Գանատայի արտաքին գործերի նախարարը կարեւորում է Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքի իրացումը
Գանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ։ Վերջին շրջանում Հայ Դատի Գանատայի յանձնախումբը պաշտօնական ակտիւ հաղորդակցութեան մեջ է եղել նախարար Ժոլիի հետ։ Յայտարարութեան մէջ տեղ գտած ձեւակերպումները լիովին համապատասխանում են Հայ Դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններին։
Թարգմանաբար ներկայացնում ենք նախարար Ժոլիի յայտարարութիւնը։
«Անցեալ շաբաթ լրացաւ մէկ տարին, երբ Ատրպէյճանը սանձազերծեց ռազմական գործողութիւն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցուած տարածաշրջանում: Այս գործողութեան հետեւանքները ծանր էին, դրա արդիւնքում աւելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանուեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։
Ատրպէյճանի կողմից չարդարացուած ռազմական գործողութեանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսեայ շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատութեան միջազգային դատարանի ժամանակաւոր միջոցի կիրառման մասին որոշումը։
Գանատան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ եւ երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք աւելի քան 3․9 միլիոն տոլարի մարդասիրական օգնութիւն ենք յատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծուած իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։
Գանատան շարունակում է կոչ անել եւ աջակցել Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համապարփակ խաղաղութեան պայմանագրի կնքմանն ուղղուած բովանդակալից բանակցութիւններին, ինչպէս նաեւ կողմերի միջեւ երկխօսութեան եւ վստահութեան ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան համար:
Գանատան բազմիցս կոչ է արել անվերապահօրէն ազատել 2020 թ․ Ղարաբաղեան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ատրպէյճանից կամայականօրէն ձերբակալուած բոլոր էթնիկ հայերին։
Գանատան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Սա պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:
Հայ Դատի Գանատայի յանձնախումբը շարունակելու է աշխատանքները Գանատայի ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութեան ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրուանի շուրջ գանատական կողմի օբիեկտիւ դիրքորոշումները պահպանելու եւ զարգացնելու ուղղութեամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ
22/09/2024 թ
Comments are closed.