Բացառիկ հանդիպումներ եւ քննարկումներ. ԸԵՄՄ-ի (IUSY) գլխաւոր քարտուղար Սարինէ Աբրահամեանի այցելութիւնը Իրաքեան Քիւրտիստան

Բուռն քննարկումներով, հետաքրքիր հանդիպումներով ու բազմակողմանի շփումներով է անցել Սոցիալիստ Երիտասարդների Միջազգային միութեան (ՄՍԵՄ. The International Union of Socialist Youth – IUSY) գլխաւոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանի աշխատանքային այցը Իրաքեան Քիւրտիստանում: Աբրահամեանն oրեր առաջ՝ Դեկտեմբերի 13-17-ը, աշխատանքային այցով Իրաքեան Քիւրտիստանում է գտնուել:

Նա Yerkir.am-ին պատմեց այնտեղ անցկացրած հանդիպումների մասին, որոնց նպատակը մէկն է եղել՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարւում այնտեղ՝ գետնի վրայ, ստանալ տեղեկութիւններ՝ գործընկերների, անդամ կազմակերպութեան կողմից եւ ցուցաբերել քաղաքական աջակցութիւն:

«Հանդիպումներ տեղի ունեցան Իրաքեան Քիւրտիստանի կառավարութեան ներկայացուցիչների հետ, մասնաւորապէս գիւղատնտեսութեան նախարարութեան նախարարի եւ անձնակազմի հետ, Քիւրտիստանի Հայրենասիրական Միութիւն կուսակցութեան (ՔՀՄ) խորհրդարանական խմբակցութեան անդամների հետ, ՔՀՄ-ի փոխնախագահի հետ, ՔՀՄ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչների հետ, ՔՀՄ-ի արտաքին յարաբերութիւնների պատասխանատուի, տարբեր բնոյթի ոչկառավարական հասարակական կազմակերպութիւնների հետ։ Քիւրտիստանի Հայրենասիրական Միութիւն կուսակցութիւնը, որի երիտասարդական թեւը անդամակցում է Միջազգային Սոցիալիստ Երիտասարդների Միութեանը, Քիւրտիստանի համախոհական կառավարութեան մաս է կազմում։ Այս կուսակցութիւնը ձգտում է քաղաքականացնել Քիւրտիստանի երիտասարդներին, որպէսզի նրանք աշխոյժ մասնակցութիւն ունենան քաղաքացիական հասարակութեան ստեղծմանը եւ ժողովրդավարութեան ամրապնդմանը։ Քանի որ քիւրտ ժողովուրդը երկար տարիների բռնաճնշումներից յետոյ հասել որոշակի ինքնիշխանութեան, կարեւոր էր հասկանալ այսօրուայ մարտահրաւէրները եւ նրանց ցոյց տալ աջակցութիւն ժողովրդավարութեան կայացման գործում, որպէսզի ՄՍԵՄ-ը միջազգային հարթակներում կարողանայ պաշտպանել քիւրտ ժողովրդի հիմնարար իրաւունքները, մասնաւորապէս ինքնորոշման եւ սեփական երկրում իր սեփական կամքը արտայայտելու իրաւունքը», ասաց Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան գլխաւոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը:

Հարցին, թէ ի՞նչ վերաբերմունք ունէին քաղաքական գործիչներն ու մարդիկ՝ Արցախեան հարցի եւ 2023 թ.-ին տեղի ունեցած բռնի տեղահանուած արցախահայութեան վերաբերեալ, Աբրահամեանը նկատեց. «Ես առաջին հերթին Քիւրտիստանում էի գտնւում ի պաշտօնէ՝ որպէս ՄՍԵՄ-ի գլխաւոր քարտուղար, սակայն իմ հայ եւ ՀՅԴ անդամ լինելը չէր կարող քրտական միջավայրում աննկատ մնալ։ Բնականաբար խօսուեց հայ եւ քիւրտ ժողովուրդների բարեկամութեան եւ յարաբերութիւնների եւ մեր ընդհանուր շահերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի բռնաճնշումները հայ եւ քիւրտ ժողովուրդների նկատմամբ ընդհանուր են եւ այս ժողովուրդները վայելում են ՄՍԵՄ-ի աջակցութիւնը իրենց իրաւունքների վերականգնման մէջ»:

«Արցախահայ թէ քիւրտ, պաղեստինցի թէ Արեւմտեան Սահարայի ժողովուրդ, միեւնոյն է. մենք պաշտպանում ենք ճնշուած ժողովրդների իրաւունքները, որովհետեւ յստակ դիրքորոշում ունենք, որպէս ՄՍԵՄ, որ իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ազատ ու անկախ ապրել իր հայրենիքում», շեշտեց Սարինէ Աբրահամեանն:

Զուգահեռներ անցկացնելով քիւրտ եւ հայ երիտասարդութեան մէջ, Սարինէ Աբրահամեանը նկատեց՝ նրանց ու հայ երիտասարդների միջեւ բաւականին նմանութիւն կան: Երիտասարդները պայքարում են իրենց երկրի ու հայրենիքի համար: Քիւրտ երիտասարդները ցանկութիւն ունեն ամուր կապեր հաստատել հայ երիտասարդների հետ:

Խօսելով հետագայ անելիքների մասին՝ Աբրահամեանը շեշտեց, որ եկող տարուայ ընթացքում պլանաւորում են աւելի մեծ միջոցառումներ անցկացնելով միջազգային հանրութեան ուշադրութիւնն աւելի շատ ուղղել դէպի Իրաքեան Քիւրտիստանի տարածաշրջան, բարձրաձայնել երիտասարդների ու կանանց իրաւունքների խնդիրները: Միաժամանակ պէտք է հզօրացուի Սոցիալիստ Երիտասարդների Միջազգային միութեան մեր գործընկերի դերը:

Comments are closed.