումը: Իշխանութիւնների հովանաւորութեամբ շրջանառութեան մէջ դրուեցին Ցեղասպանութեան համար հայ ազգային կուսակցութիւնների հասցէին հնչող մեղադրանքներ այն բանի համար, որ վերջիններս կազմակերպել էին ազատագրական պայքար կամ կամաւորական շարժում: Արցախեան դիմակայութեան ճակատագրական օրերին սկսուած այս տեսական-քաղաքական գրոհը խորքում ուղղուած էր նաեւ արցախեան շարժման գաղափարական հիմքերի խարխլմանը, ինչը աւելի պարզորոշ պէտք է դառնար քիչ աւելի ուշ, երբ հրապարակ էին նետուելու երկրի ղեկավարի քաղաքական հայեցակարգերը` ամէն գնով խաղաղութեան հասնելու, խաղաղութեան այլընտրանքը անխուսափելի պատերազմը համարելու վերաբերեալ:
Ընթերցողին յիշեցնելով այս իրողութիւնների մասին` մեր նպատակն է զուգահեռ տանել նորանկախ Հայաստանի առաջին իշխանութեան, նրանց մսուրում քաղաքականապէս ձեւաւորուած այսօրուայ ղեկավարի եւ նոյն մտածողութեամբ սնուցուած կառավարող խմբակի միջեւ: Արցախը յանձնած, Հայաստանը քաղաքական պարտութեան ու տարածքային կորուստների տանող իշխանութիւնը 2024 թ. ապրիլի 24-ի նախօրեակին տարբեր յայտարարութիւններով կասկածի է ենթարկում Հայոց ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչուած փաստը: Այս պետականակործան գործընթացի առաջնորդը ցեղասպանութեան իրաւաքաղաքական գնահատականի փոխարէն` գործածում է «Մեծ եղեռն» քաղաքական գնահատական եւ իրաւական հետեւանք չպարունակող եզրը: Ըստ էութեան, Հայաստանի իշխանութիւնը որդեգրել է Ցեղասպանութեան ժխտման թուրքական դիրքորոշումը, եւ անդրադառնալով կառավարման տարիների նրանց ողջ գործունէութեանը` ակնառու է դառնում, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, ո՛չ պատահականութիւն է եւ ո՛չ էլ քաղաքական գծի փոփոխութիւն, այլ` նախապէս ծրագրուած գծի հետեւողական շարունակում:
Եւ սա` այն պայմաններում, երբ ազրպէյճանաթուրքական զոյգը հէնց այս իշխանութեան օրօք իրականացրեց Արցախի ցեղասպանութիւնն ու բռնագրաւումը ու նոյն այս օրերին բացայայտօրէն վերացնում է Արցախի պատմական ու մշակութային դէմքը: Մենք տեսնում ենք, որ Ցեղասպանութեան շարունակուող ոճրագործութեան մասին աշխարհով մէկ ձայն բարձրացնելու փոխարէն` այս իշխանութիւնը ճնշում գործադրելով` պարտադրում է, որ Հայաստանում հաստատուած Արցախի իշխանութեան մարմինները բողոքի ձայն չբարձրացնեն տեղի ունեցողի եւ, առհասարակ, իրենց տարածքային, քաղաքական իրաւունքների վերաբերեալ: Յիշենք նաեւ, որ 2020 թուականին Թուրքիայի օժանդակութեամբ իրականացուած ցեղասպանական պատերազմից ընդամէնը օրեր անց Հայաստանի իշխանաւորներն, իրարից առաջ ընկնելով, խօսում էին Թուրքիայի հետ յարաբերութիւնները բարելաւելու եւ առեւտուր սկսելու մասին: Իսկ այս ծրագրերի գաղափարական հիմքը ի յայտ եկաւ դեռեւս 2019 թուականին, երբ օրակարգ իջեցուեց հայագիտական առարկաների կրճատման եւ կրթական չափորոշիչների փոփոխութեան նախաձեռնութիւնը: Ակնյայտ է, որ Արցախից մինչեւ Հայաստանի տարածքների յանձնում հայոց պատմագաղափարական հիմքերի խարխլումը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ: Նախ` իրականացւում է Արեւմուտքի ծրագիրը տարածաշրջանում ռուսական լծակների վերացման եւ վերջինիս Անդրկովկասից դուրս մղման ուղղութեամբ: Հէնց այս նպատակը մատուցելով Արեւմուտքին որպէս գերխնդիր` Ազրպէյճանն ու Թուրքիան չէզոքացնում են հայութեան գործօնը տարածաշրջանում` հարուածելով նրա ինքնութեան եւ պետականութեան հիմքերին: Իր հետապնդած նոյն պատճառով Արեւմուտքը ոչ միայն պահանջում ու պարտադրում էր հայկական երկու պետութիւնների պետական ներկայացուցիչներից դատարկելու Արցախը, այլեւ այսօր ԱՄՆ արտաքին գործերի նախարարութեան, Եւրամիութեան մակարդակով ողջունում է Հայաստանի տարածքների յանձնումը Ազրպէյճանին: «Խաղաղութեան խաչմերուկի» եւ հաշտութեան կեղծ կարգախօսների ներքոյ խրախուսւում է նաեւ Ցեղասպանութեան պահանջից հրաժարման եւ, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքը փաստացի թուրք-ազրպէյճանցիներին յանձնելու ծրագիրը:
Ըստ էութեան, իրականացւում է այն ծրագիրը, որի մասին անցած դարի 90-ականներին յայտարարեց Փոլ Կոպլը, եւ ամերիկեան ճնշմամբ փորձ էր արւում գլուխ բերել հայ-թուրքական հաշտութեան գործընթացի միջոցով: Վերջապէս դէպի ուր ուղղորդում էր ԱՄՆ նախագահի անվտանգութեան գծով խորհրդական Ճոն Պոլթընը 2019 թուականին Հայաստան այցելութեան ժամանակ, սոյն թուականի ապրիլի 5-ին պրիւքսելեան հանդիպման ժամանակ կրկնեց ԱՄՆ արտաքին գործերի նախարար Պլինքընը` մասնաւորապէս ասելով, թէ պէտք է գնալ տարածաշրջանային համարկման: Այլ խօսքով, Հայաստանը պէտք է համարկուի Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ: Գուցէ ոմանց համար Հայաստանի վերջնական անձնատուութիւնը եւ դաւաճանների կողմից սիրայօժար յանձնումը ցեղասպան հարեւաններին հէնց ընկալւում է որպէս «համարկում» Վերադառնալով Ցեղասպանութեան հետապնդման հարցին` վերջին տարիների իրադարձութիւնների փաստական հիմքի վրայ կատարենք երկու արձանագրում: Տասնամեակներ շարունակ հայ ազգային ուժերը, յատկապէս սփիւռքում, յայտարարում էին, որ ժամանակակից Թուրքիան գաղափարական եւ քաղաքական ժառանգորդն է իր ցեղասպան նախնիների: Որպէսզի Թուրքիան հրաժարուի Հայաստանի նկատմամբ իր զաւթողական ծրագրերից եւ հայ ժողովրդի հանդէպ որդեգրած ցեղասպանական քաղաքականութիւնից, անհրաժեշտ է, որ այս երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը եւ դատապարտի այն: Այս ամէնը կարող է ճանապարհ հարթել ցեղասպանական ռազմավարութիւնից հրաժարուելու արմատական գաղափարական վերափոխման համար, ինչը տեղի ունեցաւ յետֆաշիստական Գերմանիայում: Դժբախտաբար դաւաճաններն ու տգէտները այս պահանջը ներկայացրին որպէս հայ ազգայնական ուժերի զգացմունքային, կարծրացած եւ ինքնանպատակ մօտեցում: Ազրպէյճանն ու Թուրքիան 2020 թ. պատերազմում եւ դրան հետեւած ժամանակահատուածում իրենց ծրագրերով եւ դրանց գործադրման եղանակներով փաստել ու փաստում են, որ մնում են ցեղասպան նախորդների հարազատ ժառանգները:
Նիկոլ Փաշինեանը իր քաղաքական դաստիարակների պէս մտածում է, թէ ազրպէյճանաթուրքական զոյգի բոլոր պահանջները կատարելու դէպքում Արեւմուտքի հովանաւորութեամբ ինքը հնարաւորութիւն կ՛ունենայ հանգիստ վեր ընկնելու իր աթոռին եւ վայելելու երկարատեւ խաղաղութիւնը: Բայց նա նոյն թիւրիմացութեան մէջ է, ինչի կամաւոր պատանդներն էին իր գաղափարական հայրերը, ինչպէս եւ` անցած դարասկզբի մոլորեալները, որոնք աչք փակելով ակնառու փաստերի վրայ` կարծում էին, թէ հայ ժողովրդի ըմբոստացումն է բարկացնում թուրքերին եւ մղում նրանց ջարդերի: Այնինչ հալածանքը, տեղահանութիւնը եւ դրանց յաջորդած ջարդերն ու ցեղասպանութիւնը սկսուել էին շատ աւելի վաղ եւ պայմանաւորուած չէին հայութեան գործողութիւններով, այլ հետեւանք էին երկրի թուրքացման գործընթացը այլազգիների բնաջնջմամբ իրականացնելու` դեռեւս 19-րդ դարում որդեգրուած քաղաքականութեամբ: Պատմական փաստերը ապացուցում են, որ երիտթուրքերին փոխարինած եւ ձեւականօրէն նրանց դատապարտած Մուսթաֆա Քեմալը 1920 թուականին ձգտում էր իրականացնել նաեւ արեւելահայութեան ոչնչացումը, եւ միայն աշխարհաքաղաքական իրողութիւնների փոփոխութիւնը անհնարին դարձրեց այդ ծրագրի իրականացումը: Ռազմավարական տարածքների յանձնմամբ, թուրքական սահմանի պահպանութեան գօտուց ռուսական զօրքի դուրսբերմամբ Նիկոլ Փաշինեանը կը ստեղծի «ամենաբարենպաստ» պայմանները թուրքական դարաւոր երազանքի իրականացման համար: Սեփական ժողովրդի եւ պատմութեան անառակ զաւակները պէտք է յիշեն, որ մէկ դար առաջ հայութիւնը փրկուեց այնտեղ, որտեղ հնարաւոր եղաւ պաշտպանութիւն կազմակերպել: Յիշեն, որ իրենց յանցագործ իշխանութեանը նախորդող մօտ 25 տարի ձգուած գլխաւորաբար խաղաղ ժամանակահատուածը հնարաւոր է եղել ապահովել ուժի ցուցադրմամբ, եւ իրենց անձնատուական իշխանութիւնից առաջ մենք չենք պարտուել նախորդող ոչ մի պատերազմում:
Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ կորուստների հատուցման խնդիրը հայ ժողովրդի խաղաղ եւ կայուն ապագայի ապահովման հիմնական երաշխիքն է: Ցեղասպանութեան ոճրագործութեան համար համազգային պայքարը պէտք է ներառի նաեւ Արցախի ու արցախահայութեան իրաւունքների համար պայքարը: Օտարի կամակատար իշխանութեան գոյութիւնը ներկայ օրերում ստեղծել ու ստեղծում է հայ ժողովրդի արիւնոտ ու անարիւն ցեղասպանութեան համար ամենանպաստաւոր պայմաններ:
Comments are closed.