ԲՌՆԱԶԱՒԹՈՒԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՕՏՆ ՈՒ ԿԱՆՉԸ ՎՌԱՄ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ

Վռամ Միքայէլի Յովսէփեանը ծնուել է 1925 թուականիՄայիսի 15-ին ՀՀ Ներքին Թալին (այժմ՝ Դաշտադէմ) գիւղում։ Նա 17 տարեկանում ինքնակամ կամաւորագրուել է եւ մասնակցել է  Երկրորդաշխարհամարտին։ Պարգեւատրուել է մի շարք շքանշաններով։ 

1955 թուականին նա աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 19551974 թուականներին աշխատել է «Հայգրքի» վարչութիւնում, Հայպետհրատում, «Մետաքսագործ» թերթի եւ «Պիոներ» ամսագրի խմբագրութիւններում, հանրապետական ժողովրդական ստեղծագործութեան տանը։

Վռամ Յովսէփեանի առաջին բանաստեղծութիւնը տպագրուել է 1950 թուականին «Գրական թերթում», իսկ «Արագածի լանջից» վերնագրով առաջին գիրքը՝ 1956 թուականին։

1958 թուականից Վռամ Յովսէփեանն եղել է նախկին ԽՍՀՄ գրողների միութեան անդամ։ Նա 19 գրքի հեղինակ է։

Վռամ Յովսէփեանի գրեթէ բոլոր, այդ թուում նաեւ՝ անտիպ ժողովածուների ու գրքերի մասին դրականօրէն են արտայայտուել ժամանակի անուանի մտաւորականները՝  Գուրգէն ՄահարինՅովհաննէսՇիրազըՀամօ Սահեանը, Սողոմոն Տարօնցին եւուրիշներ։

Բանաստեղծի ծնողներն ու ողջ ազգուտոհմը 1915թուականին բռնագաղթուել էին Մշոյ Ծղակ գիւղից։ Նա խօսում եւ գրում էր նաեւ Մշոյ բարբառով։ 

Վռամ Յովսէփեանի ստեղծագործութիւնների բնօրինակները դեռեւս կենդանութեան օրօք՝ 1991թուականին պահպանութեան են վերցուել ՀՀ պետական կենտրոնական արխիւի թիւ 145 ֆոնդում։Նրա բոլոր գրքերի թուայնացուած տարբերակներին ընթերցողները կարող են ծանօթանալ Հայաստանի ազգային գրադարանի կայքում։ Վաստակաշատ գրողի մասին կենսագրական տեղեկութիւններ կան Գրական տեղեկատուներում, Յիշարժան տարեթուերի գրքոյկներում եւ Հայաստանի տեղանունների բառարանում։

Վռամ Յովսէփեանը մահացել է երկարատեւհիւանդութիւնից 66 տարեկանում՝ 1991 թուականիՆոյեմբերի 24-ին։

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ ՎռամՅովսէփեանի անցած գրական ուղին ինքնատիպ ու բարդ է եղել։ Նրա կողքին ստեղծագործում էր տաղանդաւոր գրողների մի պայծառ բոյլ՝ 1960-ականների գրական սերունդը, որը կարողացաւ բացել իր հունը։ Յովսէփեանի համար գրական անդաստանում դժուար էր գտնել սեփական ճանապարհը, գրել՝ չնմանուելով նախկիններին ու ներկաներին, ստեղծելով պատկերալեզուական ուրոյն արտայայտչամիջոցներ եւ կրկնուող թեմաներն արտացոլել նորովի, անձնական ու ընդհանրացնող ապրումները թղթին յանձնելու միջոցով։ Նրա «Երգեր» վերնագրով բանաստեղծական ժողովածուի մասին 1955-ին Սողոմոն Տարօնցին գրել էր հետեւեալը. «Նրա մօտ, ամէնից առաջ, աչքի են զարնում զգացմունքների անկեղծութիւնն ու անմիջականութիւնը։ Այս առաւելութեան հետ միասին՝ նա ամէն կերպ ձգտում է կեանքն ընկալել իւրովի՝ աշխատելով ստեղծել թարմ, օրիգինալ պատկերներ, որով եւ առանձնանում է իր սերնդին պատկանող շատ բանաստեղծներից»։ Պոէտի առաջին շրջանի բանաստեղծութիւններն ասուածի վկայութիւնն են։ Դրանց որոշ մասում թէեւզգացւում է այլոց ազդեցութիւնը, բայց բանաստեղծութիւնների հիմնական մասն ընթերցողներին տանում է մի աշխարհ, որը գրաւում էսիրոյ անմիջականութեամբ, յուզական անկեղծութեամբ։ Սէրը բխում է բանաստեղծի սրտի զուլալ ակունքներից։ Նրա սիրտն թրծուել էր բազում փորձութիւնների բովում, զգացել էր Մեծ եղեռնը վերապրած հարազատների ու համագիւղացիների հոգեխռով տառապանքները ու նրանց անյագ կարօտը բռնազաւթուած հայրենի երկրի, տունուտեղի, օդ ու ջրի, բնաշխարհի նկատմամբ։ Այդ սիրտը հանգիստ չունէր, քանզի բանաստեղծը հասկացել էր, որ ցեղասպանի ձեռքը չբռնող աշխարհի հզօր պետութիւններն իրենք էլ էին անցնելու նոյն ճանապարհով՝ դառնալով նորանոր պատերազմների հրձիգներ։ Յովսէփեանի ապրումներն ու ասելիքն այս առումով բաւական խօսուն են։ Նա դրանք ընդհանրացնող կերպարների եւ սրտառուչ պատկերների միջոցով արտացոլել է թէ´ բանաստեղծական ժողովածուներում, թէ´ յուշերում ու ակնարկներում։ 

Գրողի հոգում անթեղուած են հարազատ բնակավայրիկարօտն ու սէրը, պայքարի անկոտրում կամքը։ ՄշոյԾղակ գիւղի եւ նրա բնակիչների մասին պատմութիւնները նրա հոգում վառ էին պահում կորուսեալ էրգիր վերադառնալու յոյսը եւ հաւատը, ինչն ամփոփուած է նաեւ նրա բանաստեղծութիւններից մէկի այս տողերում.

Տոհմածառս մնաց հեռւում ամպածածկ,

Նախնիներիս երկնի տակ,

Գարնան մի օր մենք իրարից հեռացանք,

Դարձանք անմահ երազանք։

Վռամ Յովսէփեանի համար բնօրրանն, ասես, հեքիաթային աշխարհ էր։ Ծղակում կային 3 եկեղեցի եւ40 աղբիւր, որոնցից ամէն մէկի մօտ տնաւորուել էր հայկական մի բազմազաւակ գերդաստան։ 

Ուրիշ բան էր Մշոյ երկիր՝ 

Մէկ աղբիւր էր ամէն ոտին,

Գազպէն կիջնէր ծառ ու խոտին,

Մեռնեմ էնոր ծաղկի հոտին, 

Էնոր զուլալ առաւօտին.

Երբ որ ծիծեռ տար իր թեւին, 

Երբ որ կանչէր ծաղիկ հովին, 

Երբ որ կխտար սեզին պառկեր,

Էն ծուռ Տոնէն տհոլ զարկեր, 

Էն Մարտիրոս՝ լերան-լերան,

Ոսկի զուռնեն առնէր բերան, 

Մարդ կը մնար հայիլ-մայիլ,

Էն հեքիաթ էր ու համայիլ։

Միքայէլ Յովսէփեանի ընտանիքում 13 զաւակ էր ծնուել, որոնցից միայն 4-ն էին փրկվուել գաղթի ճանապարհին։ Քոյրերից մէկը՝ 15ամեայ Սաբրօն, իր գեղեցկութեամբ գրաւել էր քուրդ աւազակներին, որոնք գիշերով առեւանգել էին նրան։ Մեծ եղբայրը՝ Մխիթարը, զէնքով էր հարթել սիրելիների փրկութեան ուղին եւ զոհուել էր անհաւասար մարտերից մէկում։ Մայրը՝ Զարդարը, հանգիստ քուն չունէր։ Շարունակ յիշում էր, թէ թուրքերն ինչպէս էին կապկպել նախկինում ֆիդայական երդում տուած եղբայրներին եւ նրանց կանանց ու երեխաների հետ վառել էին մարագում։ Մօտակայքում թաքնուած ու այդ տեսարանից կաթուածահար եղած երիտասարդ կինը ողջ կեանքում ապրել էր իր երազային Տարօն աշխարհում։

Ես թողեցի քո լանջին, իմ ծաղկածուփ Ծովասար,

Այնքան կարօտ ու կարկաչ, մանկան խաղեր անհամար, 

Ես թողեցի զառ ափիդ, իմ նաիրեան Մեղրագետ, 

Այնքան յուշեր ծխավառ, այնքան յոյզեր առյաւէտ, 

Ես թողեցի քո գրկում, ծննդավայր անձկալի, 

Հազարամեայ մի անտառ ու մի խրճիթ բաղձալի

Մնաց այնտեղ անսփոփ սէրն իմ անուշ ու մաքուր,

Մնաց այնտեղ մեծ մի ցաւ, մնաց մի յոյս անկատար,

Կորուստներին այդ անմեղ անհնար է հաւատալ։

Արեւմտեան Հայաստանի ժամանակաւոր կորստի ու բնօրրան հայրենիքին վերստին տիրանալու կարօտաբաղձութիւնն իրենց արտայայտութիւնն են գտել Յովսէփեանի «Գուռգուռա» , «Ջոջանց տուն» պոեմներում, բանաստեղծութիւնների «Կանաչ մամուռ», «Տոհմածառ» եւ «Տեղատարափ», «Արեւածագ» արձակ երկերի ժողովածուներում ամփոփուած ոտանաւորներում, նովէլներում, պատմուածքներում, ինչպէս նաեւ «Ճակատագիր» յուշագրութեան էջերում։ 1968 թուականին «Սովետական գրականութիւն» ամսագրում Սողոմոն Մկրտչեանը, անդրադառնալով «Գուռգուռա» պոեմին, այն բարձր է գնահատել. «Հայրենասիրական շնչով է գրուած «Գուռգուռա» պոեմը, որն իր ժողովրդական լեզուով ու ոճով, պարզ, սակայն դիպուկ ու բնորոշ պատկերներով ու համեմատութիւններով Վռամ Յովսէփեանի համար նուաճում է եւ լաւ անակնկալ է ընթերցողների համար։ Պոեմը երկարատեւ, ծանր ապրումների ու խոհերի արգասիք է, ուր խտացուած գոյներով պատկերւում է հայ ժողովրդի անցեալից ողբերգական մի դրուագ։ Գրքում եղած մի շարք բանաստեղծութիւններ եւ յատկապէս «Գուռգուռա» պոեմը հիմք են տալիս ասելու, որ Յովսէփեանը երկար որոնումներից յետոյ գտել է այն արահետը, որ ընթերցողի սիրտն է տանում»։

«Աւանգարդ» թերթում տպագրուած «Զուլոյի իրաւունքը» գրախօսականում նշուած էին «Գուռգուռա» պոեմի թերի կողմերը, նաեւ համոզմունք էր յայտուած, որ դրանք բանաստեղծը կարող էր յաղթահարել իր առաջիկայստեղծագործութիւններում։ «Նրա գրիչն այս պոեմով սկսում է հարեւանել տաղանդին»,- գրում էր գրականագէտ Ռ. Համբարեանը։ Նա իրաւամբ կարծում էր, որ այս պոեմը Յովսէփեանի ստեղծագործական վերելքի ապացոյցն էր։ Ահա թէ ինչ ենք կարդում այդ վերլուծականում։ «Պոեմի թեման, լեզուն, պոէտական ատաղձը գումարւում են ցանկալի ներդաշնակութեամբ՝ ստեղծելով իւրայատուկ կոլորիտ։ Մշոյ աշխարհն է դա, իր բնութեամբ, իր մարդկանցով Յովսէփեանը գրիչ չի վերցրել մի անգամ եւս անյոյս ողբով վերյիշելու անցեալը։ Նրա փոքր, բայց արուեստով շնչող ստեղծագործութեան ոգին դիմադրութիւնն է Սա շատ սկզբունքային ծրագիր է, 1000 անգամ գերադասելի, քան լալահառաչ ողբը, թուրքական դժնդակութիւնների հոգեցունց նկարագրութիւնը»։ Իրօք, «Գուռգուռա» պոեմում արտայայտուած է բանաստեղծի պատկերացումը հայ ժողովրդի էութեան, ճակատագրի եւ ապագայի մասին.

Ո՜վ զօրաւոր Դաւթի Սասուն,

Մեռնենք էսպէ՞ս, էս ի՞նչ մահ է,

Էս մեր հայի մահը սա՞ է,

Երբ անիրաւ աշխարհի մէջ

Էն չի մեռել դեռ էսպէս խեղճ,

Առանց զարկել՝ էն չի պառկել,

Էն չի մեռել՝ առանց զարկել։

Վռամ Յովսէփեանի պատմուածքների ու նովէլների մէջ առանձնայատուկ տեղ են գրաւում ցեղասպանութիւնը վերապրած մշեցի եւ սասունցի նրա համագիւղացիներն ու ծանօթները։ Նրանց տանջում էին անբացատրելի սէրն ու կարօտը հայրենիքի նկատմամբ, որի հողը՝ զաւակների արիւնով ներծծուած, ձգում ու կանչում էր իր վտարուած զաւակներն։ Ի դէպ, պէտք է փաստել, որ այդ ձայնը հանգիստ չի տալիս նաեւ նրանց ժառանգներից շատ-շատերին առ այսօր։ 

«Ճակատագիր» վերնագրով յուշերի գրքում հանդիպում ենք Քեռի Օհանին, հարիւր հոգանոց գերդաստանից փրկուած, Փարիզում կրթութիւնստացած, 7 լեզուի տիրապետող մշեցի ԱպրօՂազարին, խիզախ ֆիդայի ալիջանցի Չոփուր Միսաքին, որը յանիրաւի աքսորուել էր Սիպիր եւ տուն վերադառնալով՝ գիւղի երիտասարդներին պատմում էր իր երբեմնի մարտընկերների մասին։ Յուշերի շարանում վերյառնում է նաեւ քաջարի հայդուկ Գոմսա Մելիքը, որը շարունակ մտաբերում էր իր թանկ նահատակ ընկերներին ու հարազատներին եւ որի շիրիմի մօտ Սմբատ զօրավարն ասել էր. «Առի´ւծ, միայն այս սալը կարող էր զսպել քեզ»։ Այդ գրական կերպարների մէջ շատ էին նախկին ֆիդայիները, որոնք իրենց քաջակորովութեամբ թուրքի եւ քրդի եաթաղանին հակադրել էին ոչ միայն սուր, այլեւ յոյս եւհաւատ։ Դրանք, ինչպէս Յովսէփեանն է գրում, «հայի փառաւորեալ, յաւիտենական զէնքերն էին»։ Հենց դրանց շնորհիւ էին , որ Վռամ Յովսէփեանի գրքերի հերոսները չէին չարանում մարդկութեան ու աշխարհի դէմ, ընդհակառակը, աւելի իմաստնանում էին եւփորձում էին հնարաւորինս հաւատարիմ մնալ արմատներին, ինչպէս որ ողջ կեանքն ապրեց անձամբ ինքը՝ Վռամ Յովսէփեանը, ում սիրտը մնաց Արեւմտեան Հայաստանում։

Հիմա գարուն է այնտեղ, ամպը անձրեւ է լալիս,

Կանցնի ապրիլ մի նախշուն, կը գայ պայծառ մի Մայիս,

Ծովասարի զառ փէշին ծով ծաղիկներ կը շրշան,

Բայց էլ ձեռքս չի պոկի ո´չ մանուշակ, ո´չ շուշան։

Սասնայ բարձրիկ սարերում այծեամները կը վազեն,

Երկինքն ի վեր կը թեւեն ծիծեռնակը եւ բազէն,

Եւ ո՜վ գիտէ այս ճամփան ո՞ւր կը տանի ինձ այսպէս,

Ու ո՞ր օտար երկնի տակ թաղուեմ պիտի մի օր ես,

Սակայն ուր էլ որ գնամ, որտեղ փակեմ աչքս բաց,

Ես այնտեղ են զօր-գիշեր, որտեղ իմ սի՜րտը մնաց:

Մարիամ Վռամի Յովսէփեան

ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող

բանասիրական գիտութիւնների թեկնածու

Հայաստանի հանրային ռադիոյի «Հայկական հարց»

հաղորդաշարի հեղինակ եւ վարող

Comments are closed.