Գլխաւոր հարցը հայրենիքի փրկութիւնն է
«Կամաւորական շարժում» ՀՅԴ անդամ, ՀԿ նախագահ Հրանդ Մարգարեանի ելոյթը Թեհրանում Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՅԴ 134-ամեակի միջոցառմանը.
Ամօթով ենք, Արցախ մեզ հետ չէ։ Ամօթ է։ Հիմա պայքար չկայ, պայքար գրեթէ չկայ, կրկնակի ամօթ է։
Պարտուած պետութիւն ենք, ամէն օր աւելի ու աւելի ենք պարտւում։ Մենք պարտւում ենք մեզանից, մեր յաջորդ սերունդների հաշուին ենք պարտւում՝ կորցնում ենք մեր ու իրենց երազները, իղձերը, արժանապատուութիւնը, ազատ ինքնուրոյն գոյատեւելու իրաւունքը։
Օրըստօրէ աւելի շատ են բացայայտւում պարտութեան զանազան երեսները, պարզւում է, թէ որքան խորն է մեր սրտում բացուած պարտութեան վէրքը։ Եւ այն չի սպիանայ, չի սպիանայ մինչեւ այն ժամանակ, որ մենք չստեղծենք ուժեղ ու կազմակերպուած պետութիւն, մինչեւ որ ազգովի, մեր ազգային վերակազմակերպուած բանակի հետ միասին չքայլենք դէպի Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ ու Հադրութ, Շահումեան՝ դէպի յաղթանակ։
Պարտութիւն կրողները՝ ՀՀ այսօրուայ իշխանութիւնները շատ խորն են պարտուել, պարտուել են մինչեւ իրենց հոգու խորքը, այդ պարտութիւնն ամէն օր իրենց մօտ ծաւալւում է՝ տակնուվրայ են եղել իրենց մօտ մտքի տրամաբանութեան վերջին փշուրները, պարտութիւնը իրենց պարտուածի արժեհամակարգ է յուշում, պարտուած մարդու տեսութիւններ, պարտուած մարդու քաղաքականութիւն, պարտուած մարդու մտածողութիւն։
Պարտութիւնը նոր մտածողութեան պատճառ է դարձել եւ հակասութեան մէջ են յայտնուել իրենց մօտ անցեալի հետ։ Չկայ ոչ մի յոյս, որ սրանցով մի օր կը կարողանանք շրջել պարտութեան էջը։
Նրանց մօտ առկայ է մի պարզ բացատրութիւն՝ թշնամին ուժեղ է եւ եթէ մենք ինչ որ հարցով յամառենք, ինչ որ երազանքներ ունենանք, անգամ՝ մեր մտքում ինչ որ ծրագրեր ունենանք, թշնամին կարող է գրգռուի եւ մեր վերջը տայ։ Նրանք չեն հասկանում, քանի թշնամին ուժեղ է իսկ մենք թոյլ, միշտ էլ հնարաւոր է մեր վերջը բերի, դրա համար ոչ թէ պէտք է անընդհատ զիջել, հրաժարուել ծրագրերից, երազանքներից, այլ ուղղակի կազմակերպուել, հզօրանալ։
Սրանք, ընդունելով պարտութիւնն իբրեւ վերջնական ճակատագիր, անշեղօրէն գնում են պարտութեան ճանապարհով դէպի անդունդ՝ ինքնասպանութիւն։ Թուում է յոյս չկայ, նկատելի չէ, թէ երբ, որ կէտից սկսեալ կը փորձենք մեր մէջքը շտկել, երբ, որ կէտից սկսեալ կը փորձենք համախմբուել, կազմակերպուել, բռունցք դառնալ եւ գնալ յոյսի ճանապարհով, հզօրացման ճանապարհով։
Ի հարկէ, պարտութիւնից դասեր պէտք է քաղել, անկեղծօրէն խոստովանելով, թէ ինչո՞ւ պարտուեց ռեժիմը, պարտուեց որովհետեւ պատրա՞ստ չէր պատերազմի, գիտէր որ պատերազմ է սպասւում, բայց ճիշդ հակառակ բանե՞րն էր անում, աւելի ճիշդ՝ պատրաստւում էր պարտուելու։ Հիմա մէջբերելու եմ հրապարակայնօրէն հնչած իմ մէկ ելոյթը՝ 44-օրեայ պատերազմից մէկ տարի առաջ։
«Պատերազմի հաւանակութիւն կա՞յ թէ չկայ, կայ։ Մենք պատրաստւո՞ւմ ենք պատերազմի, թէ՞ չենք պատրաստւում։ Իսկ եթէ պատրաստւում ենք, պատրաստւում ենք, որ պարտուե՞նք, թէ, պատրաստւում ենք, որ յաղթենք»։
Խօսքս շարունակելով, ասում էի՝ եթէ որեւէ պետութիւն պատրաստւում է պատերազմի, փորձում է նուազագոյնի իջեցնել ներքին հարցերը, համախմբել ժողովրդին, հող պատրաստել ազգային միասնականութեան համար, քաջալերել հայրենասիրութիւնը, մարտունակութիւնը, հզօրացնել բանակը։ Իսկ այդ օրուայ Հայաստանում պառակտւում էր ազգը, արհեստական բաժանարար գծեր էին քաշւում մեր մէջ՝ սեւեր-սպիտակներ, ղարաբաղցի-հայաստանցի եւ այլն, իսկ բանակն ամէն օր վարկաբեկւում էր, կադրային ջարդ էր տեղի ունենում բանակում, ընկնում էր բանակի կազմակերպուածութիւնը, խանգարւում էր բանակի ներքին մթնոլորտը։ Իսկ արտաքին քաղաքականութեան ասպարէզում տղայական մօտեցումների ու դիլետանտիզմի պատճառով պետութիւնը սրում էր յարաբերութիւններն իր դաշնակիցների հետ եւ իբրեւ հետեւանք՝ զրկւում զէնքի մատակարարումից: Արդիւնքում՝ խախտուել էր հակառակորդի հետ սպառազինութեան հաւասարակշռութիւնը։ Եւ խօսքիս վերջում եզրակացնում էի, մենք չենք գնում ճիշդ ճանապարհով՝ փոխանակ ազգային միասնականութեամբ ուժեղացնենք բանակը եւ պատրաստուենք յաղթելու պատերազմում, մենք թաւալգլոր, քանդուելով գնում էինք պարտութեան։ Եւ ստացանք պարտութիւն։
Այժմ էլ չեն պատրաստւում յաջորդ պատերազմին, որը լինելու է եւ այս անգամ խնդրոյ առարկայ է դառնալու մեր պետութեան լինել-չլինելու հարցը։ Չեմ վախեցնում, չարագուշակութիւն չեմ ուզում անել, ուղղակի ասում եմ՝ պէտք է պատրաստուել ապագայ պատերազմին, որպէսզի այն տեղի չունենայ, իսկ եթէ այնուամենայնիւ այն լինի, աւարտուի մեր յաղթանակով։
Թուում է հարցերի հարցն այս իշխանութիւններից օր առաջ ձերբազատուելն է։ Մենք էլ, ինչպէս ՀՀ-ում ընդդիմադիր բազմաշերտ ճակատը, լծուած ենք այդ գործին՝ ազատուել այս իշխանութիւններից։ Բայց չենք ազատւում։ Մինչ այժմ փաստօրէն չյաջողեցինք: Սակայն այս առիթով չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, այսօրուայ խօսքիս բուն նիւթը դա չէ։
Վստահ եմ, մի օր մի կայծ կը լինի, որից հրդեհ կը բռնկուի կամ ժողովրդային շարժման տարերային մի ալիք կը գայ, որը կը վերածուի փոթորկի ու կը քշի կը տանի այս իշխանութիւններին: Սակայն խնդիրն այն է, որ մինչ այդ պարտութեան այս թիմը, թշնամու կամակատարը դարձած, նորանոր պարտութիւնների է տանում երկիրը։ Պէտք է կասեցնել այս ընթացքը։ Պէտք է փրկել երկիրը։ Ազատագրել Արցախը։ Գլխաւորը հայրենիքի փրկութիւնն է։
Մեր հակառակորդը եւ թշնամին վախկոտ են, վախկոտները վտանգաւոր են։ Թշնամին թէպէտ կարծում է, թէ յաղթել է, բայց սարսափում է հայկական այսպէս ասած՝ «ռեւանշիզմից», ՀՀ-ի այսօրուայ իշխանութիւններին, անխուսափելիօրէն փոխարինելու եկող վաղուայ Հայաստանից։ Ելնելով իրենց վախից՝ այդ ռեւանշիզմից ու վաղուայ Հայաստանից, նրանք, վստահաբար, չեն սահմանափակուի եղածով, կը փորձեն ընդարձակուել, տարածուել եւ հենց դա էլ կարող է իրենց վերջը բերել։
Իսկ ռեժիմը ներկայացնողը, իր վախերից դրդուած, կտրում է այն ճիւղը, որի վրայ նստած է։ Իր իշխանութիւնը, նաեւ իրեն ֆիզիքապէս փրկելու համար անընդհատ մեծացնում է ճնշումը ժողովրդի վրայ, ընդդիմութեան վրայ, հեռանալով իր իսկ կողմից դրօշի վերածած ժողովրդավարութեան ու արդարութեան հաստատման խոստումներից։
Ի՞նչ ժողովրդավարութեան մասին է խօսքը, ի՞նչ արդարութեան: Չի մնացել նման բան այսօրուայ Հայաստանում: Իշխանութիւնների կողմից քաջալերուող, յաճախ սանձազերծուող բռնարարքները Հայաստանը վերածել են բռնապետութեան: Ուրիշ ի՞նչ ասես, երբ ուժային կառոյցները կամայականօրէն են վարւում ընդդիմութեան ցանկացած ամենափոքր շարժի հետ, հալածում են ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաեւ, իբրեւ ճնշման լծակ, հետապնդում են նրանց հարազատներին, նոյնիսկ մարդիկ, իրենց բիզնեսով, ընտանիքներով հալածւում են պարզապէս ընդդիմութեան մէկ ցոյցի մասնակցելու համար։
Աւելին՝ մարդիկ հալածւում են անգամ արտայայտած մտքերի համար: Ամբողջ դատական համակարգը դարձել է վարչապետի կամակատարը։ Ժողովրդի ցանկացած ընտրութիւն որ աւարտւում է ոչ ՔՊ-ականների յաղթանակով, զանազան ձեւերով խանգարւում է, խլում են ժողովրդի քուէն։ Անօրինական կերպով ընդդիմանում են ժողովրդի արտայայտած կամքին։ Հայաստանում չկայ անկախ դատական, օրէնսդիր համակարգ, ընտրութիւններ չկան, կայ մի անձի իշխանութիւն։ Ուրիշ ինչպէ՞ս է լինում բռնապետութիւնը։
Հասկանալի է բռնապետութեան դէմ պիտի պայքարել այնպէս, ինչպէս ժողովուրդները պայքարել են պատմութեան ընթացքում։
Եւ առկայ է հարցերի հարց. ձերբազատուել այս իշխանութիւններից, որպէսզի փրկենք հայրենիքը բայց ինչպէ՞ս ձերբազատուել այս իշխանութիւններից, որպէսզի կարողանանք փրկել հայրենիքը։
Այս վախկոտ իշխանութիւնները անհաւասարակշիռ են՝ դաժան եւ անհայրենիք։ Իրենց իշխանութիւնները պահելու համար պատրաստ են քաոսի մատնել ամբողջ երկիրը, հայրենիքի դռները լայն բացելով թշնամու առաջ։ Քաոսը արագացնելու է թշնամու գործողութիւնները, ի սպառ վերացնելով երկրի դիմադրողականութիւնը, քաոսը աւելի վատ է քան այսօրուայ վիճակը։ Բայց մեզ համար, իրերի այս վիճակում, ինքնանպատակ չէ այս իշխանութիւններից ձերբազատուելու հարցը։ Մենք ուզում ենք ազատուել սրանցից, որպէսզի փրկենք հայրենիքը, գլխաւոր հարցը հայրենիքի փրկութիւնն է։
Ուրեմն ի՞նչ անել, ինչպէ՞ս անել, որպէսզի փրկենք հայրենիքը։ Պիտի անդրադառնամ հարցերի, որոնց շեշտադրումները անձնական են։
1. Ընդդիմութիւնը, իր բաղկացուցիչ բոլոր մասերով, պէտք է իսկապէս իւրացրած լինի, որ գլխաւոր նպատակը Հայրենիքի փրկութիւնն է եւ իշխանափոխութիւնը դրա, պարտադիր պայմանը, ածանցեալն է։ Պէտք է կազմակերպուել այդպէս, պէտք է վերցնել հենց այդ ուղղութիւնը եւ անընդհատ հրապարակայնօրէն հնչեցնել սա, որպէսզի ժողովուրդը, ներառեալ՝ իշխանութիւնների հետեւորդները համոզուեն, որ հարցը իշխանութեան համար աթոռակռիւը չէ, նախկինների վերադարձը չէ, այլ մեր հայրենիքի փրկութիւնն է։
2. Այսօրուայ Հայաստանի ներքին կեանքում ամենաբացասական եւ վտանգաւոր երեւոյթը հասարակութեան բեւեռացումն է։ Բեւեռներ, որոնք իրար հետ խօսակից չեն, միմեանց լսելի չեն։ Վաղուայ Հայաստանում, մենք պէտք է աշխատենք այդ ժողովրդի հետ, միասին երկիր կառուցելու, միասնաբար յաղթանակներ կերտելու համար, ուստի այսօրուանից մեր ժողովրդի այդ մասի հետ պէտք է ունենանք հաղորդակցութեան ուղիներ, դաշտեր։ Առաջին հերթին եկէք հայհոյանքներին չպատասխանենք հայհոյանքով, անտեսենք։ Պէտք է կարողանանք զսպել ատելութեան մթնոլորտը։
Մեր հիմնական անելիքը՝ ամէնօրեայ եւ տեւական անելիքը, ժողովրդի հետ երկխօսելն է, ժողովրդի վրայ ազդելը, մեր տեսակէտները բացատրելը, մեր արժեհամակարգը տարածելը, այլապէս միմեանց դէմ թշնամացած այս ժողովուրդը վաղուայ Հայաստանի համար փորձանք է լինելու։ Հաշտուել միմեանց հետ, խօսակից դառնալ հարազատի պէս։ Նախ պէտք է ազդել մտքերի վրայ։
Մենք չպէտք է խուսափենք նոյնիսկ իշխանութեան հետ խօսելուց, խօսելը երբեք համագործակցութիւն չէ։ Թշնամիները, հակառակորդները, մրցակիցները յաճախ հանդիպում են միմեանց, իրար ծրագրերի, մօտեցումների, մտահոգութիւնների, իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկութիւններ ունենալու համար, դիմացի կողմի վրայ ազդելու համար։ Պէտք է խօսել՝ ի շահ ժողովրդի, որպէսզի ակնյայտ դառնայ, որ մեր կռիւը աթոռակռիւ չէ։
3. Փոփոխութիւն բերող ամէն մի շարժում յաջողելու համար գին ունի վճարելու, որին պատրաստ պիտի լինի շարժման ղեկավարութիւնը, մասնակիցները։ Չի եղել մարդկային հասարակութեան մէջ մի շարժում, որ յաջողած լինի առանց հալածանքների, ձերբակալութիւնների, վիրաւորների, լեզուս չորանայ՝ զոհերի։
Անցած տարիներին, անգամներ ժողովրդական մեծ զանգուածներով, բախուել ենք ոստիկանական բիրտ ուժին եւ նահանջել: Գիտեմ, ղեկավարութեան պատասխանատուութիւնը մեծ է եղել, խնայել ենք ժողովրդին, նաեւ մտահոգուել ենք, որ այս լարուածութեանը չի դիմանայ ժողովուրդը, սակայն երբեք չենք հաշուարկել, որ այդ լարուածութեանը չի կարող դիմանալ նաեւ իշխանութիւնը։ Ժողովրդական ուժերը անհամեմատելիօրէն աւելի մեծ են, անսպառ են, քան ոստիկանական ուժերը։
Ի հարկէ, ամէն մի ալիքի բարձրացումով չի կարող տեղի ունենալ իշխանափոխութիւն, սակայն, եթէ մենք կարողանանք տեւական ժամանակ դիմադրել, կարող ենք ինչ որ զիջում պարտադրել իշխանութիւններին, հասնել ինչ որ պահանջի բաւարարման։ Կարեւոր է, որ ամէն մի ալիք ունենայ ձեռքբերում, մինչեւ յաջորդ ալիքների բարձրացումը, մինչեւ նպատակի իրականացումը։
4. Մինչ վերջնական նպատակի իրականացմանը հասնելը մենք ապրող երկիր ենք եւ ունենք բազում հիմնական հարցեր, որ չեն կարող սպասել ձգձգուող նպատակի վերջնական հանգուցալուծմանը: Գուցէ մենք չենք կարող բոլոր ընդդիմադիր ուժերից նման բան ակնկալել, բայց Դաշնակցութիւնն այն համահայկական եւ ազգային կազմակերպութիւնն է որ կարող է եւ պէտք է նախաձեռնի որոշակի ազգային ծրագրերի իրագործումը յանուն մեր երկրի, վաղուայ Հայաստանի անվտանգութեան ու հզօրացման։ Մենք ժամանակ չունենք, աւելի ճիշդ նոյնիսկ ուշացել ենք: Պէտք է համախմբել բովանդակ հայ ժողովրդի մարդկային, գիտական, նիւթական կարողութիւնները ռազմարդիւնաբերութիւնը կազմակերպելու, զարգացնելու համար։ Խօսքը արդիական ռազմարդիւնաբերութեան մասին է։ Ռազմարդիւնաբերութիւնը պէտք է դառնայ մեր տնտեսութեան հիմնական ուղղութիւնը։
Պէտք է հզօրացնել բանակը, նաեւ Բանակին զուգահեռ՝ կազմակերպելով, մարզելով, ապահովելով արդիական միջոցներ համահայստանեան, ինչու ոչ համահայկական աշխարհազօրը: Անհրաժեշտ է հասնել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը։
Անհրաժեշտ է կազմակերպել համահայկական բոլոր ուժերի միացեալ շտապ, ամբողջ աշխարհով մէկ համահայկական պայքար շղթայազերծելու Ատրպէյճանում գերավարուած Արցախի մեր հայրենակիցների ազատ արձակման համար։ Այստեղ մասնաւորաբար շեշտում եմ ժողովրդական ցուցարարական նախաձեռնութիւնների մասին, որովհետեւ ցանկացած քաղաքական, դիւանագիտական յարաբերութիւն պէտք է գետնի վրայ ունենայ թիկունք, մթնոլորտ։ Այս առումով պէտք է գրոհել համահայկական ճակատով։
Միացեալ կազմակերպուած ուժերով պէտք պահանջենք, ստիպենք իշխանութիւններին՝ ամէն ինչ անելու, որպէսզի արցախցիները մնան Հայաստանում, ունենան հնարաւորութիւն մնալու, իշխանութիւնների պակաս գործն էլ մենք լրացնենք համահայկական ներուժով։ Արցախցիներին աչքի լոյսի պէս պիտի պահենք Հայաստանում, նրանք Հայաստանի հանրապետութիւնից մի տեղ ունեն գնալու՝ յետ դէպի Արցախ։
Արցախցին այսօր պայքար է ուզում, կացութիւն ստեղծող պայքար, որպէսզի տեսանելի լինի Արցախ վերադառնալու, Արցախը ազատագրուած տեսնելու յոյսը։
Այս հարցերում, մենք չպէտք է խուսափենք համապատասխան գերատեսչութիւնների հետ համագործակցելուց։ Մեր այդ գործակցութիւնը չի ենթադրում նրանց իշխանութեանը լիգիտիմութիւն տալ, դրանով մենք ստիպում ենք նրանց նպաստել մեր ծրագիրների իրագործմանը: Նրանք պէտք է չկարողանան, չհամարձկուեն հակադրուել։
Գիտեմ, հիմա շատերը ասելու են՝ այս ինչ երեւակայական սպասելիքներ ունէք այս իշխանութիւններից, որոնք անցած 6 տարիների ընթացքում ապացուցել են, որ անհայրենիք են, անհանդուրժող, իրենց որդեգրած ուղին այլ է, մերը՝ այլ։ Ճիշդ են ասելու, բայց հարցը այն է, որ մենք շարունակ պէտք է ասպարէզ դուրս գանք այս տրամադրութիւններով, նախաձեռնութիւններով, որպէսզի, եթէ նոյնիսկ չենք կարողանում իշխանութիւններին պարտադրել գործակցութիւն՝ մեր ծրագրերի իրականացման համար, կարողանանք ի ցոյց դնել բոլորին, որ կայ անհայրենիք իշխանութիւն, իսկ նրանց դիմաց՝ հայրենասէր ընդդիմութիւն։
Անկեղծ՝ ես էլ հաւանական չեմ համարում, որ ասածս արձագանգ կը գտնի իշխանութիւնների կողմից, թէպէտ ասում են՝ յոյսը վերջում է մեռնում, բայց մեր յայտարարութիւնները, մեր կեցուածքները բխում են մեր էութիւնից եւ, առաջին հերթին ու հիմնականում, ուղղուած են ժողովրդին, նրանից ակնկալելով համապատասխան արձագանգ։
5. Ասում են Սփիւռքը յուսախաբ է Հայաստանից եւ այդ իսկ պատճառով պասիւ է։ Հայրենիքը ծնողի նման մի բան է, նրանից յուսախաբ չեն լինում, նրա նկատմամբ ունենում են միայն պարտականութիւններ, պարտաւորութիւններ։ Եթէ նոյնիսկ Հայաստանը հիւանդ է, թոյլ եւ տկար, պէտք չէ յուսախաբուել, որովհետեւ այդ թոյլ, հիւանդ, տկար Հայաստանն աւելի մեծ հայրենասիրութեան կարիք ունի, հայրենասէրների հոգատարութեան կարիք ունի։ Իսկ եթէ յուսախաբ էք, որ հայրենի ժողովրդի մի մասը այս իշխանութիւններին է քուէարկում եւ, նոյնիսկ ազգային այսքան մեծ կորուստից յետոյ չի կողմնորոշւում, ապա պիտի ասեմ, երբեք մեղաւոր չէ ժողովուրդը։ Ինչպէս ցանկացած ժողովուրդ, մեր ժողովուրդը նոյնպէս ղեկավարւում է, իսկ մենք, իբրեւ այս ժողովրդի ղեկավարութեան յաւակնութիւն ունեցող ուժ, թերացել ենք, չենք կազմակերպել ժողովրդին, մեր խօսքը ազդու չի եղել, տեղ չի հասել։ Ուրեմն, եթէ կայ մեղաւոր՝ մենք ենք, ոչ թէ ժողովուրդը։
Նաեւ, ինձ համար հարց է, մենք ո՞ր Հայաստանից ենք յուսախաբ՝ ռեժիմից ու իրենց քուէարկողների՞ց, հապա ինչո՞ւ չենք տեսնում այն Հայաստանը, որի երիտասարդութիւնը ինքնակամ, առանց անհրաժեշտ սպառազինութեան կռուի դաշտ է մեկնում եւ ընկնում, իսկ վիրաւորները եւ դեռ չվիրաւորուածները կրկին ու կրկին կռուի դաշտ են մեկնում, հարենիքին իրենց պարտքը տալով։ Ինչպէ՞ս չենք տեսնում այն հազարաւոր երիտասարդներին, որ օրերով, շաբաթներով պայքարում են ոստիկանութեան բիրտ ուժի դէմ, ծեծւում, բանտարկւում, աշխատանքից հեռացւում, բայց մնում են պատնէշի վրայ։
Ինչպէ՞ս չենք տեսնում հարիւրաւոր մտաւորականների, մշակոյթի ներկայացուցիչների, ուսուցիչների, որոնք միմիայն ճշմարտութեան մասին խօսելով զրկւում են իրենց հնարաւորութիւններից, իրենց ասպարէզում առաջընթացից, յաճախ՝ աշխատանքից:
Մենք մէկ ազգ ենք, ունենք նոյն օրակարգը։ Ով պասիւ է՝ կամայ-ակամայ Նիկոլի հետ է։ Մեզ հետ եղէք, մեր պայքարի հետ եղէք, մասնակից եղէք եւ մենք աւելի հզօր կը լինենք, աւելի ազդեցիկ, եւ վստահեցնում եմ՝ կը վերանան ձեզ յուսահատեցնող բոլոր երեւոյթները մեր հայրենիքում։ Եւ դուք ձեր ու մեր բոլորի հայրենիքով հպարտ կը զգաք, ինչպէս հպարտ էինք, երբ ազատագրում էինք Շուշին, Արցախը։
Տարածաշրջանը տակնուվրայ է լինում, մեզ լաւ օրեր չեն սպասում, Քրիստափորեան տրամաբանութեամբ նոր քարտէզներ են ձեւաւորւում, ով ուժեղ է՝ կամք է պարտադրում, արհամարհելով բոլոր միջազգային օրէնքներն ու օրկանները՝ մարդու իրաւունքներ, միջազգային դատարան, ՄԱԿ եւ այլն։
Ով եղունգ ունի թող իր գլուխը քորի։ Մեզ համախմբուածութիւն, կազմակերպուածութիւն է պէտք, յոյսը ուրիշի վրայ դնելն ապարդիւն գործ է, մեր յոյսը մենք ենք։ Սակայն նաեւ ճամբարից ճամբար թռչկոտելու ժամանակը չէ, կանխատեսելի հարեւանը նախընտրելի է հեռու բարեկամից։
Աշխարհաքաղաքական վերջին իրադարձութիւնները յուշում են, որ նոյնիսկ մօտ ապագան մեզ համար յղի է վտանգներով։ Թւում է, որ վաղուայ վտանգը այնքան իրական է ու շօշափելի, որ պէտք է զգաստութեան մղի իշխանութիւններին։ Ասում են, եթէ օրհասի ժամանակ մատները բռունցք չեն դառնում, գլուխն են տալիս։ Իշխանութեան անելիքը մատները բռունցքելն է՝ հայրենիքի փրկութեան ծրագիր մէջտեղ բերելով ու այդ ծրագրի շուրջ բոլորին համախմբելով։
Հայոց աշխարհը եւ նրան զուգահեռ արդար աշխարհը ՀՅԴ ալֆան է ու օմէկան։ Մեր գոյութեան իմաստը Հայաստանն է ու հայ ժողովուրդը, նաեւ անարդարութեան դէմ պայքարը։ Մենք չենք ստեղծուել իշխանութիւն դառնալու համար, ինչ որ անձի կամ անձանց իշխանութեան բերելու համար, մեզ համար իշխանութիւնը նոյնպէս միջոց է Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ գոյութիւնը եւ համընդհանուր զարգացումը ապահովելու համար, ձգտելով ունենալ Արդար Աշխարհ։
Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թէ մեզ համար միջոց են անհատական կամ խմբակային կարիերա ապահովելու համար, ինչպէս է շատ ու շատ կուսակցութիւնների ու շրջանակների համար, այլ մենք ամբողջ էութեամբ Հայրենիքինն ենք ու ազգինը։
Մենք հայրենիքի ու ազգի զինուորներն ենք, որտեղ հայկական շահ կայ՝ մենք դրա պաշտպանն ենք, որտեղ հայ ժողովրդի անվտանգութեանը սպառնալիք կայ՝ մենք նրա վահանն ենք։ Հայրենիքի կորցրած ամէն մի նշխար մեզ համար սուրբ է ու այն ազատագրելու պայքարի կամաւորական բանակն ենք մենք։
Մեր պետականութեան անվտանգութեան, զարգացման համար մենք հումք ենք։
Ողջոյն ՀՅԴ-ին, մեր յոյսի, հաւատի, մեր կամքի կուսակցութեանը, փառք ու պատիւ դաշնակցութեան նահատակներին։ Ողջոյն մեր հարազատ կուսակցութեան 134-ամեակին։
ՀՅԴ, որն ամենամեծ ներդրումն է ունեցել Արցախի ազատագրական պայքարում, մենք, որ միայն մեր կուսակցական շարքերից հարիւրներով զոհեր ենք տուել այդ պայքարում։ Մենք չենք հաշտուելու պարտութեան հետ, իրաւունք չունենք հաշտուելու։ Եւ մենք վճռական ենք, ամէն ինչ անելու ենք՝ կազմակերպուելու, ազգովի բանակ դառնալու, ինչպէս ժողովրդային ասացուածքն է ասում՝ «նոյնիսկ սատանայի հետ համագործակցելու», որպէսզի ազատագրենք Արցախը, հզօրացնենք հայկական բանակը, կազմակերպենք պետութիւնը, ստեղծենք ազգային միասնականութիւն։ Նորից սկսել, մենք այլ ելք չունենք։ Մենք դա կարող ենք անել։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր խօսքն ասելու է։
18-12-2024
Թեհրան
Comments are closed.