Դանիացի երաժիշտներն իրենց մշակոյթով պատմում են Հայոց ցեղասպանութեան մասին

Դանիացի երաժիշտներն իրենց մշակոյթով պատմում են Հայոց ցեղասպանութեան մասին

4 տարի առաջ՝ 2018թ․, դանիացի երաժիշտ Հելլէ Ասմիլդը վերցրել է ուսապարկը՝ վրանով ու քնապարկով, եւ ուղեւորուել Հայաստան։ Հելլեն 5 երեխաների մայր է։ Երբ աւագ դուստրը նրան առաջարկել էր ճամբորդել, հանգստանալ, երաժիշտ մայրը համաձայնել էր։ Սակայն երեխաների համար անակնկալ էր Հայաստան գալու Հելլէի որոշումը: Թէեւ յորդորել էին այլ երկիր մեկնել, մայրն անդրդուելի էր մնացել։

2018-ին Հելլեն 6 շաբաթում Հայաստանի հիւսիսից հարաւ է գնացել՝ իր մեծ ուսապարկով բարձրացել լեռներ, հիւրընկալուել տարբեր տեղերում։ Ասում է՝ միայն Գիւմրիում եւ Սեւանում չի եղել։

«Հայաստանը փոքր երկիր է, աղքատ, բայց այստեղ մարդիկ ընկերական ու հիւրասէր են։ Մտածեցի՝ հարուստ երկրից գալիս եմ աղքատ երկիր, որտեղ մարդիկ ամէն ինչ տալիս են ինձ, իսկ ես ի՞նչ եմ թողնում նրանց իմ գնալուց յետո։յ Սկզբում մտածեցի՝ եթէ գումար վճարեմ հիւրասիրութեան համար, կը վիրաւորեմ նրանց, դրա համար արդէն որպէս երաժիշտ սկսեցի մտածել։ Երբ մարդիկ ինձ հիւրընկալում էին, մտայղացում եղաւ մշակութային փոխանակութեան մասին»,- ասում է Հելլեն։ Երբ նա պատահաբար իմացել է դանիացի միսիոներ Քարէն Եփփէի գործունէութեան մասին, միանգամից որոշել է հետազօտել եւ պատմութիւնը հիւսել այդ կնոջ գործերի շուրջ։

Քարէն Եփփեն դանիացի միսիոներ էր, ով 20-րդ դարասկզբին օգնել է Օսմանեան Թուրքիայում ջարդերի ու ցեղասպանութեան ենթարկուող հայերին։ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Եփփէն շարունակել է առաքելութիւնը՝ դասախօսութիւններով եւ հրապարակումներով խօսելով Մեծ եղեռնի մասին։

Ահա այս կնոջ մասին էին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում վերջերս պատմութիւն պատմում դանիացի երաժիշտ Հելլեն եւ նրա դուստրը՝ Ամալին։ Մայր ու դուստր իրենց միջոցներով էին եկել Հայաստան, իսկ հիւրընկալութիւնը, համերգի կազմակերպումը յոգացել էր Երեւանի կանանց միջազգային ասոցիացիան (International Women’s Association of Yerevan, IWAY): Համերգին հրաուիրուած էին Հայաստանում օտարերկրեայ դիւանագիտական կառոյցների ներկայացուցիչներ։ Հասոյթը հատկացուելու էր բարեգործական նպատակների։

Փոքր դահլիճում մայր եւ դուստր Ասմիլդներն արտիստիկ ձեւով ներկայացնում են Քարէն Եփփէի, իսկ իրականում՝ հայ ժողովրդի պատմութեան ամենազգայուն դրուագները։ Դադարների ժամանակ Հելլեն վերցնում էր ակորդեոնը, Ամալին՝ ջութակը, եւ երաժշտութեամբ շարունակում էին պատմել։ Դանիացի երաժիշտները երգում ու նուագում էին նաեւ հայկական երգեր ու մեղեդիներ։ Հանդիսատեսի շարքերում մարդիկ աննկատ մաքրում էին աչքերը, իսկ բեմում պատմութիւնը չէր լռում։

Սա Հելլէի եւ Ամալիի անձնական նախագիծն էր։ Երբ կորոնավիրուսի համավարակը նոր էր տարածուել, նրանք աստիճանաբար զարգացրին իրենց գաղափարը։ Ամալին ասում է, որ նախ հետազօտել են նիւթը, փորձել են կարդալ Քարէն Եփփէի մասին բոլոր գրքերը, ուսումնասիրել արխիւը, ծանօթանալ վկայութիւններին։ Հելլեն նշում է, որ մինչ այդ էլ ինքը լսել էր Հայոց ցեղասպանութեան մասին, իսկ Ամալին միայն այս հետազօտութեան ժամանակ է իմացել, թէ ինչ է տեղի ունեցել հայերի հետ Օսմանեան կայսրութիւնում աւելի քան մէկ դար առաջ։ Ամալին ասում է, որ հիմա ինքն է ուզում պատմութիւնը փոխանցել նրանց, ովքեր տեղեակ չեն դրանից։

«Սա մարդկային պատմութիւն է, որտեղ տարբեր ազգեր կարող են գտնել իրենց, նաեւ այն մասին է, թէ ինչպէս կարող են օգնել միւս մշակոյթների մարդկանց»,- ասում է  Ամալին։

«Ինչպես նաեւ ճակատագրի մասին է»,- ավելացնում է Հելլեն։

Նախքան Հայաստան գալը Ասմիլդները համերգ էին ունեցել Դանիայում։ Ամալին նկատում է, որ շատ քչերն էին լսել իրենց հայրենակից Կարին Եփփեի ու Հայաստանի մասին, բայց ներկաներից շատերը հուզվել էին, քանի որ պատմութիւնը ոչ միայն հայերի մասին էր, այլեւ համամարդկային էր։ Ասում է՝ համերգից հետո մարդիկ կային, ովքեր մոտենում էին ու պատմում իրենց պատմութիւնը։

«Սա մի օրինակ է, թե ինչպես տարբեր մշակույթներ կարող են կողք-կողքի լինել»,- նշում է Ամալին։

Մայր ու դուստր երաժիշտներն ասում են, որ Հայաստանից գնալուց հետո էլ շատ տեղեկութիւններ են ցանկանում փոխանցել փոքր ու հյուրընկալ երկրի եւ դրա պատմութեան մասին։ Ամալին նկատում է, որ Դանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, եւ իրենք իրենց ձեւով են փորձում մարդկանց իրազեկել այդ մասին։

Երաժշտական այս պատումն առաջին անգամ էր ներկայացվում Հայաստանում, բայց Ասմիլդները Դանիա վերադառնալուց հետո կշարունակեն այն պատմել։ Ամալին, որ առաջին անգամ էր Հայաստանում, ասում է՝ սա վերջին այցը չէ, դեռ կվերադառնան։

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.