Դաշնակցութիւնը յառաջիկայ պայքարում ունենալու է առանցքային դերակատարութիւն

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի խօսքը ՀՅԴ 135-ամեակի հանդիսաւոր միջոցառմանը.

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆԸ ՏԷ՛Ր ԵՆՔ

Գերաշնորհ Սրբազան հայր, յարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, այսօր նշում ենք հայ իրականութեան մէջ ամենաերկարակեաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը։ 135 տարի առաջ ստեղծուած ուժ, որը դարձաւ հայութեան կազմակերպուած պայքարի, կամքի, ազգային դիմադրողականութեան եւ պետական մտածողութեան մարմնաւորումը։

Նուիրումի ու պայքարի մէկ դար ու 35 տարի, բայց նոյն տեսլականով ու երդումով՝ յանուն հայի, յանուն պետութեան։

Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանեան սուլթաններից մինչեւ պոլշեւիկ իշխանութիւններ, մինչեւ Հայաստանի այսօրուայ վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցութիւնը։ Բայց կայ մի իրականութիւն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցութեան արժէքներն անժամանցելի են, որովհետեւ Դաշնակցութեան ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցութիւնը դուրս է օրուայ քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է։

Դաշնակցութիւնն անցեալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպութիւն է: Մեր գաղափարներն այսօր առաւել քան պահանջուած են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջեւ է, իսկ հայկական ինքնութիւնը դարձել է համակարգային հարուածի թիրախ՝ թէ՛ դրսից, թէ՛ ներսից։ Եւ մենք շատ յստակ թէ՛ դրսի, թէ՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող էք հալածել Դաշնակցութեանը, դուք կարող էք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունէութիւնը, բայց դուք չէք կարող սպանել դաշնակցականութիւնը՝ մեր էութիւնը, տեսակը։ Աւելին, իրականում դուք չէ՛ք կարող նոյնիսկ խաթարել մեր կազմակերպութեան գուրծունէութիւնը։ Դաշնակցութեան արեւը մայրամուտ չունի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

գիտեմ՝ այստեղ չենք հաւաքուել միայն անցեալը արժեւորելու։ Այստեղ ենք՝ առաւել շատ ներկայի ու ապագայի մասին խօսելու եւ լուծումներ առաջարկելու։ Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ապրում է իր պատմութեան ամենածանր եւ վճռորոշ ժամանակահատուածներց մէկը: Ալիեւը եւ Փաշինեանը փորձում են մեզ կանգնեցնել ընտրութեան առաջ՝ ինքնասպանութի՞ւն, թէ՞ կապիտուլիացիա։
Այդ զոյգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պէտք է առաջնորդուել Ատրպէյճանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։
Մեզ առաջարկուողը ոչ թէ խաղաղութիւն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբիւրները եւ վերականգնուելու հնարաւորութիւնները հետեւողականօրէն ոչնչացւում են:

Մեր անվտանգութեան համակարգը քանդւում է ոչ թէ նորով փոխարինելու, այլ անվտանգութեան նոր խնդիրներ ստեղծելու դիտաւորութեամբ։
Մեզ ստիպում են դադարել հաւատալ, որ Հայաստանը երբեւէ կարող է լինել ուժեղ:
Մեր ինքնութեան սիւները՝ եկեղեցի, պատմութիւն, ազգային խորհրդանիշեր ներկայացւում են որպէս «անցեալից մնացած բեռ», որոնցից պէտք է հրաժարուել: Այդպէս Արցախն էին բեռ համարում։

Ահա սա է Ալիեւի եւ Փաշինեանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթաւորել են «Չորրորդ Հանրապետութիւն» անունով։

Նրանց պատկերացրած նոր հանրապետութեան մոտելը հետեւեալն է՝

– Պետութիւն, որը պէտք է ունենայ Ատրպէյճանի պահանջած սահմանադրութիւնը,

– Պետութիւն, որը հրաժարւում է իր անցեալից, իր ժառանգութիւնից, իր ժողովրդի հաւաքական իրաւունքներից,

– Պետութիւն, որը պէտք է ունենայ սահմանափակ զինուած ուժեր եւ իր տնտեսութեամբ ու անվտանգութեամբ ամբողջութեամբ կախուած լինի Ատրպէյճանի եւ Թուրքիայի կամքից:

Եւ իշխանութիւնը պատրաստւում է ժողովրդին օգտագործել որպէս գործիք իր այս հրէշաւոր ծրագրի լեգիտիմացման համար։

Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։

Թուրքիայի ու Ատրպէյճանի բանաձեւերն եւ պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր եւ Հայաստանի կառավարութեան «տեսլական»։
Սա մարտահրաւէր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին եւ բոլոր դերակատարներին: Փաշինեան-Ալիեւ ծրագրերը ձախողելու համար պէտք է ձեւաւորենք համահայկական եւ համազգային «ՈՉ»-ի ճակատ։ Ասել եմ եւ շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինեանն է։ Նրա հեռացումը կամ վերարտադրութեան կանխումը ազգային անվտանգութեան հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կայ, բայց նախ պէտք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրութիւնը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։
Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցութեանն առաջարկը հետեւեալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետութիւն, որը կը լինի ՈւԺԵՂ ԵՒ ՄՐՑՈՒՆԱԿ։
Մենք ունենք առաքելութիւն՝ ուժերը միաւորելու, հաւատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու:

– Հայաստան, որն ապրում է խաղաղութեան մէջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։
– Հայաստան, որն առաջնորդւում է ազգային շահերով եւ տէր է իր ազգի հաւաքական իրաւունքներին։
– Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմութեամբ եւ վճռական իր ապագայի հարցում։

– Հայաստան, որի հիմքը արդարութիւնն է, արժանապատիւ կեանքը, ազգային ինքնութիւնը:

Մեր առաջարկած այլընտրանքը սկսւում է Հայաստանի ուժեղացումից:

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թէ գերեզմանային խաղաղութիւն, այլ՝ զսպման վրայ հիմնուած անվտանգութիւն։ Բանակ, որը կը կարողանայ ապահովել անվտանգութիւն: Պետութիւն, որը պարզապէս հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հաւաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։
Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրաւունքներից չհրաժարուող, Արցախ հաւաքական վերադարձի իրաւունքը առաջ տանող Հայաստան։
Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականութիւն, որտեղ Հայաստանը սուբիեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թէ յանձնող կամ կցորդ։

Հայաստանը պէտք է լինի ոչ թէ իրականութեան հետ հաշտուող, այլ իրականութիւն ստեղծող պետութիւն։

Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունութեան եւ ուժի կեդրոն։
Ուժեղ եւ մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետութիւն։
Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մէկ անձի քմահաճոյքները։
Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատութիւն իրականացնելուց։
Ուժային կառոյցներ, որոնք չեն վերածւում զինուած բանդաների:
Հայաստան, որտեղ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարութիւն եւ չի հալածւում թրքահպատակ վարչախմբի կողմից:
Պետութիւն, որտեղ սոցիալական արդարութիւնը առաջնային է: Եւ հասարակութիւն, որն իսկապէս ազատ է։
Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնութեան պաշտպանութիւն։ Դաշնակցութիւնն ասում է․ ինքնութիւնը ուժի աղբիւր է, ոչ թէ բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը յստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտութիւնը որպէս դատավճիռ, պետութիւն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

35 տարի առաջ ՀՅԴ-ն վերընձիւղուեց Հայրենիքում ու կոչ ուղղեց իր աշխարհասփիւռ ընկերներին՝ դէպի Երկի՛ր։ Այդ կոչը դարձաւ մի ամբողջ սերնդի նշանաբանն ու կարգախօսը։
Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մէջ է։ Ուրեմն ՀՅԴ կոչը նոյնն է՝ չհիասթափուե՛լ հայրենիքից, չլքե՛լ այն,
ոչ թէ հեռանալ, այլ վերադառնալ,
ոչ թէ համակերպուել, այլ պայքարել,
ոչ թէ յանձնուել, այլ փոխել ամօթի այս էջը եւ կերտել Կենսունակ եւ Ուժեղ Հայաստան։
Խօսքս ուղղում եմ դաշնակցական ընկերներիս․
նախ, շնորհակալութիւն իւրաքանչիւր դաշնակցականի իր արժանապատուութեան, իր պայքարի, իր նուիրուածութեան համար՝ պատանեկան միութիւնից մինչեւ երիտասարդական, ուսանողական միութիւնից մինչեւ խմբեր, կոմիտէներ։ Շնորհակալութիւն աշխարհասփիւռ կառոյցին մեր եւ Հայրենիքի կողքին մշտապէս լինելու համար։

Աիրելի՛ ընկերներ,

վերջին տարիներին մենք դժուար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ատրպէյճանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։
Միշտ յիշէք՝ մեզ այսօր, իբրեւ ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցեալի եւ ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարութիւնը չէզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի արտաքին եւ ներքին թշնամիների կոկորդին։
Մեր բեռը մեծ է, պատասխանատուութիւնը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի եւ պետութեան համար, մեր 135-ամեայ կենսրագրութեան առաջ, մեր նահատակ ընկերների առաջ
Մենք սխալուելու, յոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրաւունք չունենք, ուստի այս հանդիսաւոր օրը Հայաստանի կազմակերպութեան անունից յայտարարում եմ, որ Դաշնակցութիւնը առաջիկայ պայքարում ունենալու է առանցքային դերակատարութիւն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջուած ծրագիր, կամք եւ վճռականութիւն գետնի վրայ պայքարելու, հակազդեցութիւն ձեւաւորելու եւ այս չարիքի իշխանութեան վերարտադրութիւնը կանխելու համար, մենք դա անելու ենք միասին մեր ժողովրդի
մասնակցութեամբ եւ կամքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելութեամբ։
Մենք ապացուցելո՛ւ ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ յանձնուել եւ չի՛ յանձնուելու։
Սա՛ է Դաշնակցութեան խօսքը։
Սա՛ է Դաշնակցութեան այլընտրանքը։
Սա՛ է Հայաստանի ճանապարհը դէպի ապագայ՝ Յանուն Հայի, Յանուն Պետութեան։