Բացի տուն եւ աշխատանք փնտռելուց՝ արցախցիներն ունեն բազմաթիւ այլ խնդիրներ․ Մհեր Մելքոնեան

Բռնի տեղահանուած արցախցիների հարցերով զբաղւում են նրանք, որոնց համար Ազատ եւ Անկախ Արցախը զրոյական նշանակութիւն ունի։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան  պատգամաւոր Մհեր Մելքոնեանը։ Պատգամաւորն անդրադարձել է մարզում հաստատուած արցախցիների հիմնական խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, իշխանութիւնների կողմից արցախցիների նկատմամբ վարուող քաղաքականութեանը։

– Մօտաւոր որքա՞ն է Շիրակի մարզում հաստատուած արցախցիների թիւը եւ արդեօ՞ք նախորդ տարեվերջի տուեալներին համեմատ՝ փոփոխութիւն կայ։
– Առաջին իսկ օրուանից, երբ Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցները տեղահանուեցին եւ ժամանակաւոր ապաստան գտան Շիրակի մարզում՝ միանգամից մեր ուշադրութեան կեդրոնում յայտնուեցին։ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէին կից կեանքի կոչուեց յանձնախումբ, որն անմիջապէս ձեռնամուխ եղաւ աշխատանքների կազմակերպմանը։ Առաջին օրերի ընթացքում ՀՅԴ Շիրակի Մարզային կառոյցի եւ ՀՕՄ-ի միջոցով օժանդակութիւն է տրամադրուել բռնի տեղահանուած արցախցի շուրջ 300 ընտանիքի։

Ես՝ որպէս ԱԺ պատգամաւոր, 2023 թուականի Հոկտեմբերի 30-ին հարցումներ ուղարկեցի Շիրակի մարզի վեց համայնքների ղեկավարներին՝ պարզելու, թէ որքան արցախցիներ են ապաստան գտել մարզում։ Ստացուած պատասխանների համաձայն՝ այդ պահի դրութեամբ Շիրակում ապաստան էր գտել 1069 ընտանիք՝ 4094 արցախցի։ Նմանատիպ հարցում արեցի նաեւ 2024 թուականի Յուլիս ամսին։ Այդ ժամանակ մարզում արցախցի մեր հայրենակիցների թիւը կազմում էր 1045 ընտանիք՝ 3880 անձ։

– Տեղեակ ենք, որ պարբերաբար հանդիպումներ էք ունենում Արցախից բռնի տեղահանուածների հետ, ի՞նչ հիմնական խնդիրների են նրանք բախւում եւ արդեօ՞ք դրանց լուծում տրւում է։
– Մշտական կապի մէջ եմ եղել Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների հետ։ Բազմաթիւ հանդիպումների ընթացքում գոյքագրել եմ խնդիրները, որոնց բախուել էին նրանք Շիրակի մարզում։ Մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները խորքային էին, բազմաթիւ ու բազմաշերտ, որոնք շատ դէպքերում անյապաղ լուծում էին պահանջում։ Բացի տուն եւ աշխատանք փնտռելուց՝ արցախցիներն ունեն բազմաթիւ այլ խնդիրներ։ Մեր հայրենակիցների մօտ  դժուարութիւններ էին առաջանում ամէն քայլափոխի` բուժհաստատութիւններ, իրաւապահ, սոցիալական ապահովութեան մարմիններին դիմելիս, ժամկէտանց վարկային պարտաւորութիւնների հետ կապուած խնդիրները լուծելիս, երեխաներին կրթական հաստատութիւններում գրանցելիս։

Հնարաւորութեան սահմաններում, թէ՛ ես եւ թէ՛ ՀՅԴ Շիրակի Մարզային կառոյցի ընկերները փորձել ենք լուծումներ գտնել բազմաթիւ խնդիրների, որոնց բախուել են մեր հայրենակիցները։ Բայց, ամենացաւալին այն էր, որ Արցախը դաւաճանօրէն թշնամուն յանձնելուց յետոյ, ՔՊ-ական խմբակը նոյն օրակարգն արցախցիների նկատմամբ շարունակում է նաեւ այսօր՝ Հայաստանի Հանրապետութիւնում։ Բռնի տեղահանուած արցախցիների հարցերով սկսեցին զբաղուել այնպիսի չինովնիկներ, որոնց համար Ազատ եւ Անկախ Արցախը զրոյական նշանակութիւն ունի։

– 2025 թ. պիւտճէի նախագծի քննարկումներն էին ընթանում, նախագծում ներառուած են արցախցիների աջակցութեան ծրագրեր, որոնք սակայն չեն բխում արցախցիների շահերից եւ ըստ կարիքների գնահատման չեն, այս ուղղութեամբ բազմաթիւ անգամ իրենց դժգոհութիւնը ներկայացրել են նրանք, սակայն ապարդիւն, ի՞նչ կ’ասէք այս ուղղութեամբ։  
– Արդէն գիտէք, որ ՀՀ Կառավարութեան վերջին նիստում հաստատուեց Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների աջակցութեան նոր ծրագիրը։ Համաձայն այդ ծրագրի՝ ՀՀ Կառավարութիւնը, 2025 թուականի Յունուարից Դեկտեմբեր ամիսների համար, հաստատել է աջակցութեան նորացուած  ծրագիր, ըստ որի՝ տարուայ ընթացքում աստիճանական կը նուազեցուեն յատկացումները։ Այսպիսով՝ 2025 թուականի Յունուար-Մարտ ամիսներին տրամադրուող սոցիալական աջակցութեան ամսական չափը կը կազմի 50 հազար դրամ։ Այս ամիսների ընթացքում, մինչեւ Մարտ ամիսը, աջակցութեան շահառուների շրջանակը կը լինի գրեթէ նոյնը, ինչ եղել է 2024 թուականին։ Սակայն, 2025 թուականի Ապրիլ-Յունիս ամիսը ներառեալ, Կառավարութիւնն առաջարկել է սոցիալական աջակցութեան չափը սահմանել 40 հազար դրամ, միաժամանակ հասցէագրել բռնի տեղահանուած առանձին խմբերի հետեւեալ անձանց՝ մինչեւ 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթութիւն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 եւ աւելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպէս նաեւ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամութիւն ունեցող անձանց։ Իսկ 2025 թուականի Յուլիս-Դեկտեմբեր ամիսը ներառեալ աջակցութիւնը կը շարունակեն նոյն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով։

Հոկտեմբերին՝ խորհրդարանական ընդդիմութիւնն առաջարկեց ԱԺ-ում ստեղծել բռնի տեղահանուած եւ Հայաստանում ապաստանած արցախցիների կենսագործունէութեան պայմանների ուսումնասիրութիւն իրականացնող քննիչ յանձնաժողով, որին, սակայն, իշխող կուսակցութիւնը դէմ քուէարկեց։ Ինչպէս տեսնում ենք, փաշինեանական կառավարութիւնն ամէն ինչ անում է, որպէսզի վերջնականապէս փակի թէ՛ Արցախի եւ թէ՛ արցախահայերի հարցը։ Բայց ես վստահ եմ, որ Ազատ եւ Անկախ Արցախ նորից ենք ունենալու։

 

Comments are closed.